«Նայիր աշխարհին իմ գույներով»
Երևան քաղաքի պատմության թանգարանում ս/թ նոյեմբերի 2-ին բացվեց երիտասարդ նկարչուհի Անուշ Հովհաննիսյանի «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագիրը կրող առաջին անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որի աջակիցն է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նկարչուհին ստեղծագործում է տարբեր ոճերում: Նրա նկարներում իրատեսական են դեկորատիվ ֆորմաները և մանրանկարչությունը: Ստեղծագործությունները կերտվում են տարբեր նյութերով, տարբեր ժանրերում` ստեղծելով գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկ և կերամիկ աշխատանքներ:
Ըստ նկարչուհու` նրա նկարներում արտահայտված են իր հոգու գույները` ողջ վառ նրբերանգով, փորձելով իր ներքին լուսավորը հաղորդել կտավներին, որոնք նոր շունչ և պայծառություն են հաղորդում դիտորդին` խոսելով նրանց հետ և փոխանցելով դրական տրամադրություն:
Տաղանդավոր նկարչուհին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Երևան քաղաքում: Նրա ստեղծագործություններից շատերը գտնվում են աշխարհի տարբեր կոլեկցիեներների անհատական հավաքածուներում: Նկարչուհին նաև հագուստի մոդելավորող-դիզայներ է, ունի հրաշալի ձայն և կարողանում է երաժշտությունը զուգակցել արվեստի հետ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս/թ նոյեմբերի 16-ը: