Այս տարի Երևանի պատմության թանգարանը դառնում է 90 տարեկան

Այս թեմայի մասին էլ զրուցեցինք թանգարանի տնօերն ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

– Այս տարի թանգարանի 90-ամյակն է: Ի՞նչ հետաքրքիր նորություններ ունեք 90-ամյակի հետ կապված:

– Այո, այս տարին մեզ համար հոբելյանական է, ինչի առթիվ ստացել ենք առաջին արժեքավոր նվերը: Դա հայտնի դերասան Հովհաննես Աբելյանին պատկանող արծաթյա սկուտեղն է` համապատասխան ընծայագրով, որը նա ժամանակին ստացել է իր գործունեության 25-ամյակի առթիվ:

– Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Այս տարի հետաքրքիր ծրագրեր ենք մշակել: 44-օրյա պատերազմից հետո թանգարանի առաջնահերթ խնդիրն է հայրենասիրական դաստիարակության սերմանումը, որը իրականացնում ենք մի քանի խաղ-էքսկուրսիաների միջոցով` “Ճանաչիր Երեւանը”, “Երեւանի բերդի գրավումը”, “Գիտունիկը”: Իսկ “Վերականգնենք միասին” խաղի համար պատրաստել ենք խեցե բեկորներ, եւ այդ բեկորներից երեխաները հավաքում են ամբողջական առարկաներ: Խաղի միջոցով առաջացնում ենք հետաքրքրություն մեր հնագիտական նյութերի նկատմամբ, որի նպատակը նրանց ծանոթացնելն է վերականգնման աշխատանքի բարդությունների հետ: Ցավոք, երբ այդ ծրագիրը սկսեցինք, շատ կարճ ժամանակ հետո թանգարանը համավարակի պատճառով փակվեց: Այս տարի այն կրկին շարունակվելու է: Այս տարի կրթական երեք նոր ծրագիր ունենք` “Վարդագույն Երեւանի կառուցումը”, որը անիմացիայի ձեւով երեխաներին կմատուցվի: “Մի գորգի պատմություն”, որտեղ կներկայացվեն հայկական գորգերի առանձնահատկությունները եւ առասպելները: Վերջինը “Երեւանի 1724 թ. հերոսամարտն է”:

– Ցուցահանդեսներ նախատեսե՞լ եք:

– Նախատեսել ենք յոթ ցուցահանդես եւ յոթ միջոցառում: Միջոցառումներից երեքից ավելին կանցկացնենք Երեւանի պատմության մի շարք թեմաների շուրջ, դասախոսություններն անցկացնելու են համապատասխան մասնագետները: Մուտքը բաց է լինելու: 2020 թ. մենք հինգ հազարից ավելի հերոսներ ենք կորցրել եւ նախաձեռնել ենք ստեղծել հերոսների գանձարան: Մեր ֆեյսբուքյան էջում հայտարարություն ենք տարածել, որպեսզի նրանց ընտանիքի անդամները համապատասխան տեղեկատվություն տրամադրեն` նրանց հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Նյութերը հավաքելուց հետո կհրատարակվեն:

– Ինչո՞ւ հենց գանձարան:

– Գանձարան, որովհետեւ նրանք բոլորը գանձ էին մեր երկրի համար:

– Համագործակցո՞ւմ եք տարբեր երկրների հետ:

– Ժամանակին համագործակցում էինք հիմնականում Մոսկվայի պատմության թանգարանի եւ Սանկտ Պետերբուրգի երկու թանգարանների հետ: Բայց վերջին շրջանում քովիդի եւ պատերազմի հետ կապված շատ փոփոխություններ եղան: Վերջին ցուցահանդեսը եղել է Բեյրութում 2018 թվականի մարտին, որտեղ մենք ներկայացրել ենք լուսանկարների ցուցահանդես` “Հին ու նոր Երեւան” խորագրով: Ցուցադրությունը նվիրված էր Երեւանի 2800-ամյակին: Արտասահմանում ցուցադրություններ կազմակերպելը մեծ ծախսերի հետ են կապված, այդ իսկ պատճառով դժվար է դրսում ցուցահանդեսներ կազմակերպելը: Ինչեւէ, այս տարի թանգարանը եւս հետաքրքիր ցուցահանդեսներ է նախատեսել:

– Ռուսաստանի հետ տեսնո՞ւմ եք մեր ապագան:

– Անշուշտ, Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է, եւ մենք, փոխադարձ շահերը նկատի ունենալով, պետք է համագործակցենք Ռուսաստանի հետ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

iravunk.com