Բացվեց հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը
Երևանի պատմության թանգարանում նոյեմբերի 1-ին բացվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Երևան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես:
Ցուցահանդեսի հովանավորներն են՝ Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը (ՀՖՄ), «ՀԱՅՓՈՍՏ» ընկերությունը, Երևանի պատմության թանգարանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «Ինգո Արմենիա» և «Յունիկոմպ» ընկերությունները։
Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հույս հայտնեց, որ հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը մեծ հաջողություն կունենա ինչպես պրոֆեսիոնալ ֆիլատելիստների, այնպես էլ «փոստային արվեստի» հատուկ ժանրի սիրահարների համար և կխթանի համաշխարահային և միջազգային ցուցահանդեսներում հայկական նամականիշերի լայն ճանաչմանը:
Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ցուցահանդեսը Հայաստանի Ֆիլատելիստների միության համար կարևոր նշանակություն ունի ֆիլատելիայի նկատմամբ համընդհանուր ուշադրություն սևեռելու համար։ «Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ, և նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը կենսական նշանակություն ունի ազգային ֆիլատելիան ճանաչելի դարձնելու և նոր բարձունքների հասցնելու համար։ Համոզված եմ, որ ցուցահանդեսի օրերը կանցնեն բովանդակալից և արդյունավետ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի հովանավորներին ազգային ֆիլատելիայի նկատմամբ ուշադրության համար»,- ընդգծեց նա:
Ցուցահանդեսին մրցույթից դուրս իրենց հավաքածուներն են ներկայացրել նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը: