Ուրարտուի թեման 20-րդ դ. երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայկական դեկորատիվ արվեստում (մետաղամշակություն և գորգարվեստ)

Ժողովրդական դեկորատիվ-կիրառական արվեստը մարդու կողմից ստեղծված նյութական արժեքների պատմականորեն զարգացող, բազմաշերտ ու բազմաբովանդակ համակարգ է: Այն անխզելիորեն կապված է մարդկանց կենցաղի հետ և անբաժան է նրա բնական ու հասարակական կեցությունից: Յուրաքանչյուր դարաշրջան իր ներդրումն է ունեցել դրանում` ապահովելով այդ երևույթի պատմական ժառանգորդումը, ավանդականի ու նորույթայինի համադրությունը` ձևավորելով նրա հարստությունն ու բազմազանությունը:

Այդպիսով, ժողովրդական արվեստը հանդես է գալիս որպես և΄ ժողովրդի հավաքական հիշողության բարձրագույն դրսևորում, և΄ որպես աշխարհում մարդու կեցության ձև, և΄ որպես մարդու կողմից ստեղծված ինքնատիպ աշխարհ:

Հայ ժողովուրդն ունի կիրառական արվեստի բազմադարյա ավանդույթներ: Պեղումներից հայտնաբերված իրերի մեջ յուրաքանչյուր դարաշրջան ներկայանում է իր բնորոշ զարդահամալիրով, թեմաներով ու գունապնակով: Այդ առարկաները, իրենց պատմական նշանակությամբ հանդերձ, տվյալ հասարակության գեղագիտական մտածելակերպը բնորոշող կոնկրետ վկայություններ են:

Խորհրդային տարիներին հայկական դեկորատիվ-կիրառական արվեստը զարգացման նոր փուլ թևակոխեց: 1950-ական թվականներից Հայաստանում ձևավորվեց դեկորատիվ-կիրառական արվեստի այն դպրոցը, որը, զարգացնելով ժողովրդական արվեստի դարավոր ավանդույթները, մի նոր աստիճանի բարձրացրեց այն` ազգային մշակույթի գանձարանը հարստացնելով բարձրարվեստ ստեղծագործություններով:

Այդ տարիների կիրառական-գեղազարդման արվեստի բոլոր ճյուղերը ներկայացնող աշխատանքներն աչքի են ընկնում գեղարվեստական արտահայտչականությամբ, ազգային թեմաների ու պատկերագրության հեղինակային մեկնաբանությամբ, որոնք զուգակցված են ժամանակի պահանջներին` բարձր ճաշակով ու հմտությամբ:

1960-1980-ական թթ. ստեղծված ազգագրական, բանահյուսական, պատմական և ազգային այլ թեմաներով աշխատանքների մեջ առանձնանում են ուրարտական արվեստի ազդեցությամբ արված գործերը, որոնք ներկայացնում են դեկորատիվ-կիրառական արվեստի գրեթե բոլոր ճյուղերը` խեցեգործություն, մետաղի, փայտի, քարի գեղարվեստական փորագրություն, արծաթագործություն, գորգագործություն և այլն:

Ուրարտուի պատմության ու արվեստի նկատմամբ հետաքրքրությունն սկսվեց դեռ 1930-ական թթ.-երից, երբ Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ Կարմիր-Բլուրում, իսկ 1950-1972 թթ. Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ Արին-Բերդում (Էրեբունի) իրականացվող պեղումները մարդկության համար բացեցին Ուրարտուի պատմության ու մշակույթի նոր էջեր, լայն հասարակությանը ծանոթացրին Վանի թագավորության դեկորատիվ արվեստի հոյակապ ստեղծագործություններին (1): Հատկապես նշանակալի եղավ Արգիշթի II-ի` Էրեբունիի հիմնադրման մասին սեպագիր արձանագրության հայտնագործությունը, որը Երևան քաղաքի պատմության սկիզբը նշանավորեց:

1968 թ, երբ մեծ շուքով նշվեց Երևանի 2750-ամյակը, կազմակերպվեցին բա-զում միջոցառումներ. բացվեց Էրեբունի թանգարանը, անցկացվեցին գիտաժողովներ, հանդիսավոր նիստեր, կազմակերպվեցին ցուցահանդեսներ և այլն (2)։ Դա համաժողովրդական տոն էր, որը որոշակիորեն ազդեց ժողովրդի ինքնագիտակցության վրա, բարձրացրեց ազգային արժանապատվության զգացումն ու ձևավորեց նոր՝ ուրարտացիների հետնորդը լինելու զգացողություն։

Միջոցառումների շրջանակում հանրապետության ժողստեղծագործության տանը բացվեց հոբելյանական ցուցահանդես, որտեղ 120 ինքնուս վարպետներ ներկայացրին ավելի քան 400 գործ՝ հնագույն կենցաղային իրեր, աստվածների, կենդանիների արձանիկներ, որոնք պատմում էին Երևանի 2750 տարվա հնություն ունեցող մշակույթի մասին: Չնայած ուրարտական խեցեգործության ազդեցությամբ կիրառական առարկաներ մինչ այդ էլ ստեղծվել էին, սակայն այս ցուցահանդեսում ներկայացված իրերը ցույց տվեցին, թե որքան տարբեր ու հե տաքրքիր կարող են լինել նույն թեմայով ստեղծագործող հեղինակների մոտեցումները (3):

Այս իրադարձությունները, բնականաբար, նոր խթան դարձան դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում ստեղծագործողների համար։ Ուրարտական իրերին բնորոշ պարզությունն ու ընդհանրականությունը շատ համահունչ էին տվյալ ժամանակի ոճին: Այդ սկզբունքների զարգացումը` նյութի մշակման բնօրինակի հետ համադրությամբ շատ բնորոշ է այդ թեմայով ստեղծագործողների համար: Շատերն ուրարտական իրերից մի քանիսը վերցրել էին որպես օրինակ և դրանց ձևերը տեղափոխել նոր ժամանակներ: Այդ ստեղծագործությունների մեջ որոշակիորեն աչքի է ընկնում այն սերտ կապը, որ վարպետին միացնում է իր երկրի, ժողովրդի բազմադարյան մշակույթի հետ: Այդպես միակցվում են անցյալը և այժմեականությունը: Սակայն անցյալը չի դառնում ինչ-որ մի տեսակ օտար բան, այն ներթափանցվում է արդիական ոգով, այն այլ կերպ է իմաստավորվում և հասկացվում արվեստագետի կողմից:

Խեցեգործության մեջ այս թեմայով առաջին ստեղծագործողները եղան Հռիփսիմե Սիմոնյանն(4) ու Հմայակ Բդեյանը(5), որոնց աշխատանքները, ժամանակակից երանգավորումներով հանդերձ, ձևերի ու տեխնիկական մշակմամբ համարյա թե կրկնում էին ուրարտական պեղումներից հայտնի կարասներն ու սափորները:

Վանի թագավորության բարձրարվեստ մետաղամշակության նոր մեկնաբանը դարձավ ոսկեձեռիկ վարպետ, ծագումով վանեցի Արծրուն Բերբերյանը, որի ստեղծագործություններում, վաղնջական ժամանակների ոգուն հավատարիմ, նոր կերպավորումներ ստացան ուրարտական ծիսական ու ռազմական նշանակության բազմատեսակ սափորները, սկահակները, տեգերն ու այլևայլ առարկաներ:

Այս հարցում կարևոր դեր են խաղում նրա աշխատանքներում առկա և՛ կատարման վարպետությունը, և՛ առարկաների բառացիորեն կիրառական նշանակությունից հեռացումը, և՛ մոնումենտալության դրսևորումները, և՛ քանդակային հնչերանգները, և՛ հայկական բազմադարյա արվեստի տարբեր շրջանների դեկորատիվ առարկաների ստեղծագործական կրկնօրինակումները կամ ավելի ճիշտ՝ վերահայտնագործումները, և՛ պատմական, հայտնի չափով, ռեմինիսցենցիաները (արձագանքները) և այլ գործոններ: Առավել կարևորը սակայն, այդ ստեղծագործություններում ներդրված հայրենասիրական, հոգեբանական, թող տարօրինակ չթվա, նաև քաղաքացիական ենթատեքստերն են (6):

Աշխատելով Էրեբունու թանգարանում որպես վերականգնող ու անմիջականորեն շփվելով ուրարտական մշակույթի հետ՝ նա ուսումնասիրել, կրկնօրինակել է այդ անընդգրկելի ժառանգությունից իրեն մատչելի օրինակները` համադրելով հինավուրց արվեստն ու նոր ժամանակների գեղագիտական ճաշակն ու ոճը: Վարպետը տիրապետում էր տեխնիկական բազմազան հնարամիջոցների, մետաղի գեղարվեստական մշակման բոլոր եղանակներին` ձուլում, զոդում, դրվագում, փորագրում, նրբահյուսում, որոնք էլ գործածում էր իր ստեղծագործության մեջ։ Նրա բոլոր աշխատանքները կատարյալ են, ուրարտական ժամանակների շունչը կրող:

Մասնավորապես հետաքրքիր գործ է կենդանու ոտքերով, թռչնազարդ բարձր պատվանդան ունեցող կրակարանը: Նրան ոգեշնչել են նաև ուրարտական բրոնզաձույլ կաթսաները, որոնց օրինակով ստեղծել է իրենը՝ թևատարած արծիվների, ձկների պատկերներով, ինչպես նաև մի մեծ երկարավուն, կարասաձև սափոր, որի վրայի ողջ դեկորատիվ հարդարանքը կազմված է ուրարտական արվեստի ամենաբնորոշ մոտիվներից. մարդկանց ֆիգուրներ, թևավոր ցուլեր, արծիվներ, երկրաչափական զարդեր ու կենաց ծառ: Այս առարկաները, չնայած փոքր չափերին, թողնում են մոնումենտալ տպավորություն:

Արծրուն Բերբերյանը երբեք պասիվ ընդօրինակող չի եղել: Նույնիսկ «ամենաուրարտական» թվացող գործերում, նույնիսկ մի փոքրիկ մոտիվում կա իրենը, բերբերյանականը` կատարման ձևապլաստիկ հատկանիշներով: Այդ կարգի առավել ուրույն աշխատանքներից է արծվագլուխ կուժ-ջրամանը, որտեղ հնարամիտ ձևով ծորակի դերը` թեքվելու ժամանակ, կատարում է բացվող կտուցը: Իսկ բռնակը գալարվող փոքրիկ օձ է: Ընդ որում՝ այդ ջրամանի յուրաքանչյուր հատված` գլխիկը, իրանը, բռնակը, մշակված է տարբեր հնարանքներով: Այդպես է գտնվում առարկայի ժողովրդական տիպաբանական հատկանիշը:

Նրա լավագույն աշխատանքներում ակնառու զգացվում է վարպետի վերաբերմունքը ոչ միայն ազգային ավանդների, այլ նաև իր ժամանակաշրջանի գեղագիտական նախասիրությունների, մշակույթի, կենցաղի և նույնիսկ սոցիալ-էթնիկական առանձնահատկությունների նկատմամբ: Եվ, ընդհանրապես, Արծրուն Բերբերյանը սիրում է ազատ վարիացիաներ ժողովրդական արվեստի թեմատիկ և կերպարային լուծման հետաքրքրական եղանակներով:

Արծրուն Բերբերյանի գործի մերօրյա շարունակողներն են Մամիկոն և Հայկ Մխիթարյանները, որոնք ևս, իրենց ստեղծագործությունների հիմքում դրել են հայ ժողովրդի անցյալի մշակութային ժառանգության օրինակները, այդ թվում նաև ուրարտական դեկորատիվ արվեստի նմուշները: Ի տարբերություն Ա. Բերբերյանի զուտ դեկորատիվ գործերի, Մամիկոն Մխիթարյանի նպատակն է հնագիտական գտածոների և թանգարանային առարկաների հենքի վրա նորովի ստեղծել մի այլ իր, որը կարելի կլինի օգտագործել նաև կենցաղում:

«Արել եմ և անում եմ ամեն ինչ, որպեսզի ինքներս մեզ ճանաչենք, իմանանք` որտեղից ենք գալիս, ուր ենք գնալու և ինչ ենք թողնելու հաջորդ սերունդներին»,- այսպես է ներկայացնում իր գործունեությունը վարպետը(7):

Մամիկոն Մխիթարյանի աշխատանքներում զգացվում է Ա. Բերբերյանի ազդեցությունը, ինչն արտահայտված է նրա մի շարք գործերում. կաթսա, գավաթ, սափոր, պտյակ և այլն, որոնք, սակայն, ավելի փոքր չափերի են և ավելի նուրբ։ Առյուծի, արծվի, այծքաղի, ցուլի պատկերներով արված պատվանդանները, որոնց վրա կարելի է դնել ցանկացած բան՝ հնագիտական սափորից, մինչև նրբագեղ ապակյա սկահակ, մշակված են ամենայն մանրամասնությամբ՝ հարազատ ուրարտական ոճին։

Եթե Բերբերյանի բրոնզաձույլ կաթսաներն ու սափորները զանգվածեղ են, ազդեցիկ ու կոթողային, ապա Մխիթարյանինը՝ ավելի թեթև, զգայական, նրբագեղ, քանի որ այս վարպետը սիրում է աշխատել պղնձով ու արծաթով։ Մամիկոն Մխիթարյանի նախընտրած բուսական մոտիվը ուրարտական ականթն է, որով հարդարված են սափորների, սկահակների ու պտյակ-ների եզրերն ու իրանները։

Ուրարտական թեմայով աշխատանքների մեջ առանձին խումբ են կազմում եղջերագավաթները/պտյակները, որոնք, չնայած հետուրարտական շրջանին են վերաբերում, սակայն, հայտնաբերվելով Էրեբունու տարածքում, ներկայացնում են մ.թ.ա. V-մ.թ. III դդ. հայկական մշակույթն ու հաստատագրում այն իրողությունը, որ Վանի թագավորության անկումից հետո էլ քաղաք-ամրոցը չի կորցրել իր դերն ու նշանակությունը(8):

Պտյակներ ունեն և΄ Ա. Բերբերյանը և΄ Մ. Մխիթարյանը: Բերբերյանի պտյակները պարզ են, ավելի մոտ բնօրինակին` մասնավորապես Երզնկայից հայտնաբերվածին, իսկ Մխիթարյանի եղջերվագավաթները բավականին մշակված են, ոճավորված, իրանը զարդանախշված, կենդանիները` խոշոր ու արտահայտիչ գծերով: Սա պայմանավորված է նրանով, որ Բերբերյանը փորձել է հնարավորինս հարազատ մնալ բնօրինակին, ինչը դրսևորված է իր այլ գործերում ևս, իսկ Մխիթարյանը ստեղծագործական մոտեցում է ցուցաբերել` ներկայացնելով ուրարտական արվեստի իր մեկնաբանությունը:

Այն, որ Վանի թագավորության արվեստի նկատմամբ Մ. Մխիթարյանը հա-տուկ վերաբերմունք ունի, վկայում են նաև նրա կողմից ստեղծված զարդերը և իր էսքիզով գործված գորգը, որին կանդրադառնանք ստորև: Ուրարտական բրոնզե գոտիների ազդեցությունը կրող հաստ ու մասսիվ ապարանջանները հարդարված են կենաց ծառերի, սրբազան ու առասպելական կենդանիների, աստվածություն-ների ու քրմերի պատկերներով:
Ուրարտական թեման ուրույն ձևով դրսևորվեց գորգագործության մեջ։ Առաջինը Հայգորգում Մ. Մնացականյանի էսքիզով Երևանի 2750-ամյակի առթիվ գործած գորգն էր, որի կենտրոնական դաշտում, ձևավոր շրջանակի մեջ պատկերված է հավերժությունը խորհրդանշող բուսածաղկային հավելվածներով խաչազարդ: Դրա վերևում ուրարտական դեկորատիվ-կիրառական արվեստում լայնորեն տարածված կենաց ծառի երկու կողմում դեմ-դիմաց կանգնած, ինչ-որ ծիսական արարողություն կատարող աստվածությունների պատկերն է:

Գորգադաշտի վերին մասում գործված են ուրարտական ամրոցի ու Երևանի ճարտարապետական հուշարձանների պատկերները` Արարատի ստորոտում, ու հոբելյանական 2750 թիվը: Գորգի լայն եզրագոտին գեղազարդված է բուսածաղկային, կենդանակերպ նախշերով, այդ թվում առասպելական վիշապի ոճավորումներով, որոնցից մի քանիսում գործված են պատմական Հայաստանի մայրաքաղաքներից որոշների անունները: Եզրագոտու ստորին հատվածն ավելի լայն է, գեղազարդված հավերժության խորհրդանշանով ու այն պահպանող երկու առյուծների պատկերներով: Եզրագոտու վերին հատվածում ձվաձև շրջանակում գործված է. «Գորգագործների նվերը հավերժական Երևանին»:

Հետագա տարիներին այդ թեմայով գորգեր արտադրվեցին ինչպես Հայգորգում, այնպես էլ Իջևանի գորգագործական ֆաբրիկայում։ Հայգորգում, մասնավորապես Մ. Մնացականյանի էսքիզներով, մի քանի գորգեր պատրաստվեցին: Դրանցից է «Արգիշտի» գորգը (1975 թ.), որն իր հորինվածքով մեծ ընդհանրություններ ունի վերը ներկայացված գորգի հետ: Այստեղ ևս օգտագործված են ուրարտական թևավոր առյուծների, արծիվների և կենաց ծառի երկու կողմում իրար դիմաց կանգնած աստվածությունների պատկերները։

Իր հորինվածքով առանձնանում է Մ. Մխիթարյանի գորգը, որի եզրագոտիները հարդարված են սեպագրերի, կենաց ծառի երկու կողմերում կանգնած քրմերի, մարտակառքերի ու հեծյալների, առյուծների ու այծերի պատկերներով, իսկ կենտրոնական դաշտի ողջ երկարությամբ, կենաց ծառի ձախ կողմում, առյուծի վրա կանգնած Խալդի աստվածն է` լայնալիճ աղեղը ձեռքին:

Երևանի 2800-ամյակի առթիվ ևս գործվեց նոր գորգ՝ Նաիրա Մխիթարյանի էսքիզով, որը Մեգերյան ընկերության նվերն է Երևանի քաղաքապետարանին։ Այս գորգի կենտրոնում, լայնակի տեղադրված ութանկյուն մեդալիոնի մեջ, գործված են Հայաստանի բոլոր մայրաքաղաքների խորհրդանիշերը, մեջտեղում Երևանի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունն է, վերևում՝ դրա հայերեն տեքստը։ Գորգի ձախ կողմում պատկերված է Երևանի հիմնադիր Արգիշտի I-ը՝ առյուծի վրա կանգնած, աջ կողմում նոր Երևանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Մեդալիոնի շուրջը, դաշտի մեջ ուրարտական ճարտարապետության, որմնանկարչության, փորագրության մեջ տարածված տարբեր զարդանկարեր են, իսկ եզրագոտու վրա Երևանի նշանավոր ճարտարապետական կո-թողներ, հուշարձաններ ու քանդակներ:

Այս աշխատանքները, ի տարբերություն մետաղյա գործերի, ակնառու ցույց են տալիս, թե որքան տարբեր, ինքնօրինակ ու միաժամանակ հետաքրքիր կարող են լինել նույն թեմայով, նույն ոլորտում արված ստեղծագործությունները:

Դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում տարբեր տարիների ստեղծագործող վարպետների` ուրարտական թեմայով բազմաթիվ այլ բարձրարժեք գործեր կան նաև պղնձից ու արծաթից, փայտից, քարից, կավից, գործվածքից, որոնք հնարավոր չէ ամբողջությամբ ներկայացնել: Միաժամանակ հարկ է նշել, որ դրանց ժանրային, ոճական բազմազանությունն ու շարունակականությունը ցույց են տալիս, որ շատերի համար ուրարտական թեման շարունակում է մնալ ոգեշնչման աղբյուր:

ԿԱՐԻՆԵ ԲԱԶԵՅԱՆ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և
պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ,
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Кармир блур, Альбом, автор-составитель Б.Б.Пиотровский, Ленинград, 1970.Пиотровский Б.Б., Искусство Урарту, Ленинград, 1962.Оганесян К., Эребуни, Ереван, 1968.
  2. Երևանի հոբելյանը, քաղաքի 2750-ամյակի հոբելյանական տարեգրություն, հեղինակ-կազմող Խաչիկյան Ա.Վ., Երևան, 1972:
  3. Երևանի հոբելյանը, էջ 26:
  4. В. Василенко, Рипсимэ Симонян, М., 1974, ст.9.
  5. Ղազարյան Մ., Նոր, լավ տենդենցներ, Սովետական արվեստ, 1964, N 8, էջ 51:
  6. Արծրուն Բերբերյան, կազմող` Պ. Գրիգորյան, Երևան. 1988։
  7. http://armtimes.com/hy/article/130639:
  8. Тирацян Г. А., Культура древней Армении. VI в. до н. э.- III в. н. э. (по археологическим данным), Ереван, 1988.