Նոր ցուցադրություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Երևան քաղաքի պատմության թանգարանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումների շարքում հանդես կգա «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսով: Ապրիլի 16-ից թանգարանի ցուցասրահում բացվող ցուցադրությունը բաղկացած է 3 բաժնից:
Առաջին բաժնում, որն ընդգրկում է մինչև 1915 թվականը, ներկայացվելու են Արևմտյան Հայաստանում ապրող մեր հայրենակիցների խաղաղ կյանքը, նրանց ամենօրյա զբաղմունքները: Այնուհետև անցում է կատարվում գաղթականության և Երևանի որբանոցների թեմային:
Քանի որ թանգարանը ներկայացնում է Երևանի պատմությունը, ուստի ցուցադրությունում ընդգծված տեղ է հատկացվել նաև գաղթականությանը, հայ որբերին ընդունելու և տեղավորելու գործում Երևանի և Երևանում գործող կազմակերպությունների դերակատարությանը:
«Վերածնունդ» բաժինը հայ ժողովրդի վերապրելու, պետականություն ունենալու և աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանի շուրջ համախմբվելու խորհուրդն ունի:
Ցուցադրությունում ընդգրկված է այդ ժամանակաշրջանի իրադարձություններն արտացոլող հարուստ փաստավավերագրական նյութ, ինչպես նաև արևմտահայության ամենօրյա կենցաղին ու գործունեությանն առնչվող հազվագյուտ ցուցանմուշներ, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ:
Ցուցահանդեսը թանգարանի այցելուներին համար բաց կլինի ուղիղ 1 տարի:
Թանգարանի գործունեության վերաբերյալ այլ մանրամասներ տե՛ս «Երկիրմեդիա» հեռուստաընկերության «Հայուհի» հաղորդաշարին Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի տված հարցազրույցում…