Ինչու էր երևացող տեղ դրվում պնղձե սպասքը, ինչպես էին համադրվում արևմտյանն ու արևելյանը, ովքեր ունեին «Զինգեր» կարի մեքենա. ուսումնասիրում ենք նախախորհրդային Երևանի ունևոր բնակիչների տների ինտերյերի բաղադրիչները՝ Երևանի պատմության թանգարանի նմուշների հիման վրա:

Պարսկական տիրապետության տարիներին Երևանում տները կառուցված են եղել ընդարձակ ծաղկանոցներով և շատրվաններով զարդարված բակերի մեջ. գրեթե բոլորն իրենց տների առջև կամ շուրջը պարտեզներ ունեին՝ դարավոր ընկուզենիներով ու թթենիներով: Հայտնի է նաև, որ տները կառուցված էին այնպես, որ փողոցից ուշադրություն չգրավեն, իսկ առավել մեծ արժեք ունեին քաղաքի կենտրոնից հնարավորինս հեռու գտնվողները՝ պարսիկների աչքը ավելորդ անգամ չգրգռելու համար: Նույն պատճառով տներն իրենց ճակատով հիմնականում նայում էին դեպի բակն ու պարտեզը և փողոցների վրա արտաքուստ լուսամուտներ բոլորովին չունեին կամ շատ քիչ, այն էլ՝ նեղ ու փոքր: Սենյակները գլխավորապես լուսավորվում էին մեծ, կամարաձև լուսամուտներով՝ վեր ու վար քաշվող գույնզգույն ապակիներով, զարդարված փեղկերով, որոնք զբաղեցնում էին տան համարյա ամբողջ ճակատի մասը:

XIX դարում իրավիճակը մի փոքր փոխվեց, հարուստները սկսեցին տեղափոխվել քաղաքի կենտրոնական փողոցները: Երևանի պատմության թանգարանում վերականգնված են ունևոր երևանցիների տներին բնորոշ սենյակներ:

Դեկորատիվ ափսեներ
XX դարասկզբին ընդունված էր հյուրասենյակի պատերին լուսանկարներ կախել: Երբեմն տան բնակիչների դիմանկարները նաև այլ կերպ էին ցուցադրվում, օրինակ՝ դեկորատիվ ափսեների վրա դաջված: Այս ափսեները հայտնի կոնդեցի մեծահարուստ Աղամալովների ընտանիքի հավաքածուից են, պատկերված է Աղամալովի մայրը:

Սեղան, աթոռներ
Պահածոների գործարանի հիմնադիր, գործարար Էսապովի տան կահույքից:

Ինքնաեռ
Բնականաբար, հին Երևանում չէր կարող չզգացվել նաև ռուսական ազդեցությունը. մինչ սուրճի ներխուժումը երևանցիների կյանքը (այդ ըմպելիքի մասսայականացումը տեղի ունեցավ միայն XX դարի կեսերից) քաղաքում ավելի շատ թեյ էին խմում, և ռուսական ինքնաեռները սովորական տարր էին գրեթե բոլորի տներում:

Բազմոց
Պատկանել է հայտնի գինեգործ Մուսինյանցին:

«Զինգեր» կարի մեքենա


Նախահեղափոխական Երևանի բոլոր ունևոր տներում կարելի էր հանդիպել հանրահայտ գերմանական կարի մեքենաները: Բրենդն այնքան տարածված էր, որ գոյություն ուներ անգամ օգտագործման ձեռնարկ՝ հայերեն լեզվով:

Լվացարան
19-րդ դարավերջի, 20-րդի սկզբի թանկարժեք ֆրանսիական լվացարան-հայելի ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ:

Պղնձե սպասք


Հատուկ կարևորություն էր տրվում պղնձե, զարդանախշերով հարուստ սպասքին, այնպես, ինչպես խորհրդային տարիներին, այսպես կոչված՝ «սերվիսներն» էին դրվում ամենաերևացող տեղում:

«Ողբացող Մայր Հայաստան»
Նկարիչ Ջանիկ Արամյանի «Ողբացող Մայր Հայաստան» կամ «Հայաստանի փլատակները» գրավյուրայի (1861թ.) հիման վրա արված գոբելեններ կարելի էր հանդիպել շատ երևանյան տներում: Այս ստեղծագործությունը, ի դեպ, հիշատակվում է նաև Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում՝ Հովհաննես Աղայի տան նկարագրության մեջ (վեպի գործողությունները, հիշեցնենք, ընթանում են Վանում):

Շիրմա


Եղած սենյակների թիվը շատացնելու հարցը Երևանում միշտ սուր է դրված եղել: Շատ տներում կային շիրմաներ, որոնց միջոցով հյուրասենյակում, օրինակ, կարելի էր տեղ առանձնացնել ու վերածել այն հավելյալ ննջասենյակի:

Գորգ
Չնայած ընդհանուր եվրոպականացման, ոչ մի երևանյան տուն իր վերջնական տեսքը չէր ստանում առանց ավանդական գորգի, որը կարող էր փռվել հատակին կամ կախվել պատից:

Կահույք
Մինչև եվրոպական կահույքի տարածումը Անդրկովկասում, այդ թվում նաև Երևանում, իշխողը ժողովրդական կահկարասին էր: Պահպանելով իր ազգային առանձնահատկությունները, Երևանի կահույքագործությունը 19-րդ դարի կեսին որոշակի առաջընթաց էր ապրել և հարմարեցվել ժողովրդի կենցաղին: Սակայն Եվրոպայում արդեն աշխարհահռչակ վարպետների նախագծերով ստեղծված կահկարասին 19-րդ դարի վերջերին ներթափանցում է Անդրկովկասի քաղաքները: Երևանի կահույքագործները անմիջապես արձագանքել են այս իրադարձությանը և սկսել ոչ միայն մեծ վարպետությամբ վերարտադրել ներմուծված կահույքի նմուշները, այլև դրանցում ժամանակ առ ժամանակ ավելացնել հայկական զանազան տարրեր ու զարդանախշեր:

Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի
evnmag.com