Կերպարվեստ
Հայաստանը և մայրաքաղաք Երևանը ներշնչանքի աղբյուր են եղել հայազգի բազմաթիվ նկարիչների համար: Պատկերելով հայկական բնաշխարհն իր բազմապիսի կողմերով ՝ հայ բնանկարի վարպետները կարողացել են յուրաքանչյուր կտավին տալ բնորոշ երանգավորում, հաղորդել որոշակի տրամադրվածություն՝ հագեցնելով զգայական արտահայտչականությամբ: Եվ այս ամենը բխում է նրանց՝ հայրենի բնաշխարհի, Հայաստանի, քաղաքամայր Երևանի նկատմամբ ունեցած սիրուց:
Խորհրդանշական է, որ հենց նկարիչներն են մեծ ներդրում ունեցել Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման գործում 1931թ.: Նրանցից Գ. Գյուրջյանը և Տարագրոսը թանգարանի գործունեության առաջին իսկ օրվանից եղել են գիտական խորհրդի անդամներ:
1937թ. հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանը, Ս. Առաքելյանը, Գ. Գյուրջյանը, Փ. Թերլեմեզյանը և այլք կազմակերպեցին Երևանին նվիրված ցուցահանդես, և նրանց կտավներով էլ հիմնադրվեց թանգարանի կերպարվեստի հավաքածուն:
Տարիների ընթացքում թանգարանի կերպարվեստի հավաքածուն ընդլայնվել և հարստացել է և այստեղ գեղարվեստական աշխատանքներն ընդունվել են ինչպես նվիրատվությունների, այնպես էլ գնման ճանապարհով:
1987թ. Երքաղխորհրդի գործկոմը թանգարանի հանձնեց ութ մեծարժեք կտավ, որոնք պատկանում են ավստրիական, գերմանական, ֆրանսիական և ռուսական դպրոցների նկարիչներին:
1989թ. կազմակերպվեց Հայաստանի ժամանակակից նկարիչնների ստեղծագործությունների ցուցահանդես, որի ավարտից հետո 15 գեղարվեստական գործ հանձնվեց Երևանի պատմության թանգարանին:
Թանգարանի կերպարվեստի հավաքածուն բաղկացած է չորս խմբից՝ գեղանկարչություն, գրաֆիկա, պլակատ, և քանդակ: Գեղանկարչության խմբում ընդգրկված են 100 հեղինակների 400 աշխատանքներ, որից 150-ը երևանյան բնանկարներ են: Գեղանկարչության ֆոնդում պահվում են նաև Երևանի քույր քաղաքների պատվիրակությունների բարեկամական այցելությունների ժամանակ մեր մայրաքաղաքին նվիրված կտավները:
Կերպարվեստի հավաքածուում առանձնակի տեղ է գրավում 1920-30- ական թթ. պատկերված Երևանը՝ իրեն հատուկ հարթ տանիքներով, միահարկ տներով, գողտրիկ անկյուններով, ներքին բակերով, տարվա տարբեր եղանակներին, օրվա տարբեր պահերին:
Բացի բարձր գեղարվեստական արժեք ներկայացնելուց, այս կտավները մեծ վավերագրական նշանակություն ունեն այն առումով, որ քաղաքի վերակառուցման նպատակով քանդվել են հին տները, փողոցները, թաղամասերը, անգամ ճարտարապետական հուշարձանները, և այսօր, դիտելով այդ նկարները, կարելի է հստակ պատկերացում կազմել հին Երևանի տեսքի ու կոլորիտի մասին:
Գրաֆիկայի խմբում են գտնվում Ա. Մամաջանյանի, Գ. Հովսեփյանի, Ա. Ղարիբյանի, Պ. Շիլլինգովսկու և ուրիշների՝ երևանյան թեմաներով արված գործերը, Մ. Աբեղյանի հայրենական պատերազմի թեմայով գործերը: Ինքնատիպ աշխատանքներ են Մաշկովի կողմից ռուս-պարսկական պատերազմի թեմայով արված գործերը:
Քանդակի խումբը շատ տարիներ անց համալրվեց Լ. Թոքմաջյանի «Երևանի բանալին» մարմարե քանդակի նվիրատվությամբ և Խ. Իսկանդարյանի երևանյան թեմաներով կերտած քանդակներով:
Թանգարանի կերպարվեստի հավաքածուի շատ նմուշներ բազմիցս ցուցադրվել են ինչպես թանգարանում, այնպես էլ նրանից դուրս կազմակերպված ցուցահանդեսներում: