Երևանը «քաղաք-այգի» համատեքստում
Սույն հոդվածը պատրաստելու և ներկայացնելու առիթը հանդիսացավ մեր ճապոնացի գործընկերների հետ Օսակայի Սուիտա քաղաքի թանգարանում «Սենրիյամա քաղաք-այգի. ուտոպիան Թաիշոի (1) դարաշրջանում» ցուցահանդեսի (Ապրիլ 23 – հունիս 05, 2016թ.) նախապատրաստական աշխատանքներին ներգրավված լինելու հանգամանքը, որի արդյունքում էլ ծնվեց Երևանը քաղաք-այգի համատեքստում քննարկելու հարցը: Փորձենք հակիրճ ներկայացնել այս տեսության ստեղծման պատմությունը և հիմնական գաղափարները:
19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում քաղաքաշինության մեջ առաջացավ խնդիրների շարք, որը հիմք հանդիսացավ քաղաք-այգի գաղափարի ստեղծման համար: Հենց այդ ժամանակահատվածում էլ Անգլիայում ծնվեց ուտոպիստական մի տեսություն, որին վիճակված էր մեծ հետք թողնել հետագա տասնամյակների ոչ միայն եվրոպական, այլև աշխարհի տարբեր քաղաքների քաղաքաշինության վրա: Այն այնքան մեծ հաջողություն ունեցավ, որ անգամ շարժման վերաճեց:(2) Այդ տեսության հիմադիրն էր անգլիացի փիլիսոփա, ուտոպիստ-սոցիալիստ տնտեսագետ Էբենզեր Հովարդը, ով 1898թ. հրատարակեց «Վաղվա օրը. Խաղաղ քայլ դեպի իրական բարեփոխումներ» գիրքը, իսկ 1902թ.-ին վերահրատարկեց` «Ապագայի քաղաք-այգիները» խորագրով գիրքը:
Հովարդի երկու գրքերն էլ ծանրակշիռ աշխատություններ են տվյալ ժամանակահատվածի քաղաքների զարգացման տեսլականի համար, որոնցից մենք առանձնացրել ենք հետևյալ կարևոր դրույթները՝ սոցիալական, տնտեսական, աշխարհագրական և քաղաքաշինական: Մենք հիմնականում ներկայացնելու ենք աշխարհագրական և քաղաքաշինական դրույթները:
Հովարդը մշտապես խստորեն քննադատում էր եվրոպական խոշոր քաղաքները և դրանց համատարած ու անկազմակերպ կառուցապատումը: Միջնադարից ժառանգած անկանոն, նեղ փողոցային ցանցը չէր բավարարում ժամանակի տրանսպորտային պահանջներին: Ըստ նրա` արվարձանների առկայությունը, անընդհատ ավելացող բնակչությունը, հակասանիտարական պայմանները և խառը կառուցապատումը մեծ քաղաքները դարձնում են անկառավարելի:
Ուստի, այդ ամենը նկատի ունենալով, նրա «քաղաք-այգիների» ուսմունքի ստեղծման հիմնական նախապայմաները դարձան՝
- Քաղաքում բնակչության նախատեսվածից շատ լինելը,
- Աշխատավորական արվարձանների անմխիթար իրավիճակը,
- Աղտոտված օդը,
- Քաղաքներում կանաչապատ տարածքների բացակայությունը:
Նա նկարագրում է, որ այդպիսի մեծ արդյունաբերություն ունեցող քաղաքներին անհրաժեշտ են ոչ թե հատակագծային կտրուկ փոփոխություններ, այլ բնակչության մեծ քաղաքներից դեպի այլ բնակավայրեր աստիճանբար տեղափոխության նոր մեթոդ: Հովարդը կարողացավ վերլուծել դեպի քաղաք մարդկանց անընդմեջ հոսքի ու գյուղական համայնքների ամայացման պատճառները և եզրակացրեց, որ մարդկանց հնարավոր է քաղաքից ետ պահել՝ նրանց համար այլ գայթակղություներ ստեղծելով: Ըստ նրա՝ «քաղաք-այգիները» պետք կառուցվեին մեծ քաղաքներից ոչ շատ հեռու, բնության գրկում՝ իրենց մեջ օրգանապես ներառելով քաղաքային և գյուղական կյանքի բոլոր առավելությունները (3):
Վերլուծություների արդյունքում Հովարդը «Երեք Մագնիսի» սխեմայում արդեն իսկ նշեց քաղաքի և գյուղի թերություններն ու առավելությունները:
Նա նկարագրում է հետևյալը.
Քաղաք
Սակավ բուսականություն, աղտոտված օդ, հասարակական ակտիվ կյանք, բարձր վարձատրությամբ աշխատատտեղեր, թանկ ապաստան:
Գյուղ
Առատ բուսականություն, մաքուր օդ, հասարակական կյանքի բացակայություն, ցածր վարձատրությամբ աշխատատեղեր, հետիոտն մատչելիության ազատություն:
Այս ամենը վերլուծելով՝ հասարակությունը, բնականաբար, կձգտի առավելություներով սինթեզված միջավայր, որն է քաղաք-գյուղը նույն ինքը՝ քաղաք-այգին:
Այս ամենի նպատակը հիմնականում մեծ քաղաքների անընդհատ ավելացող բնակչության որոշ մասը թեթևացնելն էր: Այդ իսկ պատճառով Հովարդն առաջարկում է ստեղծել «քաղաք-այգիների ֆեդերացիաներ», որոնք բաղկացած կլինեին մեկ կենտրոնական գլխավոր և վեց փոքր «քաղաք-այգիներից»: Այս վեց փոքր քաղաքները արբանյակների նման շրջագծելու էին գլխավորին և իրար հետ կապվելու էին գլխավոր երկաթուղու միջոցով: Կենտրոնական քաղաք-այգում կառուցվելու էին հասարակական և առևտրական շինություններ, բուհեր և դպրոցներ՝ նախատեսված 58 հազար բնակչի համար: Իսկ ֆեդերացիայի բնակիչների ընդհանուր թիվը սահմանվում էր 250 հազար:
Այժմ անդրադառնանք քաղաքաշինական դրույթին:
Քաղաք-այգու տեսության մեջ Հովարդի հաղթանակի գրավականը համատարած կանաչապատման գաղափարն էր: Նա մտահոգված էր, որ քաղաքային բնակիչներն օտարված են բնությունից և այդ իսկ պատճառով մշակեց ու նախագծեց սոցիալ-էկոլոգիական մոդելը, ներկայիս տերմինով՝ էկո-քաղաք(4):
Քաղաքի բոլոր բացասական կողմերի պատճառը համարելով դրա մեծությունը՝ Հովարդը մեկ քաղաք-այգու բնակչության թիվը սահմանում էր 32 հազարից ոչ ավելի: Այդ դեպքում բնակիչը քաղաքում չի կորցնում իր դեմքը, այդպիսի քաղաքում և՛ կենտրոնը, և՛ արվարձանը գտնվում են հետնիոտն մատչելիության սահմաններում:(5) Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր քաղաք-այգուն հատկացված տարածքի ընդամենը 1/6-րդ մասը՝ 2 կմ տրամագծով, ենթակա չէր կառուցապատման, իսկ մնացած տարածությունը զբաղեցնելու էին կանաչապատումը և գյուղատնտեսական ազատ հողատարածությունները: Քաղաք-այգուն նախատեսվում էր 2500 հա տարածք(6): Բոլոր քաղաք-այգիների հատակագծման սկզբունքը նույնն էր: Քաղաքի կենտրոնում պետք է լինեին զբոսայգին և գլխավոր հասարակական ու մշակութային շինությունները, 1-2 հարկանի բնակելի տները` յուրաքանչյուրն իր առանձին հողակտորով: Քաղաքի գլխավոր փողոցը` Մեծ ավենյուն (պողոտան) լինելու էր զբոսապուրակ` նախատեսված միայն հետիոտների համար(7), և կապելու էր քաղաքի կենտրոնը երկաթգծի կայարանի հետ: Քաղաքի եզրում տեղադրված պետք է լինեին արդյունաբերական ձեռնարկությունները: Երկրորդ գլխավոր փողոցը շրջանաձև մայրուղին էր` քաղաք-այգու հիմնական տրանսպորտային հանգույցը: Քաղաք-այգիների հատակագծման հիմքը շառավղային և շրջանաձև փողոցների համադրումն էր՝ ըստ տրանսպորտային կարևորության: Սակայն քաղաք-այգու տարածքի և բնակչության քանակի սահմնափակումն առաջացնում էր մի շատ կարևոր հարց, կապված բնակչության աճի հետ: Ըստ Հովարդի՝ քաղաքի զբաղեցրած տարածքը և բնակչության թիվը պետք է մնար նախապես որոշված սահմաններում և ենթակա չլիներ ավելացման, սակայն տարբերակ կար նաև խիստ անհրաժեշտության դեպքում հարակից վայրերում կառուցել նոր քաղաք-այգիներ:
Այսպիոսվ, սահմանված էին քաղաք-այգիների հստակ չափորոշիչները և այն բավարար էր բնակիչների կենցաղային, սոցիալական և մշակութային խնդիրները լուծելու համար:
Անչափ ոգևորված լինելով քաղաք-այգի գաղափարով՝ Հովարդն իր գրքի վերջին նախադասությունն ավարտում է այսպես,- «I trust we shall meet in Garden city»(8) և սկսում է դրամական միջոցներ փնտրել Լոնդոնի շուրջը քաղաք-այգիներ կառուցելու համար: Սակայն նա մեծ դժվարությամբ կարողանում է մասամբ իրագործել միայն Լեչվորտի(9) և Ուելվինի(10) կառուցման ծրագրերը:
Այժմ փորձենք ներկայացնել այն նախապայմանները, թե արդյոք Երևանը և Երևանի հատակագիծը կառուցվել է որպես քաղաք-այգի՞, որը մշակել է Երևանի գլխավոր և մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Մինչ Թամանյանի Երևան գալը, հայտնի է, որ նրա կողմից վերամշակված քաղաք-այգու տարբերակն արդեն կյանքի էր կոչվել Պրոզորովկա ավանի (այժմ` Կրատովո, Մոսկվայից 40 կմ հեռավորության վրա) նախագիծն իրականացնելու ընթացքում(11):
Ըստ Խորհրդային Միության որդեգրած գլխավոր քաղաքականության՝ վերջինիս կազմում ընդգրկված հանրապետությունները, այդ թվում և Խորհրդային Հայաստանը, պետք է զարգանային հավասարաչափ: Այդ իսկ պատճառով պետական մակարդակով ուշադրության էին արժանանում ոչ միայն արդյունաբերական, գյուղատնեսական և մշակութային ոլորտները, այլև քաղաքաշինական: Ինչպես հայտնի է, Երևանի գլխավոր հատակագծի ուսումնասիրման և կատարման աշխատանքները Թամանյանը սկսել էր դեռևս Հայաստանի առաջին Հանրապետության օրոք, այնուհետև շարունակել 1921-23թթ. Թավրիզում ապրած տարիներին:
Թամանյանի նախագիծն արժանանացավ Խորհրդային Հայաստանի կառավարության լիակատար համաձայնությանը, քանի որ նախատեսվում էր Երևանի բարեկարգումն ու զարգացումը՝ արևմտաեվրոպական քաղաք-այգիների օրինակով, արդյունքում ունենալով առողջ, հարմարավետ ու գեղեցիկ քաղաք: Թամանյանն իր նախագիծը պատկերացնում էր իբրև եվրոպական փորձի վրա հիմնված կենտրոնակազմ և ինքնին կենտրոն հանդիսացող մի քաղաք, որտեղ սոցիալական, բնակլիմայական և խորհրդանշական (Արարատին նայող փողոցներ) ասպեկտները ներդաշնակված էին: Այս մասին մանրամասն ներկայացված է Թամանյանի զեկույցում(12): Այսպիսով, ձեռնամուխ լինելով Երևանի գլխավոր հատակագծի նախագծմանը, Թամանյանը պետք է որոշում կայացներ սկզբունքային կարևոր հարցերից մեկի վերաբերյալ՝ նոր քաղաքը պետք է հին քաղաքի տեղում լինի, թե՞ կառուցվի նոր տեղում:
Թամանյանն առաջարկում է քաղաքը կառուցել հնի տեղում: Եթե հետադարձ հայացք գցենք Հովարդի տեսությանն ու գաղափարներին, ապա կարող ենք փաստել, որ այս առումով դրանք ընդհանրապես չեն համընկնում: Ինչպես հայտնի է, Հովարդի տեսությամբ քաղաքների կառուցման պատճառները տարբեր են, և այդ քաղաքների միջև կան էական տարբերություններ: Օրինակ, եթե Լոնդոնի պատճառով առաջացել է Լիչվորդը, իսկ Օսակայի պատճառով ձևավորվել է Սենրիյամա ավանը, ապա Երևանն էականորոն այդ երկուսից տարբերվում է, քանի որ այս պարագայում նոր քաղաք չի առաջացել (ընդլայնվել), ճարտարապետը փորձել է թողնել քաղաքն իր տեղում՝ կատարելով լայանածավալ փոփոխություներ, շտկելով գոյություն ունեցող փողոցների ուղղություններն ու չափերը՝ դրանք լրացնելով անհրաժեշտ նոր տարածքներով ու փողոցներով: Այսպիսով, Թամանյանը Երևանը որպես քաղաք-այգի նախագծելիս առաջնորդվել է Հովարդի տեսության հետևյալ սկզբունքներով.
- Քաղաքի ինքնավարության հնարավորություն,
- կառուցվածքը կենտրոն և քաղաքամասեր, տարածքի գոտիավորում,
- Աշխատավայրի արագ հասանելիություն,
- Սանիտարահիգենիկ և գեղագիտական պայմանների բարձր մակարդակ:
1924թ. ապրիլի 3-ին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հաստատեց Երևանի գլխավոր հատակագիծը (մինչև 150.000 բնակչի համար): Այն կոչվում էր «Երևանի զարգացման և կարգավորման հատակագիծ» (13):
Համաձայն դրա՝ քաղաքը բաժանվում էր վարչական, առևտրական, բանվորական, արդյունաբերական, համալսարանական և թանգարանային թաղամասերի, որոնցում առանձնակի ուշադրություն էր հատկացվում կանաչապատ գոտիներին: Ըստ ճարտարապետի՝ Հրազդան գետի ափին նախատեսվում էր առողջարանային համալիրը: Քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում պետք է լիներ մեծ անտառանման պուրակ, որը պաշտպանելու էր քաղաքը հյուսիսային քամիներից ու փոշուց: Անչափ կարևոր էր «քաղաքի թոքերի» ստեղծումը, որը կազմելու էր ընդհանուր տարածքի մեկ վեցերերդ մասը(14):
Թամանյանն, իհարկե, Երևանը նախատեսել էր որպես դեուրբանիզացված քաղաք-այգի(15): Քաղաքի կենտրոնական մասը շրջապատում էր Օղակաձև զբոսայգին, իսկ Գլխավոր պողոտան (16), ինչպես նաև ծառաշատ փողոցները լիովին կազմակերպում էին քաղաքի միջուկի կանաչապատումը: Անգամ օղակաձև զբոսայգում Թամանյանը տրամագիծը վերցրել էր 2 կմ՝ ելնելով հետիոտն մատչելիության Հովարդի տեսության հանձնարարականից: Թամանյանը բնակելի տների հարկայնությունը սահմանել էր մինչև 4 հարկ, իսկ բնակչության թիվը՝ 150 հազարից ոչ պակաս: Սակայն, նախագծում լուծվելիք խնդիրներն օբյեկտիվ պատճառներով ստիպեցին որոշակիորեն դուրս գալ քաղաք-այգու հրամայականից:
Երևանին չէր բավարարում Հովարդի նախատեսած սակավազոր արդյունաբերությունը, որովհետև Խորհրդային իշխանությունը պլանավորել էր երկրի արագ ինդուստրալացում, ինչից բխում էին բնակչության կուտակումներ, կենցաղավարության նոր ձևեր, տրանսպորտի քանակական և որակական փոփոխություններ և այլն (17): Եվ քանի որ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի բնակչությունն օր օրի աճում էր, բացի տարբեր գոտիավորման մշակումներից, Թամանյանը ձեռնամուխ եղավ «Մեծ Երևան» անվանումը կրող ավելի ընդարձակ գլխավոր հատակագծի մշակմանը:
1934-1936 թթ. նրա ներկայացրած հատակագծում Երևանն աճել էր և՛ հյուսիսից, և հարավից: Հյուսիսում Նոր Արաբկիրն էր, իսկ հարավում Նուբարաշենը: Թամանյանը նոր թաղամասի հատակագիծն սկսել էր դեռևս 1925 թվականից, բայց 1936թ. «Մեծ Երևան» հատակագծում (մինչև 300.000 բնակչի համար), այն արդեն տարբերվում էր սկզբնականից: Այդ համատեքստում կարծես թե Թամանյանն օգտագործել էր Հովարդի այն գաղափարը, որտեղ նա առաջարկում էր ստանալ հարակից այլ փոքր քաղաք-այգիներ (18):
Այժմ անդրադառնանք այն կարևոր, առանցքային և վիճելի հարցին, թե արդյոք Երևանը համարվու՞մ է քաղաք այգի, թե ոչ:
Այս հարցին ուղղակիորեն կարելի է պատասխանել, ուսումնասիրելով հենց Թամանյանի զեկուցագրերուն ու բացատրգրերը, որտեղից հստակ երևում են ճարտարապետի դիրքորոշումներն ու կիրառած սկզբունքները:
Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
«Քաղաքը պիտի տարածվի ի հաշիվ այգիների, և հավանական է որ հարց տրվի. թե հապա ինչով պիտի փոխարինենք այն տարածությունը, որ խլում ենք այգիներից: Հնարավորություն կա այգիներից վերցրած տարածքներից մի քանի անգամ ավելի չափով վերադարձնել՝ քաղաքի շուրջը կառուցելով օղակաձև կանաչ գոտի, այնպես որ յուրաքանչյուր քաղաքամաս ունենա իրեն մոտիկ զբոսավայրը»:
Հատված 1932թ. Թամանյանի «Երևանի վերակառուցումը» զեկուցագրից. «Համաձայն քաղաք-պարտեզի կառուցման պահանջների, քաղաքի տարածության առնվազն 10-15 տոկոսը (9-10 քառակուսի մետր մեկ շնչին) հատկացվում է բարեկարգման հասարակական օգտագործման համար, ինչպիսիք են՝ պուրակները, պարտեզները, ճեմուղիները և այլն: Սրանց մեջ չեն մտնում մասնավոր հատվածները: Այդպիսով, քաղաքի տարածությունից անհրաժեշտ է 140 հեկտար հատկացնել ծառատնկման համար: Բնական է, որ սանիտարական և բարեկարգման միատեսակ պայմաններ ստեղծելու համար պետք է, ըստ հնարավորության, այդ կանաչները հավասարաչափ բաժանել քաղաքի տարածության վրա: Կարելի էր քաղաքի զանազան մասերում շինել մեծ թվով փոքր պարտեզներ, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ առանձին պարտեզներն ավելի քիչ դեր կխաղան քաղաքի զովության և խոնավության պահպանման գործում, քան ամփոփված կանաչը, որն իրենից ներկայացնելու է զբոսայգիների մի շղթա՝ ընդգծելով քաղաքի կանաչի խոշոր մասը»:
Հատված Ժողկոմխորհի նախագահ Ս. Տեր-Գաբրիելյանին Երևանի հատակագծի մասին Թամանյանի ներկայացրած բացատրագրից.
«Կառուցողների միության ճարտարապետ-տեխնիկների սեկցիայի 26-ը դեկտեմբերի 1928թ. ընդհանուր ժողովի արձանագրության կետերի վերաբերյալ ներկայացնում ենք.
Քաղաք-պարտեզի գաղափարը ստեղծեց սոցիալստ Հովարդն՝իբրև պայքար մեծ քաղաքների դեմ իրենց բնակչության կուտակվածությամբ և հակաառողջապահական պայմաններով:
Ստատիստիկայով հաստատված է , որ փոքր քաղաքներում բնակչության մահացությունը հազար մարդու համար հասցված է մինչև 6-8 հոգու, այնինչ Եվրոպայի խոշոր քաղաքներում (Բեռլին, Լոնդոն, Փարիզ) այն հասնում է 17-20–ի, իսկ բանվորական քաղաքներում՝ 33-35-ի: Կնշանակի, մահացությունն այդտեղ հինգ անգամ ավելի պակաս է, քան մեր մեծ քաղաքներում:
Երևանի պլանը մշակելիս իմ նպատակն է եղել մեր Խորհրդային Հայաստանի կենտրոնը ստեղծել այնպես, որ այն համապատասխաներ մեր կյանքի պահանջներին բոլոր ասպարեզներում՝ վարչական, արդյունաբերական, առևտրական, կուլտուրական և միաժամանակ լիներ առողջ, հարմար ու գեղեցիկ բնակավայր բնակչության համար:
Իմ նախագծերի մեջ ես օգտագործել եմ «քաղաք-պարտեզի» և՛ սկզբունքը, և՛ձևերը՝ իբրև լավագույն օրինակը և ամենահաջող պրիոմը քաղաքների շինարարության մեջ: Ես գտնում եմ , որ քաղաք-պարտեզի սկզբունքը ոչ մի կերպ չի հակասում մեր երկրի սոցիալիստական բնույթին և կոլեկտիվ պահանջներին, և ոչ մի դժվարություն չի առաջացնում մեր շինարարության համար: Գտնում եմ միանգամայն անտեղի, որ իմ պլանին վերագրում են՝ «առանձնակի մեկուսացված բնակարաններ՝ իրենց սեփական տնտեսությամբ, բակով, բանջարանոցով, մանր շինարարություն , իրարից անկախ մեշչանական կենցաղ և այլն», քանի որ այս նկատողությունները չեն վերաբերում քաղաքի պլանին, որը որոշում է միմիայն փողոցների, պարտեզների, հրապարակների և թաղերի դասավորությունները, այլ վերաբերվում է շինարարության ձևին, որին կարելի է տալ ցանկացած բնույթ՝ ղեկավարելով նույն պլանով:
Այս առիթով կարևոր եմ համարում ասել, որ ուղիղ մի տարի առաջ 1928թ. հունվարի 19–ին քաղխորհուրդը հաստատել է իմ ներկայացրած ծրագիրը այն մասին, թե ինչպիսի տներ են կառուցվելու քաղաքի գլխավոր փողոցների վրա: Այդ տները լինելու են 2-3 և 4 հարկանի՝ ոչ պակաս 2 հարկից, որոնք իրենց մեծությամբ հնարավորություն են տալիս բավարարելու կոլեկտիվիզմի պահանջները: Ըստ վերոհիշյալ ծրագրի, միայն որոշ թաղամասերում, նեղ ու փոքր փողոցների վրա թույլատրվում է կառուցել միհարկանի տներ՝ առանձին բնակարաններով:
Ճիշտ է, որ «քաղաք-պարտեզի» սկզբունքը ծնվել է կապիտալիստական երկրներում, բայց չէ՞ որ մենք միևնույն աղբյուրից ենք ստանում շինարարության վերաբերյալ բոլոր նորությունները: Իմ ամենավերջին տեղեկությամբ, այսօր Գերմանիայում (Բեռլին, Դրեզդեն, Լայպցիք, Հանովեր) բանվորական բնակարանային շինարարությունը տարվում է ամենաեռուն թափով և կոոպերացիայի հիմունքներով, այդ շինարարությունը կատարվում է քաղաք-պարտեզի ձևով՝ փողոցներով, բուլվարներով և ոչ խոշոր տներով»:
Վերլուծելով վերն ասվածը՝ միանշանակ կարող ենք փաստել, որ Երևանը չի կարող ենթարկվել Հովարդի քաղաք-այգի տեսության բոլոր հրամայակններին, որի պատճառները անհրաժեշտ է փնտրել հիմնականում աշխարհագրական և քաղաքաշինական հարթություններում:
Մեր միտքն առավել հստակեցնելու համար անհարժեշտ ենք համարում կրկին անդրադառնալ քաղաք-այգուն բնորոշ Հովարդի տեսության այն սկզբունքներին, որոնք Թամանյանը հաշվի է առել Երևանի գլխավոր հատակագիծը մշակելիս: Դրանք են՝ քաղաքի ընդհանուր կառուցվածքը (կենտրոն և քաղաքամասեր), տարածքի գոտիավորում, ինքնավարության հնարավորությունը, աշխատավայրի արագ հասանելիությունը, սանիտարահիգիենիկ և գեղագիտական պայմանների բարձր մակարդակը:
Այսպիսով, վերցնելով արտասահմանյան քաղաք-այգիների լավագույն ձևերը, Թամանյանը դրանք վերամշակեց և հարմարեցրեց հայկական միջավայրին՝ մասնավորապես, փողոցների հատակագծման ճառագայթա-օղակաձև մեթոդը, առատ կանաչապատման ձևը և այլն, ինչն էլ հիմք ունենալով, կարող ենք փաստել, որ Երևանի գլխավոր հատակագիծը 20–րդ դարի քաղաքաշինական նշանավոր ձեռքբերումներից է: Այս հատակագիծը համարվում է բացառիկ այն փաստաթղթերից մեկը, որի կարևորությունն ավելի է արժեվորվում այն հանգամանքով, որ այն պարզապես որպես գծագիր չի մնացել, այլ կյանքի է կոչվել կարճ ժամանակում, ընդամենը մեկ սերնդի աչքի առջև, ինչը հազվագյուտ երևույթ է քաղաքաշինության մեջ: Այն զարգացրել ու բարելավել են հետագա ճարտարապետները, ովքեր որոշակի վերամշակումներով հիմնականում հարգել և պահպանել են Ալեքսանդր Թամանյանի մտահղացումները՝ համարելով այն Երևանի քաղաքաշինական հիմնասյունը:
Ինչ վերաբերում է Հովարդի տեսությանը, պետք է ասել, որ դրանով ոգեշնչված, աշխարհի տարբեր երկրների քաղաքաշինության մեջ սկսեցին օգտագործել նրա գաղափարները և քաղաք-այգիներ կառուցվեցին Ֆրանսիայում (Շատենե-Մալաբրի), Գերմանիայում (Մյունխեն-Պերլախ), Ռուսաստանում (Կրատովո) Ճապոնիայում (Սենրի Յամա):
Գևորգ Օրբելյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտաշխատող
* * *
- Թաիշո դարաշրջանը Ճապոնիայի պատմության այն ժամանակահատվածն է, որը կոչվում է Թաիշո կայսեր կառավարման անունով և այն ընդգրկում է 1912-1926թթ.:
- Քաղաք-այգի շարժում (Garden city movement):
- Howard, E., “Garden cities of To-morrow”, London,1902, pp. 114-116.
- Rivke Jaffe and Anouk de Koning, “Introducing Urban Anthropology”, London, 2016, pp., 125-126.
- Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր, N 11(105), նոյեմեբեր, Երևան, 2014թ. էջ 37:
- Տես նույնը :
- Երևանի գլխավոր հատակագծում Թամանյանը օգտագործելով այս մոտեցումը, նախագծել էր Հյուսիսային պողոտան:
- Howard E., “Garden cities of To-morrow”, London, 1902, pp. 167.
- 1903թ-ին Լոնդոնից 55 կմ հեռավորության վրա սկսվեցին առաջին քաղաք-այգու` Լեչվորտի շինարարական աշխատանքները: Քաղաքին հատկացված 1800 հեկտարից 2/3-րդը նախատեսված էր կանաչապատման համար: Հատակագծի հեղինակներն էին Ռ.Էնվինը և Բ.Պարկերը: Քաղաքի միջուկը կենտրոնական այգին էր, որից տարբեր ուղղություններով բացվում էր ճառագայթաձև 12 փողոց: Այս փողոցներից մեկը` Բրոդվեյն ուներ 30 մ լայնություն և դարձավ քաղաքի զարկերակը` կապելով կենտրոնը երկաթգծի կայարանի հետ: Արտադրական ձեռնարկությունները գտնվում էին Լեչվորտի արևելյան մասում, բնակելի զանգվածները` երկաթգծից հարավ ընկած տարածքում: Այստեղից արևմուտք քաղաքի հասարակական կենտրոնն էր, որի հստակ երկրաչափական հատակագծմանը հակադրվում էր բնակելի զանգվածների ազատ կառուցապատումը: Բնակելի մասի կառուցապատումը քոթեջային տիպի տներով և կանաչ զանգվածի առատությունը Լեչվորտի հիմնական առանձնահատկությունն էին:
- Ուելվին քաղաքը, որ գտնվում էր Լոնդոնից 32 կմ հեռավորության վրա, կառուցվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Ուելվինի հիմնական առանձնահատկությունը քաղաքից դուրս հյուսիսային ուղությամբ ձգվող բավականին մեծ տարածք զբաղեցնող անտառանման պուրակներն են:
- Ավանը հիմնադրվել է 1913թ-ին` առաջին քաղաք-այգու հիմնադրումից 10 տարի անց: Նախագծի համահեղինակն էր ինժեներ Վ. Սեմյոնովը: Ավանի նախագիծը հեղինակների կողմից մտածված էր որպես Ռուսաստանի առաջին քաղաք-այգին:
- Թամանյանի զեկուցումը առաջին անգամ լույս է տեսել 1924 թ․ Խորհրդային Հայաստան թերթի նոյեմբերի 4-ի համարում: Վերահրատարակվել է ըստ՝ Վարդան Ազատյանի (խմբ․), Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջև (Երևան: Ուտոպիանա, Հովհաննիսյան ինստիտուտ, 2015), էջ 111-119:
- 1924թ.ապրիլի 3-ին, հրավիրվել էր արտակարգ նիստ, որտեղ քննարկվում էին կարևոր հարցեր Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ: Հենց այս ժամանակ էլ, կառավարությանը հղած իր առաջին զեկուցագրերից մեկում Թամանյանը գրել է. «Հերթի են դրված…Հայաստանի քաղաքների բարեկարգումն ու զարգացումը արևմտաեվրոպական քաղաք-այգիների օրինակով»:
- Երևանը քարտեզներում և հատակագծերում, ԵՔՊԹ, Երևան, 2008թ. էջ 5-6:
- Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր համար N 11(105), նոյեմեբեր, Երևան, 2014թ. էջ 40:
- Գլխավոր պողոտան ձգվում է քաղաքի կենտրոնով` հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք (ներկայիս Բուզանդի փողոց):
- Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր համար N 11(105), նոյեմեբեր, Երևան, 2014թ. էջ 40:
- Այստեղ օգտագործելով Հովարդի նախատեսած օրինակը Թամանյանը մասնակիորեն նախագծում է Նուբարաշեն ավանը որպես այլ փոքր քաղաք-այգի: