Ասողիկ քահանա Կարապետյան.«Հանուն Մայր Աթոռի թանգարանների՝ գոհունակությամբ ու մեծավ հաճությամբ Ձեզ ենք բերում մեր ջերմագին շնորհավորանքը և մեր ամենաջերմ զգացմունքները»

Հանուր հայության քաղաքամայր Երևանի հազարամյակների պատմությունն իր մեջ պարտակած Ձեր նվիրական հաստատության 80-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գանձատունը ևս բերկրակից է Ձեզ։

Սրտագինս ողջունում ենք Ձեզ ամենքիդ՝ թանգարանի բոլորանվեր զինվորներիդ, և հանուն Մայր Աթոռի թանգարանների՝ գոհունակությամբ ու մեծավ հաճությամբ Ձեզ ենք բերում մեր ջերմագին շնորհավորանքը և մեր ամենաջերմ զգացմունքները։Հանդիսավոր այս պահին ոչ միայն շնորհավորում ենք, այլև բարեկամաբար գալիս ենք՝ խորապես գնահատելու թանգարանի տնօրենությանը և բոլոր աշխատակակիցներին՝ իրենց անհոգնաբեկ ջանքերի և արդյունարար տառապանքների համար։

Սբ. Ավետարանը վկայում է. «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծո արքայությունը» (Գործք ԺԴ 21): Իսկ Աստծո արքայությանը վերացական, անիրական, անտեսանելի մի բան չէ. Աստծո արքայությունը Սբ. Եկեղեցին է, հոգևոր կյանքն է, ոգեղեն աշխարհը, որտեղ մշտապես ներգործում են Աստծո շնորհը և ազգի՝ որպես հավաքական անհատականության ոգեկանությունը։ Հիրավի, ոգեղեն աշխարհի մի ոլորտ է թանգարանը, որը կոչված է ինքնաճանաչողության առաջնորդելու և ազգային ոգեկանության լույսով պայծառակերպելու և այլակերպելու սերունդներին։ Իսկ ինչպե՞ս Աստծո արքայությունը բացվեց մարդու առաջ, եթե ոչ ամբողջական նվիրումի, ջանքերի, փրկարար նեղությունների ու տառապանքների, վերջապես ինքնազոհողության ճանապարհով։ Ուստի ամեն ոք, ով ցանկանում է մուտք գործել Աստծո արքայություն, նույն ճանապարհի ճամփորդ է դառնում։

Նույնն է նաև Աստծո արքայության ինքնատիպ մի մոդելի՝ թանգարանի պարագայում։ Աշխատակիցները բացառիկ նվիրվածությամբ, եռանդով, նեղություններով, անձնուրաց կերպով լուսավառ են պահում իրենց սրբազան հարկը, որպեսզի մանուկ ու պատանի, երիտասարդ ու ծեր այցի գան և մի անգամ ևս ուխտ անեն՝ հավատարիմ մնալու իրենց հայրենի ժառանգությանը, հայրերի տեսիլքներին ու պատգամներին, հետևաբար իրենց իսկ էությանը։ Եվ սակայն թանգարաններ «բազում նեղություններ կրելով է», որ մուտք են գործում, քանզի արդի մեր կյանքում ի հայտ են եկել բազում հրապույրներ, որոնք խոչընդոտում են մարդուս քայլերը Երկնի արքայություն, ըստ այդմ էլ՝դեպի իր ինքնությունը, արմատները…

Վարձքներդ ի կատար, սիրելի՛ հոբելյարներ։ Դուք Ձեր սիրալիր վերաբերմունքով և աննինջ ու բեղուն գործունեությամբ «բազում նեղություններ» դարձնում եք քաղցր և իմաստալից, որով և դեպի Ձեզ բերող ճամփան միշտ բանուկ եք պահում։

Հոբելյանական այս հանգրվանի առիթով հարկ ենք համարում մեր հոգու կոչն ուղղել քաղաքամայր Երևանի իշխանություններին՝ մեծահարգ քաղաքապետին և քաղաքապետարանի բոլոր ծառայակիցներին, որպեսզի մշտապես շարունակեն իրենց խնամքն ու հոգածությունը հովանի դարձնել, արժանավայելուչ կերպով պահել ու պահպանել 80-ամյա թանգարանը՝ մեր սիրասուն մայրաքաղաքի պատմության հանրագիտարանը։

Վերստին սրտաբուխ ողջույն, շնորհավորանք, գնահատանք և բյուր օրհնություն Ձեզ Սբ. էջմիածնի Գանձատան բազում սրբություններից։

Թող ամենակարող Աստված հաստատուն պահի այս նվիրական հարկը և Ձեզ ամենքիդ պարգևի կենաց արևշատ երկար տարիներ, մշտանորոգ ուժ և կարողություն, գործոց հարանոր հաջողություններ և անձնական ու ընտանեկան երջանկություն։

«Այսուհետև, եղբա՛րք իմ սիրելիք, հաստատուն եղերուք, անշարժ կացէք… .գիտասջիք զի վաստակքն ձեր ոչ են ընդունայն առաջի Տեառն» (Ա. Կորնթ. ԺԵ 58). Ամեն:

Սիրով և օրհնությամբ
 Ասողիկ քահանա Կարապետյան
 Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն
 30 հունիսի, 2011 թ.

Ընթերցել արխիվային տարբերակը
Տարածել