Բարեգործությունը և բարեգործական կազմակերպությունների գործունեությունը Երևանում

19-րդ դարավերջ և 20-րդ դարասկիզբ

Բարեգործությունը հայոց մեջ տարածված է եղել վաղնջական ժամանակներից: Երևույթը հատկապես մեծ տարածում ստացավ քրիստոնեության ընդունումից հետո: Հայոց եկեղեցին դարեր շարունակ եղել է բարեգործական զանազան ձեռնարկների նախաձեռնողն ու իրականացնողը: Հայկական թագավորությունների գոյության շրջանում բազմաթիվ բարեգործական բնույթի հաստատություններ ստեղծվել և պահպանվել են նաև պետական միջոցներով: Իրենց բարեգործություններով հայտնի են եղել նաև շատ թագավորներ, թագուհիներ, հոգևոր դասի և իշխանական տների ներկայացուցիչներ(1):

Հետագայում, երբ արդեն գոյություն չուներ հայկական կենտրոնացված պետականություն, բարեգործական ձեռնարկները հիմնականում, բացի Հայոց եկեղեցուց, սկսեցին իրականացվել ունևոր անհատների և վաճառականների կողմից: Իսկ արդեն 19-րդ դարի սկզբներից հայ իրականության մեջ սկսեցին ձևավորվել բարեգործական բնույթի առաջին կառույցները, որոնք, բացի սոցիալական ուղղվածությունից, իրականացնում էին նաև զանազան կրթական, մշակութային բնույթի ձեռնարկներ:

Արևելյան Հայաստանը և Երևան քաղաքը ռուսական կայսրության կազմն անցնելուց հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին քաղաքի հասարակական և սոցիալական կյանքի զարգացման համար: Երևանի հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց 19-րդ դարի կեսերից սկսած քաղաքում ակտիվանում են բարեգործական բնույթի ձեռնարկները, իսկ արդեն 1880-ական թվականների սկզբներից, անհատ բարեգործների կողքին, Երևանում սկսում են ձևավորվել առաջին բարեգործական հասարակական կազմակերպությունները:

Այդ շրջանում բարեգործական նպատակներով կազմակերպվում են նաև բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապես թատերական ներկայացումներ, ժամանցային տարբեր երեկոներ, բալեր, ամանորյա տոնածառեր և այլն: Բարեգործական նպատակներով կազմակերպվում են նաև զանազան վիճակախաղեր, որոնցից ստացված եկամուտներն ուղղվում էին Երևանի տարբեր դպրոցների ֆինանսական կարիքները հոգալուն(2):

Երևանցի շատ մեծահարուստներ հատկապես կարևորում էին կրթության բնագավառում իրականացված բարեգործական ձեռնարկներ:

1837 թվականին հիմնված Երևանի հայոց հոգևոր թեմական դպրոցը համարվում էր Երևան քաղաքի նյութապես ապահովված ուսումնական հաստատություններից մեկը: Դպրոցի միջոցները, բացի անմիջականորեն եկեղեցուց տրամադրված աջակցությունից, ձևավորվում էին նաև նվիրատվությունների միջոցով, որոնց չափերը ժամանակի համար հաճախ բավականին պատկառելի գումարներ էին կազմում: Օրինակ, 1902 թվականին հայ մեծահարուստ Ներսես Թաիրյանը իր ողջ շարժական և անշարժ կարողությունը կտակեց թեմական դպրոցին (3):

Երևանցի մեկ այլ մեծահարուստ՝ Ղևոնդ Ղազարյանը, սեփական միջոցներով 1877 թվականին կառուցում է Երևանի կրթական կյանքում կարևոր դերակատարում ունեցած ուսումնական հաստատություններից մեկի՝ Գայանյան օրիորդաց դպրոցի շենքը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու բակում՝ Աստաֆյան և Դոկտորսկայա փողոցների անկյունում (4): Ի դեպ, վերջինս, երբ 1880ական թվականներին ակտիվորեն քննարկվում էր Երևանը խմելու ջրով ապահովելու հարցը, պատրաստակամություն է հայտնում Քառասուն աղբյուրներից դեպի Երևան ջրատար կառուցելու համար նվիրաբերել 10 հազար ռուբլի (5): Մեկ այլ երևանցի մեծահարուստ Տիգրան Աֆրիկյանը ևս մշտապես աջակցություն էր ցուցաբերում Երևանում գործող դպրոցներին, մասնավորապես վերջինս տարեկան 1000 ռուբլի էր հատկացնում Երևանի Մարիամյան դպրոցին (6), միջոցներ էր տրամադրում նաև Երևանի թեմական դպրոցին: Տիգրան Աֆրիկյանը իր նվիրատվություններով մասնակցում էր նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերության իրականացրած ձեռնարկներին (7):

Բարեգործներից հավաքված միջոցներով Դոկտորսկայա փողոցում՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու դիմաց, 1907-1908 թվականներին սկսվում են նաև կանանց համար նախատեսված արհեստանոցի շենքի կառուցման աշխատանքները (8): Երևանի կրթական հաստատությունների, հատկապես ծխական-եկեղեցական դպրոցների օգտին հաճախ էին կազմակերպվում նաև զանազան բարեգործական երեկույթներ և զբոսանքներ քաղաքի հասարակական վայրերում, զբոսայգիներում (9):

Անհատ երևանցի մեծահարուստների և նախաձեռնող խմբերի կողմից իրականացված բարեգործության նման օրինակների կարելի է հանդիպել բազմիցս:

Քննարկվող ժամանակաշրջանում դպրոցներին և ընդհանրապես կրթության գործին, բացի անհատներից, մեծ օժանդակություն էին ցույց տալիս նաև հայկական զանազան բարեգործական կազմակերպություններ, որպիսիք էին՝ Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը, Բաքվի կուլտուրական միությունը, Արամազդ ընկերությունը (10) և այլն: Իսկ 1911 թվականին Երևանում ստեղծվում է նաև մի ընկերակցություն, որի նպատակը համալսարաններում և այլ ուսումնական հաստատություններում սովորող անապահով երևանցի ուսանողներին աջակցություն ցուցաբերելն էր: Սկզբում այս ընկերակցությունը ուներ 40, այնուհետև 19 անդամ (11):

Բարեգործ երևանցիների ձեռներեցությամբ Երևանում կազմակերպվում էին նաև մշակութային միջոցառումներ: Նշենք, որ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Երևանում գործող սիրողական թատերական խմբերը իրենց ներկայացումները հաճախ տալիս էին բարեգործական նպատակներով և գոյացած միջոցները տրամադրվում էին հօգուտ քաղաքում գործող ուսումնական հաստատությունների և անապահով աշակերտների կարիքների:

1878 թվականին Գայանյան օրիորդաց ուսումնարանի տեսուչ Հովսեփ ավագ քահանա Մելյանի նախաձեռնությամբ ուսումնարանին կից ժողովրդից հավաքված և բարերարների միջոցներով կառուցվում է երեք սենյականոց մի շենք, որը նախատեսված էր հատուկ թատրոնի խմբակի գործունեության համար: Այս թատրոնը որոշակի եկամուտներ էր ապահովում Գայանյան դպրոցին: Օրինակ 1881 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ այդ ուսումնական հաստատության այդ թվականի տարբեր աղբյուրներից չձևավորված 3575 ռուբլի գումարի մի մասը՝ 649 ռուբլի, գոյացել է թատերական ներկայացումներից (12): Թատրոնի բերած տարեկան եկամուտը առանձին տարիների հասել է մինչև 800-1000 ռուբլու (13): Բարեգործական թատերական ներկայացումներով Երևանում հանդես էին գալիս նաև հյուրախաղերով քաղաք ժամանած զանազան դերասանական խմբեր: Օրինակ, բարերար Գ. Երիցյանի ձեռներեցությամբ 1915 թվականի փետրվարին Երևանում թատերական ներկայացումներով հանդես է գալիս մի դերասանական խումբ, որի կազմում էին ժամանակի հայտնի դերասաններ Աբելյանը, Ավետյանը, Վրույրը, Ժասմենը (14) և ուրիշեր:

Երևանցի մեծահարուստների տրամադրած միջոցներով վերանորոգվում էին նաև քաղաքի հայկական եկեղեցիները, կառուցվում նորերը: Օրինակ, 19-րդ դարի վերջերին Երևանում հիմնված հայկական նոր գերեզմանատան՝ Մլերի եկեղեցին կառուցվում է երևանցի մեծահարուստ Գրիգոր Ամիրյանի կողմից (15):

Նորակառույց այս եկեղեցի հայտնի էր «Հայկական նոր գերեզմանատան եկեղեցի» անունով: Երևանցիների հանգանակած միջոցներով շուրջ երեսուն տարի տևած շինարարական աշխատանքներից հետո 1900 թվականին ավարտվում է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը: Եկեղեցու շինարարությունը տևել է բավականին երկար՝ շինարարության համար անհրաժեշտ միջոցների հանգանակության ձգձգման պատճառով (16):

Հաճախ է պատահել, որ որևէ հարուստ երևանցու մահվան դեպքում ի հիշատակ հանգուցյալի՝ որդիները կամ հարազատները նվիրատվությոններ են կատարել քաղաքի դպրոցներին ու որբանոցին (17), հաճախ նաև հոգեհացի կամ ծաղկեպսակի համար նախատեսված միջոցներն են բաժանվել այդ նպատակով (18): Իսկ առաջին աշխարհամարտի տարիներին անգամ լինում էին դեպքեր, որ երևանցիներն իրենց տոնական միջոցառումների համար նախատեսված միջոցներն էին տրամադրում բարեգործական նպատակներով: Օրինակ «Երևանյան հայտարարություններ» թերթի 1915 թվականի համարներից մեկում կարդում ենք. «… ի գիտութիւն իմ բոլոր ազգականների, բարեկամների և ծանօթների, որ ամսոյս 17-ին լինելիք իմ տօնակատարութեան փոխարէն նւիրում եմ 2 րուբլի տեղւոյս Հայկական Հիւանդանոցին» (19): Նմանատիպ բարեգործական ձեռնարկների բազմաթիվ այլ օրինակներ կարելի է հանդիպել Երևանի ժամանակի մամուլում:

Հաճախ տարբեր հաստատությունների՝ որբանոց, հիվանդանոց, օգտին բարեգործական նվիրատվություններ էին կատարում ոչ միայն անհատները, այլև Երևանում գործող արհեստավորական համքարությունները՝ իրենց բոլոր անդամներով հանդերձ (20):

Ինչպես արդեն նշվեց, 1880-ական թվականների սկզբներին Երևանում սկսում են հիմնվել առաջին բարեգործական կազմակերպությունները:

1882 թվականի փետրվարի 15-ին Կովկասի հայոց բարեգործական ընկերության (21) խորհրդին են դիմում 18 երևանցի երիտասարդներ (22): Վերջիններս հայտնում են, որ Երևանում քսանից ավելի երիտասարդներ ժողովներ են գումարել և որոշել են ձեռնամուխ լինել ժողովրդի լուսավորության գործին և որ իրենց նպատակն են համարում «…հայ հասարակ ժողովրդին ծանօթացնելու, մօտեցնելու, բարեկամացնելու, սիրահարացնելու գրքին…» (23): Այս նպատակի իրագործման համար երևանցի երիտասարդները Բարեգործականի խորհրդին առաջարկում էին բացել տեղական մասնաճյուղ, սակայն պայմանով, որ այն լիակատար գործելու իրավունք ունենար:

Նշենք, որ այդ ընկերության նպատակն էր, ըստ սեփական կանոնադրության առաջին կետի՝ «…նպաստել լուսաւորութեան տարածմանը հայերի մէջ Կովկասում և Անդրկովկասում և օգնել նոցա նիւթականապէս» (24):

Նույն այդ կանոնադրությամբ այս բարեգործական ընկերությանը թույլատրվում էր ունենալ «Տեղական վարչություններ մասնաժողովներ» (25): Սակայն տեղական մասնաճյուղերին, այսպես ասած, «լիակատար ինքնուրույն» գործելու հնարավորություն կանոնադրությունը չէր նախատեսում: Ուստի առաջարկը մերժվում է: Սակայն երևանցիները չեն հրաժարվում Կովկասի հայոց բարեգործականի տեղական մասնաճյուղ ունենալու մտքից՝ հիմք ընդունելով այդ հաստատության կանոնադրության 47-րդ կետը:

Շուտով՝ 1882 թվականի հունիսի 7-ին, Երևանից ստացվում է 17 հոգու կողմից ստորագրված նոր գրություն: Այս անգամ Բարեգործականի խորհուրդը 1882 թվականի սեպտեմբերին որոշում է բավարարել երևանցիների խնդրանքը: Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղին անդամակցում է 49 երևանցի(26): Անդամակցելու համար սահմանվում է տարեկան 5 ռուբլի անդամավճար (27): 1883 թվականի հունվարին կայանում է առաջին ընդհանուր ժողովը (28), որը ղեկավարում է Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ Գևորգ եպիսկոպոս Սուրենյանցը: Ընտրվում է վարչություն, որի նախագահն է դառնում հայտնի բժիշկ Լևոն Տիգրանյանը (29): Սակայն առաջին տարիներին երևանյան մասնաճյուղի աշխատանքները համակարգված բնույթ չեն կրում, և այն աստիճանաբար դադարեցնում է իր գործունեությունը, որի հետևանքով Բարեգործականի խորհուրդը 1886 թվականին պահանջում է տեղական կառույցի կնիքն ու կարևոր փաստաթղթերն ուղարկել Թիֆլիս և այն համարել փակված:

Տեղական կառույցի աշխատանքների դադարեցմանը նպաստել է նաև ցարական իշխանությունների կողմից 1884 թվականին Երևանում ձեռնարկված գործողությունները, որ նպատակ ուներ բացահայտելու, այսպես ասած, ազգայնական հակացարական գաղտնի խմբակի՝ «Հայասեր-ազգասեր»-ի գործունեությունը, որին անդամակցության մեջ մեղադրվում էին Բարեգործականի տեղական կառույցի որոշ անդամներ, այդ թվում՝ բժիշկ Լևոն Տիգրանյանը (30):

Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի տեղական կառույցը կրկին վերաբացվում է 1888 թվականին, երբ Երևանի բնակիչներից 52 հոգի դիմում են Երևանի թեմի փոխթեմակալ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանցին՝ խնդրելով միջնորդել Թիֆլիսում գտնվող բարեգործականի խորհրդին երևանյան մասնաճյուղը վերաբացելու նպատակով: 1888 թվականի հունիսի 12-ին Սուքիաս եպիսկոպոսի գլխավորությամբ գումարվում է նոր ընդհանուր ժողով, որի ժամանակ ընտրվում է նոր վարչություն՝ բժիշկ Ալեքսանդր Սիմոնյանի նախագահությամբ (31): Այսուհետ Կովկասի բարեգործականի երևանյան մասնաճյուղն սկսում է կանոնավոր գործել և աստիճանաբար ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ արժանանալով երևանյան հասարակության վստահությանը:

Աստիճանաբար ավելանում է տեղական կառույցի անդամների թիվը եթե հիմնադրման առաջին տարիներին անդամների թիվը հասնում էր հինգ տասնյակի, 1893 թվականին՝ 220, իսկ 1908 թվականին նրանց թիվը հասնում է 140-ի (32): Կովկասի հայոց բարեգործական ընկերության պատմությունը հետազոտած մեծանուն պատմաբան Լեոն այդ առթիվ գրում է. «Անդամների բազմութեան կողմից Երևանի ճիւղը երբեմն հաւասարվում է Թիֆլիսի կենտրոնին»(33):

Երևանի տեղական վարչությունը իր հավաքած միջոցներով իրականացնում էր զանազան բարեգործական, կրթամշակութային ծրագրեր, աջակցում էր գաղթականներին, սովյալներին, աջակցություն էր տրամադրում գյուղական դպրոցներին, նպաստներ էր նշանակում Երևանի դպրոցների անապահով աշակերտներին: Տեղական կառույցի առաջին ձեռնարկներից է Երևանում գրադարան-ընթերցարանի բացմանն ուղղված քայլերը: Այդ նպատակով հատկացվում է սկզբում 400 ռուբլի(34)՝ մինչ բացման թույլտվություն ստանալը:

Գրադարան-ընթերցարանի բացման համար նախատեսված գումարները հետագայում ավելանում են, սակայն տեղական կառույցի ջանքերը գրադարան-ընթերցարանի և թուրքահայ գաղթականների համար ապաստարան-աղքատանոց բացելու ուղղությամբ երկար ժամանակ չեն իրականանում՝ «…վարչութիւնից անկախ պատճառներով»(35): Տեղական կառույցի ձեռնարկներից հիշարժան է 1894 թվականին Երևանի նահանգում հացի խիստ թանկության պատճառով ստեղծված ծանր վիճակը հաղթահարելուն ուղղված գործողությունները, երբ ձեռք բերվեց 3335 փութ ցորեն, որը բաժանվեց կարիքի մեջ գտնվող 1000ից ավելի ընտանիքների թե՛ Երևանում և թե՛ Երևանի նահանգի գյուղերում՝ դրանով, փաստորեն, կանխելով վերահաս սովը: 20-րդ դարի սկզբներին կառույցը ընդլայնում է իր գործունեությունը: 1908 թվականին Երևանում տեղական կառույցը բացում է որբանոց, որը գտնվում էր Ցարսկայա փողոցում՝ 74 հասցեում (36): Նորաբաց այդ որբանոցում սկզբում ապաստան էին գտել 12 որբեր (37): Այս որբանոցին մշտապես ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում երևանցի մեծահարուստ Հարություն Շամիլյանցը: Որբանոցի օգտին կազմակերպվում են նաև տարբեր բարեգործական-ժամանցային միջոցառումներ:

Շուտով՝ 1909 թվականին, մասնաճյուղը ցանկանում է Երևանում կառուցել որբանոցի համար սեփական շենք: Շենքը պետք է կառուցվեր Անգլիական այգու մոտ, ոստիկանական վարչության կողքին՝ Բազարնայա փողոցում, մեծահարուստ Շամիլյանցի տրամադրած միջոցներով: Սակայն զարմանալիորեն քաղաքային վարչությունը և Երևանի նահանգապետը մերժում են այդ անչափ կարևոր առաջարկը՝ պատճառաբանելով որ որբանոցը կառուցվում է միայն Երևանի ազգությամբ հայ երեխաների համար, բացի այդ մերժման պատճառ է նշվում Երևանի ֆինանսական ծանր վիճակը, որի պատճառով քաղաքային իշխանությունները չեն ցանկանում քաղաքի կենտրոնում մի քանի հազար ռուբլի արժողությամբ հողակտորը անհատույց հատկացնել բարեգործական ընկերությանը (38):

Հետաքրքիր է, որ դեռևս 1907 թվականին երևանցի մեծահարուստ Հարություն Շամիլյանցը քաղաքային իշխանություննրին էր նվիրաբերել 14 հազար ռուբլի Երևան քաղաքի հայ որբերի համար որբանոց հիմնելու նպատակով: Այդ գումարը քաղաքային իշխանությունները դրել էին բանկում որպես ավանդ և արդեն 1915 թվականին գումարի չափը՝ իր տոկոսների հաշվին, արդեն մոտենում էր 24 հազարի (39), իսկ 1917 թվականին՝ անցնում է 25 հազարը (40):

Զարմանալի է, որ այդպես էլ ոչ միայն որբանոցի շենքը չի կառուցվում, այլև անգամ առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Երևանը լցված էր հազարավոր որբերով, քաղաքային իշխանությունները այդպես էլ չեն օգտագործում Շամիլյանի հատկացրած միոցները:

Բարեգործականի տեղական մասնաճյուղն իր միջոցներով Երևանում պահում էր բարեգործական անվճար թեյարան (41): Իսկ 1914 թվականից մասնաճյուղում սկսում է գործել նաև «Աբովյան» գրադարանը(42): Բարեգործականի կարևոր ձեռնարկներից էր նաև հայրենիք վերադարձող գաղթականներին նպաստի տրամադրումը, որը կարևոր դեր է խաղում սոցիալապես ծանր վիճակում գտնվող գաղթականներին հայրենիքում վերահաստատվելու հարցում: Իր ակտիվ գործունեության շնորհիվ Կովկասի հայոց բարեգործականը իրապես վայելում էր հասարակության վստահությունն ու հարգանքը: «Եթէ կայ մեզանում մի ընկերութիւն, որը աչքի է ընկնում իր համեստ, սակայն օգտաւէտ գործունէութեամբ և վայելում է ժողովրդի բուռն համակրանքը, այդ Կովկասի հայոց բարեգործական ընկ. տեղիս ճյուղն է»(43), գրում է «Խոսք» թերթը:

19-րդ դարի 80-ականների սկզբներին Երևանում ձևավորվում են նաև առաջին տեղական բարեգործական կառույցները: Այսպես, 1882 թվականի մարտի 30-ին Տ. Սրբուհի Խուդաբաշյանի տանը տեղի է ունենում ժողով քաղաքի մի շարք մտավորականների մասնակցությամբ: Ժողովը նախաձեռնում է հիմնադրել Երևանի հայ կանանց բարեգործական ընկերություն, և քննարկվում են հիմնադրվելիք կազմակերպության կանոնադրության դրույթները: Որոշվում է, մասնակի փոփոխություններից հետո օգտագործել Թիֆլիսի հայուհյաց բարեգործական ընկերության կանոնադրությունը: 1882 թվականի հունիսի 10-ին Ս. Գայանյան օրիորդաց դպրոցում տեղի ունեցած հավաքում կարդացվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դի կոնդակը Երևանի հայ կանանց բարեգործական ընկերության կանոնադրության հաստատման մասին: Այդ կառույցի պատվավոր նախագահն է դառնում Երևանի թեմի փոխանորդը: Ընտրվում են նաև վարչության անդամներ Տ. Սրբուհի Խուդաբաշյանը, Աշխեն Եղիազարյանը, Վառվառա Օրբելին, Աննա Բայարդինյանը և չորս հոգի որպես նրանց փոխարինողներ՝ Տիրուհի Մելիք-Աղամալյանը, Սաթենիկ Մելիք-Աղամալյանը, Սոֆյա Գեղամյանը և Սառա Վարդանյանը (44):

20-րդ դարի սկզբներին բարեգործական տարբեր ձեռնարկներն ավելի են շատանում Երևան քաղաքում: Դրանց թվում հիշատակելի է 1908 թվականին հիմնադրված Օգտակար գիտելիքներ տարածող Երևանի ընկերության (45) կողմից կազմակերպվող ամենամյա Տոնածառի հանդեսները (46) քաղաքի չքավոր երեխաների համար, որոնք տեղի էին ունենում կամ քաղաքային ակումբում, կամ էլ չինովնիկների ակումբում: Որբերի համար Տոնածառի հանդեսներ էր կազմակերպում նաև «Եղբայրական օգնության» Երևանի հանձնաժողովը(47):

Դժվար է ասել, որ երևանյան բարեգործական կառույցները նույնպիսի ակտիվություն էին դրսևորում ինչպես Թիֆլիսում գործող հայկական նմանատիպ կառույցները, բայց, այնուամենայնիվ, դրանք կարևոր իրադարձություններ էին Երևանի՝ իր ակտիվությամբ այնքան էլ աչքի չընկնող հասարակական կյանքում:

Բարեգործական կառույցների գործունեությունը և բարեգործական բնույթի ձեռնարկները Երևանում հատկապես ակտիվացան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի հենց առաջին ամիսներից սկսած Ռուսաստանի տարածք են ներթափանցում հարյուր հազարավոր արևմտահայ փախստականներ: Տասնյակ հազարավոր փախստականներ տեղակայվում են նաև Երևան քաղաքի տարածքում: Քաղաքային իշխանությունները և մի շարք հասարակական-բարեգործական կազմակերպություններ ձեռնամուխ են լինում Երևանում տեղակայված գաղթականների կարիքների լուծման գործին: Փախստականների թվի ավելացման հետ Երևանում ավելի է սրվում պարենի խնդիրը, սկսում է հացը չբավականացնել: «Ժողովուրդը հաց կուզէ, հաց կւ պօռայ ամէն կողմէ»(48), գրում է երևանյան «Աշխատանքը»: Պատերազմի հենց սկզբից ակտիվանում են թե՛ համառուսաստանյան և թե ՛ հայկական զանազան բարեգործական կազմակերպությունները, ստեղծվում են նաև նման նոր կառույցներ:

Առաջին աշխարհամարտի տարիներին, ինչպես Ռուսաստանի այլ հայաշատ քաղաքներում, Երևանում նույնպես ակտիվ էր Կովկասի հայոց բարեգործական ընկերության տեղի մասնաճյուղը: Կազմակերպության հիմնական խնդիրներից է դառնում Արևմտյան Հայաստանից եկող փախստականների աջակցության կազմակերպման հարցը (49): 1914 թվականի սեպտեմբերի 14-ին Թիֆլիսում տեղի է ունենում Կովկասի հայոց բարեգործական ընկերության և այլ նմանատիպ հաստատությունների համաժողովը, որը որոշում է ընդարձակել և միավորել ջանքերը վիրավոր զինվորների բուժման և նրանց ընտանիքների աջակցության հարցը լուծելու նպատակով (50):

Այս բարեգործական կազմակերպությունը փախստականներին սնունդով ապահովելու համար մի շարք քաղաքներում, այդ թվում Երևանում, բացել էր սպառողական խանութներ (51): Ակտիվորեն գործում էր նաև երևանյան կառույցը: Վերջինս բարեգործական միջոցառումներ էր կազմակերպում ոչ միայն վիրավորված զինվորականներին, այլև պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին, փախստականներին և որբերին աջակցելու նպատակով: Մասնավորապես, վերջինս երևանյան որբանոցի օգտին կազմակերպում է տարբեր բարեգործական-ժամանցային միջոցառումներ: Նման միջոցառումները հաճախ կազմակերպվում էին Անգլիական այգում, որոնց ընթացքում տեղի էին ունենում տարբեր ներկայացումներ, ըմբշամարտ, գործում էին սրճարաններ (52): Նման միջոցառումների մուտքը վճարովի էր, և հասույթը տրամադրվում էր բարեգործական նպատակներով:
1914 թվականի նոյեմբերի 30ին Երևանի Քաղաքային տան դահլիճում անցկացված երևանցի կանանց և օրիորդների խորհրդակցության ժամանակ էլ հիմնադրվում է «Հայ կամաւորական խմբերին օգնող հայուհեաց ընկերութիւն»-ը, որն անմիջապես ձեռնամոխ է լինում ռազմաճակատ մեկնող հայ կամավորներին օգնություն տրամադրելու նպատակով միջոցների հավաքման աշխատանքին (53): Համապատասխան միջոցներ հավաքելու նպատակով երևանցի կանանց այս կազմակերպությունը 1915 թվականին Աստաֆյան փողոցի վրա գտնվող «Օգտակար գիտելիքներ տարածող ընկերության» շենքում բացում է բարեգործական թեյարան՝ «Մի բաժակ թեյ» անունով (54):

Պատերազմի առաջին ամիսներին Երևանում գործող Բարեգործական ընկերություններից մեկը նախաձեռնում է հիմնել 30 մահճակալ ունեցող, այսպես կոչված, Հայկական հիվանդանոց վիրավոր զինվորների համար: Հիվանդանոցը ղեկավարելու էր հայ «…տիկնաց կազմից ընտրւած 20 հոգուց բաղկացած կօմիտեն», որոնցից էլ ընտրվել էր հինգ հոգուց կազմված նախագահություն՝ տիկին Անդրիասյանի գլխավորությամբ (55): Հիվանդանոցը տեղակայվելու էր Բարսեղ Եղիազարյանի տանը՝ Աստաֆյան փողոցում գտնվող «փառահեղ շինութեան վերի յարկում» և պահվելու էր բացառապես հայ բարերարների կատարած նվիրատվությունների հաշվին (56):

Անհատներից բացի, Հայկական հիվանդանոցի համար միջոցներ էին տրամադրում նաև Երևանում գործող ձեռնարկությունները, ինչպես օրինակ «Ամպեր» ընկերությունը, որը շահագործում էր Հրազդան գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանը, պարտավորվում է հիվանդանոցին տրամադրել անվճար հոսանք, իսկ «Երևանի ջրմուղի ընկերություն»-ը՝ անվճար ջուր (57): Հայկական հիվանդանոցի ստեղծմանը իրենց նյութական աջակցությունն էին ցուցաբերում նաև տասնյակ երևանցիներ, որոնց անունները և կատարած նվիրատվության մասին տեղեկատվությունը պարբերաբար տպագրվում էր երևանյան մամուլում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի նախաձեռնությամբ 1914 թվականին ստեղծվում է «Եղբայրական օգնության հանձնաժողովը» (58), որը կոչով դիմում է համայն հայությանը արևմտահայությանը օգնելու նպատակով (59): Շուտով այս հանձնաժողովի տեղական մասնաճյուղեր են ստեղծվում հայաշատ զանազան քաղաքներում: 1914 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի բոլոր եկեղեցիներում նշանակվում են ծխական ժողովներ, որի արդյունքում ստեղծվում է նաև երևանյան մասնաճյուղը Երևանի թեմի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի գլխավորությամբ (60): Կառույցի երևանյան մարմինն ուներ խորհուրդ՝ բաղկացած 25 անդամից, և տեղական մասնաճյուղեր (61): Նորաստեղծ կառույցին մշտապես նվիրատվություններ են կատարում տասնյակ-հարյուրավոր երևանցիներ (62):

«Եղբայրական օգնության» հանձնաժողովը ձեռնամուխ է լինում նաև որբախնամ գործունեության, բացվում են տասնյակ որբանոցներ, որոնցից հինգը հաստատված էին հենց Երևանում, որոնց աշխատանքները համակարգելու համար ստեղծվել էր 14 հոգուց բաղկացած որբախնամ վարչություն բժիշկ Արամ Գրիգորյանի գլխավորությամբ (63): Երևանում գտնվող այդ հինգ որբանոցներից առաջինը հիմնվել էր 1915 թվականի օգոստոսի 3-ին՝ 284 որբերով, գտնվում էր Դոկտորսկայա փողոցում: Երկրորդը բացվում է 1915 թվականի սեպտեմբերի 15-ին, ուր սկզբում տեղավորված էին 89 որբեր, այս որբանոցը գտնվում էր Մալյարսկայա փողոցում: Երրորդ որբանոցը հիմնադրվել է 1915 թվականի հոկտեմբերին Բեհբութովսկի փողոցում՝ 80 որբերով: Չորրորդ երևանյան որբանոցը, որը տեղակայված էր Վեքիլովսկի փողոցում, սկսում է գործել 1915 թվականի դեկտեմբերի 15-ից, որտեղ սկզբում հանգրվանել էին 21, հետո՝ 70 որբեր: Երևանի հինգերորդ որբանոցը գործում էր Երևանի որբախնամ վարչությունից դուրս: Այն Խորեն եպիսկոպոսի կարգադրությամբ ստեղծվել էր 1915 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Ս. Սարգիս եկեղեցու մոտակայքում: Այստեղ սկզբում կային 30 որբեր, որոնց թիվը կարճ ժամանակում հասնում է 110-ի (64): Այս որբանոցը սկզբում ծառայել է որպես կայան, որտեղ հավաքվում էին քաղաքում գտնվող որբերը, որոնք հետո տեղաբաշխվում էին Երևանի տարբեր որբանոցներում: Նշենք նաև, որ այս որբանոցներում գտնվողների թվով չէր սահմանափակվում Երևանում այդ շրջանում գտնվող արևմտահայ որբերի թիվը:

Կարևոր խնդիրներից էր նաև փախստականներին շինություններում տեղավորելու հարցը (65), որոնց մեծ մասն ապրում էր ուղղակի բաց երկնքի տակ: Երևանյան մամուլում տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ գաղթականներին աջակցության համար երևանցիների գլխավոր օգնությունը պետք է լիներ «անձնական աշխատանքը և բնակարան» տրամադրելը:

«Եղբայրական օգնության» երևանյան ենթահանձնաժողովներին հանձնարարվում էր գաղթականներին տեղավորելու նպատակով անմիջապես կազմել ազատ բնակարանների ցուցակը, իսկ ծխական դպրոցների շենքերը հարմարեցնել այդ նպատակով (66): 1915 թվականի սկզբին այս ենթահանձնաժողովներն արդեն ակտիվորեն ձեռնամուխ են լինում աշխատանքի: Քաղաքում գտնվող շատ դպրոցներ տարբեր ժամկետներով դադարում են գործել՝ վերածվելով որբանոցների և ապաստարանների, որի հետևանքով, խաթարվում է քաղաքի կրթական կյանքի բանականոն ընթացքը: «Մեր թեմական դպրանոցի իւրաքանչիւր սենեակը իւր մէջ պարունակում է այժմս մէկ մէկ գիւղ. այո՛, ամբողջ մի գիւղ այժմս մի սենեակում է ապրում: Մի զարմանաք, որովհետև այնտեղ չէք գտնիլ տղամարդիկ, այլ միայն ծերեր, կանայք և մեծ թւով անտէր երեխաներ՝ կենդանի դիակներ, որոնց հայրերը՝ որն ասկեար է թիւրքական բանակում, որն կամաւոր ռուսաց յաղթական բանակում և շատերն էլ անհետ կորած, հետևապէս զոհուած մեծ աղէտին» (67), ասված էր Ս. Կաթողիկե եկեղեցու ենթահանձնաժողովի հայտարարությունում, որը խիստ բնութագրական է ստեղծված իրավիճակի համար:

Երևանում գտնված փախստականներից 2500-3000-ը դպրոցական տարիքի էին (68), և խնդրահարույց հարց էր վերջիններիս ուսուցման կազմակերպման հարցը: Փախստական երեխաների համար առանձին դպրոցներ չեն բացվում, վերջիններս տեղավորվում են քաղաքի արդեն իսկ գործող դպրոցներում՝ հաճախ առանձին խմբերով կամ բաժիններով:

«Եղբայրական օգնության» երևանյան հանձնաժողովի նախաձեռնությամբ և աջակցությամբ 1915 թվականի դեկտեմբերի 1-ից Երևանում իր գործունեությունն է սկսում փախստականների հարցերով դատարանը՝ Գ. Շաղոյանի նախագահությամբ: Դատական նիստերը տեղի էին ունենում Երևանի առաջնորդարանի շենքում: Այս դատարանը բացի փախստականներին առնչվող զանազան դատական գործեր քննելուց, հանդիսացել է նաև որպես նոտար (69), որը փախստականներին տրամադրել է զանազան փաստաթղթեր ինքնության, ժառանգության, կտակի և այլ հարցերի վերաբերյալ: Փաստորեն այս դատարանը չի հանդիսացել պետական մարմին և չի ունեցել որևէ կարգադրիչ գործառույթ: Այն հանդիսացել է հասարակական հիմունքներով գործող մարմին, որն ավելի շատ գործել է փոխվստահության սկզբունքի հիման վրա: Այն ստեղծվել է զուտ հայ փախստականների հոգսերը թեթևացնելու և վերջիններիս մեջ առկա իրավական հարցերին կարգավորում տալու նպատակով: Երևանյան մամուլի վկայությամբ այս դատարանին հաջողվել է արդյունավետ կատարել իր վրա դրված գործառույթները:

Երևանում տեղակայված գաղթականների մի զգալի մասը վասպուրականցիներ էին, մասնավորապես վանեցիներ, որոնց մեջ քիչ չէին որակյալ արհեստավորները (70): Վանեցի արհեստավորների հոգսը թեթևացնելու համար հաճախ կազմակերպվում է ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Երբեմն որևէ բարեգործական կառույց արագացնելու համար գործընթացը ամբողջությամբ գնում էր ցուցահանդեսի բոլոր ձեռքի աշխատանքները՝ հետո դրանք մաս-մաս վաճառելու նպատակով (71): Այդ հարցում հատկապես ակտիվ էր Երևանում գործող «Վասպուրականի կանանց միությունը» (72): Նույն նպատակն էր հետապնդում 1916 թվականի հոկտեմբերին Երևանում կազմակերպված վանեցի փորագրիչ-ոսկերիչների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառքը (73):

Բարեգործական նպատակներով անհրաժեշտ միջոցներ հավաքագրելու հետաքրքիր ձև էր որդեգրել Երևանում գործող աղքատախնամ ընկերությունը, որը կազմակերպում էր ժողովրդական տարբեր միջոցառումներ, ինչպես օրինակ՝ «Ջան-գիլումը»(74), որը ժողովուրդը սովորաբար նշում էր Քրիստոսի Համբարձման տոնին: Իսկ երևանյան «Լեոն» լուսանկարչատունը, որը տեղակայված էր Ջանփոլադյանի թատրոնի շենքում, փախստականների համար սահմանել էր զեղչեր, իսկ եթե առկա էր «Եղբայրական օգնության» հանձնաժողովի կամ դրա ղեկավար Խորեն եպիսկոպոսի հանձնարարականը անվճարունակ չքավորների մասին, ապա լուսանկարչատունը նրանց լուսանկարում էր ամբողջությամբ անվճար (75):

Պատերազմի տարիներին հայրենիքին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվում են նաև մի շարք համառուսաստանյան կառույցներ, որոնք իրենց տեղական մասնաճյուղերն ունեին նաև կայսրության նահանգներում: Այսպես, 1914 թվականի օգոստոսի 89 Մոսկվայում տեղի է ունենում քաղաքապետերի համառուսաստանյան համագումար, որտեղ որոշվում է ստեղծել Վիրավոր և հիվանդ մարտիկներին աջակցության Համառուսաստանյան քաղաքային միություն (76): Բնականաբար, Երևանը ևս Կովկասի քաղաքների միության կազմում անդամակցում էր այդ կառույցին և իր ակտիվ մասնակցությունը ունենում պատերազմից տուժածներին աջակցության հարցում (77): Նշենք, որ Երևանը ի սկզբանե, որոշ տեղական պայմաններից ելնելով, ընդգրկված չէր այն քաղաքների ցանկում, որտեղ նախատեսվում էր տեղավորել ռազմի դաշտում վիրավորվածների (78), ուստի երևանցիները նախատեսվող օժանդակությանը հիմնականում պետք է մասնակցեին նյութական միջոցների հավաքագրմամբ: Սակայն հետագայում Երևանում ևս տեղակայվում են զինվորական հոսպիտալներ, որտեղ իրենց բուժումն են ստանում վիրավորված զինվորականները:

Համառուսաստանյան քաղաքային միության երևանյան բաժանմունքի առաջին նիստը տեղի է ունենում 1914 թվականի սեպտեմբերի 22-ին Նահանգային վարչության շենքում (79): Քաղաքների միության երևանյան կոմիտեն պատերազմի տարիներին կարևոր աշխատանք կատարեց դրամական միջոցների, մթերքների հավաքագրման և ստանձնած այլ պարտավորությունների կատարման ուղղությամբ: Այդ տարիներին Երևանի քաղաքապետի անունով հաճախ ստացվում էին շնորհակալական գրություններ բանակի տարբեր ստորաբաժանումների հրամանատարներից, որոնց զինվորները ստացել էին երևանցիների կողմից ուղարկված իրերն ու միջոցները (80):

Քաղաքների միության Երևանի կոմիտեի հոգածության խնդիրներից մեկն էլ դառնում է փախստականների աջակցության հարցը (81): Այս կառույցի նախաձեռնությամբ Երևանում գտնվող գաղթականների համար անհրաժեշտ հիգիենայի ապահովման և տարածվող համաճարակների կանխման նպատակով 1917 թվականի հունվարի 15ից անվճար հիմունքներով սկսում է գործել բաղնիք (82): Այդ նպատակով ստեղծվում է նաև 50 հոգուց բաղկացած «մաքրութեան հսկող խումբ», որը հավաքում է փախստականների տների և հանրակացարանների, երեք հիվանդանոցների և վեց որբանոցների աղբը: Փախստականների շրջանում աղբահանությունը կատարվել է շաբաթը 23 անգամ, և աղբը սայլերով հեռացվել է քաղաքից 17 վերստ հեռու «Թոքմաք կէօլ և Մատան»: Գործել է նաև ախտահանություն իրականացնող խումբ, որի մեջ ներառված էր նաև պարֆարմալինի խումբը (83):

Պատերազմի տարիներին Երևանում իր գործունեությունն է սկսում նաև ռուսական Կարմիր խաչի ընկերության տեղական՝ երևանյան մասնաճյուղը, որին անդամակցում են տասնյակ երևանցիներ (84): Այս կառույցին անդամակցելու համար նախատեսվում էր տարեկան 5 ռուբլի անդամավճար (85): Տեղական կառույցի նախագահն էր Երևանի նահանգապետ Վ. Տիզենհաուզենը: Տեղական վարչությանը կից գործում էր նաև կանանց կոմիտե:
Երևանի քաղաքային իշխանությունները նահանգապետի հանձնարարականով ակտիվորեն ձեռնամուխ են լինում Կարմիր խաչի օգտին նվիրատվությունների հավաքագրման գործին: Քաղաքային իշխանությունները քաղաքում տարածում են եռալեզու հայտարարություններ Կարմիր խաչի օգտին կազմակերպվող հանգանակության մասին, որտեղ խոստանում են նվիրատուների անուններն ու նրանց տրամադրած գումարի չափը հրապարակել տեղական թերթերում (86): Հանգանակությանը մասնակցում էին նաև երևանյան տարբեր ձեռնարկություններ և աշխատանքային կոլեկտիվներ: Օրինակ՝ 1914 թվականին «Շուստով և որդիներ» հայտնի ընկերությունը նվիրաբերում է 100 ռուբլի (87): Իսկ Երևանի Հռիփսիմյան գիմնազիայի ուսուցչական կազմը որոշում էր կայացրել պատերազմից տուժածներին հատկացնել իրենց աշխատավարձի 1 տոկոսը (88): Նշենք, որ 1914 թվականին հավաքվել էր մոտ 19.000 ռուբլու օգնություն, որի մեջ դրամական նվիրատվությունից բացի մտնում էին նաև տարբեր այլ նվիրատվություններ (89): Քաղաքային դումայի որոշումով քաղաքում հատուկ հանգանակություն է սկսվում նաև վիրավորների և զոհվածների ընտանիքների համար (90): Իսկ տեղական մամուլը անընդհատ իր էջերում հորդորում էր երևանցիներին ակտիվորեն մասնակցել այդ հանգանակություններին: Քաղաքային Դումայի որոշմամբ Կարմիր խաչի օգտին հավաքվող նվիրատվությունները ընդունվում էին Նահանգապետի և Քաղաքապետի վարչություններում (91): Երևանյան թերթերը պարբերաբար հրապարակում էին նաև Կարմիր խաչի օգտին նվիրատվություն կատարած քաղաքացիների անունները (92):

Կարմիր խաչի տեղական գրասենյակը, բացի դրամական տեսքով նվիրատվություններից, կազմակերպում է նաև նյութական այլ միջոցների՝ կանանց, տղամարդու և երեխաների հագուստ, կոշիկ, ծխախոտ, օճառ, թեյ, շաքար, զանազան տեսակի չոր ուտելիքներ և այլն, հանգանակություններ: Այդ նպատակով, բացի ընթացիկ հավաքագրումները, կազմակերպվում էին հատուկ միջոցառումներ: Օրինակ 1914 թվականի նոյեմբերի 16-23ը այդ կառույցի կողմից հայտարարվում է, այսպես ասած, «Սպիտակեղենի շաբաթ», իսկ տեղական մամուլը երևանցիներին կոչ է անում ակտիվ մասնակցել անհրաժեշտ հագուստի և սպիտակեղենի հավաքագրմանը (93):

Բարեգործական նպատակներով պարբերաբար կազմակերպվում էր նաև, այսպես կոչված՝ դրոշակների տոնը, որի ժամանակ վաճառվում էին դրոշներ, իսկ հասույթը ուղղվում էր Կարմիր խաչին: Առաջին դրոշակի օրերը Երևանում կազմակերպվել են 1914 թվականի սեպտեմբերի 20-22-ին, ապա 29-ին և այլն (94): Այդ առումով, հետաքրքիր միջոցառում էր նաև քաղաքում կազմակերպվող «Սպիտակ ծաղիկ» բարեգործական միջոցառումը (95):

Վիրավորներին, զոհվածների ընտանիքներին և պատերազմի արհավիրքներից տուժածներին աջակցություն կազմակերպելու նպատակով կայսեր կողմից 1914 թվականի դեկտեմբերին հաստատվում և ռուսական կայսրության տարբեր քաղաքներում սկսում են վաճառվել նաև բարեգործական վիճակախաղեր (96): Այդ վիճակախաղերը վաճառվում էին նաև Երևանում:

Առաջին աշխարհամարտի տարիներին Երևանում իր գործունեությունն է սկսում իրականացնել նաև Ամերիկայի նպաստամատույց ընկերությունը, որը կրկին հիմնականում զբաղվում է փախստականների աջակցության հարցերով և որբախնամ գործունեությամբ (97):

Առաջին աշխարհամարտի տարիներին Երևանում տեղակայված որբերին կարևոր աջակցություն է ցուցաբերում նաև Թիֆլիսի հայ կանանց խնամածության ընկերությունը (98):

Այսպիսով, 19-րդ դարի կեսերից սկսած՝ Երևան քաղաքում հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց աշխուժանում են բարեգործական բնույթի ձեռնարկները, որոնք բացի սոցիալական ուղղվածությունը, նպատակ ունեին աջակցել նաև քաղաքի կրթական, մշակութային և հոգևոր կյանքի զարգացմանը: 1880-ական թվականների սկզբներին Երևանում, անհատական բարեգործական ձեռնարկների հետ միասին, սկսում են գործունեություն ծավալել առաջին տեղական բարեգործական կառույցները: Նման հաստատությունների ի հայտ գալը Երևանում խոսում է քաղաքային կյանքի զարգացման մասին:

Երևանյան բարեգործական կազմակերպությունների գործունեությունը հատկապես ակտիվանում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ տարիներին պատերազմող հայրենիքին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվում են նաև մի շարք համառուսաստանյան բարեգործական նոր կառույցներ, որոնց տեղական մասնաճյուղերն իրենց գործունեությունն էին իրականացնում նաև Երևանում:

Ընդհանրացնելով, կարող ենք փաստել, որ քննարկվող ժամանակաշրջանում Երևանում գործում էին երեք տիպի բարեգործական կազմակերպություններ. համահայկական և համառուսաստանյան բարեգործական կառույցներ, որոնք տեղական մասնաճյուղեր ունեին Երևանում, և տեղական՝ Երևանում ստեղծված բարեգործական կառույցներ:

ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 212:
  2. Տե՛ս «Պսակ», Երևան,14 հունիսի, 1880, № 14, 16 օգոստոսի, 1880, № 22, 13 սեպտեմբերի, 1880, № 26 և այլն:
  3. Տե՛ս Լեո, Պատմութիւն Երևանի հայոց հոգեւոր դպրոցի 1837-1912, Թիֆլիս, 1914, էջ 468-476, 552-555:
  4. Տե՛ս «Պսակ», Երևան, 29 մայիսի, 1882, № 13:
  5. Տե՛ս «Առողջապահական թերթ», Երևան, սեպտեմբեր, 1881, № 3, էջ 102-103, նաև Акопян Т., Развитие Еревана после присоединения Восточной Армении к России (Сборник документов, 1801-1917гг.), Ереван, 1978, էջ 284-286.
  6. Տե՛ս Տեղեկագիր Երևանի թեմի հայոց եկեղեցական-ծխական դպրոցների. 1911-1912 ուս. տարի, Երևան, 1912, էջ 93:
  7. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 306:
  8. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1910,№ 8-9.
  9. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 2 մայիսի, 1915, № 21, 6 հունիսի, 1915, № 29:
  10. Տե՛ս Տեղեկագիր Երևանի թեմի հայոց եկեղեցական-ծխական դպրոցների. 1911-1912 ուս. տարի, Երևան, 1912, էջ 92-93:
  11. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 2 մայիսի, 1915, № 21:
  12. Տե՛ս «Պսակ», Երևան, 6 մարտի, 1882, № 2:
  13. Տե՛ս «Պսակ», Երևան, 16 հոկտեմբերի, 1882, №, 25:
  14. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 21 փետրվարի, 1915, № 9:
  15. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1910, № 12.
  16. Տե՛ս «Պսակ», Երևան, 24 ապրիլի, 1882, № 9:
  17. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 26 սեպտեմբերի, 1915, № 46:
  18. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 21 հոկտեմբերի, 1914, № 72, 84, 28 փետրվարի, 1915, № 10:
  19. «Эриванские объявления», Ереван, 10 հունվարի, 1915, № 2:
  20. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1916, № 18:
  21. Տե՛ս Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը հիմնադրվել է 1881 թվականին Թիֆլիսում, բժիշկ Բ. Նավասարդյանի նախաձեռնությամբ:
  22. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 149:
  23. Նույն տեղում, էջ 148:
  24. Նուն տեղում, էջ 40:
  25. Նույն տեղում, էջ 47-48:
  26. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 150:
  27. Տե՛ս «Պսակ», Երևան, 25 սեպտեմբերի, 1882, № 23, 16 հոկտեմբերի, 1882, № 25:
  28. Տե՛ս «Պսակ», Երևան, 15 հունվարի, 1883, № 1:
  29. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 150:
  30. Տե՛ս Акопян Т., Развитие Еревана после присоединения Восточной Армении к России (Сборник документов, 1801-1917гг.), Ереван, 1978, էջ 240-241.
  31. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 151:
  32. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 150-151, 152, 321:
  33. Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 153:
  34. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 151:
  35. Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 153-155:
  36. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1909, № 9, 1910, № 69, 1915, № 47:
  37. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 322:
  38. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1556, թթ. 1-21:
  39. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 4 փետրվարի, 1915, № 5:
  40. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1917, № 3:
  41. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1910, № 60.
  42. Տե՛ս Լեո, Երեսնամեակ Հայոց բարեգործական ընկերութեան Կովկասում 1881-1911, Թիֆլիս, 1911, էջ 321:
  43. «Խոսք», Երևան, 30 դեկտեմբերի, 1913, № 1:
  44. Տե՛ս «Պսակ», Երևան 12 հունիսի, 1882, № 15:
  45. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1909, № 2.
  46. Տե՛ս «Խոսք», Երևան, 25 հունվարի, 1914, № 4:
  47. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1917, № 1:
  48. «Աշխատանք», Երևան, 1916, № 30:
  49. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 10.12.1914, № 84:
  50. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 57, ց. 2, գ. 355, թ. 14:
  51. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 49:
  52. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 2, տե՛ս նաև «Эриванские объявления», Ереван, 06.06.1915, № 29:
  53. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 29.11.1914, № 82, 06.12.1914, № 83, 17.01.1915, № 3:
  54. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 04.02.1915, № 5:
  55. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 09.11.1914, № 78, 82, 84:
  56. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 09.11.1914, № 78:
  57. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 19.11.1914, № 80:
  58. Տե՛ս «Արարատ», Յունվար, 1915, էջ 3-5:
  59. Տե՛ս Սուրբ Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը, Ս. Էջմիածին, 2010, էջ 117-119:
  60. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 22 օգոստոսի, 1915, № 41:
  61. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1914, № 89:
  62. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց.1, գ. 1023, թթ. 16, նաև «Эриванские объявления», Ереван, № 1417 և այլն:
  63. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 2:
  64. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 2:
  65. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1780, թթ. 35, 31-37:
  66. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 27.12.1914, № 89:
  67. «Эриванские объявления», Ереван, 06.01.1915, № 1:
  68. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 48:
  69. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 10:
  70. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 24:
  71. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 11:
  72. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 18:
  73. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 52:
  74. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1917, № 21:
  75. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 11:
  76. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1757, թ. 16:
  77. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1760, թթ. 3-4:
  78. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1757, թթ. 74:
  79. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1757, թ. 47:
  80. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 13.12.1914, № 85:
  81. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1760, թ. 143:
  82. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1917, № 3:
  83. Տե՛ս «Աշխատանք», Երևան, 1916, № 11:
  84. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1758, թթ. 47-48:
  85. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1758, թ. 47, նաև «Эриванские объявления», Ереван, 30.08.1914, № 61:
  86. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1758, թթ. 1920:
  87. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1758, թ. 56:
  88. Տե՛ս «Նոր մամուլ», Երևան, 14 սեպտեմբերի, 1914, № 15:
  89. ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1758, թ. 85:
  90. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1758, թթ. 13, 17:
  91. Տե՛ս «Նոր մամուլ», Երևան, 2 օգոստոսի, 1914, № 9:
  92. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1914, № 58, 61, 62, 66, 69 և այլն:
  93. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 01.11.1914, № 76:
  94. Տե՛ս «Նոր մամուլ», Երևան, 7 սեպտեմբերի, 1914, № 14, տե՛ս նաև «Эриванские объявления», Ереван, 27.09.1914, № 68:
  95. Տե՛ս «Խոսք», Երևան, 1914, № 16, 17:
  96. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 107, ց. 1, գ. 1757, թ. 178:
  97. Տե՛ս «Эриванские объявления», Ереван, 1917, № 16:
  98. Տե՛ս Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1879-1917թթ.), Երևան, 1963, էջ 531-532: