«Մշակ» լրագիրը Երևանի մասին

«Ո՞վ չի ճանաչում Մշակը, ո՞ր հայը գոնե շաբաթը մի անգամ ձեռք չի առնում նորան, ցանկանալով իմանալ, թե ի՞նչ է գործվում յուր թեև հեռավոր, բայց հարազատ հայրենիքում»:

Ռաֆայել Պատկանյան

Պարբերական մամուլը (թերթեր և ամսագրեր) ձևավորվել է Եվրոպայում 17-րդ դարի առաջին կեսին: Ժամանակի ընթացքում դառնալով ինֆորմացիայի, պրոպագանդայի հիմնական միջոցներից մեկը՝ պարբերական մամուլը հանդես է գալիս որպես «մի կողմից քաղաքական պայքարի, մյուս կողմից գիտելիքի տարածման հզոր զենք»(1) :

Հայ պարբերական մամուլն ունի ավելի քան երկդարյա պատմություն: Մի քանի հազարի հասնող թերթեր, ամսագրեր և պարբերական այլ հրատարակություններ, լույս տեսնելով մայր հայրենիքում և նրա սահմաններից դուրս, տարբեր երկրներում, օտար և մայրենի լեզուներով, ծառայել են հայ ժողովրդի պատմության, նրա անցյալի ու ներկայի, նրա խնդիրների լուսաբանման և լուծման նպատակին: Ճակատագրի բերումով դրանց մեծ մասը լույս է տեսել հայրենիքից դուրս՝ հայկական գաղթօջախներում, որոնց առաջնեկը հեռավոր Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796 թթ. լույս տեսնող «Ազդարար»-ն էր: 1858-1864 թթ. Վանում հրատարակվում էր «Արծվի Վասպուրականի» պարբերականը: Արևելյան Հայաստանի առաջին պարբերականը «Արարատ» ամսագիրն էր, որը լույս էր տեսնում Էջմիածնում 1868թ.: Երևանում պարբերական մամուլի սկիզբը համարվում է 19-րդ դարի 80-ական թվականները: Առաջնեկը «Պսակ» շաբաթաթերթն էր, որի անդրանիկ համարը լույս է տեսնում 1880 թ. մարտի 15-ին: 1884 թ. թերթն իր քննադատական բնույթի պատճառով փակվեց ցարական կառավարության կողմից, իսկ խմբագիր Վասակ Պապաջանյանն աքսորվեց: Վերջինս պարբերական մամուլը համարում էր «ժամանակի օրագրություն, որը ընթերցողին հաղորդակից է դարձնում ժողովրդի առօրյա կարիքներին, պահանջներին»(2):

Անդրկովկասի տարբեր քաղաքներում հայկական պարբերականներ լույս են տեսել դեռևս 19-րդ դարի 40-ական թվականներից: Դրանցից էին «Կովկաս», «Մեղու Հայաստանի», «Կռունկ», «Հայկական աշխարհ» թերթերը: 1872 թ. Թիֆլիսում լույս է տեսնում «Մշակ» գրական և քաղաքական լրագիրը, որը Հայաստանի տարբեր շրջանների հետ միասին անդրադառնում էր նաև Երևանի նահանգի և քաղաքի իրադարձություններին: Նրա էջերում՝ Ներքին տեսություն բաժնում, «Նամակներ Երևանից» խորագրի տակ տպագրվել են ամենաբազմազան տեղեկություններ՝ հաղորդելով լրագրին Երևանի պատմության ուսումնասիրության սկզբնաղբյուրի արժեք: Այդ առանձնահատկության շնորհիվ է, որ «Մշակ»-ը հայտնվել է մեր հետաքրքրության կենտրոնում: Օգտագործելով լրագրի էջերում տպագրված հարուստ նյութը՝ կփորձենք բազմակողմանիորեն լուսաբանել Երևանի բնակիչների նիստուկացը, նրանց հուզող խնդիրները՝ համեմատականներ անցկացնելով այսօրվա երևանցիների խնդիրների հետ:

«Մշակ»-ի խմբագիրը Գրիգոր Արծրունին էր՝ ժամանակի ամենահայտնի մտավորականներից մեկը, ով հսկայական ավանդ ուներ Անդրկովկասի լրագրողական մտքի զարգացման գործում: Չնայած մեր նպատակը «Մշակ»-ի գործունեությունը լուսաբանելը չէր, այլ Երևանին վերաբերող տեղեկությունները վերհանելը, սակայն լրագրին և նրա խմբագրին չանդրադառնալ չէինք կարող: Գրիգոր Արծրունին սերում էր Վանի հայտնի Երան Արծրունիների ազնվական տոհմից, որը համարվում էր Վասպուրականի Արծրունի իշխանների շառավիղը: Գրիգորի պապը՝ Գևորգը, 1813 թ. տեղափոխվում է Թիֆլիս և ընդունում ռուսական հպատակություն: Այստեղ նա զբաղվում է առևտրական, ինչպես նաև հասարակական գործունեությամբ: Գևորգի միակ որդին՝ Երեմիան, զինվորական էր, մասնակցել էր 1826-1828 թթ. ռուս-պարսկական և 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմներին: Նրա երկու որդիները՝ Գրիգորը և Անդրեասը, ստանում են փայլուն կրթություն. Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո նրանք սովորում են Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում, որից հետո ուսումը շարունակում են Գերմանիայում: Գրիգոր Արծրունին ավարտում է Հայդելբերգի համալսարանը՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի կոչում: Պետերբուրգում, այնուհետև Եվրոպայի տարբեր քաղաքներում ապրելու տարիներին Արծրունին շփվում է ժամանակի առաջադեմ հայ երիտասարդության հետ, ծանոթանում նրանց ազգային գաղափարներին և, որ ամենակարևորն է, բացահայտում է իր համար մայրենի լեզվի կարևորությունը: Մանկուց նա խոսել էր միայն ռուսերեն:

Ընտանիքում, որտեղ մեծացել էր, ոչ մի կարևորություն չէր տրվել հայերենին: Արտասահմանում Արծրունին իր ողջ էությամբ ձգտում է հաղորդակից լինել մայրենի լեզվին, որը գնալով կենսական արժեք է դառնում նրա համար: Հայերեն սովորելու նպատակով նա դասեր է առնում նախ Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ, ծանոթանում Ղևոնդ Ալիշանի հետ. «Դպրոցն ինձ հետաքրքրում էր: Նրա ամբողջ կազմակերպության և ուղղության վրա տիրում էր հայր-տեսուչի՝ Ալիշանի ոգին: Դպրոցն ուսումնասիրած լինելով կարելի էր կարծել նրա ղեկավարի ուղղության, բնավորության ու լայն համամարդկային գաղափարների մասին… Ռաֆայելյան դպրոցը նրա ձեռքի տակ այնպիսի բարձրության էր հասել, որ համարվում էր ամբողջ Վենետիկի ամենալավ միջնակարգ դպրոցը»(3): Արծրունին այլևս երբեք չբաժանվեց հայերենից. նրանով էր ստեղծագործում, խոսում, մտածում. «Եթե իմ լեզուն հետևանք է իմ բարոյական առանձնահատկությունների, որոնք իրենց կողմից կախված են իմ մարմնի, տիպի կազմվածքի հատկություններից, ուրեմն ինձ համար մայրենի լեզուն ոչ թե միայն այն պատճառով թանկ պիտի լինի, որ ես իմ ազգը սիրում եմ, այլ գլխավորապես այն պատճառով, որ նա բոլոր ուրիշ լեզուներից ամենից հարմար է իմ ուղեղի մտավոր աշխատանքին, որ նա իմ ուղեղից անբաժանելի է, որ նա իմ մտավոր զարգացման համար անհրաժեշտ է» (4):

Պատմում են, որ Արծրունին դեռ մանկուց առանձին սեր ու հետաքրքրություն է ունեցել դեպի լրագիրը: 1865թ.-ին, երբ դեռ արտասահմանում էր, սկսում է աշխատակցել նախ «Մեղու Հայաստանի», ապա «Հայկական աշխարհ» պարբերականներին: Թիֆլիս վերադառնալուց հետո (1870 թ.)՝ որոշ ժամանակ անց, 1872 թ. Արծրունին սկսում է հրատարակել իր լրագիրը՝ «Մշակ»-ը, որում արտացոլված են նրա հայացքները: Դրանք բնութագրում են Արծրունուն որպես հայկական լիբերալիզմի գաղափարախոսի, ով՝ մերժելով հեղափոխության գործոնը, հասարակության վերափոխման ճանապարհին պաշտպանում էր լուսավորության դերն ու նշանակությունը:

Պատմաբան Լեոն մշակ բառը բացատրում է այսպես. «Ի՞նչ ենք հասկանում մշակ ասելով. առհասարակ այդպես անվանում են արհեստավորներին, բայց այդ անվան ճիշտ նշանակությունը վերաբերում է այն ամեն անձերին, որոնք աշխատում են հասարակության օգուտի համար»(5):

«Մշակ»-ը հրատարակվել է մինչև 1921 թ.: Նրա խմբագրությունում աշխատել են մեր մշակույթի շատ հայտնի դեմքեր՝ Գ. Սունդուկյան, Րաֆֆի, Պ. Պռոշյան, դերասաններ՝ Մ. Ամերիկյան, Գ. Չմշկյան: Ուսումնասիրողները լրագրի անցած ճանապարհը բաժանում են երեք փուլերի. 1. 1872-1883 թթ., 2. 1884-1892 թթ., 3. 1893-1921 թթ.: Երրորդ փուլը լրագիրն անցնում է առանց իր խմբագրի: 1892 թ. դեկտեմբերի 19-ին Արծրունին կնքում է իր մահկանացուն՝ լրագրի հրապարակման գործը թողնելով կնոջը՝ Մարիամ Մելիք-Աղամալյան Արծրունուն, և եղբորը՝ Անդրեասին(6):

Մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել «Մշակ»-ում տասնյակ տարիներ շարունակ Երևանի մասին տպագրված նյութն ամբողջությամբ, այդ պատճառով ընտրել ենք լրագրի գործունեության առաջին փուլը միայն: Պատահական չէ նաև առաջին փուլի ընտրությունը. չմոռանանք, որ մինչև 19-րդ դարի 80-ական թթ. Երևանում լրագիր չէր հրատարակվում, և այդ շրջանը մեզ է ներկայանում «Մշակ»-ի նման լրագրերի շնորհիվ:

Երևանի մասին «Մշակ»-ում հրատարակված նյութը կարելի է դասակարգել մի քանի խմբերի: Մեծ խումբ են կազմում երևանցիների սովորույթների, բնավորության, զբաղմունքի, ինչպես նաև քաղաքի խնդիրների մասին նամակները: Իրենց նշանակությամբ առանձնանում են նաև դպրոցների և քաղաքում բացված նոր թատրոնի մասին տեղեկությունները: Մենք ընտրել ենք առաջին խումբը: Երևանից ուղարկված նամակների թղթակցությամբ, սկզբնական շրջանում՝ մինչև թեմական տեսուչի օգնական նշանակվելը, զբաղվել է Պերճ Պռոշյանը, ով հանդես է եկել Պահլավունի կեղծանունով: Հիմնական թղթակիցներից էին Ալեքսանդր Երիցյանը, Սլկունին, Հովհաննես-Հեթումը, Նորայրը, Հին բարեկամը և ուրիշներ: «Մշակ»-ին նամակներ են ուղարկել նաև անհատ երևանցիներ:

Լրագրի առաջին համարում (1872 թ. հունվարի 1) արդեն հանդիպում ենք Երևանի մասին տեղեկությունների: Նամակը, որի հեղինակը Պահլավունին է, սկսվում է հետևյալ յուրօրինակ նախաբանով. «…Ամեն նամակումդ Երևանու կյանքից տեղեկություն ես պահանջում, այդ այնպիսի բազմակողմանի խնդիր է, որ մի նամակով անկարելի է, մտումս դրել եմ մի քանի նամակներով գոհացնել քեզ, առ ուրեմն առաջին նամակը»(7):

Այնուհետև հոդվածագիրը կատարում է երևանցիների բնավորության իր վերլուծությունը՝ եզրակացնելով, որ եթե երկարատև հարստահարությունը կարող է ֆիզիկապես ազդեցություն ունենալ մարդկային սերնդի վրա, ուրեմն Երևանում դա կատարվել է: Երկար ժամանակ գտնվելով պարսիկների լծի տակ՝ երևանցիները դարձել են ստրկամիտ, մոռացել ազատ մտածելու կարողությունը, միշտ ուրիշից են սպասել ներքին ու արտաքին կենաց երևույթների ապահովությունը: Անցել է արդեն ավելի քան 40 տարի, բայց վիճակը դեռ նույնն է. այն երևանցիներին կանգնեցրել է մի մեծ անշարժության մեջ, որից փրկվելու ճանապարհը Պահլավունին տեսնում է կրթվելու, հին, քարացած սովորույթները հաղթահարելու մեջ: Հեղինակը սակայն հույս է հայտնում, որ երիտասարդները ավելի շուտ կարող են հաղթահարել այդ արգելքները և շարժվել առաջ:

«Մշակ»-ի առաջին համարներում կարդում ենք նաև երևանցիներին բնութագրող այլ հետաքրքիր պատմություններ: Թիվ 6-ում կարդում ենք, որ մի հայ մարդու դատարանում տված սուտ վկայության հետևանքով անմեղ մարդ էր պատժվել: Գործած մեղքի պատճառով նա կորցնում է հանգստությունը, առողջությունը և, ի վերջո, ցնորվում է: Մի օր էլ եկեղեցու բակում հավաքված բազմությունը տեսնում է նրան գլուխը խաչքարին խփելիս, որի հետևանքով գագաթը պատռվում է, և ուղեղը դուրս է թափվում: Լրագրում հանդիպում ենք նաև երևանցիների մասին զվարճալի պատմությունների: Թիվ 14-ի նամակը Քոչո անունով մտավոր պակասություն ունեցող մի մարդու մասին է, որը, երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցում փակված մնալով, վառում է խորանի մոմերը և հնչեցնում զանգերը: Վախեցած ժողովուրդը լցվում է եկեղեցի և հազիվ է կարողանում դուրս հանել այնտեղից Քոչոյին:

Երևանը բազմաթիվ խնդիրներ է ունեցել, որոնք հրատապ լուծում էին պահանջում: Լրագրից տեղեկանում ենք, որ 1873թ. օգոստոսին քաղաքի շրջակայքում տեղացած սաստիկ կարկուտը հալվելով վեր է ածվել հեղեղի և հյուսիս-արևելյան կողմից խուժելով քաղաք՝ լցվել է Գետառը, որն էլ, իր հերթին դուրս գալով ափերից, ոչնչացրել է տներ, այգիներ: Խեղդվել է 20 մարդ: Հեղեղից չեն տուժել միայն Կոնդը և Նորքը: Երևանում հեղեղների հետևանքով Գետառը հաճախակի է վարարել՝ մեծ վնասներ պատճառելով քաղաքին: Այդպիսի տեղեկության ենք հանդիպում նաև լրագրի 1875 թ. մայիսյան համարներից մեկում: Հեղեղից մի շարք տներ ընկղմվել են ջրի մեջ, իսկ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու գավթում կես արշինաչափ տիղմ և ջուր է լցվել, որը եկեղեցու սպասավորները մի քանի օր շարունակ դատարկել են: Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին մի շարք շինությունների հետ վնասվել է նաև 1876 թ. հունիսի հեղեղից: Քաղաքից անպակաս էր նաև երաշտը: Մի նամակից տեղեկանում ենք, որ 1874 թ. գարունը Երևանում խիստ չորային էր: Մարտի անձրևներից հետո՝ ապրիլից մինչև մայիսի կեսերը, ընդհանրապես անձրև չի եկել: Տեղական բարեպաշտ մարդիկ, սա համարելով երկնքի բարկության նշան, երեք օր եկեղեցում աղոթելուց հետո մի քանի հոգու ուղարկում են Արարատ լեռը՝ Ս. Հակոբի աղբյուրի ջուրը բերելու: Ավանդության համաձայն՝ Հակոբ Ճգնավորը խնդրել էր Աստծուն լեռան վրա աղբյուր բխեցնել և ջրին զորություն տալ՝ անձրև բերելով այնտեղ, որտեղ կտանեն: Բայց ջուր բերող մարդիկ պետք է լինեին ազնիվ ու անմեղ և ճանապարհին դույլը ոչ մի դեպքում գետնին չպետք է դնեին: Այդ պատճառով ջրի գնացողները հանգստանալու նպատակով ջրամանները կախում էին ծառից: Երևանի բնակիչները՝ մեծ ու փոքր, դուրս էին եկել՝ ջուր բերողներին դիմավորելու: Թեմակալ Մկրտիչ եպիսկոպոսի գլխավորությամբ Ս. Պատարագ մատուցելուց հետո ջուրը հանդն է տարվում և ցողվում կանաչի ու մարդկանց վրա: Որոշ ժամանակ անց սկսվում են հորդառատ անձրևներ:

Նամակներից մեկում, խոսելով 1878 թ. ձմռան մասին, հեղինակը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Երևանում սիրված տոներից մեկի՝ Ջրօրհնեքի մասին: Խիստ ձմեռը բնավ չի խանգարել, որ այն կազմակերպվի մեծ շուքով: Տոնակատարությանը մասնակցել են նաև Երևանի շրջակա գյուղերի բնակիչները:

Կենտրոնատեղին Ս. Սարգիս եկեղեցին էր, որտեղ մատուցվում է Ս. Պատարագ: Այստեղից բազմությունը շարժվում է դեպի Հրազդան գետը, որտեղ էլ կատարվում է ջրի օրհնության արարողությունը: Լրագրի նույն թվականի ապրիլյան համարներից մեկում կարդում ենք, որ Երևանում աշխույժ իրարանցում է սկսվել՝ կապված Զատկի հետ, որը երևանցիների ամենասպասված և սիրված տոնն էր: Խանութները լիքն էին Զատկին պատրաստվող գնորդներով(8): Ընդհանրապես Երևանից ուղարկված նամակները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում նաև տոն օրերին խանութներում տիրող իրավիճակի մասին: Թերթի 1872-73 թթ. համարներում հանդիպում են կարևոր տեղեկություններ այնտեղ կատարվող առևտրի մասին:

1872 թ. թիվ 10-ում Պահլավունին գրում է, որ պարսիկներից առևտուրն աստիճանաբար անցնում է հայերի ձեռքը և կատարվում է Ռուսաստանի հետ, վերջինիս միջոցով էլ՝ Եվրոպայի հետ: Այնուհետև նա ներկայացնում է տեղում արտադրվող բերքն ու արտադրանքը. ամենապատվական սպիտակահատ և կարմրահատ ցորեն, գարի, կորեկ, բամբակ, բրինձ, յուղ, պանիր, ձեթ, մի քանի տեսակ մեղր, շերամ, աղ, խաղողի բազմաթիվ տեսականի, ձմերուկ, ձկնեղեն և մթերքների այլ տեսականի գյուղերից լցվում է քաղաք և վաճառվում: Երևանի գավառի բերքի առատության վրա ուշադրություն են դարձրել եվրոպացիները և Թիֆլիսի վրայով ակտիվ առևտուր են սկսել:

Պահլավունին սեփական հողի բերքը ճաշակելը մեծ երջանկություն է համարում: Նրա կարծիքով, թեև Երևանի գավառն ունի երեք ազգության բնակչություն՝ հայ, պարսիկ և քուրդ, բայց բարիքը ստեղծում են հիմնականում հայերը: Եվ չնայած դրան՝ երկիրը մնում է աղքատ: Շատ բաներ մնում են դեռևս հինը: Վաճառողները, պարսկական ժամանակների պես իրենց խանութների առջև ծալապատիկ նստած, ավելի շատ զրուցում ու վիճում են դրկից խանութպանների հետ, քան առևտուր են անում: Հնի պես են շարունակում աշխատել նաև արհեստավորները:

Չնայած բարիքը ստեղծում էին հայերը, նախկինի պես պարսիկների ձեռքին էին մնում այնպիսի կարևոր մթերքների վաճառքը, ինչպիսիք էին հացը, միսը և մրգեղենը: Իր նամակներից մեկում Պահլավունին գրում է, որ պարսիկներն այս մթերքների գներն ավելի էին բարձրացնում քրիստոնյաների հոգևոր տոների օրերին: Սա իհարկե դիտավորություն էր, որին հակազդող քայլեր դեռևս չէին արվում: Պարսիկները ոչ միայն գին էին բարձրացնում, այլև անորակ մթերք էին վաճառում, կամ պարզապես փակում էին իրենց խանութները և այդ օրերին չէին աշխատում: Պահլավունին գտնում է, որ այս ամենի մեղավորը երևանցիներն են, և մեղադրում է նրանց անտարբերության, ծուլության և տգիտության մեջ(9):

Առևտրի նշված մենաշնորհը դեռ երկար ժամանակ շարունակվում է: Այդ մասին նամակներ ենք կարդում նաև լրագրի 1877 – 1880 թթ համարներում: 1878 թ. թիվ 128-ի Հին բարեկամի նամակից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Ղորղանյանի առաջարկով մի քանի հարուստ հայ վաճառականներ միանալով ստեղծում են հայկական ընկերություն, որի նպատակն էր բացել հացի, մսի և մրգեղենի խանութներ: Հավաքվում է շուրջ 40 000 ռուբլի գումար:

Մոտակա տոնի՝ Վարդավառի օրը հայ բնակչության համար բացվում են մսի չորս խանութներ: Ի դեպ, նույն նամակից տեղեկանում ենք նաև քաղաքագլխի մեկ այլ կարևոր քայլի՝ այսպես կոչված «ոտավոր» առևտրի արգելման մասին: Երևանի բնակիչներից ոմանք գնում էին մեծ շուկայի ողջ ապրանքը և տասնապատիկ թանկ վերավաճառում խանութների տերերին, որոնք էլ իրենց գներն էին դնում՝ արհեստականորեն ուռճացնելով ապրանքների իրական արժեքը: «Ոտավոր» առևտրի արգելքով ապրանքների գները կտրուկ իջնում են: Նամակագիրը վկայում է, որ նման էժանություն դեռ չէր եղել, որի համար ժողովուրդը շնորհակալ պետք է լիներ քաղաքագլխին: Սակայն միշտ չէ, որ երևանցիները գոհ են եղել իրենց քաղաքագլխից: «Մշակ»-ի նամակագիրները հաճախ են բողոքում նրա անգործությունից և թողտվությունից: Երևանի 1879 թ. սովի, հացի պաշարների անբավարարության մասին անդրադարձ է կատարել անգամ լրագրի խմբագիր Գր. Արծրունին:

Նրա կարծիքով սովը հետևանք էր չորային եղանակի, և իշխանություններն ու ժողովուրդը մեղավոր են նրանում, որ ջրային մեծ պաշարներ ունեցող գավառում և նահանգում ջրանցքներ գրեթե չկան: Նա իշխանությանը մեղադրում է նաև ցորենատերերի հանդեպ մեղմ վերաբերմունքի հարցում: Ուշադրության արժանի է նրա հոդվածի վերջաբանը. «Եթե էքսպրոպրիացիայի օրենքը կարող է գործ դրվել տները քանդելու և փողոցներ անցկացնելու նպատակով, չենք հասկանում ինչի նույնանման օրենքը չպետք է գործի դրվի ցորենատերերի վերաբերմամբ, երբ ժողովուրդը քաղցած է»(10):

Մեր կարծիքով մեջբերումը հետաքրքիր է նաև նրանով, որ անդրադարձ է կատարվում Երևանի հին տների քանդման գործընթացին: Սլկունու նամակում (թիվ 139) կարդում ենք, որ 1878 թ. դրությամբ Երևանի հացի, մսի, մրգի խանութների տերերը դարձյալ մահմեդականներն էին, ովքեր, օգտագործելով բոլոր հնարավորությունները, բարձրացնում էին այդ ապրանքների գները: Ըստ նամակագրի՝ չորս տարվա ընթացքում (1875-1879 թթ.) չորս անգամ բարձրացել է դրանց գինը: Այս վիճակի համար նա մեղադրում է նախ ժողովրդին՝ իր անգործության համար, ապա նրա իշխանավորներին, որոնց նպատակը իրենց գրպանը լցնելն է միայն: Նամակագիրները քննադատում էին ոչ միայն քաղաքագլխի, այլև քաղաքային վարչության և քաղաքային դումայի աշխատանքները: 1877 թ. քաղաքին տրվել էր ինքնավարություն: Քաղաքն արդեն ուներ իր քաղաքագլուխն ու վարչությունը, իսկ 1879 թ. սեպտեմբերին տեղի են ունենում դումայի (խորհուրդ) ընտրությունները, հոկտեմբերի 1-ին գումարվում է դումայի առաջին նիստը: «Մշակ»-ը բազմիցս անդրադարձել է նաև այս պատմական իրադարձություններին, ինչպես նաև քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքին: Լրագրի մի շարք համարներում ուշադրության կենտրոնում են քաղաքային վարչության և դումայի ընտրությունները: Սլկունին տեղեկացնում է, որ դումայի բացմանը ներկա են եղել փոխնահանգապետը, քաղաքագլուխը, ռուս, հայ և մահմեդական հոգևորականության ներկայացուցիչներ:

Պարսկական լծի թոթափումից հետո անցել էր շուրջ 50 տարի: Այդ ընթացքում հայ հասարակության մեջ զգալի դրական տեղաշարժեր էին կատարվել, ինչը չի կարելի ասել մահմեդականների մասին: Վերջիններս սկզբում դեմ էին քաղաքային ինքնավարությանը, այդ պատճառով կազմակերպչական աշխատանքների համար անհրաժեշտ 20 000 ռուբլի գումարի մեջ նրանց ներդրումը ընդամենը 2000 ռուբլի էր կազմել: Ընտրությունները վերջապես տեղի են ունեցել: Ընտրվել են 66 ձայնավորներ՝ 22 մահմեդական, 44 հայ:

Մահմեդականներն իհարկե դժգոհ են մնացել և սկսել են մեղադրել հայերին իրենց պահանջը իբրև թե սխալ ներկայացնելու մեջ: Նրանք նաև փորձել են խեղաթյուրել հայերի թիվը և նրանց վճարած հարկերը: Նամակագիրը, ուղղելով նրանց սխալը, տեղեկացնում է, որ քաղաքի քրիստոնյաները 123 ծխով ավելի են և վճարում են 1500 ռուբլի ավել հարկ մահմեդականներից: Մեկ այլ նամակում, որի հեղինակը Ալեքսանդր Երիցյանն է (Ա. Եր.), հետաքրքիր կարծիքներ ենք կարդում արդեն ընտրված ձայնավորների մասին: Նրա կարծիքով ձայնավորներից շատերը չգիտեն էլ , թե ինչ պետք է անեն: Երբ մի ձայնավորի հարցնում են, թե. «ի՞նչ պետք է լինի ձեր պարտականությունը, ի՞նչ պետք է լինի, դա տերության կողմից մի պատիվ ա, որ տալիս են մեզ՝ իշխաններիս»(11): Այսպիսի ձայնավորների ընտրությունը նամակագիրը համարում է ժողովրդի գիտակցական ցածր մակարդակի ցուցանիշ. «Այսինչ մարդուն կընտրես, ասում է աղան և նրա ենթական կատարում է. Մկրտիչ աղեն ասաց դրան ընտրիր, դե ես էլ չուզեցի նրա խոսքիցը դուրս գալ»(12): Դումայի ընտրություններին թերահավատորեն է վերաբերվում նաև նամակագիր Հովհաննես-Հեթումը. «ընտրվել են նրանք, ում փորը հաստ է, հաղթանդամ է, հարուստ է, կան ձայնավորներ, որոնք կատարյալ անձայն են՝ զրկված դատելու ընդունակությունից»(13):

Երևան քաղաքի և նրա բնակիչների մասին բազմապիսի հետաքրքիր տեղեկություններ կան Սլկունու 1879թ. թիվ 58-ի նամակում, որն ուզում ենք մեջբերել ամբողջությամբ: Հեղինակը խոսում է նախ արդեն նկատվող թանկության մասին, ապա մանրամասն նկարագրում է քաղաքի սանիտարական անմխիթար վիճակը: Սանիտարական վատ պայմաններում են գտնվել վաճառականների, արհեստավորների, ծխական դպրոցների, պարսիկների մզկիթների շինությունները. դրանց հետևանքով մեծ չափերի էին հասել երեխաների ու մեծերի հիվանդությունները: Սակայն բժիշկների փոխարեն հիվանդատերերը դիմում էին գրբացների, կախարդների օգնությանը: Սլկունու կարծիքով հասարակ ժողովրդից դեռ շատ հեռու են կյանքի նորամուծությունները, կրթող, դաստիարակող միջոցները: Միևնույն ժամանակ դեռևս 1879 թ. դրությամբ Երևանը չուներ իր հասարակական հիվանդանոցը, դեղատունը, աղքատանոցը, չուներ մաքուր ջուր: Չնայած ուներ արդեն բավականաչափ կրթված երիտասարդություն, որոնք պետական ծառայության մեջ էին ընդգրկված, բայց երեկոյան, տոն օրերին և միջոց գտած այլ պահերի, զբաղված էին թղթախաղով, որը նամակագիրն անվանում է «բախտի առևտուր» և խստորեն քննադատում՝ համարելով հասարակության բոլոր շերտերի հետադիմության գլխավոր պատճառներից մեկը: Ըստ նամակագրի՝ Երևանի 3000 տուն բնակչությունից 1700-ը հայեր էին, 1300-ը՝ մահմեդականներ: Հայերն ավելի հարուստ էին և պետական գանձարանին կրկնապատիկ տուրք էին տալիս: Մահմեդականների սովորող երեխաների թիվը հազիվ 200 էր, իսկ արական և իգական դպրոցներում սովորող հայ երեխաների թիվը՝ 850-900: Մի ժամանակ բազեով թռչնորսի գնացող , կաքավակռվով զբաղվող թուրք խաներն ու բեկերը, կամաց-կամաց մոռանալով իրենց զբաղմունքը, նույնպես մխրճվում են թղթախաղի ու գինարբուքի մեջ: Սակայն, ըստ նամակագրի, մահմեդականները հայերի վրա դեռևս արհամարհանքով էին նայում: Քաղաքացիական փոխադարձ մտերմություն չէր նկատվում նաև երկու կողմի ազգաբնակչության մեջ: Նամակագրի կարծիքով այս չարիքի առաջը կարող է առնել միայն հանրակրթությունը: Հայերն արդեն, լավ թե վատ, աղջիկների դպրոց ունեն, ունեն նաև թատրոն, ուր բոլոր ցանկացողներն են հաճախում, հայ կինը բեմ է բարձրանում, բարեգործական հավաքների է մասնակցում, հայերը մտածում են ազգային աղքատանոց և հիվանդանոց բացելու մասին, պաս պահողը հանգիստ նստում է չպահողի կողքին՝ հանդուրժելով նրա կերակուրները, բայց մահմեդականներն այս երևույթներից տակավին հեռու են: Հայ օրիորդը աշխատում է արական դպրոցում: Նա բացել է իր գլուխը ասիական կապոցներից, վաճառողուհի է քաղցրեղենի խանութում, խոսում է տարբեր ազգության գնորդների հետ: Այս երևույթների վրա անգամ հայ պառավները հանդուրժողաբար են նայում: Այս ամենն ուշադրությունից դուրս չի մնում և ցույց է տալիս, որ շուտով հայ ազգը կհետևի լուսավոր ազգերին, այնինչ մահմեդականները առաջադիմության նշաններ բոլորովին ցույց չեն տալիս: Նամակագիրը մի հետաքրքիր համեմատություն էլ է կատարում:

Երևանի հայ բնակչությանը համեմատելով նահանգի մյուս բնակչության հետ՝ գալիս է այն եզրակացության, որ երևանցի հայը շատ բաներում հետ է մնում ալեքսանդրապոլցի, ախալցխացի, ղարաբաղցի, թիֆլիսցի հայերից, որովհետև նրա մեջ դեռ նշմարվում է ասիական դանդաղկոտությունն ու անտարբերությունը:

Երևանից ուղարկված նամակներում քննադատության են ենթարկվում նաև քաղաքում տեղ գտած արատավոր երևույթները: Դրանցից ամենավտանգավորը նամակագիրները համարում են թղթախաղը, որի մասին հիշատակեցինք վերևում, և բնակարանային գողությունը: Գողերը մինչև անգամ տան պատերն էին քանդում ու ներս մտնում: 1879 թ. թիվ 39-ից տեղեկանում ենք, որ Երևան-Աշտարակ ճանապարհը անապահով էր համարվում ավազակային հարձակումների պատճառով, որոնց հետևանքով հաճախ մարդիկ էին սպանվում: 1875 թ. մի նամակից տեղեկանում ենք, որ Երևանում բացվել է հյուրանոց, որը օտարերկրյա այցելուներին հարմար օթևան լինելու փոխարեն դարձել է թղթախաղի սիրահար երևանցիների հավաքատեղի:

Արևմտահայերենով գրված 1878 թ. թիվ 116 նամակին չանդրադառնալ չէինք կարող, քանի որ նրա հաղորդած տեղեկությունները եզակի էին, իսկ բարձրացրած խնդիրները՝ շատ արդիական: Դրանք Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի մասին են, ուր այցելել է նամակի հեղինակ Շ-ն. «Մենք բախտ ունեցանք տեսնել նաև թանգարանը, որի համար ամեն մի ճանապարհորդի աչք է հիանում: Այն ունի իր մեծ նշանակությունը, գոված է իր բազմադարյան սքանչելի հնություններով: Ես տեսա այն գրչագիր ավետարանը, որին Ամենափրկիչ են ասում… »: Նամակից տեղեկանում ենք, որ երբ Ամենափրկիչը գտնվում էր Աղջաղարա գյուղում՝ Սարդար անունով մեկի տանը, շրջակա գյուղերի և Երևանի բնակիչները գալիս էին այն տեսնելու և նրա օրհնությունը ստանալու, իսկ թանգարան տեղափոխելուց հետո դադարեցրել են իրենց այցելությունները. «Թողեք այդ թափուր դուռը,- գրում է հեղինակը,-դիմեցեք այնտեղ, ուր այժմ տեղափոխված է այն: Գնանք այնտեղ և ոչ միայն մեր Ամենափրկչին կմոտենանք, այլև ուրիշ մասունքների…»: Նամակագիրը նաև վստահեցնում է, որ Երևանի բնակչության ¼-ը հազիվ տեսած կլինի թանգարանը, իսկ ¾-ը հեռու տեղեր են ուխտագնացության գնում, այնինչ հեռավոր տեղերում ապրողները թանգարանի կարոտն են քաշում:

1879-1880 թթ. բնակչությանը հացով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ կատարված աշխատանքները առանձնապես մեծ արդյունք չեն տալիս, որի համար էլ քաղաքագլուխը և նրա ղեկավարած վարչությունը քննադատության են ենթարկում: 1880 թ. թիվ 17-ի նամակից տեղեկանում ենք, որ երաշտի և մասամբ էլ հացավաճառների ագահության ու չարանենգության հետևանքով առաջացած հացի պակասությունը վերացնելու նպատակով քաղվարչությունը վերջապես որոշել է բացել 12 խանութ, որից երկուսը նախատեսված էր ամենաաղքատ ընտանիքների համար: Նամակագիրը սակայն անհանգստացած էր, թե արդյոք վարչությունը կկարողանար ալյուրի անհրաժեշտ քանակը ապահովել:

Նույն նամակագիրը տեղեկացնում է, որ քաղաքի թուրքերն իրենց խանութներում շարունակում են զանազան անօրինություններ անել: Դրանցից մեկում, որի տերը դումայի ձայնավոր է, ոստիկանները հայտնաբերել են ալյուրին խառնված բրնձի մանրուք և փայտի թեփ: 1880 թ. թիվ 19 և 25 համարներում Սլկունին հաղորդում է, որ թուրք հացթուխները հացը տալիս են իրենց հավատակիցներին, այդ պատճառով քաղարչությունը քրիստոնյաների համար բացում է ևս չորս խանութ: Նա տեղեկացնում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման պատճառով աղքատների թիվը քաղաքում կտրուկ աճել է: Երևանի 3000 տուն բնակչից 1000-ը ապրուստից բոլորովին զուրկ է: Վարչությունը բազմաթիվ որոշումներ է կայացրել, հանձնաժողով է ստեղծել, փող է հավաքել, բայց հացի հարցը չի լուծվել:

Հարցին, թե ով է մեղավոր, նամակագիրը պատասխանում է. «Ես միայն գիտեմ, որ մենք շատ խոսողներ ունենք, բայց շատ սակավ գործողներ: Արդարությունը պահանջում է ասել, որ միայն քաղաքագլուխը և ուպրավան ոչինչ անել չեն կարող, նրանց պետք է օգնի դուման և մանավանդ մեր հարուստները»(14): Սլկունու կարծիքով երևանցին դեռ չի հասկանում, որ մասնավորի շահը կապված է ընդհանուրի բարօրության հետ. «այդ պատճառով, երբ ներկա է լինում ընդհանուրի գործին՝ հորանջում է, մտածելով միայն իր առանձին շահի մասին, կամ փորձում է քննադատել»(15): Իր նամակում Սլկունին հետաքրքիր համեմատական է անցկացնում Երևանի և Ալեքսանդրապոլի (Գյումրի) միջև: Նրա կարծիքով երևանցիները ավելի խելացի են, զարգացած, եկամուտն էլ ավելի շատ է, բայց չունեն գյումրեցիների եռանդը, տոկունությունը, հանրային գործերի պատրաստակամությունը, առատաձեռնությունն ու ազգային ձգտումները: Նամակագիրը տեղեկացնում է, որ վերջին 15-17 տարվա ընթացքում նրանք ուսումնարանների բարեկարգման, եկեղեցական շինարարության, աղքատանոցի պահպանման վրա ծախսել են 170- 190 000 ռուբլի գումար (Երևանն այս գումարի ¼ մասն է ծախսել միայն): 15 տարվա ընթացքում Ալեքսանդրապոլում կառուցվում է երկու հոյակապ եկեղեցի: Այդ նույն ժամանակաշրջանում Երևանում սկսված եկեղեցու շինարարությունը առաջ չի գնում. այն հազիվ գետնից երեք շարք է բարձրացել (16): Երեք տարի է՝ երևանցիները մտածում են աղքատանոց, հիվանդանոց, բանկ, թատրոն բացելու, հոգևոր դպրանոցը քաղաքի կենտրոն բերելու մասին, բայց սրանցից ոչ մեկը գլուխ չեն բերել: Այնինչ կլուբում (ակումբ) կյանքը եռում է: Նրա անդամների մեծ մասը հայեր են, որոնք զբաղված են թղթախաղով: «Աղքատների վրա էլ մտածեցեք պարոններ, նոքա կորչում են, առայժմ գոնե հաց տվեք…»(17) ,- գրում է Սլկունին:

Լրագրի հերթական նամակներից մեկը քաղաքագլխին ներկայացված մեղադրանքի մասին է: Ձայնավորների մասնակցությամբ գումարված վարչության հերթական նիստում Հովհ. Ղորղանյանը մեղադրվում է հացի անհրաժեշտ պաշար չապահովելու մեջ: Վերջինս քաղաքի գումարներից 10 000 ռուբլի էր տվել իրավասուներից Հաջի Միրզա Հուսեին բեկին, որպեսզի նա Թիֆլիսի իր աղբյուրներից ալյուր գնի: Երկար սպասելուց հետո քաղաքագլուխը տեղեկացել էր, որ գումարը իր նպատակին չէր ծառայել, այդ պատճառով էլ ալյուրը տեղ չէր հասել: Ոչ ոք չի կասկածել վերոհիշյալ հաջիին, քանի որ քաղաքի հարուստ և հարգված մարդկանցից մեկն էր: Դումայի որոշման համաձայն՝ նա պետք է փոխհատուցեր պատճառած վնասը՝ վճարելով 1600 ռուբլի: Նամակագիր Սլկունու կարծիքով կայացված վճիռը շատ մեղմ էր, վերադարձվելիք գումարը ավելի մեծ պետք է լիներ՝ 7-8000 ռուբլի:

Հովհաննես- Հեթումի թիվ 144 նամակից տեղեկանում ենք, որ դումայի և վարչության արտակարգ նիստում քննարկման է դրվել նաև մսի մատակարարման հարցը: Քաղաքի մսավաճառ պարսիկները չէին ցանկանում մորթ անել և վաճառել սահմանված գնով՝ ֆունտը (մոտ 0,454 կգ) 7 կոպեկ: Քաղաքագլուխը հարցը որոշում է լուծել այս ոլորտում մրցակցություն առաջացնելով: Նա հրավիրում է մսավաճառների, որոնք համաձայնվում են առաջարկված պայմաններով աշխատել: Պարսիկ մսավաճառները տեսնելով, որ դուրս են մղվում շուկայից, դադարեցնում են բոյկոտը: Նամակագրի հաղորդած տեղեկություններից պարզվում է, որ հայերը անպատվաբեր են համարել մսավաճառությամբ զբաղվելը: Նրանց մեծ մասը Ռուսաստանից ապրանք էր բերում և շուկայում վերավաճառում՝ համարելով այն ավելի պատվաբեր: Նամակագիրը գտնում է, որ պետք է շնորհակալ լինել Սմբատ Մովսիսյանցին և մյուս մսավաճառներին, որոնք, մրցակցություն սկսելով, քաղաքն ազատեցին պարսիկների կամայականություններից:

Երևանցիների ծանր դրությունը չի խանգարել, որ օգնության ձեռք մեկնեն Արևմտյան Հայաստանի իրենց կարիքավոր եղբայրներին: «Մշակ»-ի նամակներից տեղեկանում ենք, որ հավաքված գումարները նրանք ուղարկել են լրագրի խմբագրին՝ խնդրելով հասցնել Վասպուրականի և այլ վայրերի իրենց հայրենակիցներին: Սովորաբար նամակին կից ուղարկվում էր ստորագրահավաքի մասնակիցների անուն ազգանունները, բայց 1880 թ. թիվ 139-ի նամակն առանձնանում էր նրանով, որ նշված էին մասնակիցների անուն ազգանունների միայն առաջին տառերը. երևանցիները նաև այսպիսին էին, նրանցից շատերի համար կարևոր էր միայն ցուցաբերելիք օգնությունը:

Ինչպես տեսնում ենք, բազմաթիվ ու բազմազան են Երևանից ուղարկված նամակները, այնքան առատ, որ բոլորը մեկ աշխատանքի մեջ հավաքելն ուղղակի անհնար է: Եվ եթե փորձենք մեր կողմից ներառված նամակների հաղորդած տեղեկություններն ամփոփելով համեմատական անցկացնել, ապա կարձանագրենք, որ շատ հարցերում Երևանն անճանաչելիորեն փոխվել է, բարգավաճել, բայց կան նաև ոլորտներ, որտեղ ոչինչ չի արվել՝ չնայած երկար ժամանակ է անցել: Կյանքը դրանցում կարծես կանգ է առել:


  1. Հայաստանի Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 197, Երևան, 1976թ.
  2. Հայ պարբերական մամուլը (1794-1980 թթ. ), Երևան, 1986 թ., էջ 23
  3. Լեո, Երկերի ժողովածու, հ 6, Երևան, 1987 թ., էջ 343
  4. Նույն տեղը, էջ 425
  5. Լեո, Երկերի ժողովածու, հ 6, Երևան, 1987 թ., էջ 379
  6. Մարիամ Մելիք-Աղամալյանը մահանում է 1895 թ.: Նա «Մշակ»-ի խմբագրությունը թողել էր Անդրեաս Արծրունուն, որից հետո դառնալու էր իր քեռորդու և հորեղբորորդու սեփականությունը:
  7. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1872 թ., թիվ 1
  8. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1878 թ.,թիվ 62
  9. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1875 թ., թիվ 18
  10. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1879 թ., թիվ 137
  11. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1879 թ., թիվ 182
  12. Նույն տեղը
  13. Մշակ,լրագիր, Թիֆլիս, 1879 թ., թիվ 200
  14. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1880 թ., թիվ 25
  15. Նույն տեղը
  16. Խոսքը Ս. Գրիգոր լուսավորիչ եկեղեցու մասին է, որի կառուցումը տևել է շուրջ 30 տարի:
  17. Մշակ, լրագիր, Թիֆլիս, 1880 թ., թիվ 25

Սուսաննա Հարությունյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի
նոր պատմության բաժնի վարիչ

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու