Ֆոտո-ֆոնո

Լուսանկարների հավաքածուն հինավուրց մայրաքաղաքը պատկերող վավերագրերից է: Թանգարանն իր գործունեության ընթացքում հավաքել ու պահպանում է ավելի քան 12000 լուսանկար, որոնք պատկանում են երկու ժանրի ` տաղավարային (դիմանկարներ, խմբանկարներ) և վավերագրական (ճարտարապետական կառույցներ, հասարակական շենքեր, փողոցներ, իրադարձություններ):

Լուսանկարների հավաքածուն արտացոլում է Երևանի և Հայաստանի պատմաքաղաքական անցուդարձը, գիտական, մշակութային, մարզական կյանքը, ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը, իրադարձություններ, տոնակատարություններ (սկսած 19-րդ դարավերջից մինչև 21-րդ դարը):

Հավաքածուն դասակարգվում է ըստ հետևյալ խմբերի`

•    միջնադարյան հուշարձաններ (եկեղեցիներ, գերեզմանատներ),
•    հասարակական շենքեր (քարավանատներ, բաղնիքներ, հյուրանոցներ),
•    տեղական ինքնակառավարման մարմինների շենքեր,
•    մշակույթի օջախներ,
•    այգիներ, փողոցներ, բակեր,
•    արտադրական և բուհական շենքեր,
•    բնակելի շենքեր ու թաղամասեր,
•    արձաններ և հուշակոթողներ,
•    ընտանեկան լուսանկարներ:

Սրանց թվում են եզակի կառույցների (որոնք այժմ չկան) լուսանկարներ (հասարակական հայտնի կառույցներ, եկեղեցիներ, բնակելի տներ), որոնք ճանաչողական մեծ արժեք ունեն, հատկապես կարևոր են հին Երևանի ժամանակագրական պատկերն ամբողջացնելու համար:

Այս վավերագրերի շնորհիվ Երևանը ներկայանում է ոչ միայն ուրույն ազգային ճարտարապետական դեմքով, այլ նաև որպես արդյունաբերական, պատմամշակութային և գիտական կենտրոն:

Լուսանկարչությունը Երևան մուտք է գործել 20-րդ դ. առաջին կեսին:

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է Երևանում իրենց գործունեությունը ծավալած ժամանակի հայտնի հայ լուսանկարիչների` Հ. Քյուրքչյանցի, Փեշտմալջյանցի, Գ. Թարիվերդյանցի, Մ. Դադյանցի, Ա. Տեր – Արիստակեսյանի, Հ. Մելիք – Աղամալյանի, Վրույր Կրտսերի, Ն. Բաղդասարյանի, Հ. Թարվերդյանի, Հ. Տեր – Դանիելյանի, Լ. Հարությունյանի, Հ. Բաղդասարյանի, Գ. Մելիք – Դադայանի, Ս. Վարդանյանի աշխատանքները:

Լուսանկարների հավաքածուում տեղ են գտել նաև ռուս հայտնի լուսանկարիչ Դ. Երմակովի՝ Երևանին վերաբերող, ինչպես նաև «Լեոն» լուսանկարչատան լուսանկարները, որոնք ժամանակագրական առումով ամենահինն են համարվում: Հատկապես ուշագրավ են անվանի լուսանկարիչների կնիքները, որոնք հետաքրքիր տեղեկություններ են պարունակում լուսանկարչատների հասցեների, մատուցվող ծառայությունների («увеличение портретов до желаемого размера», «негативы сохраняются»), ստացած մրցանակների ու պարգևների վերաբերյալ: Միջազգային ցուցահանդեսներին մասնակցած երևանցի Գեղամ Թարիվերդյանցի լուսանկարչական կնիքի վրա դրոշմված են 1909 թ. Ռոտերդամի և 1910 թ. Հռոմի ցուցահանդեսներում նրա շահած երկու ոսկե մեդալների պատկերները:

Այս հավաքածուում յուրօրինակ տեղ են զբաղեցնում այն լուսանկարները, որոնք ներկայացնում են և՛ Աբովյան փողոցը ` իր զուգահեռ և ուղղահայաց փողոցներով, և՛ սև տուֆից կառուցված երկհարկ ու եռահարկ բնակելի ու հասարակական շենքերը, և՛ գործող կինոթատրոնները, զբոսայգիները, հիվադանոցները, բուհերն ու դպրոցները: Լուսանկարների այս շարքում կան նաև Երևանի համայնապատկերներ, հետաքրքիր կոլորիտով լուսանկարներ:

Հավաքածուի մաս կազմող վավերագրական լուսանկարների մի մասը տեղ է գտել Եր. Շահազիզի «Հին Երևանը», Թ. Հակոբյանի «Երևանի պատմությունը», Գ. Բաղդասարյանի «Երևան», Է. Ավագյանի «Էրիվանի հայրերն ու այրերը» գրքերում ու բազմաթիվ այլ հրատարակություններում:

Սևանկարներն (նեգատիվներ) ունեն անգնահատելի արժեք և ներկայացնում են Երևանի պատմության գրեթե բոլոր բնագավառները (ավելի քան չորս հազար սևանկար):

Ֆոնդում պահվում են նաև ֆոնո (քաղաքական գործիչների ելույթների ձայնագրություններ, Երևանյան թեմաներով երգեր, ձայնապնակներ և այլն) և կինո ժապավեններ («Երևանյան երազողները» ֆիլմը, վավերագրական ֆիլմեր Երևանի մասին):