Թանգարանի երկրորդ ցուցասրահում ներկայացված է Երևանը 19–րդ դարում (Երևանի բերդի գրավումը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Երևանի կենցաղը, մեծահարուստ երևանցու բնակարանի ներքնատեսքը (ինտերիերը), 19-րդ դարում Երևանում գործող խանութ-արհեստանոցները, քաղաքային ինքակառավարման մարմինների (քաղաքային դումա) գործունեությունը, 19-րդ դարի Երևանի քաղաքագլուխների գործունեությունը և այլն:
Բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր ցուցանմուշներով սրահում ներկայացվում է Երևանի բերդի պատմությունը, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և դրա պատմական նշանակությունը:
Ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշներից իրենց կարևորությամբ առանձնանում են բերդի հյուսիսային դարպասի բանալիները, որոնք յուրատեսակ խորհրդանիշ դարձան մեր քաղաքի հետագա ողջ պատմության ընթացքում:
Եզակի ցուցանմուշ է Կովկասին բնորոշ տղամարդու տոնական հագուստը, որը պատկանել է Երևանի նշանավոր տոհմերից մեկի ներկայացուցիչ Իսահակ Մելիք-Աղամալովին: Վերջինս այդ հագուստով է դիմավորել և Երևան ուղեկցել ռուսաց կայսր Նիկոլայ Առաջինին` իր ծառայությունների համար ստանալով ոսկե ժամացույց, որն աշխատում է նաև այսօր:
Ռուս-պարսկական պատերազմից հետո հաստատված երկարատև խաղաղությունը նպաստեց Երևանի զարգացմանը և այն դարձավ հայկական Մարզի, Երևանի գավառի, ապա նահանգի կենտրոն:
Քաղաքի պատմությունը ներկայանում է նաև բնակիչների կենցաղով, սովորույթներով ու բարքերով: Բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների միջոցով այցելուն տեղեկանում է, թե որ տոներն էին սիրված Երևանում, ինչպես էին մեր համաքաղաքացիները կահավորում իրենց բնակարանները, որ արհեստներն էին պահպանվել հնից, և որոնք էին ավելացել նոր ժամանակներում, կամ որ լուսանկարիչների մոտ էին սիրում նկարվել երևանցիները…
Շատ երկար կտևի էքսկուրսիան Երևանի նոր պատմությունը ներկայացնող ցուցասրահում, եթե այցելուն որոշի կանգ առնել ամեն մի ցուցանմուշի առաջ, քանի որ նրանցից ամեն մեկը` նույնիսկ ամենափոքրն, իր խորհուրդն ու պատմությունն ունի…