Երևանը լուսանկարչական արվեստում

«Պատմական միջավայրի պահպանության և պատմամշակութային արգելոց-թանգարանների ծառայություն» ՊՈԱԿ-ի հավաքածուից

Հայ լուսանկարչական արվեստի ուրույն ճյուղերից է պատմական հուշարձան-ների լուսանկարումը, որն ունի երկարամյա պատմություն և իր սկզբնավորմամբ պարտական է Արամ Վրույրի ուսուցչին` Հովհաննես Հյուրքչյանին (1) (Քյուրքչյան -1851-1903)։ Պատմական ճարտարապետական հուշարձանների լուսանկարման ամենակարևոր սկզբունքը լուսագրված հուշարձանը մասնագետին «ընթեռնելի» դարձնելն է, որի համար անչափ կաևոր է դիրքի, լույսի ու ստվերի ճշգրիտ ընտրությունը, որպեսզի լիովին արտահայտվեն հուշարձանի ձևը և ծավալը: Այս և շատ կարևոր այլ սկզբունքներ իրենց աշխատանքում կիրառել են Արամ և Արտաշես Վրույրները:

Արամ Վրույրը (Արամ Մաքաշչյան, 1863-1924) բեմական ու գրական գործունեությանը զուգընթաց, շուրջ երեք տասնամյակ զբաղվել է լուսանկարչությամբ: Որդիների` Արայի և Արտաշեսի հետ մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին (Անի, Գառնի, Վան և այլն)2։

Ահա թե ինչ է գրել Արտաշես Վրույրն իր լուսանկարչական գործունեության շարժառիթների մասին. «Արժե սովորել այն ամենը, ինչ որ մեզ մոտեցնում է անցյալին, վերակենդանացնել այն, և պատմական անունները ներկայացնել մեզ ոչ իբրև մեռյալ անուններ, այլ իբրև կենդանի մարդիկ: Արժե սովորել այն ամենը, ինչ հնարավորություն է տալիս մեզ տեսնել այդ պատմության կենդանացած անձանց հոգու խորքը: Արժե գիտենալ այն բոլորը, ինչ օգնում է մեզ ավելի մոտիկից ըմբռնել, որ մենք երբեք կտրված չենք մինչև իսկ հեռավոր անցյալից, որ մենք` նրանց ուղղակի ժառանգներս, չվճարված պարտքեր ունինք վճարելու, և մենք պարտական ենք մեր շնորհակալության պարտականությունը նրանց, որոնց համար երկրային վարձատրություն այլևս գոյություն չունի: Մենք նրա համար ենք ապրում, որպեսզի շարունակենք հազար տարիներ առաջ սկսված աշխատանքը, և որպեսզի մեր այդ աշխատանքր գիտակցաբար և արժանավոր կերպով կատարվի»(3):

Դժբախտաբար, Վրույրների լուսանկարչական ժառանգությունն ամբողջությամբ մեզ չի հասել: Մի մասը, որ Արամ Վրույրը 1909 թ. տարել էր Կ. Պոլիս, հանգամանքների բերումով այդպես Էլ մնացել է այնտեղ ու կորել, իսկ մի մասն էլ անհետացել է 1917 թ.՝ Անիի գիտարշավի բազմաթիվ նյութերի հետ միասին:

Այդուհանդերձ, որոշ նյութեր հասել են մեզ: Ըստ ուսումնասիրող Ա. Շահնազարյանի՝ դրանց մի մասը պահվում էր ՍՍՀՄ ԳԱ Հնագիտության ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքի (այժմ` ՌԴ ԳԱ արխիվի Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղ) ֆոտո արխիվում, Հայաստանի պատմության պետական թանգարանում, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին աոընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչությունում, Ճարտարապետների միությունում, ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտում, ճարտարապետ Մ. Մազմանյանի անձնական արխիվում(4):

1981 թ. Արտաշես Վրույրն իր հոր ֆոնդի մի մասն էլ հանձնել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: 1988-ին այն տեղափոխվել է «Արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիայի»(5) սևանկարների ֆոնդ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ապակե սևանկարների շուրջ 9000 միավորից բաղկացած հավաքածուն ընդգրկում է Արտաշես և Արամ Վրույրների, Գուրգեն Պարոնյան-Հովսեփյանի (Գուրոսի) կողմից XX դարի 20-50-ական թթ. կատարված աշխատանքները: Հիմնականում դրանք 18×24 սմ չափի են, կան նաև 13×18 և 9×13:

Դրանց մի մասը տեղեկատվություն են պարունակում բնակչության կենցաղի վերաբերյալ և մասամբ հրատարակված են(6): Հավաքածուի սևանկարների մեծ մասը պատկերում է տարբեր տարածաշրջանների, այդ թվում՝ Երևանի հուշարձանները:

Պահպանված սևանկարները գիտաճանաչողական մեծ արժեք ունեն` ոչ միայն հնարավորություն են տալիս հետազոտողին այսօր պատկերացում կազմել հայկական ճարտարապետական հուշարձանների դիրքի ու կառուցվածքային առանձնահատկությունների, այլև դրանց մի զգալի մասը ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով կործանված կամ նախնական տեսքը կորցրած (հավելված 1), կամ արմատապես փոխված (հավելված 2) կառույցների ներկայիս միակ վավերագրերն են: Կառույցների ստվար մասը դեռ ճանաչելի են (հավելված 3):

Ապակե սևանկարների մեծաքանակ հավաքածուների պահպանումն ու օգտագործումն առանձնահատուկ խնդիր է թանգարանների համար: Անհանգստացնում է դրանց ֆիզիկական պահպանվածությունը: Գրեթե բոլորի վրա առ-կա են Էմուլսիոն շերտի քերծվածքներն ու վնասվածքները, մի մասն ունի ճաքեր, կոտրվածքներ: Ընդ որում՝ 1940-1950-ական թթ. ստեղծված սևանկարների պահպանության վիճակը շատ ավելի վատ է, քան 1920-ականների վերջի և 1930-ականներինը, ինչը պայմանավորված է հետպատերազմյան ժամանակաշրջանում լուսանկարչական նյութերի արտադրության տեխնոլոգիայի անխուսափելի շեղումներով:

Փաստավավերագրման նյութերի, այդ թվում սևանկարների ֆիզիկական պահպանվածությունն անընդհատ վատթարանում է:

Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ բնօրինակից ստացված յուրաքանչյուր հաջորդ պատճենը որակով զիջում է նախորդին, որոշ տեղեկություն կորստի է մատնվում:

Առավել արժեքավոր թվային պատճենների, ապահովագրական ֆոն-դի ստեղծման խնդիր կա, ինչը հնարավորություն կընձեռի տեղեկատվությունն արագ փոխանցել ուսումնասիրողներին` բացառելով բնօրինակի օգտագործումը: Նշենք նաև, որ այդ առարկաները կարող են միայն պատճենահանվել, իսկ համակարգչային մշակումը կարելի է կատարել միայն դրա անհրաժեշտության դեպքում` ցուցահանդեսների պաստառների, բուկլետների և այլնի տպագրության համար: Սակայն այսօր որոշ կրկնօրինակներ ստեղծելիս մաքրվում են, վերացվում` «ավելորդ մասերը», որոնք ամբողջովին զրոյացնում են առարկայի թանգարանային նշանակությունը, մշակութային արժեքը(7):

Հավելված 1

1-1338

Բնակելի տան ճակատ, Ֆրիկի փող 2, կառուցված է քարից XIX դ. սկզբին, երեսպատված աղյուսով: Հյուսիս-արևմուտքից, գլխավոր ճակատի կողմից առաջին հարկը կիսագետնափոր էր: Բակի կողմից երկհարկանի ճակատը լուծված էր երկհարկ պատշգամբով: Հյուսիսարևելյան կողմից տանը կից էր տնտեսական կցաշենքը: Ճակատի հորինվածքը խիստ սիմետրիկ է: Տան փոքր-ինչ ծանրանիստ որմնախարիսխն ամուր հիմք է ամբողջ ճակատի համար (8):

1-1207

Սբ Սարգիս եկեղեցի, գտնվում էր քաղաքի կենտրոնի հարավային մասում, Հրազդանի ձախափնյա ձորեզրին, նախկին Ձորագյուղ թաղում: Հիմնադրման ժամանակը ստույգ հայտնի չէ. հավանաբար կառուցվել է 1453 թ.: Եղել է Ձորագյուղի, ապա Երևանի թեմական առաջնորդարանի եկեղեցի: Ավերվել է 1679 հունիսի 4-ի երկրաշարժից և վերակառուցվել Նահապետ Ա կաթողիկոս Եդեսացու գահակալության տարիներին (1691-1705): XIX դ սկզբին եկեղեցին խարխլվել է, և Արարատյան թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոս Շախաթունյանցը Հովհ. Կարբեցի կաթողիկոսի հրամանով լրիվ քանդել է այն: Նույն տեղում 1835-1842 թթ. կառուցվել է ավելի մեծ չափերի քառամույթ գմբեթավոր նոր եկեղեցի: 1971-1976 թթ. վերակառուցվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքչյանի հովանավորությամբ` Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով (9):

1-1591

Գյուրջի քարավանատունը և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Եկեղեցին գտնվում էր ներկայիս Ամիրյան փողոցում, Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում։

1-1577

Լենինի հրապարակում եղած հին տների ընդհանուր տեսքը:

44-876: 1-1568; 1-1569; 1-1575

Լենինի հրապարակի տեղում եղած շենքերը:

1-1205

Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցը. 1869 թ. ի պատիվ Երևանի 1864-1869 թթ. նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի՝ կոչվեց Աստաֆևսկայա, բայց ժողովուրդն այն անվանում էր Աստաֆյան տարբերակով։

1-1195

Ղազի Մահմուդի փողոցը Կոնդում Կոնդ (Թափաբաշ)։ Նշանակում է երկայնաձիգ կամ բոլորակ բլուր։ Տարածվում էր քաղաքի արևմտյան մասում, որի սահմանը Հրազդան գետն էր։ Հյուսիսային սահմանը Կոզեռն բլուրն էր` համա-նուն գերեզմանատնով։ Կոնդից ներքև ընկած էր Ձորագեղ` Դարաքենդ թաղը, որ գտնվում էր Հրազդան գետի ձախակողմյան նեղ հովտում` զառիթափ լանջին։ Վարչականորեն այն Կոնդի բաղկացուցիչ մասն էր, որը նույնպես ուներ մի քանի ենթաթաղեր՝ Վերին թաղ, Ծիրանի թաղ և այլն։ Կոնդի բնակիչները հիմնականում կաշեգործ-արհեստավորներ էին (10):

1-1203

«Ֆանտազիա» բաղնիքը Ցախի հրապարակում, որը գտնվում էր Երևանի բերդի փողոցի լայն մասում, որտեղ կար շենքերով շրջապատված մի հրապարակ «Մեյդան» պարսկերեն նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակում էին կուտակում վառելափայտը (ցախը), որը կույտերով վաճառվում էր հենց տեղում(11): Հետագայում այստեղ կառուցվեց Ցախի փողոցը՝ Կարմիր բանակի (այժմ՝ Գրիգոր Լուսավորչի) փողոցին զուգահեռ:

44-344; 44-361

Տեսարաններ Ձորագյուղ թաղամասից (Դարաքենդ) «Դարա-Քյանդ»՝ պարսկերեն՝ Ձորագյուղ։ Զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա նեղ հովիտը:

44-352

Փանախանի (Ազիզբեկովի) այժմ Սախարովի հրապարակում:

44-360

Տուն Նորքում:

Հավելված 2

44-886

Մանկական երկաթուղի: 1936 թ. ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանը դրել էր այն հիմնաքարը, որի վրա կառուցվել էր «Փարոս» կայարանը։ Այն հետագայում վերանվանվել է «Հայրենիք»։ Նախատեսված էր մանկական երկաթուղին շահագործման հանձնել 1937 թ. նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության տարեդարձի օրը: Սակայն պաշտոնապես բացվել է 1937թ. հուլիսի 6-ին։

1-1196

Կարմիր կամուրջը: Հնագույն միաթռիչք կամուրջ Երևանում, Հրազդան գետի վրա։ «Կարմիր» էր կոչվել, քանի որ այն կառուցված էր կարմիր տուֆից։ Կարմիր կամուրջը կոչվել է նաև Խոջա-Փիլավի կամուրջ՝ ի պատիվ քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի, որը ֆինանսավորել էր կամրջի վերանորոգումը: Ռազմական նպատակներով օգտագործված այս կամուրջը պարբերաբար վերանորոգվել է, ինչի հետքերը տեսանելի են կառույցի որմնանցքի վրա: Ամենահիմնավորը եղել է 1830 թ.։ Վերակառուցվել է 1679 թ.՝ Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Երկարությունը 80 մետր է, բարձրությունը՝ 11։ Կամուրջն ունի կամարավոր բացվածքներ, որոնցից երկու կենտրոնականները մեծ են, և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր։ Դրանց միջով անցնում են մոտակա հանդամասերը ոռոգող ջրանցքները։

Կապել է Երևանի բերդն Արարատյան դաշտին (այժմ Նոյ կոնյակի-գինու  գործարանի մոտակայքում)։ Նախկինում դրա վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտներ ու հեծյալներ։ Այս կամրջով է անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Կարմիր կամուրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ XX-րդ դարում կամուրջը փլուզվել է։

44-356; 44-357

Կապույտ մզկիթի մինարեթը: Հուսեն-Ալի-խանի մզկիթ կամ Կապույտ մզ-կիթ կամ Գյոյ-մզկիթ: Կառուցվել է Երևանի կիսանկախ սարդար, 1766 թվականին՝ պարսկական տիրապետության շրջանում, Երևանի խանության կուսակալ սարդար Հուսեին խանի հրամանով(12):

44-882

Պուրակ (այժմ Աբովյանի): Ձևավորվել է 1950 թվականին, գտնվում է Աբովյան փողոցի հյուսիս-արևելքում՝ սկզբնամասում։ Փողոցը եզրափակող բոլորաձև հրապարակ է, որի կենտրոնում այժմ տեղադրված է Խաչատուր Աբովյանի հուշարձանը:

44-889

Աբովյանի արձանը:

44-881

«Արարատ» կոնյակի գինու գործարանի բակը:

1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը, հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N 1 գործարանը։ 1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, Երևանի կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին(13)։

Հավելված 3

44-884

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ բացվել է Երևանի պետական համալսարանը։ 1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։

44-885

Տուն հրապարակում (այժմ Սախարովի):

Շենք, որտեղ 1918-1920 թթ. գործել է Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, կառուցվել է 1905 թվականին: 1905-1917 թթ. այս շենքը ծառայել է որպես Երևանի նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր, և այստեղ է գտնվել նաև նահանգապետի բնակարանը: 1918-1920 թթ. այս շենքում է գործել արդեն Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը (կենտրոնական գործադիր կոմիտե): 1960-ական թվականներից այստեղ շուրջ երեք տասնամյակ գործել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն՝ և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունը: Դեռ խորհրդային տարիներին, պահպանելով ընդհանուր ճարտարապետական ոճը, շենքին կից ավելացվեց ներկայիս Մելիք-Ադամյան փողոցի հատվածը: Իսկ արդեն 2006-2010 թթ. շենքի և՛ պատմական հատվածը, և՛ կից կառույցը ներսից հիմնովին վերակառուցվեցին, և շենքի արտաքին տեսքը պահպանելով՝ ավելացվեցին վերնահարկեր: Ներկայումս այս շենքը բիզնես կենտրոն է:

ԼԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և
պատմական միջավայրի պահպանության ծառայություն»

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Շահնազարյան Ա., Արտաշես Վրույրի արխիվը, ԼՀԳ, 1980, N 5 /112/, էջ 112:
  2. Վրույր Ա., Արամ Վրույրի «Ջուղա» հնագիտական անտիպ ակնարկը // ՊԲՀ, N 4, Երևան, 1967, էջ 169-180:
  3. Վրույր Ա., Անիում, Երևան, 1979, Էջ 14:
  4. Շահնազարյան Ա., Արտաշես Վրույրի արխիվը, ԼՀԳ, 1980, թիվ 5 /112/, էջ 114:
  5. Իրավահաջորդն է` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
  6. Լիսիցյան Ս., Զանգեզուրի հայերը, Երևան, 1969:
  7. Семечкин П.А., Воеводченкова Е.Б., Сканирование негативов на стеклянном носителе. Создание электронного архива фотодокументов. http://art-con.ru/node/1748:
  8. Մելքոնյան Ռ., Հին Երևանի ժողովրդական բնակարանների ճարտարապետությունը, Եր., 2007, Էջ 11, 85-88:
  9. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան, 2003: Օրբելյան Գ., Հին ու նոր Երևան, գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, , 2009, էջ 43։
  10. Օրբելյան Գ., Հին ու նոր Երևան, գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, 2009, էջ 23։
  11. Օրբելյան Գ., Հին ու նոր Երևան, գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, 2009, էջ 25։
  12. Օրբելյան Գ., Հին ու նոր Երևան, գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, 2009, էջ 71։
  13. Օրբելյան Գ., Հին ու նոր Երևան, գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, 2009, էջ 183-185։