Երևանի բերդի պատմության արդի մեկնաբանության փորձ
Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկը լինելով` Երևանն ունեցել է բազմաթիվ ամրոցներ ու բերդեր, որոնցից ամեն մեկն ի հայտ գալով պատմական որոշակի ժամանակաշրջանում` իր մեջ թաքցրել ու մեզ է հասցրել քաղաքի պատմության հեռավոր, անցած-գնացած ժամանակները…
Չգիտես ինչու, երբ խոսք է լինում մեր քաղաքի վաղ շրջանի մասին, նրա պատմությանը քիչ թե շատ լավատեղյակ մարդիկ այն սկսում են Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանից (ք.ա. IX-VIդդ.), երբ որպես բերդ-ամրոցներ` իրենց կարևորությամբ առանձնացել են Էրեբունին (Արին-Բերդով) և Թեյշեբաինին (Կարմիր-բլուրով): Վերջիններս ռազմական և տնտեսական հզոր կառույցներ էին, որոնց հիմնադիրները` Արգիշտի 1-ը և Ռուսա 2-ը, կառուցել էին Արարատյան երկիրը միավորող իրենց արշավանքների ընթացքում: Հետագա դարերում (ք.ա.7-րդ դար), այս անառիկ ամրոցները կործանվելով` լքվում են նաև որպես բնակավայրեր: Ժամանակը մոռացության հողե շերտով է պատում նրանց հետքերը և ասես պահպանելով` հասցնում մինչև մեր օրերը:
Բայց չէ որ Վանի Արարատյան թագավորների կառուցած ամրոցներն ու բերդերը պատմում են մեր քաղաքի ընդամենը ք. ա. 1-ին հազարամյակի իրադարձությունների մասին, իսկ Երևանի ներկայիս տարածքում (Շենգավիթ, Ծիծեռնակաբերդ, Կարմիր Բերդ, Ավան և այլն) կատարված հնագիտական պեղումները հողի ընդերքից վեր են հանել պատմության առավել հնագույն շերտեր` ավելի վաղ մշակույթի հետքերով, որոնք թվագրվում են ք. ա. 4-3 հազարամյակներով (ուշ պղնձի քարի դարից մինչև բրոնզի դար): Իրենց կատարած հետազոտություններով հնագետները եկել են այն եզրակացության, որ Շենգավիթ ամրոց – բնակավայրը հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր, քաղաքատիպ բնակավայր, որն ավելի է մեծացնում մերօրյա Երևանի տարիքը:
Հին բնակավայրերին փոխարինելու են եկել նորերը, և կյանքը Երևանում շարունակվել է նաև միջնադարում, որի վկայություններն են օտար աղբյուրներում և քաղաքի հոգևոր կենտրոններում գրված ձեռագրերում պահպանված տեղեկությունները (ցավոք, քարեղեն ապացույցներ այս ժամանակաշրջանից գրեթե չեն պահպանվել, և դա վերաբերվում է նաև բերդ – ամրոցներին):
Ձեռագիր աղբյուրներում եղած փոքրաթիվ, բայց հավաստի տեղեկությունները ցույց են տալիս, որ Երևանը բերդեր է ունեցել նաև միջնադարում: Դրանց մասին առաջին տեղեկությունը թողել է Սեբեոսը: Այն վերաբերում է արաբական արշավանքների ժամանակաշրջանին և տեղեկացնում է, որ Երևանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբներին չի հաջողվել գրավել Երևանի բերդը. «Եվ եկին ժողովեցան ի Երևան և մարտեան ընդ բերդին և ոչ կարացին առնուլ…»(Սեբեոսի եպիսկոպոսի «Պատմություն», 4-րդ հրատ., Երևան , 1939թ., էջ 118), – գրում է պատմագիրը:
Ինչպես տեսնում ենք, այս տեղեկությունը բավական հստակ հավաստում է, որ միջնադարյան Երևանում, 7-րդ դարում բերդ է եղել, և դրա շնորհիվ քաղաքը կարողացել է դիմադրել թշնամիներին: Հայ ժողովրդի պատմության այս ժամանակաշրջանի գիտակ, անվանի պատմաբան Հ. Ժամկոչյանը գտնում է, որ խոսքը հետագայում` 16-րդ դարից, առավել հայտնի բերդի մասին է, որը գտնվել է Հրազդան գետի ձախափնյա զառիթափի ձորեզրին, հարթավայրի վրա: Վերջինս, նրա կարծիքով, ավելի շուտ է կառուցվել և միջնադարյան Երևանի բերդը հենց դա է:
Միջնադարյան Երևանի մասին հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել նաև բյուզանդական պատմագիր Կեդրենոսի մոտ: 11-րդ դարի քաղաքական դեպքերի մասին խոսելիս նա նկարագրում է Հայաստանի տարածքում գտնվող մի քանի բերդեր, որոնցից մեկը Խելիդոնիոնն է: Բառացիորեն այն նշանակում է Ծիծեռնակ, իսկ իմաստով` Ծիծեռնակաբերդ: Երևանի պատմությունն ուսումնասիրող հեղինակները` Ղ. Ալիշան, Ե. Շահազիզ, Թ. Հակոբյան, Խելիդոնիոն, Ծիծեռնակաբերդը նույնացնում են քաղաքի տարածքում գտնվող համանուն բլրի վրա հնում եղած բերդի հետ, որի մասին տեղեկություններ է թողել ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Շարդենը: Նրա վկայությամբ (Շարդենը Երևանում եղել էր մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը` 1673թ.) Ծիծեռնակաբերդի բլրի շրջանում գոյություն է ունեցել հայկական ճարտարապետությամբ կառուցված մի հին աշտարակ` պատերին վիմագիր արձանագրություններով, իսկ շրջակայքում` մեծ ու շքեղ բնակավայրի ավերակներ: Հետագայում (20-րդ դար) Ծիծեռնակաբերդի շրջակայքում կատարված հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ այն ավելի վաղ շրջանի` բրոնզի դարի հուշարձան է և իր գոյությունը պահպանել է նաև միջնադարում:
Երևանի բերդերի մասին իր տեսակետներն ունի նաև Կ. Ղաֆադարյանը: Նրա կարծիքով՝ առաջին բերդը, որով էլ սկսվում է քաղաքի պատմությունը, Էրեբունի ուրարտական ամրոցն է (ք. ա. 782թ.): Միջնադարում պատմագիրների մոտ հիշատակվող բերդը Երևանի երկրորդ բերդն է, որի տեղը հստակ հայտնի չէ: Ինքը` Կ. Ղաֆադարյանը, ենթադրում է, որ այն գտնվել է Կոնդի բլրի վրա` որպես քաղաքի ամենաբարձր կետի: Իր ենթադրության մեջ նա առաջնորդվում է մեր կողմից արդեն հիշատակված ֆրանսիացի ճանապարհորդ Ժ. Շարդենի հաղորդած տեղեկություններով: Վերջինիս ճանապարհորդության ժամանակ Երևանը գտնվում էր պարսիկների ձեռքին, և բերդում նստում էր Երևանի խանը կամ սարդարը: Նկարագրելով 16-րդ դարից առավել հայտնի այդ բերդը, որին անվանում է Սարդարի բերդ, Շարդենը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում նաև նրա հարևանությամբ գտնող մեկ այլ բերդի` այսպես կոչված Այծաբերդի (Գեչի-Կալա) (Երևանի պատմությունն ուսումնասիրողների կարծիքով՝ Գեչի-Կալան թարգմանվում է Այծաբերդ, բայց պարսկահայերն այն թարգմանում են որպես հին բերդ) մասին, որը «… գտնվել է 1000 քայլ հեռավորության վրա և իր բարձրությամբ իշխել քաղաքին, նրա միջնաբերդում` ամրացված պատերով և հրակնատներով, տեղավորվել են 200 մարդ, իսկ շրջակայքը մեծ էր և բնակեցված…» (Путешествие кавалера Шардена по Закавказью в 1672-1673гг., Тифлис, 1902г., ст.242):
Ինչպես տեսնում ենք, Շարդենը մեզ է ներկայացնում տիպիկ միջնադարյան բերդաքաղաք: Միջնադարյան Երևանի բերդի հարցում Կ. Ղաֆադարյանը շատ է կարևորում աշխարհագրական դիրքը` տվյալ դեպքում Հրազդան գետի մոտ գտնվելու հանգամանքը: Նրա կարծիքով՝ Վանի Արարատյան թագավորության կործանումից հետո Էրեբունի և Թեյշեբաինի բերդաքաղաքների բնակիչները տեղաշարժվել են դեպի հյուսիս` հասնելով Գետառի և Հրազդանի շրջակայքը: Հիմնականում հողագործությամբ զբաղվող այդ մարդկանց հարկավոր էին ջրային տարածքներ, քանի որ իրենց քաղաքների հետ նրանք կորցրել էին նաև ջրանցքները: Տեղաշարժի հետևանքով, արդեն 4-5-րդ դարերում, նրանք բնակեցնում են բարձրադիր Կոնդը և նրա շուրջը փռված տարածքները` ձևավորելով միջնադարյան Երևանը:
Երևանի պատմության բոլոր ուսումնասիրողների մոտ հիշատակվող 16-րդ դարի բերդը Կ. Ղաֆադարյանը համարում է քաղաքի երրորդ բերդը և Ժ. Շարդենի օրինակով անվանում Սարդարի բերդ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նկատի առնելով վերջինիս կատարած դերը մեր քաղաքի պատմության մեջ, բոլոր ուսումնասիրողները հենց այդ բերդն են համարում միջնադարյան Երևանի բերդը, միայն թե, ինչպես տեսանք, ոմանք նրա գոյությունը բերում են վաղ միջնադարից (7-րդ դար), իսկ մյուսները` 16-րդ դարից, կառուցումը վերագրելով թուրք զորավար Ֆահրադ փաշային: Այսպես է Երևանի բերդի պատմությունը ներկայացնում նաև Հայկական հանրագիտարանը. «Երևանի բերդը կառուցել է Ֆահրադ փաշան 1582-1583թթ. Հրազդան գետի ձախափնյա զառիթափի ձորեզրի հարթավայրի վրա» (Հայկական համառոտ հանրագիտարան, Երևան, 1995թ., հ.2, էջ 132):
Հանրագիտարանի համար սկզբնաղբյուր է հանդիսացել Ե. Շահազիզի «Հին Երևանը» աշխատությունը: Նման մոտեցումն առնվազն զարմանալի է, քանի որ Ե. Շահազիզը որպես սկզբնաղբյուր է օգտագործել միջնադարյան մի ձեռագիր հիշատակարան (1587թ. ), որը թվում է՝ պետք է աներ նաև հանրագիտարանը կամ գոնե հավատարիմ մնար Շահազիզի ձևակերպմանը, իսկ այն որպես հավանական տարբերակ է ներկայացնում հեղինակի տեսակետը և ոչ թե բացարձակ ճշմարտություն ( ինչպես անում է հանրագիտարանը):
Ե. Շահազիզը գրում է. «Որ Ֆահրադ փաշան է եղել, որ առաջին անգամ հավանորեն հին հայկական բերդի տեղում շինել է ներկա բերդի նախատիպն, այդ երևում է և պետ. թանգարանի 1587թ. գրված 96 ձեռագիր Ավետարանի հիշատակարանից, որ Ֆահրադ փաշայի շինած բերդը կոչում է նորահիմն»(Ե.Շահազիզ, «Հին Երևանը», Երևան, 1931թ., էջ 177): Նույն Շահազիզին է պատկանում նաև հետևյալ միտքը. «…իսկ ուրարտական շրջանից հետո, հայկական պատմության շրջանում, բերդ է կառուցվել այժմվա բերդի տեղը կամ մոտերքը…Երևանը հին ժամանակներից ունեցել է յուր բերդը և նրա տեղն էլ Հրազդանի կամրջից ցած, գետի ձախ, ապառաժոտ բարձր ձորափը բնությունից կարծես, սահմանված է եղել բերդի համար… »(Նույն տեղում, էջ 178): Տպավորությունն այնպիսին է, որ հեղինակը, որին վկայակոչում է հանրագիտարանը, ինքն էլ չի հավատում ձեռագրի տեղեկություններին: Ավետարանի հիշատակարանը` ավելի ստույգ նրա 1671թ. արտագրությունը, (Մատենագիրների աշխատությունները բազմիցս արտագրվել են Երևանի եկեղեցիներում) մատենագրության մեջ Երևանը հիշատակող փոքրաթիվ նմուշներից է: Կ. Ղաֆադարյանը, որը նույնպես հարում է Երևանի բերդի կառուցման վերոհիշյալ տեսակետին, այն կարծիքին է, թե. «Հին մատենագրության մեջ Երևանն այնքան քիչ է հիշատակվում, որ դրանց հիման վրա պատմության հարցերը պարզաբանելն անհնար է» (Կ.Ղաֆադարյան «Երևանի միջնադարյան հուշարձանները և վիմագիր արձանագրությունները», Երևան 1975թ., էջ 93): Սակայն, ինչպես տեսնում ենք, այս կարծիքը չի խանգարում ընդամենը մեկ, այն էլ բազմիցս արտագրված ձեռագրից հանգելու հիմնավորված եզրակացության:
Իսկ ինչ է ասվում բոլորի կողմից հիշատակվող այդ ձեռագրում, որի հեղինակը Դավիթ սուտանուն եպիսկոպոսն է..« արդ սկիզբն եղև սբ. Ավետարանիս, ի երկիրն Արարատյան ի գյուղն Ղարա – Ղալա ընդ հովանեավ սբ. Կաթողիկեին և սբ. Ստեփանոսին…Ֆահրադ փաշան ելավ Ըստամպոլու բզմ զավրավք և եկավ ի վերա երկրին Երևանու և շինեաց նորահիմն բերդս…» (Ե.Շահազիզ, «Հին Երևանը», Երևան, 1931թ., էջ 178):
Ձեռագիրն այսպիսին է, մեկնաբանությունները` տարբեր, և որ ամենակարևորն է` ուսումնասիրողներից շատերը հաշվի նստելով նրա հետ, այնուամենայնիվ, որպես բացարձակ ճշմարտություն չեն ընդունում և հենվելով դարձյալ պատմական հայտնի աղբյուրների վրա` առաջադրում են իրենց տեսակետները: Օգտագործելով այդ աղբյուրները, որոնց մեջ քիչ չեն նաև թուրքական պատմաբանների հաղորդած տեղեկությունները, Երևանի պատմության բազմակողմանի ուսումնասիրության հեղինակ Թ. Հակոբյանը ձեռագրի հիման վրա ձևավորված կարծիքն ընդունելով և բացարձակ ճշմարտություն չհամարելով` Երևանի բերդի կառուցման մասին արտահայտում է իր ուրույն տեսակետը: «Պատմական գրականության մեջ գրեթե առանց բացառության Ֆահրադ փաշային են վերագրում Երևանի բերդի կառուցումը,- գրում է նա,- սակայն այդ հարցում պետք է մտցնել որոշ ճշտում…» (Թ.Հակոբյան «Երևանի պատմությունը 1500-1800թթ.», Երևան, 1969թ., էջ 21): Այնուհետև մանրամասն նկարագրելով քաղաքի պատմությունը, նա վերականգնում է նաև պատմության ողջ ընթացքում քաղաքի կյանքում եղած բերդերի և ամրոցների պատկերը, դերը, նշանակությունը: Նրա կատարած ուսումնասիրությունները, ընդգրկելով պարսկական տիրապետության շրջանը, փաստում են, որ աշխարհագրական այն դիրքը, որտեղ գտնվել է Երևանի բերդը, թեկուզ քիչ, բայց արդեն իսկ բնակեցված է եղել, իսկ պարսկական տիրապետության շրջանում այստեղ գտնվել են Թոխմախ խանի պալատը և այգիներ: ՈՒսումնասիրելով թուրքական աղբյուրները, Թ. Հակոբյանը գալիս է այն եզրակացության, որ Ֆահրադ փաշան վերակառուցել է Թոխմախ խանի պալատի շրջակայքն` ամրացնելով պարիսպները («…Թոքմաք խանի պալատը մեջտեղ առնելով,- գրում է թուրք պատմաբան Փեչևի Իբրահիմը,- նրա շրջակայքում կառուցեց մի լայն և ամրակուռ պարիսպ»: Իսկ մեկ այլ թուրք պատմաբան` Գելիբոլուլու Ալին, նկարագրելով պարսպի կառուցման աշխատանքները` ավելացնում է. «Ներքին բերդում կառուցեցին ութ աշտարակ, արտաքին բերդը լրացրին քառասուներեք աշտարակներով »(Նույն տեղում, էջ 23-24): Պարսպի համար թուրքերն օգտագործել են շրջակա շինությունների և առաջին հերթին հայկական եկեղեցիների քարերը` քանդելով եկեղեցիները: 16–րդ դարի այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել նաև Ղևոնդ Ալիշանի □Այրարատ□ աշխատության մեջ: Հենվելով մատենագիր աղբյուրների վրա` Ալիշանը գրում է. «Ըստ գրելոյ Յովհան վարդապետի Ծարեցւոյ բազում եկեղեցիս քակեալ` զքարինս ի շինության բերդին տանեին, որք և կամեցան զմեծ եկեղեցին եւս` որ Երկուերեսի ասի` քակել…» (Ղևոնդ Ալիշան «Այրարատ – բնաշխարհ Հայաստանյաց», Վենետիկ, 1890թ., էջ 300): Երբ թուրքերը սկսում են քանդել Երկուերեսնի եկեղեցին, մի խումբ հոգևորականներ` Առաքել վարդապետի (հետագայում` կաթողիկոս) առաջնորդությամբ, գնում են թուրք զորապետի մոտ և խնդրում չքանդել, սակայն կանգուն թողնելով եկեղեցին` թուրքերն այն դարձնում են իրենց զինվորների համար ապաստարան, որտեղ պահում էին նաև որոշակի ավար` երեսուն ձի ու ջորի: Կարելի է ենթադրել, որ քանդված եկեղեցիներից կարող էր լինել նաև կիսաքանդ մատուռի տեսքով բերդի մատույցներում պահպանված Սբ. Գևորգ եկեղեցին: Տեղեկությունները նրա մասին մեզ են հասել 1827թ. հոկտեմբերի 1-ին բերդը գրավելուց հետո ռուսական կողմի արված մի հատակագծից, որը պահվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:
Եթե անգամ հաշվի չառնենք թուրք պատմաբանների տեղեկությունների անպայման միտումնավոր և չափազանցված լինելու հանգամանանքն, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ տեղեկությունները վկայում են տարածքի վերակառուցման, պարսիկների դեմ առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնելու ուղղությամբ կատարված ժամանակավոր աշխատանքների մասին, չէ որ արևելյան կողմը, որտեղից հարձակվում էին պարսիկները, աշխարհագրական այնպիսի անառիկ դիրք չուներ, ինչպիսին ուներ Երևանի բերդն արևմտյան կողմից, որտեղից հարձակվում էին թուրքերը:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ կարճ ժամանակ անց նրանց շուտափույթ, պատերազմական գործողությունների ընթացքում (ընդամենը 45 օրում) «կառուցած բերդը» 1679թ. Երևանի ավերիչ երկրաշարժի ժամանակ, ինչպես գրում է Ղ. Ալիշանը` ի հիմանց տապալեցավ: Արհավիրքն իր հետ տարավ թուրքերի կատարած շինարարական աշխատանքների բոլոր հետքերը` հետագա վերակառուցումները թողնելով պարսիկներին: Երևանի Զալ խանը, շրջակա խանությունների օգնությամբ վերականգնեց բերդն, իսկ երևանցիները` իրենց քաղաքն ու եկեղեցիները:
Ամփոփելով Երևանի բերդի պատմության շուրջ կատարած ուսումնասիրությունները` եկանք հետևյալ եզրահանգումների.
1. Ձեռագիր Ավետարանի մեջ հիշատակվող «նորահիմն» տերմինը կարող է նշանակել ինչպես նոր հիմնված, այնպես էլ` նորից հիմնված: Ենթադրության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ գրաբարում երբեք չի հանդիպում վերակառուցված կամ վերանորոգված տերմինը, իսկ նոր կառուցվածն ուղղակի արտահայտված է հիմնված, կամ շինված տերմինով, ուստի` նորահիմն ասելու կարիք չէր լինի, եթե բերդը նոր էր կառուցվում: Այս դեպքում գրաբարում ուղղակի կասվեր. «շինեաց բերդս Երևանու»: Եթե ասվածին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ ձեռագիրը նման տեղեկություններ պարունակող եզակի փաստաթղթերից է, ուրեմն հիմնավոր եզրահանգումներ կատարելու համար, կարելի է ասել, բավարար հիմք չի տալիս:
2. Պատմության հնագույն շրջանից ի վեր Երևանն ունեցել է իր բերդերը: Վաղ միջնադարյան Երևանի բերդը կարող էր լինել աշխարհագրական ամենահարմար դիրք ունեցող Հրազդան գետի բարձր սարալանջի վրա, քանի որ Վանի Արարատյան թագավորության անկումից հետո Էրեբունի և Թեյշեբաինի քաղաքների բնակիչները, տեղաշարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում նոր ջրային տարածքների` Գետառ և Հրազդան գետերի շրջակայքում: Համաձայնելով Կ. Ղաֆադարյանի հետ` կարծում ենք, որ միջնադարյան Երևանի բերդը պետք է փնտրել Կոնդում: Այստեղ կառուցված միջնաբերդի շուրջ փռված քաղաքն էլ այժմյան Երևանի Կենտրոն համայնքն է: Հետագայում` 16-րդ դարից առավել հայտնի Երևանի բերդը Կոնդի համալիրի մասն է կազմել: Եզրակացության հիմքում ընկած է ուսումնասիրողների այն կարծիքը, որ Երևանի բերդը ձգվել է դեպի հյուսիս-արևմուտք (Ե. Շահազիզ), ուրեմն իր աշխարհագրական դիրքով այն մոտ է եղել Կոնդին: Այդպիսի տեղեկություններ է մեզ թողել նաև Խ. Աբովյանն իր «Վերք Հայաստանի» պատմավեպում: Երևանի բերդի իր հայտնի նկարագրության մեջ նա գրում է. «…մեկ ոտքը Կոնդումը, մեկ ոտքը Դամուրբուլաղի գլխին դրած…» (Խ.Աբովյան «Երկերի ժողովածու», Երևան, 1984թ., էջ 68):
Պարզ է, որ միջնաբերդը և նրա մոտակայքը պետք է խիտ բնակեցված լինեին, իսկ հեռու ընկած տարածքները` ավելի քիչ: Այդպիսին էր Կոնդի միջնաբերդից դեպի հարավ, Հրազդանի բարձր սարալանջի հատվածը, որտեղ էլ 16-րդ դարից սկսած հարմարավետ տեղավորվեցին պարսիկները, հետո թուրքերը, ապա կրկին պարսիկները` հասնելով մինչև 19-րդ դարի սկիզբ: Կ. Ղաֆադարյանի կարծիքով միջնադարյան Երևանի բերդը զբաղեցրել է 16 հա տարածք, իսկ ինչպես գիտենք ուսումնասիրություններից` 19-րդ դարի բերդն իր շինություններով, զբաղեցրել է 7 հա տարածք: Բերդի չափերի մասին տեղեկություններ են թողել ռուսներն այն գրավելուց հետո` կատարելով առաջին չափագրումը և կազմելով հատակագիծը (В.М.Арутюнян, Л.М.Асратян, А.А. Меликян “Ереван”, Москва, 1968г., ст. 24): Ստացվում է, որ եթե մեծացնենք նրա տարածքը դեպի հյուսիս շարժվելով` կհասնենք Կոնդ:
3. Երևանի բերդի պատմության ուսումնասիրության ընթացքում հետաքրքիր մի երևույթ նկատեցինք: Միջնադարից, թերևս 16-րդ դարից սկսած, երևանցիները կարծես խուսափել են բերդը քաղաքի հետ մեկ ամբողջություն ընդունելուց: Օտար նվաճողների նստավայր դարձած այդ տարածքը որպես բանտ է ընկալվել մեր համաքաղաքացիների կողմից ( պատահական չէ, որ ըստ Է. Աղայանի բացատրական բառարանի՝ բերդ բառի մյուս նշանակությունը բանտն է): Ասվածի լավագույն ապացույցը գտնում ենք դարձյալ Խ. Աբովյանի կողմից բերդի նկարագրության մեջ. «Լեռ քարափի վրա ցից գլուխը բարձրացնում, թամաշա ա անում հանդարտ, հազար գլխանի դևի պես, Երևանու հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած, սուր-սուր ատամները գլխին շարած…Պարսիկ նրան շինեց` խորամանկ, խաբեբա, թե օսմանցի նրա հիմքը դրեց կատաղի, անհաշտ, ոչ գիր կա, ոչ թարեղ: Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ ուղիղ չի գիտի, չի լսել…» (Խ.Աբովյան «Երկերի ժողովածու», Երևան 1984թ., էջ 68): Դարեր շարունակ օտարի լծի տակ գտնվելով, բերդն օտարացել էր ժողովրդից: Կարծում ենք` այս հանգամանքը նույնպես կարող էր պատճառ դառնալ նրա կառուցումը օտարին վերագրելու գործում: Թուրք- պարսկական պատերազմների ընթացքում 14 անգամ ձեռքից ձեռք անցած Երևանի բերդը պարսկական տիրապետության վերջին շրջանում (19-րդ դար) դառնում է արևելքում անառիկ բերդերից մեկը: Այդ ժամանակաշրջանում Պարսկաստանի թերևս ամենավտանգավոր ախոյանը ռուսական կայսրությունն էր: Վերջինիս դիրքերի ամրապնդումն արևելքում դուր չէր գալիս եվրոպական մեծ տերություններին` Ֆրանսիային և Անգլիային, որոնք էլ ամեն ինչ անում էին Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար: Այդ նպատակով նրանք ռազմական օգնություն էին ցույց տալիս պարսիկներին, օգնում զենքով, զինամթերքով: Նրանց զինվորական հրամանատարները Երևանի բերդը դարձրել էին անառիկ ամրոց: Մեծ դժվարությամբ` երկու պատերազմների ընթացքում (1804-1813թ.թ. և 1826-1828թ.թ.) երեք անգամ գրոհելով միայն, ռուսական զորքը գրավում է բերդը (1827թ. հոկտեմբերի 1 ): Երևանն ու ողջ Արևելյան Հայաստանն անցնում են ռուսական կայսրության տիրապետության տակ: Երևանի բերդը դառնում է ռուսական կայազորի բնակավայրը և երկրամասի իշխանությունների նստավայրը: Սակայն տասնամյակներ անց` 1864թ., ցարական կառավարության որոշմամբ, բերդը լուծարվում է (հեռահար հրետանու կատարելագործումով այդպիսի բերդերը կորցնում են իրենց ռազմավարական նշանակությունը) և աստիճանաբար լքվում, բայց նրա շինությունները, պարիսպները հասնում են մինչև 20-րդ դարասկիզբ: Այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը վերականգնում է իր պետականությունը: Թվում էր, թե Երևանի իշխանությունները կպահպանեին քաղաքի կյանքում այդքան մեծ դեր խաղացած պատմական հուշարձանը, բայց…: Բերդի ապամոնտաժումը շարունակվում է: Հայաստանի խորհրդայնացումից հետո Հնությունների պահպանության կոմիտեն իր հեղինակավոր կազմով (Ալ. Թամանյան, Աշխ. Քալանթար, Ն. Բունիաթյան և այլն), փորձում է փրկել հուշարձանը, սակայն բոլոր փորձերն անցնում են ապարդյուն: Ազգային արխիվում պահպանվել են Ժողկոմխորհին ուղղված բազմաթիվ զեկուցագրեր, որտեղ կոմիտեի կազմած հանձնաժողովը խնդրում է. «…կարգադրել առանձնացնելու դրանց` բերդի ներսում պահպանված կառույցները, իբրև հնագիտական արժեքներ, հանել ռազմական կոմիսարիատի իրավասությունից և դնել Հնությունների պահպանության կոմիտեի իրավասության տակ» (Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց.1, գ.16): Կոմիտեն բազմիցս հայտնել էր իր մտահոգությունն այն հարցում, որ. «Ինչպես հուշարձանն, այնպես էլ նրա պատմական տարածքը բավարար չափով ուսումնասիրված չեն…»(Նույն տեղը – ֆ.1063, ց.1, գ. 104): Այս ամենի մասին նշելով` միտում ունենք ցույց տալու բերդի պատմական տարածքում լուրջ հնագիտական պեղումների բացակայությունը, առանց որի, առանց տարածքի լուրջ ուսումնասիրության, հուշարձանի հնության, կառուցման ժամանակի մասին եզրակացություն անելը` ինչ խոսք, հնարավոր չէ:
Երևանի բերդն ամբողջովին քանդվում է, իսկ նրա տեղում կառուցվում «Արարատ» տրեստի գինու գործարանը: Երևանցիներն իրենց բերդը համարելով բռնակալության խորհրդանիշ` այնքան էին օտարացել նրանից, որ չփորձեցին պահպանել գոնե որպես պատմական հուշարձան:
Ընդհանրացնելով մեր ուսումնասիրությունները` կարող ենք ասել. եթե խոսում ենք Երևանի բերդի կառուցման ժամանակաշրջանի մասին, ապա պետք է հասնենք հեռավոր միջնադար և փնտրենք վաղ միջնադարում, Կոնդի բերդի հարավային հատվածում` նրա հետ մեկ ամբողջության մեջ: 16-րդ դարից այդ հատվածը դժբախտաբար առանձնացվում և օտար նվաճողների կողմից դարձվում է նստավայր, իսկ հետագայում` 18-19-րդ դարերում, նաև անառիկ բերդ` Երևանցիների համար հավերժ մնալով որպես բռնակալության խորհրդանիշ:
Իսկ ինչ վերաբերվում է Ֆարհադ փաշայի կողմից պարիսպներ կառուցելուն, Զալ խանի, կամ Հուսեյն Ղուլի խանի (Երևանի վերջին խանը) վերակառուցումներին, ապա դրանք ընդամենը դրվագներ են Երևանի բերդի պատմության մեջ:
Սուսաննա Հարությունյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող
«Երևան-3» գիտաժողովի նյութեր