Մեկնարկել է թանգարանի գրավոր աղբյուրների և լուսանկարների հավաքածուների թվայնացումը
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում մեկնարկել են թանգարանի գրավոր աղբյուրների և լուսանկարների հավաքածուների թվայնացման աշխատանքները։ Նշենք, որ այս ծավալով թվայնացումը կատարվում է առաջին անգամ։
Գրավոր աղբյուրների հավաքածուն ընդգրկում է Երևանում տպագրված գրքեր, թերթեր, անվանի երևանցիներին պատկանող փաստաթղթեր, ալբոմներ, քաղաքի առանձին մասերի պլաններ, հատակգծեր, քարտեզներ և այլն, որոնք ներկայացնում են պատմական և սկզբնաղբյուրային արժեք:
Այս ֆոնդում են գտնվում նաև Երևան քաղաքի կյանքում կարևոր դեր ունեցած մարդկանց անձնական գործերը: Մարդիկ, ովքեր հասարակական-քաղաքական գործիչներ են, արվեստի, մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:
Լուսանկարների հավաքածուն հինավուրց մայրաքաղաքը պատկերող վավերագրերից է, որոնք պատկանում են երկու ժանրի ` տաղավարային (դիմանկարներ, խմբանկարներ) և վավերագրական (ճարտարապետական կառույցներ, հասարակական շենքեր, փողոցներ, իրադարձություններ):
Լուսանկարների հավաքածուն արտացոլում է Երևանի և Հայաստանի պատմաքաղաքական անցուդարձը, գիտական, մշակութային, մարզական կյանքը, ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը, իրադարձություններ, տոնակատարություններ (սկսած 19-րդ դարավերջից մինչև 21-րդ դարը):
Երևան քաղաքի պատմության թանգարան