Հնագիտական հավաքածու

Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուն ընդգրկում է հազարամյակներ ներկայացնող հնագիտական առարկաներ, որոնք ձևավորվել են ինչպես պեղումների, այնպես էլ քաղաքաշինության ժամանակ հայտնաբերված առարկաների շնորհիվ: Հավաքածուն վկայում է, որ քաղաքի տարածքում ՝ Հրազդան գետի ափին, կյանքը գոյություն է ունեցել ավելի քան 80 հազար տարի առաջ: Երևանյան քարայրից հայտնաբերվել են հին քարեդարյան մարդու կմախք, աշխատանքային գործիքներ:

Երևանի տարածքում 1930-ական թվականներին ծավալված կանոնավոր և մասնակի պեղումների շնորհիվ բացվել են մի շարք հնավայրեր` Շենգավիթ բնակատեղին, Արին Բերդ, Կարմիր Բլուր, Ծիծեռնակաբերդ բնակավայրերը, դամբարանադաշտերը, առանձին դամբարաններ: Պեղված նյութական արժեքներից ձևավորվել և մինչև օրս համալրվում է թանգարանի հնագիտական առարկաների հավաքածուն. այստեղ են գտնվում Բ. Պիոտրովսկու, Ս. Սարդարյանի, Ս. Եսայանի, Ա. Քալանթարյանի, Ա. Դեմիրխանյանի, Ա. Փիլիպոսյանի, Ն. Ենգիբարյանի, Գ. Միքայելյանի, Հ. Ավետիսյանի հավաքածուները, անհատ քաղաքացիների կողմից նվիրված իրեր: Հավաքածուի մեջ ընդգրկված են Հայաստանի այլ շրջանների հնագիտական հուշարձաններից (Դվին, Մհուբ, Պտղնի, Կուրթան, Տավուշ, Մեղրաձոր, Նազրվան) հայտնաբերված առարկաներ:

Թանգարանի հնագիտական հավաքածուն բազմիցս ուսումնասիրվել և հրատարակվել է թանգարանի կատալոգներում:

Երևանի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը պարսպապատ Շենգավիթ բնակատեղին է, որտեղ կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են կլոր քարե հիմքով կոնաձև ծածկով և դրանց կից ուղղանկյուն հիմքով, հարթ տանիքներով սենյակներ, բազմատեսակ խեցեղեն, քարե արձանիկներ և այլն: Իր յուրահատկությամբ աչքի է ընկնում կիսագնդաձև ունկերով շենգավիթյան խեցեղենը, որը ներսից գորշ կամ կարմիր է, արտաքին մակերեսը՝ սև փայլեցված, զարդանախշված երկրաչափական նախշերով, թռչունների ու կենդանիների պատկերներով: Հայկական էնելոիթյան այս մշակույթը բնակավայրի անունով կոչվում է Շենգավիթյան մշակույթ:

Հավաքածուում առանձնակի ուշադրություն են ներկայացնում բրոնզեդարյան մշակույթներին բնորոշ ծիսական արարողակարգի հետ առնչվող առարկաները, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվել և հղկվել են նոր որակներով:

Երկաթի դարաշրջանի հուշարձաններից (Էրեբունի, Կարմիր Բլուր, Արամուս, Կուրթան) հայտնաբերված հարուստ հավաքածուն վկայում է, որ մ.թ.ա. 1-ին հազարամյակում ապրած հասարակությունը ունեցել է հավատալիքների կայուն համակարգ, աստվածությունների դիցարան: Հայտնաբերվել են թաղման ծեսում կիրառված բազմաթիվ կավանոթներ, աճյունասափորներ, հեղման անոթներ, կուռքեր, արձանիկներ, զարդեր Հելենիստական ժամանակաշրջանին վերաբերող Ավան-Առինջ բնակավայրից հայտնաբերված հնագիտական նյութերը հանդիսանում են նախորդի օրգանական շարունակությունը:

Միջնադարում մարդկանց պատկերացումները հոգևորի, վերերկրայինի մասին դրսևորում են կրոնի` քրիստոնեության մեջ: Կառուցվում են եկեղեցիներ, մատուռներ, կերտվում են կոթողային հուշարձաններ ` խաչքարեր:

Հնագիտական ընդհանուր հավաքածուի մեջ մեծ արժեք են ներկայացնում միջնադարյան հուշարձանները. 1930-ական թվականներին լայն թափ ստացավ եկեղեցիների քանդումը ՝ հակառակ մտավորականության, առանձնապես Ալեքսանդր Թամանյանի բողոքներին: Քանդված եկեղեցիների որոշ խաչքարեր, արձանագրություններ, որմնանկարներ, եզակի լուսանկարներ հայտնվեցին թանգարանում:

Արժեքավոր են 5-րդ դարում կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարները, որոնք իրենց տեսակի մեջ ամենահինն են (7-9-րդ և 11-րդ դարեր): Թանգարանում պահվող Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային մուտքի երկփեղկ դուռը որ բերվել է Բայազետի բերդից:

Համագործակցելով ՀՀԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ Երևանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուն դեռ համալրվում է ՝ ըստ համապատասխան հայտնաբերված և թվագրված իրերի՝ Երևանի և հարակից շրջանների պեղումներից հայտնաբերված առարկաներով: