Վ. Մամյան. «Ցանկացած մայրաքաղաք կերազեր ունենալ այսպիսի թանգարան»

«Կարեն Դեմիրճյանի թանգարանի» բոլոր աշխատակիցները ջերմորեն շնորհավորում են մայրաքաղաքի թանգարանի փառապանծ կոլեկտիվին իր 80-ամյակի առթիվ։
80 երկար ու ձիգ տարիներ, որոնք մի ակնթարթ են քաղաքամայր Երևանի երեքհազարամյա պատմության ընթացքում։Հենց այդ մի ակնթարթում է, որ թանգարանի աշխատակազմը, մեր ազգի երևելիների ջանքերով այն հիմնադրելու օրերից սկսած,մեկիկ-մեկիկ հավաքել և մեր ժողովրդին բնորոշ ակնածանքով, սերնդեսերունդ փոխանցելով մեզ է հասցրել քաղաքի պատմության մասունքները։

Այսօր էլ ձեր սերնդափոխված աշխատակազմը տնօրեն Արմինե Սարգսյանի հմուտ ու գրագետ ղեկավարությամբ շարունակում է մեծ պատասխանատվությամբ պահպանել, հավաքել մեր մայրաքաղաքի պատմության իրեղեն վկայություններն ու երիտասարդական ավյունով այդ պատմությունը մատուցել մեզ և օտարերկրյա հյուրերին։
Ցանկացած մայրաքաղաք կերազեր ունենալ այսպիսի թանգարան, ցանկացած թանգարան` այսպիսի նվիրված ու փորձառու աշխատակազմ։
Մաղթում ենք Ձեզ, սիրելի՛ գործընկերներ, մեծ հաջողություններ Ձեր
հայրենանվեր գործում:

Վահագն Մամյան
Թանգարանի տնօրեն

Տարածել