Առաջինները Երևանի բժշկության մեջ
Առողջապահության և բժշկագիտության հարցերը հայ ժողովրդին հետաքրքրել են վաղ ժամանակներից: Բժշկությունը Հայաստանի մշակույթի անբաժանելի մասն է կազմում, նրա արմատները հասնում են դարերի խորքը: Ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները վկայում են բժշկական արվեստի բարձր մակարդակի մասին (բժշկական զանազան գործիքներ, դեղատան սարք և այլն)(1): Մասնավոր հիվանդանոցներ Հայաստանում եղել են դեռևս 3-րդ դարում:
260թ. հայ նախարար Սուրեն Սահառունու կինը՝ Աղվիթան, Առբենուտ կոչվող բուժիչ հանքային աղբյուրի մոտ իր միջոցներով բորոտանոց կառուցեց: Նշենք, որ Եվրոպայում առաջին բորոտանոցները բացվել են դրանից 300 տարի հետո: Սակայն բնակչության բուժսպասարկումը և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հարցերն ուշադրության են արժանացել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո: Չնայած 18-րդ դարում հայ բժշկությունը եվրոպականի ազդեցությամբ և մասամբ էլ հնից եկող ավանդույթների հիման վրա բավական զարգացել էր՝ պարսկական տիրապետության շրջանում Երևանում առողջապահական ոչ մի ձեռնարկություն չի եղել. ոչ հիվանդանոց և ոչ էլ դեղատուն(2):
19-րդ դարի երկրորդ կեսից Հայաստանում գործունեություն ծավալեցին Ռուսաստանում մասնագիտական կրթություն ստացած զգալի թվով հայ բժիշկներ: Հնարավորություն չունենալով լուրջ փոփոխություններ մտցնել ժողովրդի առողջության պահպանման գործում, չկարողանալով արմատապես բարելավել բուժսպասարկումը, նրանք իրենց գործունեությունը հիմնականում ուղղեցին բնակչությանը լուսավորելուն, սանիտարական և մշակութային մակարդակը բարձրացնելուն: Երևանի բժշկության բնագավառում հիշյալ ժամանակաշրջանում աչքի են ընկել հայտնի բժիշկներ՝ Վերգինե Խորասանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմենակ Վարդանյանը, որոնց և նվիրված է սույն աշխատանքը:
Հովհաննես Հովհաննիսյան
Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է Երևանում 1865 թվականին: Հայրը՝ Գրիգոր Հայրապետի Հովհաննիսյանը, եղել է Երևանի հարուստ վաճառականներից մեկը: Ընտանիքում եղել են երեք որդի՝ Հովհաննեսը, Քրիստափորը և Առաքելը: Հովհաննեսը Երևանի արական գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Խարկով և ընդունվում համալսարանի բժշկական ֆակուլտետը: Հետագայում ուսումը շարունակում է Մոսկվայի համալսարանում, որն էլ ավարտում է 1891թ.: Վիրաբուժության գծով մասնագիտացել է Վիեննայում և Բեռլինում:
Մինչև1893 թվականը որպես վիրաբույժ աշխատել է Մոսկվայի նահանգի զեմստվոյական հիվանդանոցում: 1894 թվականին տեղափոխվել է Հայաստան և Ղամարլու (այժմ՝ Արտաշատ) քաղաքի հիվանդանոցում աշխատել որպես վիրաբույժ: 1895թ. Երևանի քաղաքային վարչության հրավերով վերադարձել է Երևան, նշանակվել քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչ: Քանի որ այդ բաժանմունքը Հայաստանում առաջինն էր, իսկ ազգաբնակչությունը խուսափում էր ստացիոնար բուժօգնությունից, Հովհաննիսյանը դիմում է անսովոր մի քայլի. նա անձամբ սկսում է գտնել հիվանդներին, նրանց համոզում վիրահատվել հիվանդանոցային պայմաններում, իսկ հիվանդանոցից դուրս գրվելիս տալիս է որոշակի պարգև՝ վճարում ճանապարհածախսը: Կարճ ժամանակ անց սկսվում է հիվանդների հոսքը դեպի հիվանդանոց(3):
Կատարելագործվելու և գիտական վիրաբուժությանը հաղորդակից լինելու նպատակով 1904 թվականին մեկնում է Եվրոպա՝ ժամանակի անվանի վիրաբույժների մոտ ձեռքբերելով տեսական և գործնական գիտելիքներ: Հովհաննես Հովհաննիսյանը նաև ակտիվ հասարակական գործիչ էր: Նա հայկական դպրոցներում և սեմինարիայում վարել է դպրոցական բժշկի պաշտոնը: Ղեկավարել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի բաժանմունքը, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժինը: Որպես ընկերության տնօրեն զգալի աշխատանք է կատարել Երևանի բժշկական ընկերության գործունեության ծավալման ուղղությամբ: Հեղինակել է գիտական աշխատություններ և զեկուցումներ:
Բժիշկ Հովհաննիսյանը իր նշանաբանն էր դարձրել բժշկական օգնություն ցույց տալ ծայրահեղ ծանր հիվանդներին, որի մասին գրել է. «Պրակտիկան, որը ես ձեռք եմ բերել Խարկովի հիվանդանոցում աշխատելու տարիներին, ցույց է տալիս, որ պետք չէ հետևել վիճակագրությանը, և անհրաժեշտ է ընդունել և վիրահատել նույնիսկ այնպիսի ծանր հիվանդներին, որոնց վիրահատման հաջող ելքի հավանականությունը մեկ տոկոս է»(4): 1911թ. Պետական աշխատանքը թողնելուց հետո, Երևանի կենտրոնում վարձակալել է սեփական տուն՝ բացելով քաղաքի առաջին տասը մահճակալ ունեցող մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը՝ կից ամբուլատորիայով: Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը շքեղ սեփական տուն է նախգծում, որը կառուցվում է մեկ տարում:
1915 թվականին բժիշկն իր մասնավոր հիվանդանոցը տեղափոխում է Աստաֆյան (այժմ` Աբովյան) 39 հասցեում գտնվող նորակառույց երկհարկանի տան առաջին հարկը: Երկրորդ հարկում բնակվում էր ինքը՝ ամուրի բժիշկը: Հիվանդանոցն ուներ վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունքներ: Այնտեղ Հովհաննես Հովհաննիսյանը կատարում էր բավական բարդ վիրահատություններ (կռճիկային հյուսվածքների վերականգնում) (5): Նրա շնորհիվ վիրաբուժությունը Հայաստանում հասավ այնպիսի բարձր մակարդակի, որ անվանի բժշկին դիմում էին մեծ թվով հիվանդներ ոչ միայն Երևանի նահանգից այլև Կարսի մարզից և նույնիսկ՝ Պարսկաստանից:
Հիվանդանոցն իր կահավորանքով ու հարդարանքով, բժշկական սարքավորումներով, հիվանդներին ցույց տրվող խնամքով և բուժումով համարվել է Հայաստանի թիվ մեկ բուժհիմնարկը: Ըստ գովազդի հիվանդանոցն ընդունում էր վիրաբուժության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին, վարձի մասին նախօրոք համաձայնության գալուց հետո(6):1923թ. հիվանդանոցը և շենքը բռնագրավվել է խորհրդային իշխանության կողմից: 1927թ. նշվել է Հովհաննես Հովհաննիսյանի բժշկական գործունեության 35-ամյա հոբելյանը, որտեղ անվանի վիրաբույժը մեծարվել է որպես Հայաստանում վիրաբուժության հիմնադիր:
Բժիշկ Հովհաննիսյանը մահացել է 1935թ. Երևանում: Նրա տունը այսօր էլ հանդիսանում է Երևանի գեղեցիկ շինություններից մեկը: Շուրջ մեկ դար առաջ կառուցած այս շենքը իր ճարտարապետա-գեղարվեստական առանձնահատկություններով, ինքնատիպ դեկորատիվ հարդարանքով, նմանը չունի քաղաքում պահպանված հուշարձանների մեջ: Շենքում 1923-1924թթ. գործել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը, կամ ինչպես հայտնի է բնակչությանը Մալարիայի հիվանդանոցը: Շենքը1944թ. տրամադրվել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը՝ հետագայում արտասահմանյան երկրների հետ կապերի հայկական կոմիտեին՝ «ԱՕԿՍ» և մինչ այսօր էլ ծառայում է այդ կազմակերպությանը(7):
Արմենակ Վարդանյան
Արմենակ Վարդանյանը ծնվել է Երևանում 1863 թվականին: Նրա պապը՝ Վարդան Սարգիսովը,1832 թվականին Երևան էր գաղթել Պարսկաստանի Մարագա քաղաքից: Երևանի բերդը ռուսների կողմից գրավելուց հետո ցարի հրամանագրով Պարսկաստանից ներգաղթած բոլոր հայերին հատկացնում էին հողակտորներ՝ շինարարություն իրականացնելու համար: Անդրկովկասի կառավարիչ գեներալ-ադյուտանտ Ռոզենի և հայկական մարզի կառավարիչ Բեյբութովի հրամանով, Վարդան Սարգիսովին հող հատկացրեցին Երևանի կենտրոնական Շահար թաղամասում՝ Խան-Բաղ կոչվող վայրում: Դա այժմյան Բյուզանդի փողոցի տարածքն էր (8):
Արմենակի հայրը՝ Օհանը, հայտնի արհեստավոր էր և հաճախ էր գնում Երուսաղեմ առևտրական գործերով: Այսպատճառով էլ նրան կոչում էին Զարգար Օհան -Մուղդուսի: Օհանն ուներ վեց որդի և երեք աղջիկ: Արմենակը չորրորդ որդին էր: Տարրական կրթությունը ստացել է տանը և քաղաքային երկդասյա դպրոցում: Այնուհետև ընդունվել է Երևանի արական գիմնազիան: Գումար վաստակելու համար սովորելու տարիներին դասեր է տալիս հարուստ երևանցիների երեխաներին, և այդ հավաքված գումարով ուսումը շարունակում էՌուսաստանում:1885թ.ընդունվում է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը:1891թ.համալսարանն ավարտելուց հետո մնում է Խարկովում և մի քանի ամիս աշխատում քաղաքի Ալեքսանդրյան հիվանդանոցի թերապևտիկ բաժնում:
Վավերագրերից տեղեկանում ենք, որ 1892թ.ԱրմենակՎարդանյանը ակտիվորեն մասնակցել է Բաքվում և Երևանում բռնկված խոլերայի համաճարակի դեմ կազմակերպված պայքարին: Այդ նույն տարում նրան հրավիրել են Էջմիածին և նշանակել Գևորգյան ճեմարանի բժիշկ: Երեք տարի հետո տեղափոխվում է Ախտա (այժմ՝ Հրազդան) և տասներեք տարի աշխատում այնտեղի հիվանդանոցում: Այնուհետ ստանձնել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) գլխավոր բժշկի պարտականությունը: 1917թ. Արմենակ Վարդանյանը Վանաձորի զինվորների, բանվորների ու գյուղացիների խորհրդի փոխնախագահն էր: 1918թ.ամբողջ Հայաստանով տարածվում է բծավոր տիֆը: Հենց այդ տարին տեղափոխվում է Երևան և նշանակվում տիֆի հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Բժիշկը Մալյարսկայա (այժմ՝ Տերյան) փողոցի համար 20 հասցեում բացում է բուժարան, որտեղ համաձայն գովազդի՝ բուժում էին կանանց և երեխաների հիվանդություններ: Բծավոր տիֆի վերացումից հետո նրան նշանակում են Երևանի կենտրոնական բուժարանի գլխավոր բժիշկ(9): Գերադասելով բժշկի աշխատանքը գլխավոր բժշկի վարչական աշխատանքից՝ 1922թ.նաստանձնում է բուժարանի թերապևտիկ բաժանմունքի բժշկի պաշտոնը:
Արմենակ Վարդանյանը մի շարք աշխատությունների հեղինակ է: Նրա գրչին են պատկանում «Ստամոքսի խոց», «Մալարիան Նոր Բայազետի և Ալեքսանդրապոլի գավառում» աշխատությունները: 1927թ. քաղաքային խորհրդի նախագահությունը որոշում է ընդունում տոնել Արմենակ Վարդանյանի աշխատանքային գործունեության 35-ամյա հոբելյանը: Այդ առթիվ նրան նվիրում են արծաթե կազմով նոթատետր և ցմահ ազատում բոլոր կոմունալ վճարներից: 1927 թ. դեկտեմբերի 10-ին ՀԽՍՀ կենտգործկոմը որոշում է ընդունում երկարատև բեղմնավոր աշխատանքի համար Արմենակ Վարդանյանին շնորհել վաստակավոր բժշկի կոչում՝ առաջինը Հայաստանում: Մինչև կյանքի վերջը նա շարունակում է աշխատել թերապևտիկ բաժանմունքի բժշկի պաշտոնում: Մահացել է 1939թ. Երևանում:
Վերգինե Խորասանյան
Վերգինե Խորասանյանը ծնվել է1883թ. Երևանում: Հայրը հայտնի վաճառական, գործարար, ազգային գործի չու բարերար Հակոբ Խորասանյանն էր, որը երիտասարդ հասակում իր եղբոր հետ մեկնում է Պարսկաստանի Խորասան քաղաքը ուխտի և անհրաժեշտ ծիսակատարությունից հետո վերադառնում Երևան՝ կրելով Խորասանյան ազգանունը: Մայրը՝ Շամիրամը, Մամիկոնյան իշխանական տոհմից էր, կրթված, զարգացած մի կին: Ունեցել են վեց զավակներ: Վերգինե նրանց ամենափոքր աղջիկն էր: Շամիրամը հաճախ էր ճամփորդում Եվրոպայում: Միանգամ, վերադառնալով ուղևորությունից, հայտնում է ամուսնուն, որոշել է իրենց կրտսեր աղջկան՝ Վերգինեին, գիմնազիան ավարտելուց հետո ուղարկել Գերմանիա՝ բարձրագույն կրթություն ստանալու(10): 1903թ. Վերգինեն մեկնում է Բեռլին՝ սովորելու: Նա մեկնում է եղբոր և սպասուհու ուղեկցությամբ: Բարեհաջող հանձնելով քննությունները՝ ընդունվում է Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմի անվան համալսարանի բժշկագիտության բաժինը
Քսանյոթ տարեկանում Վերգինե պաշտպանում է դոկտորական թեզը՝ վիրաբուժության և մանկաբարձության գծով: Ավարտելով համալսարանը՝ վերադառնում է Երևան և անցնում պրակտիկ աշխատանքի որպես կանացի հիվանդությունների մասնագետ(11): Շատ կարճ ժամանակում նա այնպիսի ճանաչման է հասնում, որ բուժման համար նրան են դիմում Կովկասի տարբեր քաղաքներից: Վերգինե Խորասանյանի գործունեության մասին այսպիսի մի հիշատակություն կա Թ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» գրքում. Այդ տարիներին,- գրում է նա, Երևանում հայտնի էին մի քանի բժիշկներ՝ Մ. Մարգարյան, Ա. Նավասարդյան, Վ. Խորասանյան (Բեռլինի համալսարանի դոկտոր) (12): Ուսանողության տարիներին Վերգինեն ծանոթանում է ապագա ամուսնու՝ Թադևոս Ղազարյանի հետ, որը ճեմարանը ավարտելուց հետո ուղևորվել էր Ցյուրիխ՝ բարձրագույն կրթություն ստանալու: Արձակուրդներին մեկնում է Բեռլին և Կովկասից մեկնած ուսանողների ակումբում հանդիպում Վերգինեին: 1910թ. նրանք վերադառնում են Երևան ամուսնանալու նպատակով: Սակայն վերադառնալով՝ հանդիպում են մեծ դժվարությունների: Վերգինեի հայրը դեմ է լինում այդ ամուսնությանը: Այնուամենայնիվ զույգը գաղտնի պսակադրվում է Սևանի վանքում:
Այդ լուրը իմանալուց հետո հայրը կաթվածահար է լինում և մահանում: Վերգինեի և ամուսնու կյանքը բավական ողբերգական շարունակություն է ունենում: Աղջկա՝ Ռեգինայի, ծնվելուց մի քանի օր առաջ մահանում է Թադևոսը: Ողբերգական վախճան է ունենում նաև երիտասարդ բժշկուհին: Միանգամ նրան հրավիրում են հիվանդ կնոջ մոտ, որը դժվարանում էր ծննդաբերել: Կնոջը զննելիս Վերգինեն հասկանում է, որ ծննդկանը տառապում է բծավոր տիֆով: Կեսարյան հատման ժամանակ վնասում է մատը և վարակվում: Հաջորդ օրը բարձրանում է ջերմությունը, նրան փրկել չի հաջողվում:
Հայտնի բժշկուհու մահվան լուրը հասնում է տարբեր քաղաքներ: Թաղմանը մասնակցելու համար Երևան են գալիս Թիֆլիսից, Բաքվից, Մոսկվայից և Բեռլինից: Աբովյան փողոցը՝ Խորասանյանների տան հատվածում, ծածկվել էրթանկարժեք խալիներով: Սյուները՝ փաթաթվել սև պաստառներով: Դիմացի կաթողիկե եկեղեցուց կատարվել է խնկարկություն(13):Մայրը՝ Շամիրամը, չդիմանալով այդ վշտին, խելագարվել է, փորձել ինքնասպան լինել, ծանր հիվանդացել և չանցած մի քանի ամիս մահացել: Որոշ ժամանակ հետո սկսվում է Խորասանյանների կարողության բաժանումը: Վերգինեի դուստրը՝ Ռեգինան, որպես վեցերորդ ժառանգ ստանում է բավական մեծ կարողություն, դրանով հանդերձ դառնում կռվախնձոր բարեկամների համար: Բոլորը ցանկանում էին դառնալ նրա խնամակալը: Մի շարք դատական գործողություններից հետո Ռեգինայի խնամակալությունը հանձնեցին մորաքրոջը՝ Սրբուհուն:
Աշխեն Հարությունյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող
- Վարդանյան Ս., Հայաստանի բժշկության պատմություն, Եր., 2000թ., էջ 273:
- Հակոբյան Թ., Երևանի պատմությունը 1500-1800թթ., Եր., 1971թ., էջ 317:
- Մարտիրոսյան Վ., Խաչատրյան Կ., Հայ անվանի բժիշկներ, Երևան, 2002թ., էջ 91:
- ՀՀ. Ազգային Արխիվ, ֆոնդ 117, ց. 1, գործ 28, էջ 115:
- Մարտիրոսյան Վ., Խաչատրյան Կ., Հայ անվանի բժիշկներ, Եր., 2002թ., էջ 91:
- Հակոբյան Թ., Երևանի պատմությունը 1879-1917թթ., Եր., 1963թ., էջ 370:
- Մինասյան Հ., Բոլշեւիկների բռնագրաված բժշկի տունը բժշկության թանգարան պիտի լինի, Առավոտ օրաթերթ, 10.մայիսի, 2012թ., տես՝ http://www.aravot.am/2012/05/10/296991/:
- ԵՔՊԹ, Գրավոր աղբյուրների ֆոնդ, ՄՄ 2238:
- ԵՔՊԹ, Գրավոր աղբյուրների ֆոնդ, ՄՄ 2235-5:
- Ավագյան Է., Էրիվանի հայրերն ու այրերը, Եր., 2002թ., էջ 79:
- ԵՔՊԹ, Գրավոր աղբյուրների ֆոնդ, ՄՄ 16530:
- Հակոբյան Թ., Երևանի պատմությունը 1879- 1917թթ., Եր., 1963թ., էջ 372:
- ԵՔՊԹ, Գրավոր աղբյուրների ֆոնդ, ՄՄ 16530: