Հոբելյանական հանդիսությունների նշանակությունը Երևանի մշակութային կյանքում

Հոբելյանական հանդիսությունները մեծ կարևորություն ունեն հայ մշակութային կյանքում, նրանց նշանակությունը մեծ է նաև սերունդների դաստիարակության գործում և ճանաչողական առումով: Իրականացնելով ցանկացած պետության կարևորագույն  գործառույթներից երկուսը` ճանաչողականը և դաստիարակչականը, պատահական չէ, որ հոբելյաններին պարբերաբար անդրադառնալն ու այն հանդիսավորությամբ հասարակությանը ներկայացնելը Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքում իր արժանի տեղն ուներ:

Արձանագրելով, որ հոբելյանները մեր կյանքի անբաժան մասն են, որոնք ոչ միայն ուղղակի տոներ են, այլ տարբեր ժամանակների սահմանագծին կյանքի ինքնատիպ ամփոփումը, ամենայն պատասխանատվությամբ պետք է մոտենալ ոչ միայն հոբելյանին, այլ նաև այդ առիթի հանդիսավոր մատուցմանը: Հոբելյանը պատշաճ մակարդակով տոնելը պայմանավորում է հոբելյանի կարևորությունը ու նրա նպատակի ճիշտ ընկալումը  սերունդների կողմից: Շատ կարևոր է հիշատակման արժանի անհատների և կարևոր իրադարձությունների հոբելյաններին մեծ հանդիսավորությամբ ու պետական մակարդակով անդրադառնալը, քանի որ հանդիսավորությունը ապահովում է հոբելյանական հանդիսության կարևորագույն գործառույթներից մեկը` հասարակությանը մեկ գաղափարի շուրջ համախմբելը, ինչն էլ իր հերթին հոբելյանը վերածում է համաժողովրդական հանդիսավոր տոնակատարության:

Հոբելյանների համաժողովրդական հանդիսավոր տոնակատարության արմատները գնում են դեպի հնագույն ժամանակները: Որոշ կարծիքների համաձայն՝ հոբելյանները նշելու ավանդույթը կապված է յոթ թվի մոգական հատկության հետ: Դա ապացուցելու համար դիմենք հոբելյան հասկացությանը, որի ծագումը հին հրեերենից բառացիորեն թարգմանվում է, որպես «Խոյի եղջյուր», իսկ հետագայում «Ազատության տարի»: Այդպես էին անվանում Մովսես մարգարեի կողմից հաստատված տարին, երբ գրավ դրված հողերը վերադարձվում էին իրենց նախկին տերերին, իսկ ստրուկները ստանում էին ազատություն: Այդ ազատության տարին գալիս էր 50 տարին մեկ` փաստորեն յոթ յոթնամյակը մեկ:

Քրիստոնեական դարաշրջանում տոների էությունը որոշ չափով փոխվել է, և հոբելյանական կամ սուրբ համարվել են այն տարիները, երբ մեղքերի թողության նպատակով ուխտագնացություն է կատարվել դեպի Հռոմ: 14-րդ դարում Հռոմի Բոնիֆացիոս 8-րդ պապը հոբելյանական է սահմանել յուրաքանչյուր 100-րդ տարին: Սակայն Կլիմենտոս 6-րդը հոբելյանական դարձրեց ամեն 50-րդ տարին, Ուրբանիոս 6-րդը յուրաքանչյուր 33-րդը, իսկ այդ ժամկետը վերջինը կրճատեց Պողոս 2-րդը` դարձնելով 25 տարի: Այդպիսով հոբելյանական տարիները սկսեցին նշել յուրաքանչյուր քառորդ դարը մեկ` 25,50,75,100:

Հետագայում հոբելյան նշելու ավանդույթը, դուրս գալով հոգևոր շրջանակներից, լայն տարածում գտավ աշխարհում: Փոխվեց նաև նրա իմաստային բովանդակությունը. այժմ հոբելյան է համարվում յուրաքանչյուր կարևոր իրադարձության տարելիցը, նաև նշանավոր մարդկանց տարելիցը: Այժմ գոյություն ունեցող կարգի համաձայն՝ անվանի մարդկանց հոբելյանները կառավարական մակարդակով մինչև 100-ամյակը նշվում է 10 տարին մեկ, իսկ 100-ից սկսած` 25 տարին մեկ:

Ըստ բովանդակության՝ հոբելյանները նվիրված են լինում պատմական իրադաձություններին և կուսակցական, պետական և հասարակական նշանավոր գործիչներին, գիտության, մշակույթի և արվեստի ականավոր ներկայացուցիչներին:

Պատմական իրադարձություններն ու նրանց նշանակությունը յուրաքանչյուրին հասցնելու ինքնատիպ ձև է հոբելյանական հանդիսությունը: Պատմական իրադարձություններին նվիրված հոբելյանական հանդիսությունները ներկա և գալիք սերունդների հոգեկերտվածքում խարսխում են հաղթանակների բերկրանքն ու հայրենասիրության վեհ զգացումը: Պատմական իրադաձությունների հոբելյանական տարեթվերին անդրադարձը կատարվում է ոչ միայն մեր ձեռքբերումները մեկ անգամ ևս հիշելու, հարգանքի տուրք մատուցելու այդ ձեռքբերման կամ հաղթանակի անմիջական մասնակիցներին, այլ սերունդներին հաղորդակից դարձնելու համար այս կամ այն պատմական իրադարձությանը՝ նրանց մեջ արմատավորելով հաղթանակի ու ձեռքբերման հոգևոր արժեքները: Պատմական իրադարձություններին նվիրված հոբելյանները տոնելու հիշարժան օրինակ է արևելյան Հայաստանի Ռուսաստանի հետ միավորվելու 150-ամյակը, որը նշվեց հոբելյանական հանդիսություններին բնորոշ ամբողջ շքեղությամբ: «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարը մտավ…», այս բառերով է ամրագրել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքը հանդիսացող պատմական այդ իրադարձությունը հայ նորագույն գրականության հիմնադիր, լուսավորիչ Խաչատուր Աբովյանը: Հայոց պատմության նշանակալից էջերից մեկը հանդիսացող պատմական այդ իրադաձության մեկուկեսդարյա հոբելյանը հայ մշակույթի պատմության մեջ գրանցվեց որպես վառ հիշողություն և հոբելյանական հանդիսությունների պատմության կարևորագույն իրադարձություն:

Հոբելյանական հանդիսությունների արարողակարգի պարտադիր մասն է կազմում հայ մշակութային օրերի անցկացումն այլ երկրներում, այդ առիթով օտարերկրյա պատվիրակությունների հյուրընկալումը, հանդիսավոր նիստերի անցկացումը, գիտական կոնֆերանսների, տոնական հանդիսությունների, տարաբնույթ ցուցահանդեսների կազմակերպումը: Բոլոր այդ միջոցառուները նպաստում են ժողովուդների բարեկամության ամրապնդմանը, համամարդկային մշակույթի ճանաչողությանն ու զարգացմանը, համաշխարհային մակարդակով մշակութային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Այս բոլորը հաշվի առնելով վստահորեն կարելի է ասել, որ հոբելյանական հանդիսությունները տարբեր ազգերի մշակույթների մեջ փոխադարձ ինտեգրման առիթ են դառնում: Հոբելյանական տարին հաճախ նոր թանգարաններ ու հուշահամալիրներ ստեղծելու, հուշարձաններ կանգնեցնելու, պատվավոր կոչումներ շնորհելու առիթ է, ինչն ավելի է կարևորում հոբելյանների դերը հայ մշակութային կյանքում: Հոբելյանները նպաստում են հանրապետությունում նաև զբոսաշրջության զարգացմանը: Հանրապետության հյուրերը մասնակցում էին ոչ միայն հոբելյանի շրջանակներում իրականացվող միջոցառումներին, այլև ծանոթանում ընդհանրապես տվյալ երկրի մշակույթին, արվեստին, գիտությանն ու ճարտարապետությանը:

Հոբելյանները տոնելու շրջանակներում տարաբնույթ միջոցառումներ էին անցկացվում ամբողջ հանրապետությունում, որոնց մասնակից էին դառնում հանրապետության բոլոր շրջանների բնակիչները: Սակայն հոբելյանական տոնակատարության ամբողջ կիզակետը քաղաքամայր Երևանն է, որին վստահված է առաջինը հյուրընկալելու հանրապետություն ժամանած օտարերկրյա պատվիրակություններին: Հոբելյանական բոլոր միջոցառումները սկիզբ էին առնում քաղաքամայր Երևանից և իրենց տրամաբանական շարունակությունը գտնում հանրապետության այլ շրջաններում և քաղաքներում կազմակերպվող միջոցառումներում:

Հոբելյանների տոնումը բազմաբնույթ ձեռքբերումնների առիթ էր հանդիսանում, որոնք ակնհայտ էին հատկապես պատմամշակութային արժեքների գնահատման և արժեվորման տեսակետից: Միայն արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելու 150-ամյա հոբելյանի շրջանակներում հանրապետության պատմամշակութային արժեքները համալրվեցին` 1978 թվականի հոկտեմբերի 9-ին ռուս-հայկական բարեկամության հուշարձանի հիմնադրումով` Երևանից Էջմիածին տանող խճուղուց ոչ հեռու, Կիրովականում բացված հայ-ռուսական բարեկամության  թանգարանով` հոկտեմբերի 6-ին, Աբովյան քաղաքում ռուս-հայկական բարեկամության հուշակոթողով` հոկտեմբերի 7-ին, Ղափանում Դավիթ Բեկի հուշարձանի հիմնադրումով` հոկտեմբերի 8-ին, Սպիտակում Ռուսաստանի հետ արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակառույցի բացումով` հուլիսի 28-ին: Նույն սկզբունքով հանրապետությունում 1970-1990-ական թվականներին նշվել են` Մայիսյան ապստամբության 50-ամյակը (1970թ.), Հայաստանում խորհրդային կարգերի հաստատաման ու կոմունիստական կուսակցության կազմավորման 50 և 60-ամյակները (1970թ. , 1980թ.), Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի հաղթանակի 30 և 40-ամյակները (1975թ. և 1985թ.), 30-ամյակի կապակցությամբ ռազմահայրենասիրական թեմայով երաժշտական թատրոնների համամիութենական մրցության մեջ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրությունը հաղթող է ճանաչել և առաջին կարգի մրցանակ է շնորհել Երևանի օպերային թատրոնին` «Անմահություն» բալետի բեմադրության համար, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 60 և 70-ամյակները (1977թ., 1986թ.), ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակը (1982թ.), Ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակը (1989թ.) և այլն: Պատմական իրադարձություններին նվիրված հոբելյանական հադիսությունների շարքում հատուկ նշանակություն ունեն պատմական այնպիսի իրադարձությունները, որոնք մեր ժողովրդի զարգացման, լուսավորության տարածման, մշակութային բարձր արժեքների ձեռքբերման վառ վկայությունն են: Այդպիսի իրադաձություններ են գրադարանների, թատրոնների, բարձրագույն և գիտական հաստատությունների, մամուլի, մշակութային խմբերի, անսամբլների ստեղծումը: Ապագայում այդ իրադարձությունների հոբելյանական տարեթվերի հանդիսավոր նշումը ինքնին կարևոր ձեռքբերումների ինքնատիպ ամփոփման է վերածվում: Նման հանդիսությունները հատկապես նշանավորվում են պետության կարևոր արժեքները հասարակության մեջ  ամրապնդելով: Պատմական նմանատիպ իրադարձություններից 1970-1990-ական թվականներին տոնվել են` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 50-ամյակը, ինչը նշանավորվեց նաև թատրոնի մուտքի մոտ Գ. Սունդուկյանի հուշարձանի հիմնադրումով (1972թ.), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 50-ամյակը (1973թ.), ՍՍՀՄ ԳԱ 250-ամյակը (1974թ.), Կոմիտասի անվան վաստակավոր քառյակի 50-ամյակը (1974թ.), □Ռյա Թազա□ քրդալեզու թերթի 50-ամյակը (1980թ.), Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցի կեսդարյա հոբելյանը (1980թ.), Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը (1980թ.), Երևանի պետական համալսարանի հիմնադրման 60-ամյակը (1981թ.), Երևանի պետական բժշկական ինստիտուտի 50-ամյակը (1981թ.), Հայաստանի հեռուստատեսության հիմնադրման 25-ամյակը (1982թ.), «Գրական թերթի» 50-ամյակը (1982թ.), Ալ. Մյասնիկյանի անվան հանրային (ներկայումս Ազգային) գրադարանի 150-ամյակը (1983թ.), Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի 50-ամյակը (1984թ.), Մովսես Խորենացու «Հայոց պատմության» 1500-ամյակը (1984թ.), Գլաձորի համալսարանի 700-ամյակը (1984թ.), Հայաստանի պետական ակադեմիական եգչախմբի 50-ամյակը (1986թ.), Երևանի կենտրոնական քաղաքային գրադարանի 50 տարին (1987թ.), մեծ շուքով տոնվեց «Մուրճ» ամսագրի 100-ամյակը (1989թ.) և այլն:

Հոբելյանները պահպանելով ժողովդի պատմամշակութային հիշողությունը միավորում են հասարակությանը, դրանով էլ կարևորվում է հոբելյանների մարդաշատ և մեծ հանդիսավորությամբ նշելը: Այդ հանդիսավորությունն է, որ կրկնապատկելով հոբելյանների դերի ու նշանակության կարևորությունը, ձեռք է բերում նոր իմաստ և կարևոր նշանակություն ներկա և ապագա սերունդների դաստիարակության գործում: Այս տեսակետից կուսակցական, պետական և հասարակական գործիչներին, գիտության, մշակույթի և արվեստի ականավոր ներկայացուցիչներին նվիրված հոբելյանական հանդիսություններն ունեն հատուկ նշանակություն, որովհետև մի գաղափարի շուրջ են համախմբում տվյալ գործչի գործունեության համախոհներին ու գաղափարակիցներին:

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում տվել է հիշատակության արժանի շատ անհատների, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ փառք ու պատիվ են բերել հայրենիքին: Եվ նրանցից առավել ակնառու ներկայացուցիչների հոբելյաններին հանդիսավորությամբ անդրադառնալը Երևանի մշակութային կյանքում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից էր:

1970-1990-ական թվականներին հանդիսավորությամբ  տոնվել են հայ ժողովրդի պատմության մեջ մեծ ներդրում ունեցող կուսակցական, պետական, հասարակական, գիտության, մշակույթի և արվեստի ականավոր գործիչների հոբելյանները: Նրանցից են` Ներսես Շնորհալին (մահվան 800-ամյակը, 1973թ.), Պարույր Սևակը (ծննդյան 50-ամյակը, 1974թ., 65-ամյակը,1989թ.), Գ. Սունդուկյանը (ծննդյան 150-ամյակը, 1976թ., 165-ամյակը, 1990թ.), Ստ. Շահումյանը (ծննդյան 100-ամյակը, 1978թ. և 110-ամյակը, 1988թ.), Միքայել Նալբանդյանը (ծննդյան 150-ամյակը, 1979թ.), Դավիթ Անհաղթը (ծննդյան 1500-ամյակը, 1980թ.), Հովհաննես Ադամյանը (ծննդյան 100-ամյակը, 1980թ., 110-ամյակ 1989թ.), Ալ. Շիրվանզադեն (ծննդյան 125-ամյակը, 1983թ.), Վահան Տերյանը (ծննդյան 100-ամյակը, 1985թ.), Տիգրան Չուխաջյանը (ծննդյան 150-ամյակը, 1987թ.), Հովհաննես Թումանյանը (ծննդյան 120-ամյակը, 1989թ.), Հովհաննես Շիրազը (ծննդյան 75-ամյակը, 1989թ.), Կոմիտասը (ծննդյան 120-ամյակը, 1989թ.), Անդրանիկ Օզանյանը (ծննդյան 125-ամյակը, 1990թ.), Մանուկ Աբեղյանը (ծննդյան 125-ամյակը, 1990թ.) և այլն: Մեր մեծանուն գործիչների իրենց գործին նվիրվածության ու թողած ժառանգության ճիշտ բնութագիրը տալիս է Կարեն Դեմիրճյանը հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստում ասված իր խոսքում` «Ժողովուրդը գորովանքով է պահպանում իր մեծ զավակների հիշատակը: Մեծարում է նրանց, ովքեր ընդլայնել են իր փառքի սահմանները, ովքեր հայրենիքին ոգեշունչ, անմնացորդ ծառայելու օրինակ են տալիս ներկա ու գալիք սերունդներին: Նման վսեմ օրինակ է Արամ Խաչատրյանի կյանքը, ստեղծագործական սխրանքները: Նա մեզ ոչ միայն անգին ժառանգություն է թողել, այլ նաև` հիանալի դասեր և իմաստուն պատգամ: Նրա դասը` վսեմ քաղաքացիականությունն է, նրա պատգամը` նվիրումը մեր մեծ հայրենիքին»:

Հայ մշակույթի պատմության մեջ 1970-1990-ական թվականները կարելի է բնութագրել նաև հոբելյանական հանդիսավոր տոնակատարություններին մեծ կարևորություն տրվող  ժամանակաշրջան, ինչը հիմնավորվում է այս շրջանում հոբելյաններին հաճախ ու հանդիսավորությամբ անդրադառնալով: Դա է վկայում նաև հայ մեծագույն գրող Րաֆֆու ծննդյան 150-ամյա հոբելյանը մեծ շուքով տոնելը` 1986 թվականին, քանի որ մինչ այդ մեծանուն գրողի ոչ մի հոբելյան չէր տոնվել:

Հատկանշական էր նաև հոբելյանական հանդիսավոր տոնակատարությունները միջազգային մակարդակով տոնելը, որոշ հոբելյաններ տոնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անմիջական նախաձեռնությամբ: Դա հայ գործիչներին և մեր մշակույթը, գրականությունը, արվեստը աշխարհին ներկայացնելու ևս մեկ հիանալի հնարավորություն էր ընձեռնում: 1970-1990-ական թվականներին ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում մեծ շուքով տոնվել են` Ալ. Սպենդիարյանի 100-ամյակը (1971թ.), Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը (1974թ.), Դ. Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը (1977թ.), Մ. Սարյանի ծննդյան 100-ամյակը (1980թ.), Ա. Խաչատրյանի 80-ամյակը (984թ.), Ե. Չարենցի ծննդյան 80-ամյակը Թբիլիսիում (1978թ.) և 90-ամյակը Մոսկվայում (1987թ.) և այլն: Պատմական այս շրջանում մեր մեծանուն գործիչների հոբելյաններն ըստ արժանվույն տոնելու գնահատականը տրվել է 1980 թվականին Մ. Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը տոնելու առիթով Հայաստանի նկարիչների միության շնորհակալական ուղերձում` ուղղված Կարեն Դեմիրճյանին: «Ի պատիվ մեր ժամանակների ականավոր նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, հայ ժողովրդի մեծագույն զավակ Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունները Մոսկվայում և ապա Երևանում վերածվեցին մեր երկրի բազմազգ ժողովուրդների մշակույթի մեծ տոնի:…»,- նշվում է շնորհակալագրում:

Հոբելյաններ տոնելու գեղեցիկ ավանդույթը, որն արդեն Երևանյան մշակութային կյանքի բաղկացուցիչ մի մասն էր, նշանավորվում էր նաև ոչ միայն հայազգի, այլև օտարազգի ականավոր գործիչների հոբելյանների տոնումով: 1970-1990-ական թվականներին հանրապետությունում տոնվել են ռուս մեծ դրամատուրգ Ա. Օստրովսկու ծննդյան 150-ամյակը (1973թ.), ռուս մեծ կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Ս. Ռախմանինովի ծննդյան 100-ամյակը (1973թ.), Ականավոր բանաստեղծ, գիտնական, թարգմանիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վ. Բրյուսովի ծննդյան 100-ամյակը (1973թ.), Ա.Ս. Պուշկինի ծննդյան 175-ամյակը (1974թ.), Լև Տոլստոյի ծննդյան 150-ամյակը (1978թ.) և այլն:

Ինչպես տեսնում ենք, հոբելյաններն ունեն կարևոր նշանակություն հայ մշակութային և հասարակական կյանքում: Կարծում եմ, որ մեր իրականության մեջ հոբելյանները հանդիսավորությամբ տոնելու անհրաժեշտությունը կա, ուստի կուզենայի պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել հոբելյանները կանոնակարգելու և օրենքով ամրագրելու խնդրին: Ըստ որի կլինի հստակ դասակարգում, թե պատմական ինչպիսի իրադարձությունների և որ գործիչների հոբելյանները պետք է տոնել, ինչպես նաև սահմանել հստակ կարգ, թե որ ամյակները պետք է համարել հոբելյանական: Այդպիսով, հստակություն կմտցվի հոբելյանները տոնելու կարգում և կբացառվի յուրաքանչյուր առիթի կլոր ամյակները որպես հոբելյան ներկայացնելը: Այս երևույթը, որն առկա է մեր իրականության մեջ, թյուր կարծիք է ստեղծում հասարակության շրջանում և բազմաթիվ անհասկանալի հարցերի պատճառ դառնում:

Հոբելյանները տոնելու սկզբունքը պարզեցնելու նպատակով առաջարկում եմ`

Պատմական այն իրադարձությունները, որոնք շրջադարձային կամ բախտորոշ դեր են ունեցել հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև զանգվածային հասարակական կազմակերպությունների, առանձին խոշոր ձեռնարկությունների, գիտական հաստատությունների, կրթօջախների, մշակութային կենտրոնների ու խմբերի հոբելյանները, որոնք ակնհայտ նվաճում են կամ կարևոր նշանակություն ունեն, կամ ունեցել են հանրապետության պատմության մեջ, տոնել պետականորեն, հանդիսավորությամբ: Վերոհիշյալ իրադարձությունների հոբելյանական տարեթվեր սահմանել գոյության կամ ավարտի օրվանից սկսած 25-ամյակը, 50-ամյակը և այդպես շարունակ յուրաքանչյուր 25 տարին մեկ: Կուսակցական, պետական և հասարակական, գիտության, մշակույթի և արվեստի ականավոր այն ներկայացուցիչները, ովքեր փառք են բերել հայրենիքին իրենց գործունեությամբ, բացահայտումներով կամ նվաճումներով և ունեն բացառիկ ներդրում երկրի գիտության, տեխնիկայի, գրականության և արվեստի բնագավառներում, հոբելյանական սահմանել 50-ամյա հոբելյանից սկսած և այդուհետ յուրաքանչյուր 25-ամյակը մեկ: «Ամեն մի ժողովուրդ` հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքն իրեն», գրել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1911 թվականին: Այս սկզբունքով առաջնորդվելով՝ մեր պատմությանն ու ազգին փառք բերած մեծամեծների լուսեղեն կերպարը պետք է սերունդներին ներկայացնենք իրենց թողած ժառանգությանն ու անվանը արժանի:

Օգտագործվածգրականություն

  • Շ. Ռ. Հարությունյան, Սովետական Հայաստան տարեգրություն 1920-1980թթ., Երևան, 1982թ.:
  • Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևանի տարեգրությունը, Երևան, 2009թ.:
  • ԿԴԹ- Ֆ-փ.387-015/9, Հայաստանի նկարիչների միության շնորհակալական ուղերձը Կարեն Դեմիրճյանին Մարտիրոս Սարյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
  • Юбилей//http://ru.wikipedia.org – (Электронный ресурс):
  • «Գրական թերթ», Կարեն Դեմիրճյան – բացման խոսք, Ա. Խաչատրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի հանդիսավոր նիստում, Երևան, 27.01.1984թ.:
  • «Կարեն Դեմիրճյան-75», գիրք օրացույց, Երևան 2007թ.:

Արմինե Ավետիսյան
Երևանի «Կարեն Դեմիրճյանի թանգարան» ՀՈԱԿ-ի ավագ գիտաշխատող

Ընթերցել արխիվային տարբերակը