Երևանի պատմության թանգարանում կբացվի «Գոստ-Արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդեսը
2016թ. հոկտեմբերի 8-ին (ժամը 12:00-20:00) Երևան քաղաքի պատմության թանգարանում (Երևանի քաղաքապետարան, երկրորդ մուտք, Արգիշտի 1/1) կբացվի «Գոստ-Արտադրված է Երևանում» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն խորհրդային տարիներին Երևանում արտադրված թեթև և սննդի արդյունաբերական արտադրանքի նմուշներ՝ թանգարանի արտադրական ֆոնդի հարուստ հավաքածուից: Ցուցահանդեսը նվիրված է Երևանի 2798 և թանգարանի 85 ամյա հոբելյաններին:
Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ հետպատերազմյան տարիներին, նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Կառուցվեցին արդյունաբերական մանր ու խոշոր բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունաբերական որոշ ճյուղերի համախառն արտադրանքով Երևանը Խորհրդային Միության տնտեսական համակարգում գրավում էր առաջնային տեղերից մեկը: Արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը արտահանվում էր միության մյուս հանրապետություններ և արտասահմանյան երկրներ: Մեծ պահանջարկ էին վայելում հատկապես Երևանում արտադրված կոնյակը, գինին, ծխախոտը, կոշիկները, գորգերը և այլն:
Ձևավորված ավանդույթի համաձայն, արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտադրանքի առաջին նմուշներից նվիրում էին Երևան քաղաքի պատմության թանգարանին: Դրանցից կազմավորվեց թանգարանի հավաքածուի արտադրական ֆոնդը, որի մի մասը ներկայացված է նշված ցուցահանդեսում: Այցելուներն այստեղ կտեսնեն գինու կոմբինատի և կոնյակի գործարանի (1953-1991թթ. այս գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը), ծխախոտի կոմբինատում արտադրված գլանակների, սովորական և ֆիլտրով բարձրորակ մակնիշի սիգարետների, կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, ժամացույցի գործարանի արտադրած զարթուցիչների, էլեկտրոնային և մեխանիկական ժամացույցների, կարի «Գարուն» արտադրական միավորման, հախճապակու գործարանի ազգային բովանդակությամբ, Գեղարվեստական կոմբինատի և «Հայգորգ» արտադրական միավորման արտադրանքի շուրջ 600 նմուշ: