Երևանի պատմության թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում փետրվարի 2-ին բացվեց «100-ն անց» խորագրով վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված 30 լուսանկարների միջոցով հեղինակը՝ լուսանկարիչ Իննա Մխիթարյանը փորձել է ներկայացնել վերապրածներ, շարունակվող մշակույթ և այն ամենը, ինչը պահպանվում է Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց։
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, արվեստագտներ ու արվեստասերներ:
«Եթե մենք հիշողությունն ենք կորցնում, դա ամենամեծ կորուստն է, այ էսքան կորուստներից հետո: Մեր հիշողությունն է, որ պետք է սատար կանգնի այն կորցրածի հետ ապրելու ու նաև դրանք ժամանակի հետ ապրեցնելու համար: Ամեն մի նշխարքի պահպանումը շատ կարևոր է` լինի նկար, երաժշտություն, թե մեկ բառ»,- իր խոսքում նշեց երաժշտահան Տիգրան Մանսուրյանը՝ անհրաժեշտ համարելով անցյալի բեկորների հավաքագրումն ու մեր հիշողություններում դրանք կենդանի պահելը: