Ցերեկույթ` նվիրված Թուրքմենչայի պայմանագրի 185-ամյակին

Երևան քաղաքի պատմության թանգարանում   մարտի 29-ին տեղի ունեցավ Թուրքմենչայի պայմանագրի և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին պատմական իրադարձության 185-ամյակին նվիրված ցերեկույթ: Հիշեցնենք, որ Թուրքմենչայի պայմանգիրը ստորագրվել է 1828թ. փետրվարի 10-ին, դրանով ավարտվել է վերջին` ռուս-պարսկական 1826-1828թթ. պատերազմը:

Հայաստանի հետ Ռոսհամագործակցության ներկայացուցչության և Երևան քաղաքի պատմության թանգարանի համատեղ նախաձեռնությամբ անցկացված  միջոցառմանը ներկա էին Հայաստանում  Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, դեսպանի առաջին  քարտուղար, համատեղության կարգով  նաև Ռոսհամագործակծության ղեկավարի  տեղակալ Մարկ Կալինինը, ՀՀ  Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանը,  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան  Էդիկ Մինասյանը, բազմաթիվ մտավորականներ, Մեծ հայրենականի վետերաններ, «Խորհրդային սպաներ» միության անդամներ, թանգարանի բազմաթիվ բարեկամներ և այցելուներ:

Ողջունելով ներկաներին՝ թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը հույս հայտնեց, որ  Ռոսհամագործակծության  հետ աշխատանքները շարունակական  են  լինելու: Հաջորդ փուլում  կտպագրվի համատեղ կատալոգ, որտեղ կզետեղվեն  Թուրքմենչայի պայմանագրի մասին թանգարանի ֆոնդերում եղած նյութերը` հանրությանը ներկայանալով առաջին անգամ:

Իր  խոսքում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ ավարտելով առաքելությունը  մեր երկրում, նա միշտ և ամենուրեք  խոսելու  է  հայ ժողովրդի  հավատարմության և արժանապատվության մասին:  Նա բարձր գնահատեց մեր ժողովրդի հարգանքը  սեփական պատմության նկատմամբ` նշելով, որ «եթե ժողովուրդն այսպես է վերաբերվում իր պատմությանը` հավերժ  է  և   երբեք  չի վերանա քարտեզից»:

Ռուսաստանի դեսպանի առաջին քարտուղար Մ. Կալինինը նշեց, որ «Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի ընթացքում փորձություն են անցել և այսօր կարելի է համարել երկկողմ համագործակցության ամենահաջող մոդելը ողջ հետխորհրդային տարածաշրջանում, ինչը և թույլ է տալիս ապագային նայել ոչ միայն հույսով, այլև համոզվածությամբ»:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ Թուրքմենչայի պայմանագրի պատմական գնահատականին:

Ավելացնենք նաև, որ ցերեկույթը տեղի ունեցավ Երևան քաղաքի պատմության թանգարանի Երևանի Նոր պատմությանը նվիրված ցուցասրահում, որը հարստացվել էր նոր ցուցանմուշներով: Երևանի բերդի մանրակերտի և ռուս-պարսկական պատերազմի վերաբերյալ նյութերի  (զենքեր, փաստաթղթեր, թեմայով գեղանկարներ) շարքը համալրվել էր քանդակներով, գրքերով, գեղանկարներով, հատակագծերով և այլն` ավելի հարստացնելով ցուցադրության մեջ թեմային նվիրված սրահը:
Այն հենց այդպիսին էլ կներկայանա մեր  այցելուներին:

Արխիվ