Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան. «Պատմություն չունեցողը չի կարող ետ նայել»
« Հարց զհարսն քո, և պատմեսցեն քեզ, և զծերս քո, և ասասցեն քեզ»։
(Բ Օրինաց, ԼԲ. 7)
Պատմություն չունեցողը չի կարող ետ նայել: Անցյալն է երաշխավորում ապագան: Այս ճշմարտությունների հայրենակերտ ու ազգաշահ էությունը գիտակցելով՝ 1931 թ. Աղասի Խանջյանի տնօրինմամբ հիմնադրվում է Երևան քաղաքի պատմության թանգարանը, որի կայացմանը օժանդակում է նաև քաղգործկոմի այդ օրերի նախագահ Ասատուր Ասրիյանը։ Խունկ և խոնարհում նրանց հիշատակին։Արդեն իսկ 80 տարեկան այս հաստատությունը ստեղծագործ ու խաղաղասեր հայ ժողովրդի ընդհանրական կերպարի արտահայտությունն է, նրա սիրո դրսևորումը, հոգեմտավոր ձոնը հարազատ քաղաքին։ Քաղաքամայր Երևանի ծննդյան այս վկայականը նաև հիշատակի յուրակառույց կոթող է հայոց մայրաքաղաքներ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի, Անիի: Եվ մեր բոլորի տեսլականում բորբոք է մեր այս քաղաքներից յուրաքանչյուրի համար նմանօրինակ թանգարան ստեղծելու գաղափարը։
Ծանոթությունը այս թանգարանի հետ բերկրանք է և անհրաժեշտ իմացություն մեր հնամենի բնակավայրի մասին։ Բնակավայր, որ մեր նախնյաց ստեղծագործությունն է, նրանցից մեզ մնացած անգնահատելի ժառանգությունը։ Ներկա ցուցանմուշները մեր ժողովրդի կենսագրության էջերից են, արտացոլում են մեր առօրյան և կանխորոշում մեր հուսառատ ապագան:
Թանգարանի պատերի մեջ արձագանքում է Արգիշտի արքայի խրոխտ ձայնը. «Ես՝ Մենուայի որդին, կառուցեցի…», սրահներում հանդիպում ենք մեր քաղաքի վաղեմի ղեկավար – պաշտոնյաներին, հայ ժողովրդի պատմությունը ուղղորդած արվեստագետ – ճարտարապետներին, նշանավոր մտավորականներին, տեսնում Քանաքեռի բարձունքից ու Նորքի այգիներից իջնող հողագործ ու շինարար շարքային երևանցուն, շոշափում յուրաքանչյուրի կողմից դրված նվիրումի քարը համայն հայության հոգեհարազատ այս կառույցի մեջ։
Մեր սրտաբուխ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բոլորիս։ Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված շեն պահի մեր սուրբ բնակատեղին, հազարամյակների կյանք պարգևի նրան բազմերանգ ու բարեզարդ դարձնելով այս հաստատությունը։
Բյուր օրհնությամբ՝
Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան
հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
30.06.2011