Երևանի տեղանվան ծագման շուրջ
1) Երևան անվանումը հայկական համատեքստում միանգամայն թափանցիկ կառուցվածք ունի: Հնում երևան (յերևան, յերևանի տարբերակներով) նշանակել է` «երևումն և երևելի, յայտ, յայտնի». Երևան գալ, երևան հանել «ի յայտ գալ, երևելի, յայտնել»: Արդի հայերենում արխաիզմ է, որը կիրառվում է որպես հարադրությունների բաղադրիչ` երևան բերել, երևան գալ, երևան հանել արտահայտություններում:Դերջանից հայտնի է Երևանս գյուղը, ակնհայտորեն, նույնական Երևանին, հոգնակի հայցական հոլովաձևով, այսինքն այդ բառի տեղանվանական կիրառությունը միակը չէ:
Երեւ արմատը բնիկ հայկական է, որը հանդես է գալիս նաև այլ հայկական տեղանուններում` Երեւեալ, Երեւար: Ժողովրդական ավանդության մեջ Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող անջուր վայրը: Այսպիսով, Երևան տեղանունը միանգամայն բնական կերպով կապվել է համահունչ բառին:
2) Բայց հայերենում այսքան թափանցիկ Երևանը կարող էր լինել նաև մի հին, համահունչ անվան վերաիմաստավորումը: Հնարավոր է այլ մեկնաբանություն` երեւ-աւան> Երեւան, որտեղ երեւ-արմատի տարբեր իմաստավորումներով:
3) Այսպիսով, Երևանը կարելի է ստուգաբանել նաև վերոհիշյալ երեւ-ից տարբեր, բայց նույնահունչ ինչ-որ հիմքից, -ան ածանցով կամ որպես բարդություն, -աւան վերջավորությամբ: Այսպիսի մի արմատ տեսնում ենք երեւիլ «բույսերի ժանգ հիվանդությունը» բառում, որն, ըստ Գ. Ջահուկյանի, ծագում է հնդեվրոպական *erebh- «մուգ գույն, մուգ կարմիր, դարչնագույն» արմատից` (գունանուններից կազմված տեղանունները լայնորեն տարածված են ամենուրեք):
3) Հնարավոր է պատկերացնել Երի+աւան տիպի մի բարդություն, չի բացառվում նաև Արի+աւան> Արեւան> Երևան մեկնաբանությունը: Այստեղ երի- կամ արի- հիմքը կարող է լինել մի ինչ-որ անվանում, ասենք` դիցանուն, ցեղանուն, կամ որևէ այլ բառ (հմմտ. Արա դիցանունը կամ հայարի «քաջ, այրական»):
4) Ուրարտական սեպագիր աղբյուրների ի հայտ գալուց հետո սկսեցին փորձեր արվել հայկական տեղանունների համար հնագույն ուրարտական հիմքեր փնտրելու ուղղությամբ: Մ. Նիկոլսկին կարծիք է հայտնել Երևանի` ուրարտական Eriaini երկրանունից ծագելու վերաբերյալ: Իրոք, սկզբունքորեն հնարավոր է Երևանը կապել այդ տեղանվան հիմքին Eri(a)+ավան, միանգամայն հնարավոր է Երևանը կապել նաև Eriahi երկրանվանը. հայտնի է նաև Ariaini երկրանունը (-ini-ն և -hi –ն վերջավորություններ են): Պետք է նշել, որ այդ երկրները գտնվել են Երևանից հեռու` Սևանի մերձակայքում և Շիրակում, բայց դա չի խանգարում այս ստուգաբանությանը` Երևանը կարող էր լինել, ասենք, այդ ցեղերից մեկի գաղթավայրը (հմմտ. օրինակ, Նախճաւան, որն, ըստ մի կարծիքի, կապված է Հյուսիսկովկասյան նախճ- ցեղանվանը):
5) Երբ հայտնի դարձավ, որ ուրարտական Էրեբունի ամրոց-քաղաքը գտնվել է Երևանի շրջանում, հավանական սկսեց համարվել Երևանի ծագումն Էրեբունիից: Առաջինն այդ մասին գրել է Մ. Իսրայելյանը: Շուտով Երևանի՝ Էրեբունիից ծագելու տեսակետը դառնում է տիրապետող առաջատար ուրարտագետների շրջանում:
Մեզ հասած ուրարտական աղբյուրներում Էրեբունի անունն ավանդված է 12 անգամ, երկու ձևով` Erbuni (10անգամ) և Erebuni (2 անգամ), հնարավոր է ընթերցել և Ir(e)- b/puni: Erebuni-ն, որն ավելի քիչ հանդիպող ձևն է, ավելի է հիշեցնում Երևանը և ընդհանուր կիրառություն ունի:
Ուրարտական սեպագրում b-ով հաղորդվել են նաև v-ն և w-ն, u-ով` նաև 0-ն: Ուրարտերենում բառավերջի ձայնավորը հնչել է թույլ, որպես * (ը), նման պատկեր է եղել և հայերենում, որտեղ բառավերջի ձայնավորն, ի վերջո, անհետացել է: Ըստ այդմ, Erebuni-ն, առանց վերջին ձայնավորի կարող է վերականգնվել որպես Ervun- , Erevon-, Erevun-, կամ Erevon-, ընդհանրացված ձևով` Er(e)vu/on- (v-ի փոխարեն կարող է պատկերացվել նաև w): Մյուս կողմից` ni-ն ուրարտ. ուղղական հոլովի վերջավորությունն է, և անվան հիմքը կարող էր լինել Er(e)vu/o: Երկրորդ e-ի ոչ պարտադիր լինելը կարող է ակնկալել նրա թույլ արտասանությունը:
Er(e)vu /o-n-ից Երևան ուղղագիծ անցումը դժվար է պատկերացնել, և առաջարկվել են տարբեր հնարավոր զարգացումներ: Ըստ Ի. Դյակոնովի՝ սեպագիր Er(e)bu-ի իրական հնչողությունը պիտի լիներ *Er vu-կամ Er* vu-, որից և Erev(u)+ աւան: Հավանական է համարվում նաև, որ հին Er (e)wu /on-ը ձևափոխվել և «ժողովրդական ստուգաբանությամբ>> վերաիմաստավորվել է -աւան վերջավորությամբ տեղանունների կամ երևան բառի ազդեցությամբ:
6) Մ. Իսրայելյանն առաջարկել է Էրեբունիի առավել տարածում ստացած ստուգաբանությունը` ուրարտ. irbu- «հափշտակել, առևանգել» և նման իմաստներով բառից, որպես «գրավում, նվաճում, հաղթանակ»: Եղել են Էրեբունիի և Երևանի ստուգաբանության մի քանի հույժ վարկածային կամ անհաջող փորձեր:
7) Արգիշտի 1-ը` Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադիրը, այստեղ բնակեցրել է Խաթի և Ծուփանի երկրներից բերված 6600 ռազմական մարդկանց: Արքան ասում է, որ ինքն է անվանել ամրոցն Էրեբունի անունով: Սա ուրարտական անվանաբանության մեջ բացառիկ է: Արքաները սովորաբար իրենց կառուցած քաղաքներն անվանել են իրենց կամ իրենց աստվածների անուններով (հմմտ. oրինակ Argistihinili, Haldini URU և այլն): Այս բացառիկ անվանումը, թերևս, կարող է մատնանշել Էրեբունու վերաբնակիչների բացառիկ կարգավիճակը: Ըստ առավել հավանական մի տեսակետի` այդ վերաբնակիչները պիտի որ անատոլիական` լուվական ծագում ունենային: Այդ դեպքում Էրեբունին կարող է մեկնաբանվել ըստ անատոլիական անվանաբանության տվյալների:
Անատոլիական համատեքստում Erebuni – Երևանը համադրելի է խեթ. arawa – «ազատ (ինչ որ բանից)», arawahh – «ազատել, ազատ դարձնել», arawes- «ազատ դառնալ», arawanni- «ազատ»` հակադրված անազատին: Հայտնի է Arauwanna (տարբերակներ` Arawanna, Arawunna) քաղաքը Պափլագոնիայի մոտ, որի անունը մեկնաբանվում է որպես «Ազատ քաղաք»: Arawa- «ազատ, ազատ(վ)ել» արմատը համաանատոլիական է: Արևմտափոքրասիական Լիկիա երկրից հայտնի է ‘Epeua քաղաքանունը, որը մոտ է Էրեբունիին (ni-ն, ինչպես ասվեց, ուրարտական ածանց է) և համարյա նույնական Երևանին: Ստեփանոս Բյուզանդացու մոտ այդ անվանումը մեկնաբանվում է որպես Ελεθέρα «ազատ, անկախ» (սրա հունական զուգահեռն է , այսպիսով, Ελεθέρα քաղաքն Ատտիկայում. հմմտ. և ռուս. Слобода– «Ազատ» (հողագործների բնակավայր), հայ. Ազատ քաղաք):
8) Էրեբունի ամրոց -քաղաքը կառուցվել է Etiuni կամ Etiuhi ընդհանուր անունով կոչվող նվաճված երկրների կոնֆեդերացիայի կենտրոնական ‘Aza կամ ‘Asa երկրում: Etiuni- ն հիմնականում համապատասխանում է հետագա Մեծ Հայքի Այրարատ նահանգին, ‘Aza -ն` Այրարատի սրտի` Արարատյան դաշտի Արմավիրից Երևան ընկած տարածքներին: Այրարատը եղել է Մեծ Հայքի քաղաքական, կրոնական և մշակութային կենտրոնը ամենավաղ ժամանակներից: Հայոց համարյա բոլոր մայրաքաղաքները` Արմավիրից մինչև Երևան, գտնվել են Արարատյան դաշտում: Ըստ մի տեսակետի՝ Էթիունիի հին բնակչությունը խոսել է հայերեն: Ըստ մեկ այլ տեսակետի, Էրեբունիի արևմուտքից բերված բնակիչները, գոնե մասամբ, կարող էին հայկական ծագում ունենալ: Այսպիսով, հնարավոր է, որ Էրեբունի անվանումը հայական ծագում ունենար:
Սեպագիր Erebuni-ն կարելի է փորձել համաձայնեցնել Երևանի հիշյալ հայական ստուգաբանությունների հետ` համադրել երևան բառի արմատին կամ ստուգաբանել այլ հնդեվրոպական հիմքերի հայական հնարավոր արտացոլումների միջոցով (օրինակ, *erebh-, *rebh, ևն): Հատուկ հիշենք արդեն քննարկված հնագույն հայերեն *երեւ – «կարմրավուն» արմատը (Էրեբունի բլուրն իրոք կարմրավուն է):
9) Անվանը հատուկ իմաստ վերագրելու համար անհրաժեշտ են կողմնակի տվյալներ, որոնք այս դեպքում կարող են տալ Էրեբունի բլրի ժամանակաից անվանումները: Այն կոչվում է Արինբերդ (արյուն բառի բարբառային ձևից), որից ծագում է նրա թուրքերեն Ղանլիթափա «Արյունոտ բլուր» անվանաձևը: Հետաքրքիր է, որ հայական անվան մեջ դեռևս պահպանվել էր տեղում ամրոց-բերդ լինելու հիշողությունը, որը, ինչպես վկայում է թուրքական ձևը, հետագայում մոռացվել է: Բլրից 1,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք է գտնվել Ղանլիթափա գյուղը, որի տարածքը մտնում է Երևանի շրջագծի մեջ: Ըստ այդմ, հնարավոր է կապ ենթադրել Էրեբունի անվան և «արյուն» կամ «արնագույն» իմաստների միջև:
Արյուն բառը ծագում է հնդեվրոպական *esHr արմատից, -իւն <*i n- ածանցով: Տեսականորեն հանարավոր է, որ erebuni-ն լիներ ariwn-ի հնագույն հայերեն վիճակի ուրարտական ընկալման սեպագիր արտացոլումը (ուրարատերեն-հայերեն համընկումներում կան e/a համապատասխանության այլ դեպքեր, ւ-ն կարող է հաղորդվել b -ով, ուրարտերենում` e-ն և i -ն, իսկ հայերենում` իւ և եւ երկբարբառները հերթագայում են):
Իհարկե, հնարավոր է, որ օտարալեզու Er(e)wu/on – անվանումը հետագայում է միայն վերաիմաստավորվել հայ. ariwn «արյուն» բառով:
Էրեբունի–Արինբերդ նույնությունը կարելի է մեկնաբանել որպես փաստարկ Երևանի և Էրեբունու կապի դեմ: Վերջինս, հնարավոր է, որ պահպանվել է միայն Արինբերդ և թարգմանված ձևով` Ղանլիթափա անվանումներում: Ինչևէ, տեսականորեն չի կարելի բացառել, որ տեղանունը կարող էր տարածվել երկու էտապով, դեպի հյուսիս –արևմուտք, առաջին հանգրվանը հետագայում վերանվանվել է թուրքերեն մոտավոր թարգմանությամբ, իսկ ավելի մեծ ու նշանավոր երկրորդը` պահպանել հին անունը, վերաիմաստավորվելով երևան բառով:
10) Այս ստուգաբանությունները լեզվաբանորեն միանգամայն հավանական են: Էրեբունի և Երևան անունները շատ նման են իրար, և շատ հավանական է, որ երկրորդը ծագում է առաջինից: Եթե Էրեբունու հայերեն ստուգաբանությունը ճիշտ է, ապա այն կառուցվել է հայախոս երկրամասում, հայերեն անուն կրող բլրի վրա, կամ հայերեն անունը դրել են քաղաքը կառուցողը կամ այլ երկրամասից բերված նոր բնակիչները: Եթե Էրեբունին հայկական անվանում չէ, ապա այն հետագայում վերաիմաստավորվել է հայերեն արյուն և երևան բառերով:
Գիտության մեջ միշտ պետք է քննարկել հնարավոր բոլոր լուծումները: Արդյոք կարելի է միարժեքորեն պնդել, որ Երևան անվանումը ծագում է Էրեբունիից: Դա ընդամնենը շատ հավանական է, բայց ոչ միակ հնարավորությունը:
Այսպիսով, մեր խնդրում պետք է առանձնացնել մի քանի մասնավոր հարց.
ա. Երևան անվան ստուգաբանությունը.
բ. Էրեբունի անվան ստուգաբանությունը.
գ. Երևան և Էրեբունի անվանումների միջև կապը:
Առաջարկված բոլոր լուծումներն էլ որոշակիորեն վարկածային են, և բոլոր հարցերի համար հնարավոր են իրարամերժ պատասխաններ: Առավել ճշգրիտ արդյունքներ ի հայտ կգան գիտության հետագա զարգացման ընթացքում:
Արմեն Պետրոսյան
Հնագիտության, ազգագրության ինստիտուտ
«ԵՐԵՎԱՆ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2006