Երևանի պատմության թանգարանում բացվել է Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը
Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում ներկայացվեց չեխ փորագրող, գծանկարիչ, մեդալների և մետաղադրամների դիզայներ Կարել Զեմանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք այլ դեսպաններ, թանգարանի այցելուներ:
Ցուցահանդեսում ներկայացված են Կարել Զեմանի գրաֆիկական աշխատանքները և նրա ձևավորմամբ պատրաստված մեդալներն ու մետաղադրամները:
Կարել Զեմանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 7-ին Չեխիայի Հանրապետության Բրնո քաղաքում, սովորել է 1965-70թթ. Բրնոյի արվեստների և արհեստների քոլեջում, 1970-76թթ. Պրահայի արվեստների, ճարտարապետության և դիզայնի ակադեմիայում, 1984-85թթ. փորձառություն է անցկացրել Գերմանիայի Գուտենբերգ քաղաքի Մայնցի թանգարանում:
Իր ստեղծագործությունների համար տարբեր երկրներում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Սլովակիայում, Չեխիայում և այլն:
Նկարիչը երկու գրքի հեղինակ է, նկարազարդել է այլ գրողների հարյուրավոր գրքեր:
Կ. Զեմանի հետաքրքրությունների շրջանակը պատմությունն է, մասնավորապես, Նապոլեոն Բոնապարտի ժամանակաշրջանը: Հեղինակ է փոստային դրոշմանիշների:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 27-ը: