Երևանը 19-րդ դարի առաջին կեսին՝ ըստ Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի

Երևանի և շրջակա գավառների պատմության ուսումնասիրությամբ զբաղված հեղինակների մեջ իր ուրույն տեղն ունի Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը: Նրա հետազոտություններն ի սկզբանե ուշադրության են արժանացել ինչպես իր ժամանակի, այնպես էլ հետագա ուսումնասիրողների կողմից:(1) Այդուհանդերձ, Շահխաթունյանցի գործունեության և խնդրո առարկա թեմայի շուրջ մի շարք դրվագներ դեռևս ուսումնասիրության կարիք ունեն, առավել ևս նրա և այլ հեղինակների հաղորդումները բաղդատական հնարավորություն են տալիս ճշգրտումներ մտցնելու Երևանի՝ 19-րդ դարի առաջին կեսի հետ կապված խնդիրներին:

Շահխաթունյանցի աշխատություններն ունեն նաև աղբյուրագիտական նշանակություն և լայնորեն օգտագործվել են ոչ միայն հայ, այլ նաև օտար հեղինակների կողմից: Արդեն 1848 թ. ռուս հեղինակ Մուրավյովը Սանկտ-Պետերբուրգում հրատարակած իր “Грузия и Армения” եռահատոր աշխատության մեջ, հենվելով Շահխաթունյանցի՝ Երևանի նկարագրության վրա, գալիս է այն համոզման, որ քաղաքը 19-րդ դարի առաջին կեսին դեռևս պահպանում էր պարսկական նկարագիրը(2):

Հայ հեղինակներից նշանավոր Մխիթարյան Ղ. Ալիշանը, որը նույնպես օգտվել է Շահխաթունյանցի աշխատությունից հարկ է համարել իր հանրաճանաչ «Այրարատ» հատորի առաջաբանում արժևորել այս գործը. «…ինչ գրեալ էին զԱյրարատայ,-կարդում ենք «Այրարատում»,- սակաւիկ եւ ես շահեցայ. բայց ոչ փոքր օժանդակութիւն մատոյց՝ գրեաթէ արդ հնացեալ այլ արդիւնական Ստորագրութիւն Շահխաթունեան եպիսկոպոսին Էջմիածնի, կարգեալ ի ցանկի անդ վերոյիշեալ ճանապարհագրացն: Ինչ ինչ եւ լրագիրք ազգայինք, յաւէտ հրատարակեալքն ի Տփղիս, այլ եւ օտարք, մատուցին տեղեկութիւնս ի պէտս գործոյս»: (3)

Նկատի ունենալով, որ Հովհ. Շահխաթունյանցը 19-րդ դարի առաջին կեսի նշանավոր հոգևոր եկեղեցական գործիչներից և ժամանակի հետազոտողներից է, տեղին ենք համարում անդրադարձ կատարել նրա կենսագրական որոշ տվյալներին:

Ծնվել է 1799 թ. Շահրիարում (գյուղ Նախիջևանում)(4), ազնվական Շահխաթունյանցի ընտանիքում: Հայրը հայտնի էր որպես Գևորգ աղա Շահխաթունյանց: Նախնական կրթությունը ստացել է Էջմիածնում, ապա սովորել Կ. Պոլսում: 1826 թ. նա վերադառնում է Էջմիածին և ձեռնադրվում կուսակրոն քահանա: Տիրապետում էր հունարենին, թուրքերենին: Դեռևս երիտասարդ տարիքում զբաղվում է հետազոտական աշխատանքով. ընդօրինակում պատմական ձեռագրեր, կազմում Էջմիածնի ձեռագրացուցակը, իսկ շատ ձեռագրեր էլ փրկում կործանումից և բերում Էջմիածին: 1830 թ. նշանակվում է Սինոդի ատենադպիրի օգնական, իսկ հետագայում Հովհաննես Կարբեցի կաթողիկոսի օրոք կարգվում Մայր Աթոռի տպարանի ու մատենադարանի կառավարիչ:

1834 թ. Շահխաթունյանցը նշանակվում է Երևանի վիճակի առաջնորդական փոխանորդ կամ հաջորդ և մնում մինչև 1835 թ.: 1843 թ. նա նշանակվում է Վրաստանի թեմի նվիրակ: Մեկ տարի հետո վերադառնում է Էջմիածին: Շահխաթունյանցը մեծ վստահություն էր վայելում Ներսես Աշտարակեցու կողմից: Նա բացառություն չէր նաև իր ժամանակակիցների մեջ Անիի նկատմամբ ունեցած հետաքրքրության իմաստով, մասնավորապես փորձում էր հայ առաքելական եկեղեցու ուշադրությունը հրավիրել Անիի պեղումների, դրանցում կաթոլիկների ոտնձգությունները կանխելու անհրաժեշտության վրա: 1849 թ. նա կնքում է իր մահկանացուն՝ ժամանակակիցների հիշողության մեջ մնալով որպես գեղեցկատես, պատկառելի կերպարով, քաղցր ու հեզ բնավորությամբ, ճշմարտասեր և անշահասեր, ուսումնատենչ, հայրենասեր հոգևոր գործիչ (5):

Նրա հայտնի աշխատություններից են «Դավիթ –Դանիել անցքերի պատմությունը» և «Ստորագրութիւն Կաթողիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ» երկհատորը՝ տպագրված 1842 թ. Էջմիածնում: Գրքի առաջաբանում հեղինակը նշում է աշխատանքի շարժառիթը. անսալով իր բարեկամ, ազգասեր և հայրենասեր իշխան գերազնիվ Թովմայի Հովսեփեան Ղորղանեանցի խորհրդին՝ իր պարտականությունն է համարել գրել այս աշխատանքը: Նա նաև նշում է, որ համաձայն չլինելով հայր Ղուկաս Ինճիճյանի աշխատության մեջ որոշ հարցերի հետ, որոշեց հանձն առնել այս գործը:

Շահխաթունյանցի սույն աշխատանքն իր կառուցվածքով հիշեցնում է նույն ժամանակի նշանավոր հեղինակ Մեսրոպ Թաղիադյանի հանրահայտ աշխատությունը՝ «Ճանապարհորդութիւն ի Հայս»(6): Այդ իմաստով երկու հեղինակների աշխատանքները լրացնում են միմյանց՝ հնավորություն ընձեռնելով հետագա հեղինակներին ավելի ամբողջական պատկերացում կազմելու խնդրի վերաբերյալ:

Աշխատության մեջ հեղինակը համառոտ ժամանակագրական տեսքով անդրադարձել է 1441-1827 թթ. տեղի ունեցած քաղաքական անցքերին, գործիչներին, խաներին, ռուսական պաշտոնյաներին: Նկարագրում է Արևելյան Հայաստանի բնաշխարհը, Արարատյան աշխարհի գավառները և այլն: Դրանից հետո անցնում է քաղաքի ընդհանուր նկարագրությանը:

Ըստ Շահխաթունյանցի՝ տվյալ ժամանակաշրջանում Երևանն ուներ 6 թաղ (7): Առաջինը Շհարն է(8), ուր ապրում են հայեր և այլազգիներ իրենց բազմաթիվ գերդաստաններով, որոնք իրենց տների առջև ունեն պարտեզներ: «Այս թաղում,- գրում է նա,- կա երկու եկեղեցի՝ Կաթողիկե՝ կառուցված 4 սյուների վրա, որն ունի մի սեղան՝ Սուրբ Աստվածածին անունով։ Նրա կամարհարկը փոքր-ինչ երկայնությամբ ձգվում է դեպի արևելք, ունի քարակերտ երկու ավանդատուն, երկու դուռ՝ դեպի հարավ և արևմուտք բացվող, մեկը՝ Սբ Հովհաննես Մկրտչի, իսկ մյուսը՝ Սբ Ստեփանոս Նախավկայի անուններով: Դրանք շրջապատված են պարիսպներով և քահանաների սենյակներով: Այս եկեղեցիները չունեն արձանագրություն, միայն արևմտյան ճակատի որմերի վրա փորագրված է ՌՃԽԲ (1693 թ.): Ոչ միայն սա, այլ նաև մյուս եկեղեցիները և շինությունները, այդ թվում նաև պանդոկները, շինվեցին 1679 թ. երկրաշարժից հետո»:

Մյուս եկեղեցին, որ նկարագրում է հեղինակը, Պողոս-Պետրոսն է։ Այն կառուցված է 4 հյուսածո սյուների վրա՝ 3 սեղանով: Մեկը միջնամասում կիսաբոլորակ կամարահարկի տակ, իսկ երկրորդը՝ ավանդատան և բեմի աստիճանների դռների միջև՝ Սբ Ստեփանոս Նախավկայի և Հովհ. Մկրտչի անուններով: Երկու սեղանները կառուցվել են Ստեփանոս Ջալալյանցի, Վարդան Կարապետյանի և Երևանի այլ բնակիչների միջոցներով: Եկեղեցին ունի երկու դուռ, պարսպապատ է: Այս եկեղեցու տանիքը և հիմքերը նորոգվել են ՌՄԻԷ (1235) և ՌՄԿԹ (1269) թվականներին: Այժմ տանիքը հիմնավորապես նորոգված է: Այլազգիների մզկիթներից առաջինը շինված է Զալ խանի, իսկ մյուսը՝ Հաջի Նովրուզ-Ալի բեկի կողմից, երրորդը, որ ավելի փոքր է՝ Մահմադ խանի կողմից:

Հաջորդ թաղը, որ ներկայացնում է Շահխաթունյանցը, Նոր թաղն է, որը նախկինում կոչվում էր Խանլբաղ: Այն տարածվում էր Շհարի, շուկայի, Կոնդի և Զորավոր եկեղեցու միջև և ավելի քան 30 տարի ավերակ էր: Ատրպատականից Արարատյան դաշտ և Երևան քաղաք գաղթած հայերը 1828 թ. կառավարության հրամանով բնակեցվեցին այստեղ, ոմանք կառուցեցին տներ, տնկեցին այգիներ: Կառուցվեց Անանիա Առաքյալի եկեղեցին: Նախկինում այստեղ կար փոքրիկ մատուռ կիսավեր վիճակում: Շահխաթունյանցն անդրադարձել է նաև Սբ Աստվածածին եկեղեցուն՝ նկարագրելով այն: Տաճարի արևմտյան որմնաքարի և գավթի հյուսիսային կողմի վրա կա արձանագրություն, որի համաձայն տաճարը կառուցվել է Նահապետ կաթողիկոսի օրոք, խոջա Փանոսի օժանդակությամբ՝ ի հիշատակ իր նախնիների, ծնողների, որդի Էլիազի և Ահարոնի թոռ Մովսեսի(9):

1793 թ. Գաբրիել հարյուրապետը, որ քաղաքի երևելի բնակիչներից էր, ամբողջապես վերանորոգել է եկեղեցու տանիքը սրբատաշ քարերով և հարավային պատին թողել նոր արձանագրություն: Այստեղ է գտնվում Անանիա առաքյալի դամբարանը: Եկեղեցի հաճախել են ուխտավորներ` հանուն հրաշագործ Ավետարանի, այդ պատճառով էլ եկեղեցին կոչվել է Զորավոր: 1835 թ. այն դարձել է Մարաղայից գաղթած հայազգի գաղթականների եկեղեցին, իսկ այգին շարունակել է մնալ Էջմիածնի սեփականությունը:

Ի դեպ սույն աշխատության քաջատեղյակ Մուրավյովը Զորավորը համարում էր «Христианское сокровище в Ереване»(10):

Երրորդ թաղը Կոնդն էր, որն ընկած էր քաղաքի քարքարոտ բլրակի հարավ-արևելքում։ Հյուսիսից Կոզեռն կոչվող բլրակն էր, իսկ արևմուտքից՝ Հրազդան գետը: Այս թաղի բնակիչները նույնպես հայեր և մահմեդականներ են: Հայկական եկեղեցին գտնվում էր թաղի հյուսիսային մասում՝ կառուցված սրբատաշ քարերից, մի մասն էլ՝ անհարթ որձաքարերից, 1708 թվականին: Պարսպապատ էր, ուներ 4 մեծ սյուն, 3 սեղան, 2 ավանդատուն և 2 դուռ, քահանայի սենյակ և կրում էր Հովհաննես Մկրտչի անունը: Եկեղեցու հարավային մասում գտնվում էր թրծած աղյուսով կառուցված մզկիթը, որի կողքին կար բաղնիք:

Ձորագյուղ թաղը, ըստ Զաքարիա Սարկավագի (11), կոչվում էր Խնկելո-Ձոր: Բնակիչների կեսը ապրում էր ձորի մեջ, կեսը՝ սարահարթի վրա։ Այս թաղը ևս ուներ խառը բնակչություն: Սարահարթում էր Ձորագեղի Անապատ կոչված վայրը, որը Սբ. Էջմիածնի կաթողիկոսության իջևանատունն էր, որտեղ նստում էր կաթողիկոսարանից վարդապետ։ Վերջինս իրականացնում էր այգիների, ջրաղացների պահպանությունը: Անապատն ուներ ընդարձակ պարիսպ՝ բաժանված 4 մասի. առաջինը Ձորի քարափին գտնվող կաթողիկոսական շինություններ էին։ Դրանց մեջ կար փոքրիկ եկեղեցի, որը 1837 թ. դարձավ Երևանի թեմի առաջնորդանիստը։ Ուներ 2 սենյակ՝ մեկը կոչվում էր Խորհրդարան, մյուսը՝ Գրագրանոց (Դիվան): Այս փոքրիկ եկեղեցին՝ Սբ Գևորգը, կառուցվել էր Եղիազար կաթողիկոսի (ծնվ. անհտ.-1691թ.) օրոք (12), վերանորոգվել Դավիթ կաթողիկոսի (ծնվ. անհայտ-1633թ.) կողմից:

Առաջնորդանիստը կառուցվել է Նահապետ կաթողիկոսի (ծնվ. անհայտ-1705թ) (13) և ապա վերանորոգվել 1779թ. Հակոբ Շամախեցու (17-րդ դարի վերջ-1763թ.) կողմից (14): Այն շինված էր անեփ աղյուսից և փայտից: Այստեղ նստում էր թեմակալ փոխանորդ եպիսկոպոսը: Եկեղեցու հյուսիսային մասում՝ Ձորի քարափին, վեր էր խոյանում մի այլ եկեղեցի՝ Սբ Հակոբը՝ 4 սյուների վրա, հասարակ, պարզ քարերով, հողաշեն, իսկ սյուներն ու կամարները՝ թրծած աղյուսից: Նախկինում եկեղեցու տարածքում կային բազմաթիվ սենյակներ, հացի փուռ, ուր այցելում էին հայ վաճառականներ, որոնք էլ ըստ ավանդության շինել են եկեղեցին: Հացի փռի ավերվելուց հետո վաճառականների երթևեկը դադարել էր: Եկեղեցու արևելյան կողմը ծառածածկ էր, պարտեզներով, բանջարանոցներով:

Կաթողիկոսարանի տան հարավում գտնվում էր ժողովրդի «իսկական եկեղեցին» (15)՝ Սբ. Սարգիսը, որը կառուցել էր Նահապետ կաթողիկոսը: Քանի որ խարխուլ պատերը հավատացյալների համար վտանգ էին ներկայացնում, 1835 թ. կաթողիկոսի հրամանով և Շահխաթունյանցի աջակցությամբ 4 սյուներով, սրբատաշ քարերով ու կրով կառուցվեց նորը (16):

Շահխաթունյանցը ակնարկում է նաև ձորի հին կամրջի մասին, որն այնքան էլ բարվոք վիճակում չէր:
Հինգերորդ թաղը Տ(Դ)եմիրբուլաղն էր, որը հայերն անվանում էին Քարհանքի թաղ՝ այստեղ եղած քարի հանքերի պատճառով: Թաղը նորքեցիների այգիների տակ էր: Նրա սահմաններն էին՝ հարավում՝ Շհարը, արևելքում՝ ամրոցը (բերդը): Թաղում հիմնականում բնակվում էին մահմեդականներ, որոնք ունեին մզկիթ, իսկ հայերը փոքրաթիվ էին և այցելում էին Պետրոս – Պողոս եկեղեցի:

Վեցերորդ թաղը Նորքն էր, որը գտնվում էր քաղաքի արևելյան զառիվերի վրա: Պարսից տիրապետության ժամանակ այն գյուղ էր, որի այգիները ձգվում էին մինչև քաղաք: Օտարներն այս թաղն անվանում էին Չոլմակչի, քանի որ այնտեղ կային խեցեղեն պատրաստող բրուտագործներ: Բնակիչները հայեր էին և ունեին քարաշեն մի եկեղեցի՝ Սիմեոն Ծերունու անունով: 1679 թ. երկրաշարժի ժամանակ եկեղեցին զրկվեց գմբեթից և խարխլվեց, բայց մնացել էր կանգուն (17):

Նույն ժամանակի հեղինակ Մ. Թաղիադյանի աշխատության մեջ թաղերի անվանումները հիմնականում համընկնում են (18): Սակայն կան նաև տարբերություններ. օրինակ Թաղիադյանը Զորավորը դիտում է առանձին թաղ։ Պողոս Պետրոս եկեղեցին սխալմամբ անվանում Պետրոս ու Պողոս և այն համարում երկու եկեղեցի: Շահխաթունյանցն իրավացիորեն Պողոսն ու Պետրոսը համարում է մեկ եկեղեցի, նկարագրում այն և անդրադառնում նաև Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցուն: Ի դեպ Դամիրբուլաղ թաղը չի հիշատակված որպես առանձին թաղ Թաղիադյանի աշխատության մեջ: Նա չի անդրադարձել նաև Նորք թաղին, թեպետ այն 1837 թ. պաշտոնապես ընդգրկվել էր քաղաքի տարածքի մեջ:

Ի տարբերություն Թաղիադյանի՝ Շահխաթունյանցն անդրադառնում է նաև մզկիթներին։
Քաղաքի վաճառանոցը կամ շուկան ընկած էր Նոր թաղի, Կոնդի արևելյան ստորոտի, Ձորագեղի վերին թաղի և Տ(Դ)եմիրբուլաղի միջև: Թրծված աղյուսից, կրից սարքված այս շենքը նման էր Կ. Պոլսի Մսրչարսուին, մինչդեռ մնացածը հասարակ շինություններ էին: Այստեղ կար մի մեծ պանդոկ՝ Գյուրջի քարվանսարայը, նմանապես և մի քանի փոքր պանդոկներ: Շուկայի շրջակայքում էր նաև մահմեդականների մեծաշեն մզկիթը՝ «ըստ ձևոյ պարսից» (19), թրծված աղյուսից, հախճասալիկներով պատած մինարեթով։ Հյուսիսային մասում ուներ պարսպապատ բակ՝ օթևաններով, ուր սովորում էին մահմեդական մանուկները: Մզկիթն ուներ երեք դուռ, մեկը՝ փոքր, մյուսը՝ մեծ շուկայի կողմում , երրորդը՝ արևմուտքում՝ դարձյալ մեծ, ինչպես նաև՝ ջրի մեծ ավազան: Մզկիթը կառուցել էր Հուսեին Ալի խանը (հիջրայի 1186թ.): Շուկայի արևելակողմի ընդարձակ հրապարակում կառուցվել էր արքունական պետական նահանգային ուսումնարանը, որտեղ հայերեն, ռուսերեն, տաճկերեն էին սովորում տարբեր ազգերի երեխաներ:

մրոցը կամ բերդը քաղաքից բաժանվում էր մեծ հրապարակով, գտնվում էր տափարակի վրա և ձգվում մինչև Հրազդանի ափը: Այն երեք կողմից պաշտպանված էր պարիսպներով, կառուցված էր հողից, քարից և ուներ 50 բուրգ: Տեղ-տեղ բուրգերի տակ երևում էին երկրաշարժից ավերված եկեղեցու հետքեր: Ձորի վրա՝ արևմուտքում, կառուցված էին ապարանքներ և բնակարաններ: Խանի ընդարձակ ապարանքը գտնվում էր հյուսիսում: Այնտեղ էին նաև նրա տիկնանց կրկնահարկ և եռահարկ սենյակները: Խանի պարտեզում կար մի հետաքրքիր շինություն՝ Շուշաբանդ-այվանը: Ամբողջ առաստաղը և սյուները պատված էին մեծ և փոքր ապակիներով, զարդարված նկարներով, շահերի և խաների պատկերներով: Այս սենյակը կառուցել էր Հուսեին Ալի խանի որդին՝ Մահմադ խանը հիջրայի 1208 թ.: «Ներկա իշխանությունները նորոգեցին սենյակները և պատրաստեցին հիվանդանոց (ախտավոր հիվանդների համար)»(20):

Բերդում կար երկու մզկիթ, մեկը՝ շինված Ռաջափ փաշայի կողմից 1725 թ., որ ուներ քառանկյուն հատակագիծ, չորս սյուներով ընդարձակ կամարներով: 1827 թ. բերդի գրավումից հետո մզկիթը վերօծվել էր Տիրամոր Կույսի եկեղեցու: Մյուս մզկիթը շինել էր Հուսեին խան Սարդարը՝ թրծված աղյուսից, պարսից ձևով, սրահներով ու սենյակներով: Գմբեթը և ճակատը պատված էր կապույտ և կանաչ հախճապակիով: Ռուսների գրավումից հետո այն վերածվել էր զինանոցի:

Ամրոցում բնակվում էին պարսիկներ: Ռուսական տիրապետության շրջանում այնտեղ շատ շենքեր քանդվեցին: Պարիսպների տակ երեք խանդակ կար։ Բերդն ուներ երեք դուռ։ Մեկը հյուսիսում էր, որ կոչվում էր Բաբիշիրվան։ Հաջորդը հարավում Թավրիզ-Գաբուսին էր և երրորդը, որ տանում էր դեպի Հրազդան գետը, միայն պաշարման ժամանակ էր գործածվում: Այս ամրոցը Սեբեոսի ժամանակ կոչվում էր Երևանի բերդ (մինչև 1583 թ.)։ Պարսիկներն այն խլել էին հայերից։ Այստեղ հաստատված Ֆահրադ փաշան նորոգեց բերդը: 1679 թ. երկրաշարժի ժամանակ շատ պարիսպներ, ինչպես նաև կամուրջը, քանդվեցին: Զալ խանի ժամանակ վերանորոգվեց բերդը, հայոց եկեղեցին և մզկիթը:

Շահխաթունյանցը նկարագրում է նաև Կարմիր կամուրջը, որին նա քարաշեն կամուրջ է անվանում և նշում, որ 1679թ. երկրաշարժի ժամանակ այն իսպառ ավերվել էր և նորից շինվել «ի խարտեալ քարանց» (21): Նշվում էր, որ կամուրջը քառակամար է, դրանցից մեկը ամենամեծն է, որի միջով հոսում է գետը, իսկ փոքր կամուրջներով՝ ստորին գյուղերի առուները: Նա ակնարկում է նաև Ձորագեղջ թաղի մի կամրջի ավերակների մասին: Քաղաքը առատ է ջրերով,- գրում է Շահխաթունյանցը: – Երկու առու սկիզբ է առնում Հրազդանից: Դրանից ամենահինը Մամռին է, և այս առուն հանել է Ապիրատ մեծ իշխանը՝ ըստ Այրիվանցու: Երկրորդը կոչվում էր Ապուհայեաթ, որ նախ հոսում է Կոնդ թաղով, ապա մասամբ Ձորագեղով, ապա հասնում ամրոց (բերդ) և փոքր մասով՝ Նոր թաղ: Մյուս գետակները Կրբուլախն է ( Ջուր ղրխպուլաղայ) և Սևորակ ջուրը, որ հոսում է Տեմիրպուլաղից (22): Այս ջրերը ոռոգում են բոլոր պարտեզները, այգիները և արտերը: Նորքի առուն ոռոգում է Նորքի և Ավան գյուղի այգիները:

Քաղաքն ուներ խաղողի և մրգի շատ այգիներ, և ամեն մեկը կոչվում էր ըստ իր վայրի. Շհարի, Նորքի, Ձորագեղջի, Նորագեղջի, Տալմայի և այլն:

Շհարի այգիների հյուսիսային մասում կար ավերակ մի մատուռ՝ Գեթսեմանին, որի շուրջ բազմաթիվ շիրիմներ կային: Ինչպես հաղորդում է Շահխաթունյանցը՝ այգին Էջմիածնի սեփականությունն էր, բայց վաճառվել է մի երևանահայի:

Նկարագրվում է նաև Կոզեռն բլրակը, որը գտնվում էր քաղաքի հյուսիսային մասում, և որտեղ հայկական գերեզմանատունն էր: Այստեղ թաղված էին Հովհաննես վարդապետ Կոզեռնը, որի համար բլուրը կոչվում էր Կոզեռն և Մովսես կաթողիկոս Սյունեցին (1580-1632) (23): Կար նաև մի մատուռ, որը նորոգել էր մեծատոհմիկ մելիք Սահակ Մելիք-Աղամալյանցը 1829 թ.։ Ինքը վախճանվել է 1834 թ. և թաղվել այստեղ: Մի մատուռ էլ կար Նորք թաղի այգիներում, որ կոչվում է Սբ Աստվածածին, ուր քաղաքի բնակիչները տոնում էին Սբ Զատիկը։ Շահխաթունյանցը նաև նկարագրում է Քանաքեռ գյուղը, Ավանը, Ջրվեժը, որոնք այսօր Երևանի թաղամասերից են. այդ թեմային մենք կանդրադառնանք հետագայում:

Երևանի վերոհիշյալ նկարագրությունից երևում է, որ ժամանակակից երկու հեղինակները՝ Թաղիադյանն ու Շահխաթունյանցը շատ հարցերում համերաշխվում են, ինչպես նաև հավելյալ տվյալներով լրացնում միմյանց: Ի դեպ քաղաքի բնակչության ազգային կազմի տոկոսային հարաբերակցության հարցում մեզ արժանահավատ թվացին Թաղիադյանի հաղորդած տվյալները: Շահխաթունյանցի՝ թաղերի նկարագրությունից հետևում է, որ 19-րդ դարի առաջին կեսին քաղաքն ուներ վեց թաղ, որ դեռևս Ձորագյուղն առանձին էր և Կոնդի մաս չէր կազմում, ինչը երևում է ինչպես հետագա հեղինակների, մասնավորապես՝ Ս. Շահազիզի, Թ. Հակոբյանի, այնպես էլ ռուսական պաշտոնական փաստաթղթերի նյութերից:

Շահխաթունյանցի աշխատության արժանիքներից է նաև այն, որ նա հստակ նկարագրում է քաղաքի՝ պարսկական տիրապետությունից ռուսականի վերածվելու գործընթացը, ինչն ուղեկցվում է հայկական նկարագրի օրեցօր աճով:

Երևանի ու նրա շրջակայքի նկարագրությանը նվիրված՝ ինչպես Շահխաթունյանցի, այնպես էլ այլ հեղինակների աղբյուրների ուսումնասիրությունը բերում է այն համոզման, որ անգամ տպագիր աղբյուրների շատ տեղեկություններ հետազոտողների ուշադրությունից դուրս են մնացել և դրանք ընդհանրացնելու նպատակով անհրաժեշտ է հրատարակել առանձին «Երևանը սկզբնաղբյուրներում» մատենաշար, որը, մեր համոզմամբ, կունենա ինչպես գիտաճանաչողական, այնպես էլ քաղաքական նշանակություն:

* * *

  1. Շահազիզ Ե., Հին Երևանը, Եր., 2003 , Հակոբյան Թ., Երևանի պատմությունը (1801-1879 թթ.), Եր., 1959:
  2. Муравьев, «Грузия и Армения», С.Петербург, 1848, т. 2, с. 12.
  3. Ալիշան Ղ., «Այրարատ», Յառաջաբան, Վենետիկ 1890, էջ Զ:
  4. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Եր., 1998, հ. IV, էջ 60:
  5. Արիստակէս եպիսկոպոս Սեդրակեան, Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը, Ս.Պետերբուրգ, 1898:
  6. Թաղիադյան Մ., Ուղեգրություններ, հոդվածներ, նամակներ, վավերագրեր, Եր., 1975:
  7. Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունյանց, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ Գաւառացն Արարատայ, Էջմիածին, 1842, էջ 141:
  8. Աբրահամ Երևանցին այս թաղը անվանում է Հին Երևան (Աբրահամ Երևանցի, Պատմութիւն պատերազմացն, 1721-1736 թթ., Եր., 1938, էջ 17):
  9. Նույն տեղում, էջ 144:
  10. Муравьев, Грузия и Армения, С.Петербург, 1848, т. 2, с. 108.
  11. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հատոր I, Վաղարշապատ, 1870:
  12. Հովհաննիսյան Պ., Ամենայն Հայոց կաթողիկոսներ, Եր., 2001, էջ 212:
  13. Նույն տեղում, էջ 214:
  14. Նույն տեղում, էջ 232:
  15. Տե՛ս Շահխաթունյանց, էջ 148:
  16. Տե՛ս Եր. Շահազիզ, էջ 203:
  17. Տե՛ս Շահխաթունյանց, էջ 150:
  18. Տե՛ս Թաղիադյան, էջ 84-90:
  19. Տե՛ս Շահխաթունյանց, էջ 150:
  20. Նույն տեղում, էջ 151:

Լուսինե Ամիրջանյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի
գիտական գծով փոխտնօրեն

Լուսանկարների արխիվ