Երկու ցուցահանդես՝ նվիրված Կանանց միջազգային օրվան
Այս տարի լրանում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 90-ամյակը։ Դեռևս տարեսկզբին մշակված ծրագրով՝ մինչև տարեվերջ թանգարանում անցկացվելիք բոլոր միջոցառումները նվիրված կլինեն թանգարանի գործունեության 90-ամյակին։
«Միջոցառումների շարքում կարևոր տեղ է հատկացված մեր զոհված քաջարի զինվորների հիշատակը հավերժացնող միջոցառումներին, որոնցից մի քանիսն արդեն անց են կացվել»,– նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։
Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 8–ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը» խորագրով ցուցահանդեսը։
Խորհրդային իշխանության տարիները Երևանի համար տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան եղան: Մայրաքաղաքը աստիճանաբար դարձավ թեթև, սննդի, իսկ ավելի ուշ՝ նաև հանքային, ծանր և քիմիական արդյունաբերության կենտրոն: Երևանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դերակատարություն են ունեցել կանայք: Ցուցահանդեսում ներկայացված են ցուցանմուշներ, որոնց արտադրության գործում մեծ զբաղվածություն են ունեցել կանայք:
Ներկայացված ցուցանմուշները թանգարանին պարբերաբար նվիրել են հենց արտադրողները։ Ներկայացված են կոշիկի «Մասիս» արտադրական միավորման, կարի «Գարուն» արտադրական միավորման, «Հայգորգ» արտադրական միավորման արտադրատեսակներից, ինչպես նաև Երևանի ժամացույցների, պահածոների, հուշանվերների, հախճապակիների գործարանների արտադրատեսակներից։
Նույն օրը թանգարանում բացվեց նաև «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է անկարս ֆրիվոլիտե ոճով ստեղծագործող հեղինակի հեղինակային հավաքածուն:
Ցուցահանդեսները կգործեն մինչև ապրիլի 7-ը:
Այլ մանրամասներ՝ «Ա1+»–ի տեսանյութում։