Երևանը դրսից
«Ընկալման» որոշ ազգաբանական առանձնահատկությունների մասին
Քաղաքի ազգաբանական ուսումնասիրությունը կարևոր է քաղաքական, տնտեսական, սոցիոմշակութային, արժեքային ու աշխարհայացքային տարբեր գործրնթացների դիտարկման համար. 20-րդ դարի ողջ րնթացքում քաղաքագոյացման ակտիվ գործրնթացների պայմաններում քաղաքներն անընդհատ փոխում էին իրենց «դեմքը», խոշորները հանդես գալիս որպես նորույթների ձևավորման ու տարածման հիմնական միջավայր:Խոշոր քաղաքներում էր կենտրոնանում հասարակու֊թյան առավել ակտիվ հատվածը, երիտասարդության հիմնական մասը։ Հայաստանում ևս գործում էր զարգացման նույն տրամաբանությունը, իհարկե, խորհրդային համակարգի ընձեռած հնարավորությունների շրջանակում: Նախախորհրդային շրջանի «ասիական տիպի» Երևանն ընդամենը մի քանի տասնամյակում վերածվեց տնտեսական, մշակութային, վարչաքա֊ղաքական կարևոր կենտրոնի։
Հայաստանի անկախացումից հետո Երևանը պահպանեց ու ավելացրեց նույն գործառույթները, սակայն էական ու ազգաբանական տեսանկյունից ուշագրավ փոփոխություններով։ ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանը, չնայած բուռն զարգացմանը, ԽՍՀՄ «փոքր կենտրոններից» էր, քանի որ հիմնականը մեծ կենտրոն Մոսկվան էր։ Անկախացումից հետո այն դարձավ մեծ կենտրոն, և ի տարբերություն նախորդ շրջանի, այստեղ են կայացվում պետական-քաղաքական ու հասարակական կարևորության որոշումները: Նորույթների ձևավորման ու տարածման մեխանիզմների էապես նոր իրավիճակը փոփոխություններ ձևավորեց նաև «Երևանի ընկալման» տարբեր բաղադրիչներում:
Դիտարկենք Երևանը դրսից, որպես հիմք ունենալով վերջին մեկուկես տասնամյակում հանրապետության մարզե֊րում գրառված ազգագրական նյութերն ու սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Երևանը որպես արժեքաստեղծ կենտրոն
Նորույթներն ու նոր արժեքների ձևավորման գործընթացներն արդի հասա֊րակությունների զարգացման կարևորագույն շարժիչ մեխանիզմներ են։ Գլոբալիզացիան, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը հանգեցրել են նորույթների տարածման արագության Էական կրճատման։ Ինտերնետը ցանկացած տեղեկատվություն տարածում Է ընդամենը մի քանի վայրկյանում։ Նման իրավիճակում, երբ հասարակության մի մասը հանդես Է գալիս որպես նորույթների պասիվ սպառող, կարևոր Է, թե ովքեր են «նորույթի առաջնային կիրառող֊ները», քանի որ դրանից Է կախված նաև հասարակության ներսում ընթացող գործընթացների զարգացումը: Հանրապետու֊թյան բնակչության մի ստվար հատվածի կողմից, ինչպես ցույց են տալիս ազգագրական նյութերը, Երևանն ընկալվում Է որպես նորույթների առաջնային կիրառող, որպես միջավայր, որում կատարված «ընտրանքը» այնուհետև տարածվելու Է հանրապետությունում՝ ձևավորելով համապատասխան արժե֊քային-մշակութային միջավայր։ Նման մոտեցումն իր հերթին առաջնային Է դարձնում մայրաքաղաքում նորույթների ակտիվ, ստեղծագործաբար կիրառող խմբերի առկայությունը։ Այսինքն, առողջ, կառուցողական էլիտայի գոյությունը մայրաքաղաքում կարևոր է ողջ հանրապետության համար: Սակայն իրականում պատկերը բավականին հակասական է: Չնայած Երևանը որպես արժեքաստեղծ կենտրոն տեսնելու ցանկությանը, և՛ քաղաքային, և՛ գյուղական միջավայրում այն չի ընկալվում որպես առողջ, կառուցողական մոդելներ ու արժեքներ ձևավորող միջավայր: Այն վեր է ածվել այնպիսի սոցիոմշակութային միջավայրի, որում ամրագրվող ու աստիճանաբար տարածվող նորությունները «ազգային կամ ապազգային են»: Որպես հիմնական «արժեք» հանդես եկող փողն ու հարստությունը զուգակցվելով իշխանության հետ, առաջնային են դարձնում «հակա կամ կեղծ» արժեքները: Նման մոդելն իր հերթին աստիճանաբար գերակա է դառնում մնացած բնակավայրերում, մեխանիկական կապերի կարևորում, ազգակցական, ընկերային հարաբերությունների կարևորմամբ սոցիալական հիերարխիայում դիրքի ապահովում և այլն:
Իհարկե, այս ամենը պայմանավորված չէ միայն երևանյան միջավայրում ընթացող գործընթացներով: Հասարակական ու մշակութային ճգնաժամը բնորոշ է ողջ հայաստանյան հասարակությանը և հիմքում ունի ընդհանուր պատճառներ: Պարզապես հասարակական գիտակցությունում Երևանին վերապահվում է ճգնաժամի հաղթահարման մեխանիզմների մշակման գործառույթ և դրա բացակայությունն է՛լ ավելի է ծանրացնում վիճակը: Երևանը, փաստորեն, չի կարողանում կատարել սոցիոմշակութային կենտրոնի իր գործառույթը, քանի որ ինքն իր հերթին ներքին ճգնաժամ է ապրում, իսկ «էթնիկ ինքնության» պահպանման ու արդի միտումներին հարմարվելու գործընթացներն աչքի են ընկնում հակասականությամբ:
Երևանը որպես վարչաքաղաքական կենտրոն
Մայրաքաղաքում այսօր կենտրոնացած են պետական կառավարման համակարգի բոլոր կարևոր ինստիտուտները. նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, ինչպես նաև միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակները: Այս վիճակը բնական է. ցանկացած մայարաքաղաք, որպես կանոն, ստանձնում է կառավարչական հիմնական գործառույթները: Սակայն հասարակության օրինաչափ զարգացման համար տեղերում անհրաժեշ է իրական այլընտրանք, տեղական ինքնակառավարման կայացած համակարգ, հասարակական համագործակցության ինստիտուտներ, որոնք հանարավորություն կտան նվազագույնի հասցնել կախվածությունը պետական համակարգի որոշումներից: Ինստիտուտների գերկենտրոնացումը Երևանում հանգեցնում է նրան, որ մայրաքաղաքի հետ են կապվում բացասական ազդեցություններն ու միտումները: Մայրաքաղաքը հանրապետության այլ բանակավայրերում դիտվում է որպես այնպիսի միավոր, որը մտածում է «իր մասին» և այդ նպատակին է ծառայեցնում առկա ռեսուրսները: Սա հասարակական գիտակցությունում աստիճանաբար խորացնում է Երևան-մնացած հանրապետություն հակադրությունը և հանգեցնում նաև կրավորականության, նախաձեռնությունների բացակայության, ինչ-որ բան փոխելու անհնարինության զգացողության ամրագրման: Այս ամենը լավագույնս դրսևորվում է ընտրություններում: Այսինքն, մայրաքաղաքը լուծում է ոչ միայն սեփական, այլև հանարապետության այլ բնակավայրերի հարցերը, բնականաբար, հիմնականում սուբյեկտիվ մոտեցումներուվ:
Երևանի` որպես վարչաքաղաքական կենտրոնի ընկալումը նույնպես կարող է բերել և արդեն հանգեցնում է բացասական հետևանքների:
Հաջորդ կարևոր խնդիրը կապվում է արդեն նրա հետ, որ վերջին տարիներին Երևանը դեպի իրեն է գրավում հանրապետության մարզերում մնացած գործարար հատվածի ու երիտասարդության հիմնական մասին: Երևանյան բուհերում սովորող երիտասարդությունը ձգտում է անպայման հաստատվել Երևանում, հնարավորության դեպքում` այստեղ տեղափոխել նաև հարազատներին: Շինարարական աշխատանքների մեծ ծավալների պայմաններում դեպի Երևան է ձգտում նաև հանրապետության այլ վայրերում դեռևս մնացած որակյալ աշխատուժը: Արդյունքում դարձյալ ունենք գերկենտրոնացում, որը խախտում է ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև հանրապետության մյուս բնակավայրերի բնականոն զարգացման հնարավորությունները: Հանրապետությունն այսօր կանգնած է ժողովրդագրական լուրջ ճգնաժամի առջև: ՌԴ, ԱՊՀ այլ երկրներ, ԱՄՆ ու եվրոպական պետություններ են տեղափոխվել հարյուր հազարավոր հայեր: Ֆինանսական միջոցների, տարբեր հիմնարկությունների ու աշխատատեղերի գերկենտրոնացումը Երևանում բերում է ժողովրդագրական ճգնաժամի հերթական ալիքի ձևավորման: Այս դեպքում կարելի է արձանագրել խորհրդային շրջանի ավանդույթի շարունակության իրողությունն այն տարբերությամբ, որ հանրապետության այլ քաղաքային ու գյուղական բնակավայրերը զրկված են այլընտրանքից և հանդես են գալիս որպես աշխատուժի մատակարար:
Ամփոփելով, ներկայացնենք որոշ նախնական դիտարկումներ, որոնք մեր կարծիքով կարևոր են ոչ միայն Երևանի, այլև հանրապետության բնականոն սոցիալ-տնտեսական ժողովրդագրական ու քաղաքական զարգացումների տեսանկյունից:
- Վարչական, ֆինանսական, մտավոր ներուժի կենտրոնացումը հանգեցրել է նրան, որ այսօր Երևանը ընկալվում է որպես ինքնուրույն, որոշ դեպքերում` նաև հանրապետության այլ մարզերից ու բնակավայրերից էապես տարբերվող հնարավորություններ ունեցող միավոր: Հաճախ Երևանը հակադրվում է ամբողջ հանրապետությանը, ինչը հղի է ժողովրդագրական, հասարակական ու մշակութային լուրջ հետևանքներով:
- Գերկենտրոնացումը բերում է նաև Երևանի ներքին զարգացման էական ձևափոխումների: Կենտրոնի կառուցապատումը ասվածի ապացույցներից է: Հսկայական ֆինանսական միջոցների ներդրումը որոշ դեպքերում դառնում է ինքնանպատակ, կամայական, չտեղավորվելով ռազմավարական որևէ ծրագրի շրջանակներում: Այս իրավիճակում խախտվում է քաղաքի` որպես ամբողջական սոցիոմշակութային միավորի զարգացման տրամաբանությունը: Երևանը դառնում է «ֆինանսական մայրաքաղաք», և քաղաքական, հասարակական ու մշակութային ներուժը ծառայեցվում են միայն այդ խնդրի լուծմանը: Արդյունքում ճարտարապետական ու քաղաքաշինական լուծումների ձևախեղումների պայմաններում ձևախեղվում է քաղաքի հասարակական, մշակութային զարգացման ներուժը և ծառայեցվում է միայն «ֆինանսական» գործառույթների սպասարկմանը:
- Ստեղծված իրավիճակում առաջնային են Երևանի զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը, որում պետք է հաշվի առնվեն ոչ միայն քաղաքաշինական, այլև սոցիալական, մշակութային բազմաթիվ այլ գործոններ: Առաջնային պետք է համարվեն հատկապես ապակենտրոնացման ծրագրերն ու միջոցառումները, որոնք հնարավորություն կտան համաչափ ու նպատակային զարգացում ապահովել հանրապետության այլ բնակավայրերի համար նույնպես: