Թանգարանների գիշերը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը մայիսի 21-ին իր ամենամյա մասնակցությունն ունեցավ նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը:
Թանգարան այցելեց շուրջ 5160 այցելու: Այդ օրը՝ ժամը 18:00-ից մինչև 24:00, տեղի ունեցավ առաջին անգամ ցուցադրվող 4 ցուցանմուշի շնորհանդես՝ Երևանի բերդի շատրվանը (17-18-րդ դարեր), Երևանի քաղաքային ժամացույցը (19-րդ դար), Երևանի հին շուկայի՝ Ղանթարի կշեռքը (19-րդ դար) և Երևանի բնակելի տան վիտրաժներ (18-19-րդ դարեր):
Թանգարանի նախասրահում տեղի ունեցավ նաև «Կենդանի լուսանկար» ինտերակտիվ միջոցառումը: Լուսանկարների հերոսները, ովքեր 19-րդ դարի Երևանի նշանավոր «ընտանիքներից էին», այցելուներին պատմում էին իրենց տոհմի՝ քաղաքի զարգացման տարբեր ոլորտներում ունեցած դերակատարության մասին և բոլորին «հրավիրում» իրենց լուսանկար: Այցելուները սիրով մասնակցեցին միջոցառմանը՝ «հայտնվելով» իրենց նախընտրած լուսանկարում:
Երևան քաղաքի պատմության թանգարանում ազգային տարազների ցուցադրմամբ հանդես եկավ նաև «Տերյան» մշակութային կենտրոնը: