Ալմաթիում մեկնարկել են Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումները
Ղազախստանի հայերի միության «Մասիս» հասարակական կազմակերպության ջանքերով «Ամուրե» ժամանցային կենտրոնում սփյուռքի նախարարության աջակցությամբ օրերս կազմակերպվել է մեր վարդագույն մայրաքաղաքին՝ Երևանին նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, հիմնականում ներկայացված են այն լուսանկարները, որոնք տրամադրվել էին Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանի կողմից։ «Նման քայլը լուրջ աջակցություն է մեզ համար, քանի որ լուսանկարները և՛ հետաքրքիր են, և՛ ուշագրավ։ Դրանք թանգարանային ցուցանմուշների արժեք ունեն և արդեն իսկ մեծ հետաքրքություն են առաջացրել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Մասիս» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արամ Նավասարդյանը։
Ցուցահանդեսը տևելու է մինչև Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 21-ը։ Այդ օրը այցելուները կդիտեն նաև Ղազախստանի հայերի միության նախագահ Էռնեստ Վարդերեսյանի ջանքերով և ֆինանսավորմամբ նկարահանված «Հռոմից հին մայրաքաղաքը» փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Իսկ մինչ այդ կիրակնօրյա դպրոցի աշակերտները Երևանին նվիրված երգեր ու բանաստեղծություններ են սովորում, փորձում են կտավին հանձնել իրենց պատկերացումներն ու սերը հայոց 12-րդ մայրաքաղաքի հանդեպ։
«Հայերն այսօր»