«Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» ցուցահանդեսը՝ մայրաքաղաքի պատմության թանգարանում
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը:
Երևանի հազարամյակների պատմությունն ամփոփող ցուցադրությանը ներկայացվել են թանգարանի հնագիտական հավաքածուից, նաև վերջին տարիներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված ցուցանմուշներ, այդ թվում՝ կենցաղային և ծիսական նշանակության բազմազան առարկաներ, զարդեր: Ցուցանմուշների հիմնական մասը հանրությանը ներկայացվել է առաջին անգամ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի ավագանու անդամներ, պատմաբաններ, հնագետներ և հետաքրքրասեր քաղաքացիներ:
«Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Երևանի դերը Հայաստանի բրոնզեդարյան հարուստ մշակույթում: Երևանի տարածքը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել, ինչի մասին վկայում են Շենգավիթի, Կարմիր Բերդի, Ծիծեռնակաբերդի և այլ հնավայրերից հայտնաբերված բացառիկ նյութերը»,-նշել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:
Ցուցահանդեսի երկրորդ հատվածում ներկայացվել են տուֆակերտ, վարդագույն Երևանի կառուցման ընթացքը ներկայացնող կերպարվեստի հավաքածուից աշխատանքներ, այդ թվում՝ նկարիչներ Սեդրակ Առաքելյանի, Լևոն Տոնականյանի, Եղիշե Մարտիկյանի, Գուրոսի, Վահան Խորենյանի և այլոց կտավները:
«Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 31-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն