Թանգարանի հյուրն էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը

Հուլիսի 14-ին Երևան քաղաքի պատմության թանգարանի այցելուն ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն էր:

Հայտնի գիտնականը շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին և գրառում թողեց մեր թանգարանի հուշամատյանում:

Նշենք, որ Յուրի Հովհաննիսյանը 1956 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկայի ինստիտուտը։ 1976-1989 թթ. եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի փոխտնօրեն, 1989-1997 թթ.՝ տնօրեն, 1997 թվականից՝ գիտական ղեկավար, միաժամանակ, 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։

1969-1970 թթ.՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Մեսինայի (Իտալիա) համալսարանների պատվավոր դոկտոր։ 2017թ. թողարկվել է Յուրի Հովհաննիսյանին նվիրված նամականիշ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

Աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։

Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։

Նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։

Ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար։

Երևան քաղաքի պատմության թանգարան