Ա. Մելքոնյան.«Հաջողվել է ունենալ քաղաքամայր Երևանին վայել մշակութային կենտրոն»
Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական կոլեկտիվը սրտանց և ջերմորեն շնորհավորում է Երևան քաղաքի պատմության թանգարանի անձնակազմին հաստատության 80-ամյա փառապանծ հոբելյանի կապակցութամբ, մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հայ մշակույթի բազմահազար ցուցանմուշների պահպանության, ուսումնասիրության և աշխարհին ցուցադրելու, մեր հինավուրց մայրաքաղաքի պատմությունը հավուր պատշաճի ներկայացնելու նվիրական ու պատասխանատու գործում։ Հանրապետության գիտամշակութային հանրությունը քաջատեղյակ է թանգարանի անցած բազմաբեղուն և հարուստ կենսագրությանը։ Ութ տասնամյակների ընթացքում հաստատության անձնակազմի համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է ձեռք բերել, քարտագրել ու թանգարանային ժամանակակից պայմաններում ի պահ դնել ավելի քան 90 հազար եզակի ցուցանմուշներ, դրանց մի մասը պատշաճորեն ցուցադրելի դարձնել համաշխարհային հասարակայնությանը։ Պատմության ինստիտուտի աշխատակիցները հատկապես գնահատում են այն հանգամանքը, որ թանգարանը ոչ միայն զբաղվում է հայ նյութական մշակույթի ցուցադրման, այլև դրա գիտական մշակման ու ուսումնասիրության խնդրով, սերտորեն համագործակցում է հանրապետության համապատասխան գիտակրթական հաստատությունների, այդ թվում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ։ Այդ գործունեության արդյունքում ծնվել են բազմաթիվ աշխատություններ, թանգարանային ուղեցույցներ ու բուկլետներ, կազմակերպվել գիտական մի շարք նստաշրջաններ։ Աոավել քան հատկանշական է տարիներ շարունակ թանգարանի աշխատակիցների դրսևորած քաղաքացիական բարձր կեցվածքը, որի շնորհիվ, առանց չափազանցության, ոչ միայն հաջողվել է պահպանել թանգարանն ու նրա մասնագետների ներուժը, այլև ունենալ թանգարանային գործի համար միջազգային մակարդակ ունեցող շենքային պայմաններ, քաղաքամայր Երևանին վայել մշակութային կենտրոն։ Կրկին ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները թանգարանի 80-ամյակի կապակցությամբ ի շահ մեր մշակույթի ու գիտության զարգացման, մեր մայրաքաղաք Երևանի ու ողջ հայրենիքի բարգավաճման։
Աշոտ Մելքոնյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ