ՍԱՀԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ. Երևանի նահանգապետը
Վաղուց ասված է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ
ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
Հովհաննես Թումանյան
Այսօր մենք հպարտանում ենք մեր անցյալի ողջամիտ ու ազատասեր հայորդիներով, որոնցից մեկն էլ 20-րդ դարի առաջին կեսի ականավոր հասարակական, պետական-քաղաքական գործիչ, մտավորական, մանկավարժ, գրող ու հրապարակախոս, թարգմանիչ Սահակ Թորոսյանն է: Նրա անձի շուրջ լռության քողը մինչ վերջերս շարունակում էր մնալ չբացված: Երկար տարիներ այս անունն արգելված է եղել հայրենիքում:
Սահակ Թորոսյանն այն եզակի գործիչներից էր, որոնք ոչ միայն իրենց մեծ ու անփոխարինելի ավանդն ունեցան Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ու կայացման գործում, այդ տարիներին զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, այլև իր անմնացորդ ազգանվիրությամբ տրվեցին մեր այնքան դժվար ձեռք բերված պետականության կերտմանը:
Նա քաղաքական վարչակարգի փոփոխության դաժան ու արյունալի ժամանակներում և դրանից հետո էլ չլքեց հայրենիքը, չերկնչելով իրեն սպասվող անխուսափելի փորձություններից՝ նույնիսկ «ժողովրդի թշնամու» պիտակ ձեռք բերեց, մերժված մնաց խորհրդային վարչակարգի կողմից, սակայն մնաց իր ավանդը ներդնելու հայրենիքի նորովի կայացման գործին: Իսկ թե որքանով հայրենիքը «գնահատեց» նրա ծառայություններն ու ավանդը, վկայում են այն տառապագին քսան տարիները, որ Թորոսյանին վիճակվեց ապրել Հայաստանի խորհրդայնացումից հետո:
Սահակ Թորոսյանն իր ապրած ոչ երկար կյանքի (1884 – 1940թթ.) մի զգալի մասն անցկացրեց աքսորավայրերում ու բանտախցերում և դրան վերաբերվեց որպես իրեն նետված անխուսափելի մարտահրավեր ու այդ մարտահրավերին արժանավայել կեցվածք ընդունեց: Երկար տարիներ ուսումնասիրեց ռուսական իրականությունը, պատմությունը, արվեստն ու գրականությունը, թարգմանեց ռուս դասականներին ու հրամցրեց հայ ընթերցողին: Մինչդեռ Ռուսաստան երկիրը, որ այդքան մեծ դեր է խաղացել նրա աշխարհայացքի ձևավորման գործում, հիմնականում տեսավ աքսորականի աչքերով՝ կալանավայրերում կամ այնտեղ տանող գնացքի վանդակապատ պատուհանից:
Ընթերցողին ենք ներկայացնում Սահակ Թորոսյան մարդու, գիտնականի, մանկավարժի ու հրապարակախոսի, պետական-քաղաքական գործչի նկարագիրը՝ դրանով իսկ հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով մեր ազգի երախտավորներից մեկին:
Սահակ Թորոսյանը ծնվել է 1884 թ. հունվարի 10-ին, իր ավանդույթներով հայտնի հինավուրց Փարպի գյուղում՝ հայ պատմագիր Ղազար Փարպեցու ծննդավայրում, մուխսի (ուխտագնաց) Դավթի ընտանիքում:
Սկզբնական կրթությունը ստացել է Աշտարակի տարրական դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Ճեմարանն ավարտել է 1907թ. մայիսին. այդ առիթով պահպանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Առաջինի օրհնության գիրը (1): Ուսման վերջին տարիներին արդեն թղթակցում էր տարբեր թերթերի ու ամսագրերի: Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1904-ին այն ժամանակների Արևելյան Հայաստանի հասարակական միտքն արտահայտող պարբերականներից մեկում՝ «Մշակ»-ում:
Ուսման տարիներին Սահակ Թորոսյանի աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդեցություն ունեցավ այն հանգամանքը, որ նրա պատմության ուսուցիչը անվանի պատմաբան Լեոն էր, որի խորհրդով էլ Սահակն իր ավարտական թեզի թեման ընտրեց «Թուրքա-հայոց հարցը», որում նա մի ուշագրավ եզրահանգում է անում, այն է՝ «մեծ տերությունների համար հայկական հարցը եղել է քաղաքական շահարկման միջոց, որով կարողացել են միջամտել Թուրքիայի ներքին գործերին»(2):
Ճեմարանն ավարտելուց անմիջապես հետո Ս. Թորոսյանը դասավանդել է տեղի դպրոցում, որպես ավագ ուսուցիչ: Սահակ Թորոսյանի գրական գործունեությունը նշանավորվում է առաջին գրական ստեղծագործություններով՝ «Հին տունը» վեպը, որում նկատվում են ինքնակենսագրական երանգներ, որին հաջորդեցին «Մանյա» պատմվածքը, «Քաջազնունիներ» վեպը, «Հավիտենական հեքիաթներ» պատմվածքաշարը, տասնյակից ավելի կարճ պատմվածքներ ու նովելներ: Այդ տարիների նրա բուռն գրական գործունեության յուրովի ամփոփում կարելի է համարել 1915 թ. լույս տեսած «Հայոց գրականության պատմություն» ծավալուն աշխատությունը, որտեղ Սահակ Թորոսյանը փորձում է գտնել պատմության և գրականության կապը, վերլուծում գրականություն-բանահյուսություն երևույթը, նրա դերը հասարակական ընկալման մեջ. «Ի՞նչ ենք հասկանում գրա-կանություն ասելով: Մարդկությունն իր գիտակից կյանքի ընթացքում հետզհետե փորձառություն է ձեռք բերում, հարստացնում հոգեկան վիճակները: Գալիս է մի պահ, երբ այդ բոլորը ուզում ես հանձնել հաջորդներին: Եվ այդ ժամանակ մարդը բանահյուսում է, այսինքն իր հոգեկան վիճակները մարմնավորում, ձևակերպում է խոսքերի, հյուսվածքների միջոցով: Այդպես է առաջ գալիս բանահյուսությունը, որը մի սերնդից անցնում է մյուսին»(3):
Հաջողված էին նաև Թորոսյանի գրական թարգմանությունները: Մասնավորապես, նա ռուսերենից թարգմանել է Տուրգենևի «Ռուդին» և Մաքսիմ Գորկու «Մարդկանց մեջ» վեպերը, ընդ որում՝ երկու աշխատանքներն էլ արվել են 1934թ. Սուզդալի աքսորավայրում գտնված ժամանակ(4): Այս ամենը, որ ծնվել է նրա տքնաջան աշխատանքի արդյունքում, կարող է անփոխարինելի նյութ հանդիսանալ յուրաքանչյուր լեզվաբանի, պատմաբանի, գրականագետի համար: Եվ տարիների հեռավորությունից կարելի է վստահ ասել, որ եթե հետագայում նա չզբաղվեր քաղաքական գործունեությամբ և չզբաղեցներ բարձր պետական պաշտոններ, ապա իր գրական գործունեությամբ հաստատապես կմնար պատմության մեջ՝ ակնառու տեղ գրավելով որպես գիտնական, գրող, լեզվաբան, հրապարակախոս և թարգմանիչ:
Սակայն ժամանակն է խոսելու Սահակ Թորոսյանի հասարակական, պետական-քաղաքական բեղմնավոր գործունեության, Սարդարապատի հերոսամարտի օրերին և Առաջին հանրապետության կարճ ժամանակահատվածում նրա ունեցած անփոխարինելի դերակատարման և դրան հաջորդած՝ խորհրդային դարաշրջանում կրած ծանր փորձությունների մասին:
Դեռ 1909թ. նա Ղարաքիլիսայում ծանոթանում է Սիմոն Վրացյանի հետ, այդ մասին իմանում ենք 1909թ» Հորիզոնի» սեպտեմբերյան համարից, որին գրեթե տաս տարի անց բախտ կվիճակվի կարճատև դառնալ Առաջին հանրապետության վերջին վարչապետը: Ի՞նչ իմանաս, արդյոք այդ հանդիպումը չկանխորոշե՞ց Սահակ Թորոսյանի պետական գործիչ դառնալու իրողությունը: Արդեն պատանի հասակից Թորոսյանը համակրում էր դաշնակցությանը, իսկ 1907-ից անդամագրվեց այդ կուսակցությանը: Հետագայում անցնելով մանկավարժական գործունեության՝ նա կարողանում էր այն զուգորդել կուսակցական աշխատանքի հետ: Թորոսյանի կուսակցական գործունեությունը նոր թափ ստացավ, երբ 1912-ին ստեղծվեց կուսակցության ազգային կենտրոնական բյուրոն և նույն թվականի աշնանը կայացավ առաջին համագումարը, այն իր առջև նպատակ դրեց օգտվել Բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված բարենպաստ իրավիճակից և հասնել հայկական հարցի լուծմանը: Թորոսյանն ընդգրկվեց բյուրոյի կազմի մեջ և ակտիվ գաղափարական ու կազմակերպչական աշխատանք էր վարում: Ս. Վրացյանը Թորոսյանի մասին գրել է .«Սահակը Գէորգեան ճեմարանական էր, իմ մտերիմ ընկերներից, այժմ ուսուցիչ էր և նոյնպես զտարյիւն աշխատաւորականի համբաւ էր վայելում…շնորհքով օժտւած երիտասարդ էր: Վերջը եղաւ Երևանի նահանգապետ, ապա Հայաստանի խորհրդարանի անդամ, պետական գործիչ, փայլուն հռետոր: Մեծ կարելիութիւններով օժտված մտաւորական: Վերջը զոհ գնաց բոլշևիկեան բողոքին»(5):
Երբ 1914-ին պայթեց Առաջին աշխարհամարտը, հայ ժողովուրդը հասկացավ, որ կարելի է որոշակի հույսեր ունենալ և ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանն ու այնտեղ ստեղծել հայոց պետականությունը: Ազգային բյուրոն ցարական կառավարության հովանավորությամբ 1914-ի սեպտեմբերից սկսում է կազմավորել հայկական կամավորական ջոկատներ: Սահակ Թորոսյանն ինքն էլ շատ էր կարևորում ֆիդայական ջոկատների կազմավորումը և ակտիվորեն ներքաշվել էր դրանց կազմակերպման ու սատարման գործում: Նա մեծապես զորավիգ է լինում Կարո Սասունուն, Մորուք Կարոյին, Սասունցի Մուշեղին մի շարք այլ անվանի ֆիդայիների, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում Արագածի հարակից շրջաններից դուրս քշել քուրդ-թաթարական քոչվորներին և այնտեղ բնակեցնել Արևմտյան Հայաստանից բռնագաղթածներին: Երևանում քաղաքական իրավիճակը լարված էր, Երևանը լցված էր արևմտահայ փախստականներով, որոնց մեծ մասը ցանկանում էր վերադառնալ հայրենիք, սակայն իշխանությունները խոչընդոտում էին դրան: Իշխանությունների նման վարքագիծը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «այդ տարիներին Կովկասի փոխարքան ծրագրում էր Հայաստանում տեղավորել կազակներին»(6): Ստեղծված իրավիճակը մտահոգում էր հայ մտավորականությանը, իր ժողովրդի ճակատագրով տագնապած էր նաև Ս. Թորոսյանը: Նա Երևանում հանդիպում է Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանին և դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ Մարտիրոս Հարությունյանին և լուրջ քննարկումներից հետո ձեռնամուխ է լինում դաշնակցության Երևանի կոմիտեի կազմակերպման աշխատանքներին: Երևանի կոմիտեն կազմակերպվում է հետևյալ կազմով՝ Սահակ Թորոսյան, Եփրեմ Սարգսյան, Արտաշես Վանցյան, Մարտիրոս Հարությունյան: Թորոսյանին այդ գործում օգնում էր Թիֆլիսից Երևան ժամանած Վահան Փափազյանը, որը փորձում էր ամրապնդել դաշնակցության դիրքերը տեղում: Այդ օրերի մասին հետաքրքիր հուշեր են պահպանվել Վ. Փափազյանի գրքում(7):
1917թ. Ռուսաստանի փետրվարյան հեղափոխությունը և ցարիզմի տապալումը Թորոսյանն ընկալեց որպես հայության համար նոր հեռանկարների ու հնարավորությունների սկիզբ: Նա եռանդով ներքաշվեց կուսակցական գործունեության մեջ, իսկ հեղափոխությունից անմիջապես հետո ընտրվեց Երևանի գործկոմի, ինչպես նաև գյուղացիական պատգամավորների միության անդամ: 1917թ. ապրիլին Թիֆլիսում Ազգային բյուրոյի հրավերով գումարվում է միջկուսակցական խորհրդակցություն, որը որոշում է հրավիրել ազգային համագումար՝ ռուսահայերի կյանքին վերաբերող խնդիրների լուծման համար: Շուտով Թիֆլիսի Արտիստական թատրոնի սրահում բացվում է հայոց ազգային համագումարը, «որին Երևանի նահանգից, ի թիվս շատերի, մասնակցում է Սահակ Թորոսյանը և ընտրվում նախագահության կազմում»(8):
Ամիսներ անց Երևանում Թորոսյանը նախաձեռնեց գյուղացիական համա-գումար, ինքն էլ նախագահեց այդտեղ, որտեղ քննարկվում էր հողի պատկանելության հարցը: Նա շատ էր կարևորում այս համագումարի որոշումները, այդ պատճառով ելույթներն ու որոշումների արձանագրություններն իր մոտ պահում է մինչև 1925թ, հետո ուղարկում արտասահման՝ ակնկալելով, որ այնտեղ երբևէ կհրապարակվեն (Տղայի՝ Արգիստի հուշերից): Շուտով փոփոխություններ եղան իշխանական կառույցներում, և «Երևանի նահանգի կառավարությունն անցավ նահանգային գործադիր կոմիտեի ձեռքը, որի նախագահն սկզբում Սմբատ Խաչատրյանն էր, իսկ կարճ ժամանակ անց նրան այդ պաշտոնում փոխարինեց Սահակ Թորոսյանը»(9):
Երևանի Ազգային խորհուրդը, որը կազմված էր Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի ձևով, այնքան էլ աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ: Այն լիարժեք կյանք է ստանում, երբ Արամ Մանուկյանը 1917թ դեկտեմբերին Թիֆլիսից Երևան է գալիս և ստանձնում խորհրդի ղեկավարի դերը: Առաջին իսկ նիստում Արամը առաջարկում է վերակազմել Ազգային խորհուրդը՝ ընտրելով փոքրակազմ, դինամիկ մարմին, տալով դրան արտակարգ իրավունքներ: Ազգային խորհուրդը միաձայն ընդունում է Արամի առաջարկը և ընտրում Հատուկ կոմիտե՝ տալով դրան երեք ամսով գործելու լիակատար ազատություն և լիազորություններ․ «Ազգային խորհրդի գործադիր մարմինը, որ կոչւում էր Յատուկ կոմիտե, կազմւած էր 3 դաշնակցականներից և մի անկուսակցականից: Դաշնակցականներից մէկը ես էի»(10):
Կոմիտեում Ս. Թորոսյանն ընտրվում է որպես նահանգային կոմիսար: «Հատուկ կոմիտեն մի որոշ ժամանակ դառնում է Երևանի փաստացի իշխանությունը, որից հետո գործում է առանձին մի մարմին, որի անդամները կոչվում էին վարիչներ»(11):
Նախագահն ու զինվորական գործերի վարիչը Արամ Մանուկյանն էր, ներքին գործերի վարիչը՝ Ս. Թորոսյանը, պարենավորմանը՝ Մկրտ. Մուսինյանը, ֆինանսներինը՝ Հովհ. Մելիքյանը, Դրոն, իբրև զինվորական կոմիսար… այս մարմինը մնաց իշխանության գլուխ մինչև Հայաստանի խորհրդի ու կառավարության ժամանումը Թիֆլիսից: 1918թ. փետրվարի 10-ից մինչև մայիս, այսինքն՝ Առաջին հանրապետության ստեղծումը, Սահակ Թորոսյանը զբաղեցնում է նահանգային կոմիսարի պաշտոնը, փաստացի փոխարինելով նախկին նահանգապետին և լիովին ստանձնելով վերջինիս լիազորությունները: Եվ դա է պատճառը, որ հետագայում՝ խորհրդային վարչակարգի օրոք, երբ սկսվեցին նրա դեմ հալածանքներն ու ամենատարբեր «պիտակավորումները», նրան ներկայացնում էին որպես «Երևանի նահանգի նահանգապետ»(12): Երևանի նահանգային կոմիսարի պաշտոնը Թորոսյանի վրա պարտականությունների լուրջ ու անչափ ծանր բեռ դրեց: Այդ պաշտոնում էր Սահակ Թորոսյանը, երբ վրա հասավ հայ ժողովրդի գոյամարտը՝ Սարդարապատը: Ուշագրավ փաստերը վկայում են այդ օրհասական օրերին նրա ցուցաբերած անփոխարինելի ներդրման, կազմակերպչական ունակությունների ու ճկուն մտքի մասին, ինչը մեծ դեր է խաղացել թշնամու դեմ մեր ազգի տարած փառապանծ հաղթանակի ու դրա արդյունքում պետականության ստեղծման գործում: Այսօր, տարիների հեռավորությունից կարող ենք ասել, որ Սարդարապատի հաղթանակի գործում, բացի ճակատում դրսևորած անվեհեր գործողություններից, անչափ կարևոր է եղել թիկունքում տարած կազմակերպչական աշխատանքը, որի ծանրության բեռը մեծապես ընկած է եղել նաև Ս. Թորոսյանի վրա: Նա իր աշխատանքներում մեծ ուշադրություն էր դարձնում ներքին տարաձայնությունների հարթմանը, վառելիքի և պարենի ճգնաժամի մեղմելուն, ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների կանխմանը: Մայիսյան այդ օրերին, համաճարակներին, պարենի խիստ սղությանն ու ընդհանուր բարոյահոգեբանական անկմանը ավելանում էին այլ՝ չնախատեսված խնդիրներ: Այսպես, «Արարատյան դաշտավայրում ապրող թուրքերը, ձգտելով սատարել ճակատում կռվող իրենց ազգակիցներին, թունավորել էին ռազմի դաշտին հարակից բոլոր ջրհորները, և հայ ռազմիկներին խմելու ջրով ապահովելու խնդիր էր ծագել:
Ահա նման իրավիճակում դրսևորվեց Թորոսյանի՝ արագ ու ճկուն կողմնորոշվելու ունակությունը: Նա հրաման է տալիս Երևանից ավանակներին բեռնած խմելու ջուրն ուղիղ հասցնել ճակատ»(13):
Առաջին հանրապետության ստեղծման առիթով Ս. Թորոսյանն իր՝ «Իմ պատասխանը Ս. Մանսուրեանին» հոդվածում գրել է. «Ամէն մի ժողովուրդ պիտի անկախության ձգտի, եթե դրա իրականացման պայմաններն ակներև են…», ավելացրել, որ ինքը որպես նախարար ստորագրել է Հայաստանի անկախության ակտը և ամենևին չի զղջում, որ այդ խոշոր պատմական փաստն իր արժեքն ունի: Նորաստեղծ կառավարության կազմում Ս. Թորոսյանը զբաղեցնում է խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնը և մի շարք այլ հարցերի հետ զբաղվում այդ օրերին երկրի համար ամենակնճռոտ հարցերից մեկը դարձած՝ գաղթականների, նրանց տեղավորման, կենսական պայմաններով ու աշխատանքով ապահովելու հարցերով: Նա ի պաշտոնե շատ էր կարևորում գաղթականության խնդիրը և մեծ տեղ էր հատկացնում դրա լուծմանը: Դեռևս 1919 թ. հոկտեմբերի 11-ին ընդունված օրենքով, «բոլոր գաղթական որբերի խնամատարության և դաստիարակության գործը պետությունը վերցրել էր իր վրա և դրա անմիջական վարումը հանձնել հանրային խնամատարության նախարարին: Թույլատրվում էր նաև բացել որբանոցներ միայն պետության հսկողության տակ»(14):
Պահպանվել է 1919թ. մայիսի 30-ի մի հաղորդագրություն՝ Ս. Թորոսյանի ստորագրությամբ, ուղղված ներքին գործոց նախարարին, որում ասվում է. «Արևմտահայ գաղթականները շարժվում են բոլոր գավառներից: Վերջին օրերին քաղաքն ու նրա շրջակայքն են թափանցում հատկապես Զանգեզուրում եղածները: Խնդրում եմ որոշեք գաղթականների գնալու տեղերն ու վագոններ տրամադրեք նրանց տեղափոխելու համար: Հիշեցնեմ, որ երկաթուղու ծախսերը մենք կվճարենք»: Օրեր անց՝ հունիսի 10-ին, նույն ներքին գործոց նախարարին ուղղված նամակում Թորոսյանը մտահոգություն է հայտնում այլ առիթով. «Ալեքսանդրապոլից ինձ տեղեկացրին, որ 27 վագոնով Թիֆլիսից եկած նախիջևանցի գաղթականներն արդեն չորրորդ օրն է, ինչ կանգնած են Ալեքսանդրապոլի կայարանում: Նրանց վիճակը ծանր է, նրանց մեջ կան հիվանդներ: Այդպիսով, խնդրում եմ շտապ կարգադրություն անեք, որպեսզի հիշյալ գաղթականներն օրն առաջ ճանապարհ ընկնեն դեպի հայրենիք»:
1919թ. հունիսի վերջին կառավարությունում տեղի ունեցան կադրային փոփոխություններ, ինչի արդյունքում Սահակ Թորոսյանը թողեց խնամատարության նախարարի պաշտոնն ու զբաղեցրեց պարենավորման նախարարի պատշոնը: Միևնույն ժամանակ Էջմիածնի և Սուրմալուի գավառների պառլամենտական հանձնաժողովի նախագահն էր և 1919թ դեկտ. 29-ին համար 55 նիստում զեկուցում է որբանոցների, հատկապես Թաքիայի որբանոցի մասին, թե որբերը «9 դեսյատին հող դարձրել են բանջարանոց և սեխաստանի բերքեր…ծախսել են 40000 և 1 մլն ռուբլի արդյունք ստացել…»(15):
Եկավ տագնապալի 1920 թվականը: Հայաստանում սկսեցին աշխուժություն ցուցաբերել հայ բոլշևիկները: Գարնանը նրանք մշակեցին կազմակերպված ապստամբության պլան, որի նպատակն էր Հայաստանի առկա իշխանությունների տապալումը: Բոլշևիկները մայիսմեկյան տոնակատությունները վերածեցին համընդհանուր հակապետական ակցիայի, ինչով սկիզբ դրվեց մայիսյան խռովությանը: Շարժման կենտրոնը Ալեքսանդրապոլն էր, որտեղ մեծաքանակ պրոլետարիատը սատարում էր բոլշևիկներին: Կառավարությունն անցավ կտրուկ գործողությունների՝ ապստամբների դեմ հանելով կանոնավոր զորքեր: Մայիսի 13-ին թեժ մարտեր էին ընթանում Անի կայարանի մատույցներում, որից հետո նորաստեղծ «Ռազմահեղափոխական կոմիտեի ներքին գործոց կոմիսար Ա. Մելքոնյանը ուղիղ հեռախոսաթելով դիմեց Երևանի իշխանություններին: Նրա հետ հեռախոսով բանակցությունները վարում էր Սահակ Թորոսյանը, որն այդ օրերին վարչապետ Համո Օհանջանյանի մայիսի 5-ին արձակած հրամանով զբաղեցնում էր ներքին գործոց նախարարի տեղակալի պաշտոնը»(16): Հենց այս հեռախոսազրույցը, որն ամբողջությամբ հրապարակվել է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքում(17), մեծապես կանխորոշեց մայիսյան ապստամբության տապալումը: Թորոսյանի դրսևորած զուսպ, իրատես, կշռադատված ու նաև անկոտրում պահվածքի, քաղաքական հակառակորդին ներկայացված փաստացի մեղադրանքների արդյունքում նույն օրվա գիշերը թողեցին «Վարդան Զորավար» զրահագնացքը և փախուստի դիմեցին: Մայիսի 14-ին հանրապետական զորքերը մտան Ալեքսանդրապոլ, մայիսյան ավանտյուրան ճնշվեց:
Եղավ մի ժամանակահատված, երբ Թորոսյանը ակտիվորեն մասնակցում էր կառավարության նիստերին ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում՝ այդ նիստերում փոխարինելով նախարարին: Նրա օրոք ընդունվեցին մի շարք օրենքներ, դրանցից էին «Ալեքսանդրապոլի միլիցիայի պահելու համար ներքին գործերի նախարարի անունով 8.925.600 ռ. Վարկ բանալու մասին», «Ներքին գործերի նախարարությունը՝ զինվորական հիմնարկությունների կազմակերպման համար 1.454.850 ռ. վարկ բանալու մասին և այլ օրենքներ»(18): Սահակ Թորոսյանը գրեց «Հայոց պատմություն» դասագիրքը հայ ժողովրդի ծագումից մինչև պետականության շրջանը, որը հրապարակվեց 1920թ, այն եղավ դասագիրք հայ աշակերտների համար:
1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը նոր հույսեր արթնացրեց հայ ազգի սրտում, և թվում էր, թե իրականություն է դառնում վաղուց փափագած Միացյալ Հայաստան ունենալու հեռանկարը: Սակայն, ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանի ստորագրած փաստաթուղթը սերունդների համար մնաց լոկ պատմական հուշ: Այս առիթով Սահակ Թորոսյանը գրում է. «Սեւրի պայմանագիրը էլ աւելի թեւ տվեց մեզ: Սակայն դարձեալ քաղաքական գործոնները լավ չգնահատեցինք: Սեւրը մի ծուղակ էր, որի մեջ ընկանք: Եւ երբ թրքական ասկեարներն արշաւեցին եկան Հայաստան, Անտանտի պետութիւններից եւ ոչ մեկը մատը չխփեց Հայաստանի փրկութեան համար, թեեւ դրանց ձեռքին էր Կոստանդնուպոլիսը: Նրանց ռազմանաւերը կանգնած էին թրքական ջրերում եւ ցամաքային ուժերը Միջագետքում ու Սուրիայում»(19):
Մոտենում էր Հայաստանի խորհրդայնացման պահը, և Առաջին Հանրապետությունն իր վերջին ժամերն էր ապրում: Իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 23-ին Երևանում գումարվեց խորհրդարանի արտակարգ նիստ, որը պետք է քննարկեր երկրում ստեղծված ծանր իրավիճակն ու համապատասխան որոշումներ կայացներ: Նիստում, որպես խորհրդարանի պատգամավոր, ելույթ ունեցավ Սահակ Թորոսյանը և կանգ առնելով մի շարք կարևոր դրույթների վրա՝ առաջարկեց հարգել կառավարության հրաժարականը: Հաջորդ օրը խորհրդարանը նորից արտա-կարգ նիստ հրավիրեց և հրապարակեց կառավարության նոր կազմը: Վարչապետի պաշտոնում առաջադրվեց գյուղատնտեսության, պետական գույքի և աշխատանքի նախկին նախարար Սիմոն Վրացյանը: Այս նիստում նույնպես հանդես եկավ Թորոսյանը, ներկայացնելով նոր կառավարության որոշ դրույթներ: Նոյեմբերի 24-ին արտասանած այս ելույթը Սահակ Թորոսյանի վերջին քաղաքական ելույթն էր խորհրդարանում, քանի որ խորհրդարանն այլևս նիստ չգումարեց, իսկ նոր կառավարությունը հաշված օրերի կյանք ունեցավ…
1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի միջև, որով Հայաստանը հռչակվեց խորհրդային հանրապետություն: Նույն օրը հաղթած Թուրքիան ՀՀ կառավարությանը պարտադրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Երբ բոլշևիկները ներխուժեցին Երևան, Ս. Թորոսյանը խորհրդարանի շենքում մի քանի արդեն նախկին պաշտոնյաների հետ նրանց էր սպասում, որպեսզի պատշաճ ձևով նրանց հանձներ այն չնչինը, որ մնացել էր պետական գանձարանում: Սակայն իշխանության եկած բոլշևիկների հետ առաջին իսկ հանդիպումն ուղեկցվեց Թորոսյանի հանդեպ բռնություններով, և դա դեռ բռնությունների շղթայի միայն սկիզբն էր…
Հայաստանի խորհրդայնացումից հետո Սահակ Թորոսյանը սթափ գնահատելով իրավիճակը՝ հասկացավ, որ անհնար է շարունակել պետական-քաղաքական գործունեությունը և տեղափոխվեց Թիֆլիս միայն մեկ մտադրությամբ՝ զբաղվել մանկավարժությամբ: Որոշ ժամանակ նրան հաջողվեց դասավանդել տեղի Գայանյան օրիորդաց վարժարանում: Սակայն, 1921թ. մարտի 18-ի գիշերը չեկիստները ներխուժեցին նրա բնակարան ու նրան տարան: Այսպես սկսվեց նրա կյանքի նոր փուլը, երբ ձերբակալություններն ու աքսորները հաջորդում էին իրար, իսկ ընտանիքի անդամները՝ կինը՝ Հեղինեն, որ ողջ կյանքի ընթացքում նրա կողքին էր և նրա հետ կիսեց բոլոր տառապանքներն ու փորձությունները, ու երկու որդիները՝ Արգիստն ու Արթուրը, որոնք միշտ վառ պահեցին հոր հիշատակն իրենց սրտերում, նրան տեսնում էին միայն ձերբակալությունից ձերբակալություն, աքսորից՝ աքսոր: ՀՊԹ-ում պահպանվել է աքսորի տարիներին Թորոսյանի կարդացած գրքերի ցանկը՝ 750 կտոր գիրք: Ամենաերկար բաժանումը եղավ 30-ականների առաջին կեսին, երբ Թորոսյանին աքսորեցին սկզբում Տոմսկ, իսկ հետո՝ Սուզդալ: Տնեցիք նրան չտեսան մոտ հինգ տարի: Այդ օրերին տիրող իրավիճակն է պատկերել Դրոյի որդին՝ Գուրգեն Կանայանը. Նա իր հուշերում գրել է. «Խեղճ Սահակ քեռի, մի՞թե դու՝ լինելով այդքան խելամիտ մարդ, չէիր հասկանում, որ Երևանում քեզ ոչ միայն քո ընտանիքն է սպասում, այլ որ դու շուտով նորից կհայտնվես հայկական ՆԿՎԴ-ի դահիճների թաթերում: Դու կարծես թիթեռնիկ լինես, որը գիշերով ճախրում է դեպի խարույկի լույսը….»: 1938թ. օգոստոսի ձերբակալությունը Թորոսյանի կյանքում եղավ վերջինն ու ճակատագրականը….Նրան ասված էր գրել իր կենսագրականը… վերջացնելուց հետո քննիչները ներկայացրել էին ներքին գործերի կոմիսար Մուղդուսուն.- Դուք այլևս ոչինչ չե՞ք գրելու: Այդ դեպքում ես իմ պարտքն եմ համարում հայտարարել ձեզ, որ դատարանը ձեզ դատապարտում է գնդակահարության, որպես ժողովրդի թշնամի,-ասաց Մուղդուսին: Այդ ժամանակ Ս. Թորոսյանը գրիչը նորից ձեռքն առավ ու իր գրածի տակ ավելացրեց.«Հարգարժան ընկեր Խաչիկ Մուղդուսի, ես խորհրդային իշխանության և կոմունիստական կուսակցության հակառակորդն եմ, դուք՝ թշնամին»: Այդ գիշեր նրան տեղափոխեցին, նա գնաց այնպես, ինչպես գնում էր ամեն օր, գիշերը վերադառնալու պայմանով…
Սահակ Թորոսյանը մահացավ 1940թ. Երևանի բանտի հիվանդանոցում՝ ստամոքսի խոցից: Նրա գաղափարական թշնամիները չհասցրեցին իրագործել նրա մահապատիժը, փոխարենը՝ դա արեցին տարիներ շարունակ հալածանքների, նրան ֆիզիկապես ու հոգեբանորեն հյուծելու միջոցով:
Տասնամյակներ շարունակ նրա գործը վերանայվել է, սակայն վճիռը նույնն էր՝ «арестован правильно»: Միայն գորբաչովյան «վերակառուցման» դարաշրջանը շրջադարձային եղավ նրա կենսագրությունում: 1989 թ. հունվարի 16-ի հրամանագրով ԽՍՀՄ գերագույն դատարանն արդարացրեց «1930թ. սեպտեմբերի 23-ին ռեպրեսիայի ենթարկված Սահակ Թորոսյանին»:
ՍԵԴԱ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայաստանի պատմության թանգարան
«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու
* * *
- ՀԱԱ ֆ., 1422, ց. 1, գ. 5, թ 1:
- Թորոսյան Ս., «Թուրքահայոց հարցը», Հայաստանի պատմության թանգարան (ՀՊԹ), նորագույն պատմ ֆոնդ, մմ 17536, բ/մ. 15 թ.4:
- ՀԱԱ, ֆ. 500, ց. 1, գ. 2, թ.2:
- ՀԱԱ, ֆ. 1422, ց. 1, գ. 10։
- Վրացյան Ս., «Կյանքի ուղիներով», դ հատոր, Պեյրութ, 1965 թ. էջ 19:
- Վրացյան Ս., «Հայաստանի Հանրապետություն», Փարիզ, 1928 թ., էջ 12:
- Փափազյան Վ., «Իմ յուշերը», հ. 2, Պեյրութ, 1952 թ., էջ 81:
- Թորոսյան Ս.-ի կենսագրականից, քաղված է Ազգային Անվտանգության արխիվ(ԱԱԱ) թիվ 311 գործից:
- Վրացյան Ս., «Կյանքի ուղիներով դեպքեր. դեմքեր, ապրումներ», դ հ.,Պեյրութ, 1965թ, էջ 180:
- Ս. Թորոսեան, մատենաշար, թիվ 1, Երևան, 1926 թ., էջ 23:
- ՀԱԱ ֆ. 201 ց. 2, գ. 28, թ. 2:
- ՀԱԱ ֆ. 1422, ց 1, գ 22:
- ՀԱԱ, ֆ. 500, ց. 1, գ. 22, թ. 3:
- ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 86, թ. 8-9:
- ՀԱԱ, ֆ. 201, ց. 2, գ. 607, թ. 8:
- ՀԱԱ, ֆ. 201, ց. 2, գ. 28:
- Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1993թ., էջ 421 – 422:
- ՀԱԱ, ֆ.199, ց. 1, գ. 160, թ. 14, թ. 111:
- Ս. Թորոսեան, «Գերասիմ, ինչու հրաժարեցանք», Փարիզ, 1926 թ., էջ 19: