Լուսանկարչական արվեստը Երևանում (19-րդ դարի վերջ-20-րդ դարի կես)

Լուսանկարչությունը, որը ի հայտ է եկել տեխնոլոգիական հեղաշրջման արդյունքում, ժամանակի քառուղիներում կատարելագործվելով և իր ուրույն տեղը գտնելով, այսօր արդեն դարձել է մեր առօրյա կյանքի անբաժան մի մասնիկը, ժամանակի նյութական արտահայտությունները գրանցող և հավերժացնող արվեստի մի ճյուղը, որի ինքնատիպ դրսևորումն է նաև հայ լուսանկարչական արվեստը: Ներկայումս, սակայն, որքան էլ մեծ է հայ լուսանկարիչների ներդրումը համաշխարհային լուսանկարչական ժառանգության մեջ, այնուամենայնիվ, մենք չենք կարող հիմնովին և ամբողջապես ներկայացնել մասնավորապես երևանյան լուսանկարչական արվեստը, քանի որ վերջինիս ձևավորման և զարգացման պատմության ուրվագիծը դեռևս հստակ գծված չէ:

Ուստի այս աշխատանքով փորձել ենք որոշակիորեն ամբողջացնել լուսանկարչական արվեստի վերաբերյալ մինչ այս կատարված ուսումնասիրությունները և Երևանի լուսանկարչությունը բացահայտող տեղեկությունները զետեղել մեկ տեղում՝ հիմնվելով ժամանակագրական հաջորդականության և լուսանկարչական ժանրում տվյալ լուսանկարչի եզակիության ու նրա ունեցած դերի վրա:

Այսպես, նախ անդրադարձ կատարենք համաշխարհային լուսանկարչական արվեստի պատմությանը: Լուսանկարչության բացահայտումը ինքնին 19-րդ դարի մեծագույն հայտնագործություններից է, որը քիմիայի և ֆիզիկայի բնագավառում արված մի շարք ձեռբերումների արդյունք էր: Լուսանկարչության հայտնագործման պատմության սկիզբը կապված է երեք անունների հետ՝ Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպս (1765-1833թթ.), Ժակ Լուի Մանդե Դագեր (1787-1851թթ.) և Վիլյամ Հենրի Ֆոքս Թալբոթ (1800-1877թթ.): Անձինք, որոնք ի սկզբանե պատկերացում անգամ չունենալով պատկերային արվեստի նոր տեսակ  ստեղծելու մասին՝ ակամայից դարձան արվեստի այդ նոր ճյուղի հիմնադիրները։

Լուսանկարչության պատմությունը սկսվում է դեռ 1826-1827 թվականներից, երբ Նյեպսը գրանցեց իր առաջին հաջողությունները՝ ստեղծելով View from the Window at Le Gras («Տեսարան պատուհանից Լե Գրասում») լուսանկարը՝ կամերա-օբսկուրայի (1) մեջ տեսապակու միջոցով լուսային ճառագայթի օգնությամբ կարողանալով ստանալ փորագրության վերարտադրությունը (2):

Ինչ վերաբերում է Դագերին, ապա նա հաջողություններ գրանցեց պատկերի վերարտադրման քիմիական եղանակում, որը կրկին ստանում էր կամերա-օբսկուրայի մեջ: Այս մեթոդին նրա գեղանկարիչ ընկերները վերաբերվում էին շատ վերապահորեն՝ դիտելով այն որպես մոգական դրսևորում: Իսկ ահա Թալբոթը, լինելով հայտնի գիտնական, առավել հետաքրքրված էր արևի բնական ճառագայթներով:

Այնուհանդերձ, որպես լուսանկարչության հիմնադիր, համարվում է Դագերը, իսկ որպես հիմնադրման տարեթիվ՝ 1839թ. օգոստոսի 19-ը, երբ Փարիզի գիտությունների ակադեմիայում ներկայացվեց պատկերի վերատպման մի նոր մեթոդ, որը արդյունքն էր Դագերի և Նյեպսի համատեղ ուսումնասիրության: Սա իրադարձություն էր, որով լուսանկարչությունը դասվեց գիտությունների շարքին։ Նյեպսն այդ ժամանակ արդեն կենդանի չէր և, հետևաբար, Դագերը  հայտնագործությունը կոչեց իր անվամբ՝ դագերոտիպ։ Մեթոդը հետևյալն էր. լուսային պատկերի ամրագրում արծաթյա թիթեղի վրա (3):

Դագերի գյուտի հրապարակումից քիչ անց, գրեթե միաժամանակ արդեն Անգլիայում հայտնի գիտնական Վիլյամ Թալբոթը ներկայացրեց լուսանկարի բազմացման և մեծացման իր եղանակը: Լուսանկարը կրկին արվել էր կամերա-օբսկուրայի միջոցով, բայց ոչ թե մետաղի, այլ լուսազգայուն հեղուկով պատված թղթի վրա (4): Այն թույլ էր տալիս մեկ նեգատիվից ստանալ բազմաթիվ նկարներ։ Բացի այդ, ֆոտոթուղթը ավելի էժան էր և առավել հեշտ էր ձեռք բերել, քան դագերոտիպը։  Դա փաստորեն թղթե նեգատիվ էր, որից վերատպում էին թղթի վրա։ Դագերոտիպերի դեպքում, ի տարբերություն Թալբոթի մեթոդի, պատկերն ամրագրվում էր միանգամից արծաթե թիթեղի վրա (5)։ Ճիշտ է, ստացվում էր բավական որակյալ պատկեր, որը, սակայն, բազմացնել հնարավոր չէր, ի տարբերություն Թալբոթի եղանակի, որով ստացած պատկերները շատ ավելի թույլ էին որակով, բայց հնարավոր էր ստանալ յուրաքանչյուր նեգատիվից մի քանի օրինակ՝ դրանով իսկ տարբերվելով դագերոտիպերից։ Վերջիններս, սակայն, առավել լայն տարածում ստացան իրենց հասանելիության պատճառով և հետ մղեցին Թալբոթի մեթոդը՝ զարգացում ապրելով և ի վերջո մոտենալով արվեստին մասնավորապես դիմանկարի ժանրում (6)։

Լուսանկարչության հետագա զարգացումը կապված է արդեն բազմաթիվ այլ գիտնականների ձեռնարկած տևական փորձարկումների հետ, որոնց արդյունքում 1850-ական թթ. դագերոտիպերին փոխարինելու եկավ լուսանկարչության թաց կոլոդիոնի եղանակը: Այն պատրաստվում էր անմիջապես լուսանկարելուց առաջ՝ ապակու վրա տարածված խոնավ կոլոդիոնի  շերտի  վրա նստեցնելով լուսազգայուն շերտը և լուսագրելով, ինչպես և ամրացնելով քիմիական եղանակով (7): Ապակու վրա  ստացված պատկերները, ի տարբերություն մետաղի վրա ստացված նեգատիվների, կարելի էր արդեն բազմացնել  լուսազգայուն թղթի վրա: Սա արդեն ժամանակակից լուսանկարչության նախատիպն էր:

Այս ձեռքբերումների արդյունքում լուսանկարչությունը դարձավ հասարակական տարբեր շերտերի քննարկման առարկա և լայն տարածում գտնելով՝ հանգեցրեց գեղարվեստական լուսանկարչության ձևավորմանը (8): Աստիճանաբար սկսեցին բացվել առաջին լուսանկարչատները և առաջիններից մեկը եղավ Ալեքսեյ Ֆեոդորովիչ Գրեկովի լուսանկարչական պավիլիոնը Մոսկվայում, որը բացվեց դեռ դագերոտիպերի հայտնագործումից ընդամենը տասն ամիս անց (9):

Իսկ ի˚նչ են իրենցից ներկայացրել առաջին լուսանկարչական պավիլիոնները: Դրանք տարատեսակ դեկորատիվ հարդարանքներով հագեցած լուսանկարչական տաղավարներ էին, որոնցում որոշակի բարձրության վրա դրվում էին մի քանի լուսանկարչական խցիկներ, կենտրոնում՝ բազկաթոռ՝ համապատասխան հարմարանքներով: Սկզբնական շրջանում, երբ լուսազգայուն շերտի զգայունությունը թույլ էր, ստեղծվել էին հատուկ հարմարանքներ, որոնց միջոցով ֆիքսվում էին լուսանկարվողի մարմնի տարբեր հատվածները՝ գլուխը, ձեռքերը, իսկ ոտքերը կապվում էին ամրակներով (10): Վերջիններս կիրառվեցին բավական երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի։

Հետագայում կատարված հայտնագործություններով լուսանկարչության տեխնիկական հնարավորություններն առավել կատարելագործվեցին, իսկ լուսանկարիչների ստեղծագործություններով կերպարվեստի այս ոլորտը ամրագրվեց որպես արվեստ: Լուսանկարչության այս ձեռքբերումներից անմասն չմնաց նաև հայ ստեղծագործ հասարակությունը: Արդյունքում այն ներթափանցեց հայ մշակույթ և ամուր արմատներ գցելով՝ դարձավ իրականությունը ամրագրող և հավերժացնող արվեստի ինքնատիպ մի ճյուղ՝ զարգացում ապրելով և հասնելով մինչև մեր օրերը:

Հայ լուսանկարիչների գործունեության ժամանակագրական առումով ամենավաղ տվյալներն այսօր պատկանում են Աբդուլլահյաններին (Աբդուլլահ եղբայրներ Վիչե, Հովհաննես և Գևորգ) (11): 19-րդ դարի երկրորդ կեսին տարածաշրջանում հայազգի լուսանկարիչների տաղավարներից առաջինը բացվել է 1858թ. և պատկանել է նրանց։ Եղբայրները մի շարք լուսնկարչատներ են ունեցել տարբեր քաղաքներում (Կ. Պոլիս, Կահիրե, Իզմիր, Թեհրան, Փարիզ և այլուր), բայց ապրել և ստեղծագործել են Կ. Պոլսում, ուր ունեցել են մեծ համբավ՝ կարգվելով կայսրության լուսանկարիչներ: Նրանց անունն այնքան ճանաչված է եղել, որ ճանապարհորդները Կ. Պոլիս այցելելուց հետո, իրենց հուշերում ընթերցողներին խորհուրդ էին տալիս անպայման այցելել Աբդուլլահյանների Ստամբուլի լուսանկարչական տաղավարը՝ այն դասելով այնպիսի տեղական տեսարժան վայրերի շարքին, ինչպիսիք են Այա-Սոֆյան և Բոսֆորի նեղուցը (12): Իրենց հերթին ժամանակի զբոսաշրջիկները նրանցից անպայման լուսանկարներ էին գնում որպես հիշատակ Կ. Պոլսից: Աբդուլլահ եղբայրները բարձր վարկանիշ ունեին սուլթանի մոտ: Նրանք լուսանկարել են երեք սուլթաններին՝ Աբդուլ-Ազիզին, Մուրադ V-ին և Աբդուլ-Համիդ II-ին: Լուսանկարել են նաև շատ ու շատ հայտնի անձանց, ովքեր ժամանակին այցելել են Օսմանյան կայսրություն՝ Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ին,  շվեդ թագավոր Գուստավին, իտալացի կայսր Վիկտոր-Էմանուիլին, Ուելսի իշխանին, Միացյալ թագավորության գահաժառանգ Էդուարդին, Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ III-ին, Ավստրո-Հունգարիայի  կայսր Ֆրանց-Ժոզեֆին, Իրանի շահ Նասր-էդ-դինին և շատ այլ հայտնի դեմքերի (13):

Աբդուլլահյանների արվեստը բարձր է գնահատվում առաջին հերթին բազմաժանրության համար: Նրանք լուսանկարում էին ինչպես քաղաքային տեսարաններ, որոնցից հատկապես հիշարժան են Կ. Պոլիս և Իզմիր քաղաքների համայնապատկերը ներկայացնող լուսանկարները, այնպես էլ՝ թատերական տեսարաններ՝ նշանավոր արտիստների մասնակցությամբ: Ստեղծել են նաև արևելյան դեմքերի, զգեստների և հատկապես տարբեր ցեղերի՝ զանազան հանդերձներով, գործիքներով լուսանկարված կերպարներ (14): Այնուհանդերձ, Աբդուլլահյան եղբայրների առավել հայտնի ստեղծագործությունները դիմանկարներն են՝ շքեղ և խոսուն: Նրանց համար դիմանկարները եղել են մարդկային հոգու արտացոլանք և մշտապես իրականացվել են՝  հաշվի առնելով պատկերվողի տարիքը, մարմնի կառուցվածքը, բնավորությունը և կերպարի զբաղեցրած հասարակական դիրքը (15): Եղբայրների կատարած աշխատանքներից առանձնակի տպավորիչ են արվեստանոցում ստեղծված լուսանկարները: Արվեստանոցը հագեցած էր տարբեր դեկորացիաներով՝ նուրբ վարագույրներով, ժամանակակից աքսեսուարներով՝ լուսանկարներում հիմնախորք ստեղծելու համար: Առավել օգտագործել են բնական լույսը՝ աշխատելով արվեստանոցի վերևի հարկում, որի առաստաղն ապակուց էր (16):

Աբդուլլահյաններն իրենց ողջ գործունեության ընթացքում հրատարակել են 51 անուն լուսանկարչական ալբոմ՝ նվիրված Թուրքիային և տարածաշրջանի ազգաբնակչությանը, որոնք այսօր պահպանվում են աշխարհի խոշոր գրադարաններում (17): Գործունեությունը դադարեցրել են Օսմանյան կայսրության փլուզումից հետո՝ 1900-ական թվականներին՝ փակելով իրենց աշխատանոցը (18)։

Ինչպես նշվեց, 19-րդ դարի 50-60-ական թվականներին լուսանկարչատներ են բացվում աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում և այն քաղաքներում, որտեղ կային հայկական գաղթօջախներ` Կ. Պոլսում, Թիֆլիսում, Ելիզավետպոլում, Երուսաղեմում և այլուր: Արդեն 19-րդ դարի 80-ականներին լուսանկարչատներ են բացվում նաև Արևելյան Հայաստանի հայտնի քաղաքներում՝ Երևանում և Ալեքսանդրապոլում:

Այսպես, Արևելյան Հայաստանում գործունեություն ծավալած ամենահին լուսանկարչատներից մեկը համարվում է «Լեոն» լուսանկարչատունը: Ժամանակի մամուլում հաճախ ենք հանդիպում «Լեոն» լուսանկարչատան գովազդներին, որոնցից երևում է, որ Թիֆլիսում գործող այդ լուսանկարչատունը, ամեն տարի եկել է Երևան և լուսանկարել ցանկացողների, իսկ այդպիսիք քաղաքում շատ ու շատ էին։ Երևանի պատմության թանգարանի Փաստաթղթերի ֆոնդից տեղեկանում ենք, որ այդ ուղևորություններից մեկը կատարվել է 1911թ. ապրիլին։ Լուսանկարչատունը տեղակայվել  է «Ապոլլո» կինոթատրոնի հարևանությամբ գործող Ե. Ջանփոլադյանի թատրոնում (19)։

Ինչ վերաբերում է բուն Երևանում գործունեություն ծավալած լուսանկարիչներին, ապա կարող ենք ասել, որ նրանց առաջին սերունդը իր գործունեությունը սկսել է դեռ նախախորհրդային շրջանում։ Առաջիններից էին Թարիվերդյանցը, Դադյանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Քյուրքչյանցը, Դոնկովը, Մելիք-Աղամալյանը, Տեր-Արիստակեսյանը(20), ովքեր արդի հայ լուսանկարչության հիմնադիրները դարձան (21): Ցավոք շատ կցկտուր են մեզ հասած տեղեկությունները նրանց կենսագրության և ծավալած գործունեության մասին։ Սակայն ելնելով վերջիններիս հեղինակած լուսանկարներից, որոնցից շատերն այսօր պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում, կարող ենք փաստել, որ դրանք հանդիսանում են Երևան քաղաքի հին դեմքը, կոլորիտը, կենցաղն արտացոլող, հնաբնակ երևանցիների վարքն ու բարքը վերամարմնավորող եզակի նմուշներ:

Համաձայն մեզ հասած աղբյուրների՝ Երևանում ֆոտոտաղավար ունեցող առաջին լուսանկարիչներից մեկը եղել է Գեղամ Թարիվերդյանցը (1860թ. Երևան-1942թ. Երևան)՝ այն քչերից մեկը, ով արժանացել է կրկնակի ոսկե մեդալի: Լուսանկարչատունը, որը մի փայտե տնակ էր, գտնվել է Աստաֆյան 11 հասցեում (Աբովյան փողոց)՝ այժմյան Հանրապետության Հրապարակի շրջակայքում՝ ներկայիս Արարատ ռեստորանի կամարի տեղում, որի բակում նա ապրել է իր ընտանիքով: Համաձայն պահպանված կնիքի և տեղեկության՝ իր հետ միասին լուսանկարչատանն աշխատել են նաև կինը՝ Եղիսաբեթ Անանյանը և որդիները (22):

Ի դեպ՝ անվանի լուսանկարիչների այդ կնիքները, որոնց մենք հանդիպում ենք լուսանկարների հակառակ երեսին, շատ ուշագրավ են նրանով, որ հետաքրքիր տեղեկություներ են պարունակում լուսանկարչատների հասցեների, մատուցվող ծառայությունների, ստացած մրցանակների և պարգևների մասին: Այսպես, միջազգային ցուցահանդեսներին մասնակցած Գեղամ Թարիվերդյանցի լուսանկարչական շտամպ-կնիքի վրա դրոշմված են 1909թ. Ռոտերդամի և 1910թ. Հռոմի ցուցահանդեսներում նրա շահած երկու ոսկե մեդալների պատկերները (23):

Նրա հեղինակած լուսանկարներում կարող ենք տեսնել ժամանակաշրջանին բնորոշ ոգին․կերպարներն արտացոլում են հիմնականում հայ ազնվական դասի ներկայացուցիչներին, նրանց հագ ու կապը, արդուզարդը։ Դրանցից յուրաքանչյուրն այսօր պատմական արժեք է ներկայացնում:

Լուսանկարչական գործի կենտրոնացման և զարգացման նպատակով արդեն խորհրդային ժամանակաշրջանում Երևանում աստիճանաբար սկսեցին ձևավորվել, այսպես կոչված, «լուսանկարչական գործը կազմակերպող պետական կազմավորումներ»: Պահպանված արխիվային փաստաթղթերի համաձայն՝ առաջիններից Էր «Հայֆոտո»-ն: Սա լուսանկարչական տրեստ էր, որը  կազմակերպվել էր որպես ՀՍԽՀ Ժողկոմխորհի գործերի կառավարությանը կից լուսանկարչական միավոր Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1934թ. հուլիսի 19-ի որոշմամբ՝ լուծարքի ենթարկելով «Հայկինոյի» լուսանկարչական բաժինը (24): Առաջին տնօրենը Ս. Պետրոսյանն էր։ «Հայֆոտո»-ն կոչված է եղել ընդունելու և իրականացնելու բոլոր տեսակի լուսանկարչական աշխատանքներ ու հատուկ պատվերներ: Արտադրանքը պետք է լիներ բարձրորակ, գները՝ մատչելի:

Ազգաբնակչությանը սպասարկելու համար տրեստն ուներ լուսանկարչական պավիլիոններ (տաղավարներ) ինչպես Երևանում՝ պետ. բանկի նոր շենքի դիմաց՝ քաղաքային այգում, այնպես էլ՝ Լենինականում (Գյումրիում) և Ղարաքիլիսայում (Վանաձորում): Տրեստի ժամանակավոր գրասենյակը Տերյան փողոցում էր՝ հ.2 տանը՝ Հայկինոյի շենքում(25): Արխիվային փաստաթղթերում տրեստի գործունեության մասին նյութեր պահպանվել են  մինչև 1937թ. ներառյալ: Տրեստն ունեցել է հաստիքագրված մի շարք լուսանկարիչներ, որոնցից առաջիններից էր Սեդրակ Վարդանյանը (Սեթոն) (26): Նրա լուսանկարներից շատերը, որոնք մակագրված են Սեթո մականվամբ, ներկայումս պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Դրանք մեծամասամբ պատկերում են հին Երևանի կենտրոնական փողոցները, ժամանակի հայտնի շինությունները, պատմամշակութային հուշարձանները:

Հետագայում լուսանկարչական տաղավարները համախմբվեցին կենցաղ-սպասարկման ֆոտո կոմբինատի հովանու ներքո, ուր գործում էր ժամանակաշրջանին հատուկ պլանային համակարգ: Այդ տարիներին ևս շատ լուսանկարիչ-վարպետներ Երևանում ծավալեցին իրենց գործունեությունը: Դրանց թվում էին նաև Սփյուռքից հայրենիք վերադարձած շատ լուսանկարիչներ, որոնք իրենց հետ բերեցին և հայաստանյան լուսանկարչություն ներմուծեցին ժամանակի արտասահմանյան լուսանկարչության բոլոր նորագույն նվաճումները: Իրենց գործի փայլուն վարպետները դարձան Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Շանթ Տեր-Առաքելյանը, Գուրգեն Միսակյանը, Թորգոմ Բոյաջյանը, Ք. Սևանցյանցը, Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Անդրանիկ Քոչարը և շատ ուրիշներ (27):

Երևանի այս ժամանակաշրջանի լուսանկարչատներից պահպանվել են մեծամասամբ «Խանոյան»-ի լուսանկարչատանը վերաբերող տեղեկություններ: Գաբրիել Խանոյանը (1898թ. Վան – 1982թ. Երևան) վանեցի էր, հայտնի «Մեծ վանեցի» մականունով, իսկական ազգանունը Ալեքսանյան էր, սակայն թուրքերը «խան» են ասել,  քանի որ եղել է առևտրական, մեծահարուստ և որից էլ ծագում է Խանոյան ազգանունը (28): Ծնվել է Վանի Այգեստան փողոցում։ Լուսանկարել սովորել է Կիսլավոդսկում, հրեա լուսանկարիչ Պրովոդի մոտ։ Տասնվեց տարեկանում մասնակցել է Վանի հերոսամարտին (29), իսկ 1934թ. եկել է Երևան և 1937թ. Աստաֆյան 22 (այժմ՝ Աբովյան 12) հասցեում՝ նախկին Սպայի տանը, հիմնել լուսանկարչատուն(30)։ Այս հաստատությունը շուտով ձեռք է բերում լայն ճանաչում հատկապես արվեստի գործիչների դիմանկարների շնորհիվ, որոնք բազմացվում և վաճառվում էին ֆոտո-բացիկների տեսքով։ Այս պատկերաշարի մեջ ներառվել են 1930-70-ական թթ․ Խորհրդային Հայաստանում գործող գրեթե բոլոր ականավոր մշակութային դեմքերը՝ Ավետիք Իսահակյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ և այլք (31)։ Գ. Խանոյանը երկար տարիներ՝ ավելի քան 25 տարի, եղել է նաև Սունդուկյանի թատրոնի լուսանկարիչը՝ հավերժացնելով Վ. Փափազյանի և թատրոնի անվանի այլ աստղերի բեմական կյանքը (32)։ Այդ տարիների աշխատանքները եզակի արժեք են ներկայացնում, քանի որ ներառում են և՛ բեմարվեստի վարպետների և՛ ներկայացումները վավերագրող լուսանկարներ։ Թատրոնի այդ տարիների երկարամյա գործունեությունը իր խոր հետքն է թողել Խանոյանի արվեստի վրա։ Դա արտահայտված է հատկապես նրա դիմանկարներում, որոնց բնորոշ է ակնհայտ թատերայնությունը, լուսանկարվող անհատներին «պերսոնաժային» կերպարանք հաղորդելու միտումը(33)։ Թատրոնին և իր ֆոտո-տաղավարին զուգահեռ նա աշխատել է նաև որպես վավերագրական լուսանկարիչ։ Նրա ուշադրությունից չեն վրիպել քաղաքի բոլոր հիշարժան իրադարձությունները և նշանավոր մարդկանց  այցելությունները: Մարդիկ գնում էին Խանոյանի լուսանկարչատուն վերջին իրադարձություններին իրազեկվելու կամ քաղաքական նշանավոր գործիչների լուսանկարները տեսնելու համար (34)։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այսօր էլ մեր քաղաքում առկա բազմաթիվ այլ լուսանկարչատների կողքին շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել Խանոյան լուսանկարչատունը, որի աշխատանքները 1950-ականներից սկսած ստանձնել է Գաբրիել Խանոյանի քրոջ որդին՝ Օնիկ (Հովհաննես) Խանոյանը, որի տաղավարը գտնվում է Պուշկինի փողոցում՝ նորակառույց շենքի առաջին հարկում(35)։

20-րդ դարի առաջին կեսի Երևանի լուսանկարչության անբաժան մասնիկն էր նաև «Խանդիկյան» լուսանկարչատունը։ Սամվել Խանդիկյանը ծնվել է 1914թ.Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ 1915թ. մայրը երեք երեխաների հետ, կոտորածներից մազապուրծ լինելով, հասել է Անթիլիաս, որտեղի որբանոցում զավակները  ստացել են նախնական կրթություն։ 1921թ. տեղափոխվել են Բեյրութ, ուր և անց են կացրել իրենց մանկությունն ու պատանեկությունը(36)։ Բեյրութում Խանդիկյանն աշակերտել է քաղաքի գլխավոր ճարտարապետ, նկարիչ Մարտիրոս Ալթունյանին(37): Իսկ լուսանկարչական առաջին հմտությունները յուրացրել է Լևոն Թուֆենքչյանի մոտ՝ ծառայության անցնելով տեղի հայտնի «Ֆոտո Լեոն» լուսանկարչատանը՝ հեղինակելով իր առաջին լուսանկարները(38)։ Արդեն 1946թ. հայրենադարձների առաջին քարավանով Խանդիկյանն իր ընտանիքով՝ կնոջ, դստեր՝ Աստղիկի, որդիների՝ Տիգրանի, Արայի և Արմենի հետ գալիս է հայրենիք, հաստատվում Երևանում և որպես լուսանկարիչ շարունակում իր գործը։ Սկզբնական շրջանում նա լուսանկարչական տաղավար-արվեստանոց է բացում «Ինտուրիստ» («Երևան») հյուրանոցի առաջին հարկում, ճաշարանի հարևանությամբ։ Հյուրանոցի ամառային ռեստորանի այցելուները (հիմնականում արտիստներ, գրողներ, նկարիչներ, առհասարակ, արվեստի աշխարհի մարդիկ) նախ հատուկենտ զգուշավորությամբ, ապա հաճախակի սկսեցին մտնել Խանդիկյանի արվեստանոց՝ ոչ միայն լուսանկարվելու, թեև դա պարտադիր էին համարում։ Այսպիսով, այն աստիճանաբար վերածվեց Երևանի արտիստական լավագույն դեմքերի հավաքատեղիի և արվեստի շուրջը աշխույժ մտքերի փոխանակության վայրի։ Մինչև 1958թ, մոտ 12 տարի, Խանդիկյանի լուսանկարչական տաղավար-արվեստանոցը մնաց նույն տեղում (հետագայում այստեղ կառուցվեց Նկարիչների միության ներկայիս շենքը)(39)։ Ավելի ուշ նրա արվեստանոցը տեղակայվեց Պուշկին փողոցում (Աբովյան փողոցի անկյունի մոտ)(40), իսկ վերջինը՝ ամենաընդարձակը, գործեց Նալբանդյան 102 հասցեում(41)։ Ինչպես նշեցինք Խանդիկյանը սկսել է գեղանկարչությունից և հետո միայն, դեպքերի բերումով, անցել լուսանկարչության՝ իր մեջ պահպանելով ճշմարիտ արվեստագետին։ Հանդես է եկել Սամո-Խանտիկ ծածկանվամբ(42)։ Իր գործունեության ընթացքում ստեղծել է անվանի մարդկանց դիմանկարների մի ամբողջ շարք՝ Հարություն Կալենց, Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, Վիյլամ Սարոյան, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Շարլ Անզնավուր և այլք, որոնք բոլորը կոնտրաստից դուրս, մեղմ լուսավորված բնական դեմքեր են՝ կեցվածքից զերծ բնական վիճակներում։ Դրանցում չկա ոչ  մի էֆեկտ՝ ո՛չ լուսային, ո՛չ էլ լուսանկարչական տեխնիկայի այլ միջոցներով։ Հենց այս հատկանիշներն են, որ տարբերակում և արժևորում են նրան՝ որպես հմուտ լուսանկարչի, ով Անդրկովկասի մի շարք ցուցահանդեսների դիպլոմատ էր,  վարպետի կոչում կրող (43)։

Ներկայացնելով լուսանկարչական արվեստը՝ չենք կարող չանդրադառնալ նաև լուսանկարչության մեկ այլ ճյուղի՝ ֆոտոլրագրությանը, որը հիմնվել է դեռ  1920-ական թվականներին։ Այս ոլորտում կարևոր դերակատարում է ունեցել «Արմենպրես» գործակալությունը, որի ֆոտոխրոնիկայի բաժանմունքի խնդիրն էր արձագանքել Հայաստանում կատարվող անցուդարձին, բոլոր բնագավառների նվաճումներին։ Ֆոտոխրոնիկայի առաջին տնօրենն էր Վոլոդյա Ամալյանը, ով իր շուրջ հավաքեց ֆոտոլրագրության լավագույն մասնագետներին (44)։ Այս ասպարեզում նահապետներ են Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Վիլյամ Փիչխուլյանը և այլք։

Երևանում ՝ որպես ֆոտոլրագրության հիմնադիր, մեծ է մասնավորապես Նեմրութ Բաղդասարյանի ներդրումը ոլորտի կայացման և զարգացման գործում։ Նա առաջիններից էր, ով հայկական լրագրերում զետեղեց լուսանկարներ, որոնք փոխարինելու եկան մինչ այդ ձեռքով արված նկարներին։ Նեմրութ Բաղդասարյանը (1907-1988թթ.) ծնվել է Վանում։ Ընտանիքը Արևելյան Հայաստան է տեղափոխվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1922-1924 թվականներին սկզբում աշակերտել է կոշկակարի, ապա՝ կաշեգործի մոտ, միաժամանակ ուսանել բանֆակում։ Սովորել է լուսանկարչական դպրոցում և այդ տարիներին հենց ծանոթացել լուսանկարչությանը(45)։

Լուսանկարչի գործունեությունը սկսել է Արհմիությունների տնից՝ աշխատելով որպես սովորական լուսանկարիչ, ով նկարում էր գումար վաստակելու համար։ Սակայն դա չբավարարեց նրան։ Երբ առաջին անգամ՝ 1929թ., դարձավ «Պիոներ կանչի» ֆոտոթղթակից, հասկացավ՝ ամեն ինչ չէ, որ պետք է նկարել, նկարների մեջ պետք է տեսնել ամենաէականը՝ մարդուն։ «Ես սիրում եմ ամեն օր լինել բնության գրկում, մարդկանց հետ, տարվել նրանց խոհերով ու ապրումներով,- ասում էր Նեմրութը,- ես ցանկանում եմ, որ թերթերի ընթերցողները լավ ճանաչեն մեր կյանքը, տեղյակ լինեն այն հսկա տեղաշարժին, որ երբեմն սովորական աչքերով չես նկատում…»(46):  Այս խոսքերի լավագույն ապացույցը, թերևս, նրա աշխատանքներն են, որոնցից ակնհայտորեն երևում է, որ սիրված թեմաները եղել են ոչ միայն Հայաստանի գեղատեսիլ բնությունը, նրա պատմական կոթողները, այլև հսկա գործարաններն ու մարդիկ։ Սակայն մեզ համար ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում նրա վավերագրական լուսանկարների շարքը՝ նվիրված Երևան քաղաքի հուշարձաններին, որոնք ներկայանում են իրենց ողջ շքեղությամբ։ Լուսանկարիչը Երևանը պատկերող իր առաջին լուսանկարները սկսել է լուսանկարել դեռ 1920-ական թվականներից: Դրանք արվել են ներկայիս Շահումյանի արձանի տեղում գտնվող ռուսական Ս․Նիկոլաևյան (Սբ. Աննայի) տաճարի մոտակայքում(47): Իր կենսագործունեության ընթացքում վարպետն օգտագործել է տարբեր ֆոտոապարատներ՝ GOMZ, Фохтландер, Linhof, Nikon, Mamiya: Եղել է այն լուսանկարիչներից, ով լուսանկարելուց հետո աշխատել է լուսանկարի վրա, այսինքն՝ լուսանկարի քիմիական մշակման ժամանակ տվել է համապատասխան կարգավորումներ. նա ձեռքի օգնությամբ փակելով լույսի աղբյուրը՝ կարողացել է լուսանկարներին տալ իրեն ցանկալի էֆեկտները: Սա բավականին բարդ գործընթաց է, որը խոսում է լուսանկարչի հմտության մասին: Երբեմն իր լուսանկարները վերջնական տեսքի բերելու ընթացքում, կիրառել է նաև չափերի փոփոխում՝ լուսանկարը չափագրելով, ապա՝ կտրելով (48):

Իսկապես մեծ է լուսանկարչի վաստակն այս ասպարեզում. նա միակն էր, ում շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նեմրութն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է միաժամանակ աշխատելով տարբեր թերթերի խմբագրություններում(49), որից ավելի քան 20 տարին՝ Արմենպրեսի ֆոտոխրոնիկայում(50)։ Բացի հայկական լրագրերից, նրա լուսանկարները տպագրվել են «Պրավդայում», «Իզվեստիայում», Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի և ՍՍՀՄ-ի այլ քաղաքներում տպագրվող գրեթե բոլոր թերթերում, ինչպես նաև՝ արտասահմանյան հայատառ պարբերական մամուլում(51)։ Նա մշտապես գտնվել է իրադարձությունների կենտրոնում՝ արվեստագետի աչքով նկարելով հանրապետության և նրա մարդկանց կյանքում տեղի ունեցող իրադարձությունների բոլոր նրբերանգները։ Այսօր արդեն լուսանկարչի գործը շարունակում են որդիները՝ Հերբերտ, Գագիկ և Մելիք Բաղդասարյանները, ու թոռները` Հայկ և Վահրամ Բաղդասարյանները:

Ինչ վերաբերում է գեղարվեստական լուսանկարչության վերջնական կայացմանն ու որպես արվեստ ընկալմանը, ապա չենք կարող չփաստել, որ հայաստանյան մասնավորապես երևանյան իրականության մեջ վերջինս կապված է Անդրանիկ Քոչարի (Քոչարյան, 1919-1984թթ.) անվան հետ, ով արմատներով Արևմտյան Հայաստանից էր, որտեղից ծնողները գաղթել և հաստատվել են Եգիպտոսում։ Ծնվել է Ալեքսանդրիայում, կրթություն ստացել տեղի Պողոսյան ազգային վարժարանում(52), ապա Պերպերյան քոլեջում՝ հայտնի մանկավարժ և գեղագետ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք(53)։ Ուսանելու տարիներից արդեն նրան գրավել էր լուսանկարչությունը և ավարտելուն պես նա՝ իբրև օպերատորի օգնական, աշխատանքի է ընդունվում իտալական կինոստուդիայում՝ «Ստուդիա Ալվիզում», որը Ալքեսանդրիայի միակ կինոստուդիան էր։ Իսկ որոշ ժամանակ անց դառնում է ստուդիայի գլխավոր լուսանկարիչը։ 1937թ. ստուդիան փակվում է և Քոչարը 1945թ․, իր ուժերով բացում է մի փոքրիկ լուսանկարչատուն, որը գործում է մինչև հայրենիքում նրա հաստատվելը։ Այդ վայրը լուսանկարչատնից բացի դարձել էր նաև մի փոքրիկ հավաքատեղի մայր հողից հեռու գտնվող երիտասարդների համար, որտեղ նրանք հավաքվում էին, խոսում հայրենիքից, նրա նվաճումներից։ Այսպես էլ ստեղծվեց «Ալեքսանդրիայի ուսանողական միությունը», որի հիմնադիրներից մեկը, ապա՝ նախագահն էր Անդրանիկ Քոչարը(54)։

1947թ․-ին շատերի պես նա ևս բռնեց հայրենիք տանող ճամփան։ Հայրենադարձության քարավանները տուն բերող «Պոբեդա» նավը ճակատագրական դեր ունեցավ նրա անձնական կյանքում. Քոչարը նավում ծանոթացավ և ապա ամուսնացավ Եգիպտոսից հայրենադարձվող Հասմիկ Զաքարյանի հետ։ Ունեցել են երկու զավակ՝ Վահան և Զվարթ։ Հաստատվելով հայրենիքում՝ նա աշխատանքի է անցնում «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես կինոօպերատոր(55), այնուհետ՝ լուսանկարչական բաժնի վարիչ(56)։ Արդեն 1948թ․ Երևանում՝ արվեստի աշխատողների տան դահլիճում, բացում է գեղարվեստական լուսանկարչության՝ հանրապետությունում անդրանիկ իր ցուցահանդեսը։ Սա երևույթ էր հայկական ֆոտոարվեստի պատմության մեջ, քանի որ, ինչպես նշվել է, լուսանկարչությունը՝ որպես արվեստ, այդ ժամանակ հասարակական հասկացողության մեջ դեռ ձևավորված չէր։ Այնուհանդերձ, ներկայացված աշխատանքներն արժանացան ուշադրության և գնահատանքի՝ դնելով նոր աշխարհայացքի հիմնաքարը։ Շարունակելով ստեղծագործ լուսանկարչի իր բեղուն գործունեությունը՝ 1962թ․ Քոչարը հիմնադրեց «Երևան» լուսանկարչական ֆոտոակումբը, որը տաս տարի անընդմեջ ղեկավարել է ինքը։ Մոտ մեկ տարի այս ակումբի նախնական հավաքատեղին եղել է նրա բնակարանը, այնուհետև այն հանգրվանել է ճարտարապետների, ապա՝ գիտության և տեխնիկայի տանը։ Անդամները եղել են ոչ միայն մասնագետ լուսանկարիչները, այլև մեծ թվով սիրողներ։ Հանդիսանալով ժամանակի ֆոտոսիրողների հավաքատեղին՝ այստեղ փոխանակվել են լուսանկարչական «գաղտնիքներ», քննարկվել բոլոր կարգի լուսանկարչական նորություններ։ Ակումբի անդամների աշխատանքների հավաքածուները ցուցադրվել են հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում՝ արժանանալով բարձր պարգևների և մրցանակների (57):

Անդրադառնալով վարպետի ստեղծագործական ժառանգությանը, որն ընդգրկում է շուրջ երեք հազար նեգատիվ, նշենք, որ այն չի սահմանափակվել միայն դիմանկարային ժանրով(58). նրան հետաքրքրել են և՛ բնանկարը, և՛ նատյուրմորտը։ Նրա լուսանկարներում բնությունը կենդանանում է, շարժվում, շնչում։ Ստեղծագործությունների մեջ պարզ գծագրված են հայրենի երկրում կատարվող պատմական փոփոխությունները, խորհրդային հայրենիքի հսկայական շինարարությունն իմաստավորելու միտումները (59)։ Նատյուրմորտներն էլ հորինվածքային առումով զերծ են ծանրաբեռնվածությունից, ավելորդ մանրամասներից, կարևորված է բուն տեսարանի արտահայտչականությունը(60)։

Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հաճախ է հանդիպել Մարտիրոս Սարյանին և լուսանկարել է նրա կտավները։ Վերջինս նրան այսպես է բնորոշել. «Անդրանիկ Քոչարը բացառիկ  էներգիայի և ճաշակի տեր մարդ է, լուսանկարչական ապարատը նրա ձեռքում հրաշքներ է գործում։ Նրա լուսանկարները միշտ հետաքրքիր են, գեղարվեստական տեսակետից՝ ինքնատիպ և իրենց ուժով անմիջականորեն ազդում են մարդու վրա։ Անդրանիկ Քոչարը արվեստագետ է, որն իր կամքն ու ճաշակն է թելադրում լուսանկարչական ապարատին»։ Եվ իսկապես, Քոչարի  մոտ առկա լուսանկարչի նուրբ աչքը, արվեստագետի մտածողությունն ու գործնական հմտությունը ստեղծում են այնպիսի որակ, որի մասին սովորաբար ասում են. «Կան լուսանկարներ, որ արվեստի ստեղծագործություններ են և՝ հակառակը»(61):

Ստեղծագործական ժառանգության վարպետության գագաթնակետն են հատկապես նրա դիմանկարները, որոնք մեզ են ներկայացնում հայաստանաբնակ և սփյուռքահայ արվեստագետների լուսանկարների՝ մեկը մյուսին չկրկնող մի ամբողջ բույլ։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր մարդու դիմախաղն ու շարժումներն անկրկնելի են, և դիմանկարի նպատակն է այդ անկրկնելին պատկերելը։ Նրա կարծիքով չկա ոչ լուսանկարելի դեմք, հարկավոր է միայն գտնել այդ դիտակետը,  այդ պահը։ Հենց այստեղ էլ թաքնված է լուսանկարչի վարպետությունը(62)։ Տեխնիկայի հարցում նա աչքի չէր ընկնում արդիական լուծումներով, բայց նրան հաջողվել է ներթափանցել մարդու ներաշխարհը։ Գրեթե յուրաքանչյուր դիմանկարում տեսնում ենք ձեռքեր, որոնք ոչ թե զուտ հորինվածային առանձին տարրն են, այլ միահյուսվում են լուսանկարչական դիմանկարի ընդհանուր հյուսվածքին՝ ամբողջացնելով այն, ստեղծելով պատկերվողի հոգու ու մարմնի միասնություն։ Երբ նայում ես այդ աշխատանքները, հանկարծ ինքդ քեզ համար բացահայտում ես Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Վիլյամ Սարոյանին, Ավետիք Իսահակյանին (63), Արամ Խաչատրյանին և այլ նշանավոր հայորդիների(64)։ Այսպիսով, փորձելով ներկայացնել վարպետի ստեղծագործական բնութագիրը, կարող ենք ասել, որ նա գեղարվեստական լուսանկարչություն է ներմուծել մոնումենտալ արտահայտչականությունը, շեշտել սևի ու սպիտակի, լույսի ու ստվերի երանգավորման հակադրությունը։ Նրա համար լույսը ինքնանպատակ չէր, այլ ծառայում էր որպես միջոց՝ բացահայտելու կերպարի ներքին էությունը, ընդգծելու ամենաբնորոշը(65)։ Նրա և նրա լուսանկարիչ ընկերների՝ մեզ ժառանգած ստեղծագործությունները Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումներից են, որոնք մինչ օրս էլ չեն կորցրել իրենց գեղարվեստական արժեքն ու նշանակությունը։

Ամփոփելով մեր աշխատանքը՝ արձանագրենք, որ իսկապես անգնահատելի է հայ, մասնավորապես երևանյան լուսանկարիչների ներդրումն ինչպես լուսանկարչական արվեստի զարգացման և տարածման, այնպես էլ վերջինիս շնորհիվ  մեր պատմական հիշողությունների ամրագրման և հավերժացման գործում: Նրանց թողած հսկա ստեղծագործական ժառանգությունն է, որ այսօր մեզ հնարավորություն է տալիս պատկերավոր կերպով ներկայացնել մեր քաղաքամայր Երևանն իր ողջ հմայքով՝ հին ծուռումուռ փողոցներից մինչև մայրաքաղաքի ներկայիս լայնահուն մայրուղիները, կավածեփ տնակներից մինչև մերօրյա բարձրաբերձ բնակելի շենքերը, նավթ վաճառողից մինչև ատոմային էներգետիկայի ժամանակակից հսկա կառույցները և ի վերջո՝ Երևանն իր մեծանուն գիտնականներով, գրական ու արվեստի գործիչներով, իր հնաբնակ երևանցիներով:

Անի Մեջլումյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի
Նոր պատմության բաժնի ավագ գիտաշխատող

  1. Կամերա-օբսկուրա (լատ. ՝ camera obscūra, թարգ.՝ «մութ սենյակ») պարզ սարք է, որը թուլ է տալիս   ստանալ առարկաների օպտիկական պատկերները: Այն իրենից ներկայացնում է անլույս արկղ դիմային պատին անցքով, իսկ հակառակ պատին էկրանով, որը կարող է լինել անփայլ ապակի կամ սպիտակ թուղթ: Լույսի ճառագայթները ներթափանցելով այդ մոտ 0,5-5մմ. անցքից՝ էկրանին ստեղծում են օբյեկտի  շրջված պատկերը: Սա ֆոտոխցիկի նախատիպն է։
  2. The First Photograph․ Retrieved 29 September 2009. from Helmut Gernsheim’s article, “The 150th Anniversary of Photography,” in History of Photography, Vol. I, No. 1, January 1977: Տես՛ http://www.hrc.utexas.edu/exhibitions/permanent/firstphotograph/process/#top.
  3. Морозов С.А., Фотография как искусство, Издательство «Знание», Москва, 1970, с. 4-5.
  4. Сапаров М.А., Импрессионизм и фотография. 2012. Տես՛ http://www.proza.ru/2012/06/29/1531
  5. William Henry Fox Talbot (1800 – 1877)․ BBC․ Տես՛ http://www.bbc.co.uk/history/historic_figures/fox_talbot_william_henry.shtml
  6. Морозов С.А., նշվ. աշխ., էջ 6:
  7. Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Եր.,  2007, էջ 16։
  8. Чибисов К., Очерки по истории фотографии, Москва, 1987, с. 90 – Գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համաշխարհային լուսանկարչական արվեստում համարվում է շոտլանդացի Դևիդ Օկտավիուս Հիլլը (1802-1870թթ..), որի հեղինակային լուսանկարներ զբաղեցնում էին եվրոպական երկրների լավագույն հրատարակությունների էջերը:
  9. Морозов С.А., նշվ. աշխ., էջ 7:
  10. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 18։
  11. Եղբայրներից ամենահեղինակավոր արվեստագետը եղել է կրտսերը՝ Գևորգը, սովորել է Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, որտեղ աշակերտել է Ղևոնդ Ալիշանին: Նա իր գործունեությամբ պատիվ է բերել նաև այդ կրթօջախին:
  12. «Братья Абдулла. Вне конкуренции» по материалам Энгин Озендес «Братья Абдулла. Придворные фотографы Османской империи». Анив N 6(37) 2011, с. 11., Տես՛  http://www.aniv.ru/static/files/pdf/ANIV_N39_50d34e013e5793_52588303.pdf
  13. Նույն տեղում, էջ 9-10:
  14. Արվեստագիր | Առցանց մշակութային հանդես, Ծագումով հայ լուսանկարիչ եղբայրների մենաշնորհը Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս, 30 հունվար 2016: Տես՝ http://arvestagir.am/am/tcagumov-hay-lusankarich-eghbayrneri-menashnorheh-osmanyan-kaysruthyunum-ev-nra-sahmanneric-durs/
  15. «Братья Абдулла. Вне конкуренции», նշվ աշխ., էջ 3: Տես՛  http://www.aniv.ru/static/files/pdf/ANIV_N39_50d34e013e5793_52588303.pdf
  16. Արվեստագիր | Առցանց մշակութային հանդես, նշվ. աշխ., Տես՝ http://arvestagir.am/am/tcagumov-hay-lusankarich-eghbayrneri-menashnorheh-osmanyan-kaysruthyunum-ev-nra-sahmanneric-durs/
  17. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 52:
  18. «Ապտուլլահ եղբայրներ» օսմանյան պալատի լուսանկարիչները, «Յառաջ»,  թիվ 19.335, մարտի 17, Փարիզ, 1998., էջ 3։
  19. Новая жудожественная фотография „Леонъ“, Ериванския объявления, №30, Ериван, 20 апреля 1911., с. 2.
  20. Տեր-Արիստակեսյանին է պատկանել Աստաֆյան փողոցում գտնվող «Մոսկվա» լուսանկարչատունը:
  21. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 36։
  22. Նույն տեղում, էջ 160:
  23. Երևանը լուսանկարներում(լուսանկարների հավաքածու),մաս I, Երևան քաղաքի պատմության թանգարան, Եր., 2008, էջ 4:
  24. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Ֆ․1047, ց․1, գործ 17, էջ 68-69։
  25. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Ֆ․1047, ց․1, գործ 4, էջ 5։
  26.   «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Ֆ․1047, ց․1, գործ 3, էջ 24։
  27. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 36։
  28. Խանոյան Ա., Երևանի առաջին լուսանկարչատունը, «Հայ զինվոր», թիվ 42, հոկտեմբերի 30-նոյեմբերի 6, Եր., 2004, Էջ 6:
  29. Բաղդասարյան Մ., Վանեցին գործի մեջ էլ է վանեցի, «Ժամանակ Հայաստան», թիվ 234, հունվ․8,    Եր., 2008,  էջ 7։
  30. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 179։
  31. Lusadaran, Armenian Photography  Foundation, 2016/ Khanoyan Gabriel. Տես՛ http://lusadaran.org/artists/khanoyan-gabriel/
  32. Կորդոյան Ե., Այն օրերի անկրկնելին ու անդարդը, լուսանկարիչ Գ. Խանոյանի մասին, «Սովետական Հայաստան», թիվ 11, Եր., 1979, էջ 62:
  33. Lusadaran, Armenian Photography  Foundation, 2016/ Khanoyan Gabriel. Տես՛ http://lusadaran.org/artists/khanoyan-gabriel/
  34. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 179։
  35. Աբովյան 12 պատմական շենքը քանդվել է 2000-ական թվականներին։ Lusadaran, Armenian Photography  Foundation, 2016/ Khanoyan Gabriel. Տես՛ http://lusadaran.org/artists/khanoyan-gabriel/
  36. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 172։
  37. Ղազիկյան Վ., Սամվել Խանդիկյան 85, «Համայնապատկեր», թիվ 10, Գլենդել, 2000,  էջ 17։
  38. Սամվել Խանդիկյան, Երևանի լեգենդներից մեկը, «Հայացք Երևանից», թիվ 4, հուլիս, Եր., 2001,  էջ 52։
  39.   Նույն տեղում, էջ 53։
  40. Հովակիմյան Բ., Սամվել Խանդիկյան արվեստագետը, «Ազգ օրաթերթ-մշակույթ», թիվ 16, Եր., 2014,  էջ 5։
  41. Վարդանյան Հ., Սամվել Խանդիկյան, «Գրական թերթ», թիվ 23, հունիսի 6, Եր, 1975, էջ 4։
  42. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 172։
  43. Վարդանյան Հ., նշվ․աշխ, էջ 4։
  44. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 39։
  45. Նույն տեղում, էջ 108։
  46.   Բարսեղյան Ա., Նեմրութ, «Գրական թերթ», թիվ 23, հունիսի 6, Եր., 1975, էջ 4։
  47. *Այդ շրջանում ի հայտ էին եկել «փողոցային» լուսանկարիչներ և Նեմրութը նրանցից մեկն էր:
  48. Արվեստագիր | Առցանց մշակութային հանդես, Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիրը: Նեմրութ Բաղդասարյան, 25 Մարտ 2015: Տես՝ http://arvestagir.am/am/hayastanum-fotolragruthyan-himnadireh-nemruth-baghdasaryan/
  49. ٭Աշխատել է նաև «Կոմունիստ» թերթում որպես ֆոտոթղթակից (1941թ․), «Սովետական Հայաստան» ամսագրի լուսանկարիչ (1958թ․)։ Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1959թ․), իսկ 1967թ․ արժանացել է «Հայկական ՍՍՀ մշակույթի վաստակավոր գործչի» կոչմանը և 1975թ․ պարգևատրվել «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով։
  50. Ավազագույն վարպետի ֆոտոտարեգրությունը, «Երեկոյան Երևան» թերթ, դեկտեմբերի 15, Եր.,  1980,  էջ 3։
  51. Բարսեղյան Ա., Նեմրութ, «Գրական թերթ», թիվ 23, հունիսի 6, Եր., 1975, էջ 4։
  52.   Պարսամյան Ա., Լուսանկարչի աշխարհը, Ա. Քոչարի մասին, «Հայրենիքի ձայն», թիվ 42,   հոկտեմբերի 20, Եր., 1971,  էջ 4։
  53. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 418։
  54. Պարսամյան Ա., նշվ․աշխ, էջ 4։
  55. Կինոստուդիայում աշխատելու տարիները որոշակի հետք են թողել նրա ստեղծագործական ժառանգության վրա։ Այս ընթացքում նա ստեղծել է լուսանկարների մի շարք, որով պատկերացում ենք կազմում այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին։ Այս նկարաշարը կոչվում է «Կյանքը նկարահանման պահին», որը 2008թ-ին լույս է տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո – Առաքելյան Գ․Հ, Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստի առանձնահատկությունները, էջ 256։
    Տես՛ http://lraber.asj-oa.am/6113/4/251-256.pdf:
  56. Վահան Քոչար, նշվ. աշխ., էջ 418։
  57. Նույն տեղում, էջ 42-44։
  58. *Քոչարն առավել հայտնի է իբրև սև ու սպիտակ դիմանկարների հեղինակ և այդ երանգների նրբություններին տիրապետող լուսանկարիչ։ Նմանօրինակ վարպետությունը ցայտուն է դրսևորվել բոլոր ժանրերի աշխատանքներում –Առաքելյան Գ․Հ,  նշվ. աշխ.,  էջ 252:
    Տես՛ http://lraber.asj-oa.am/6113/4/251-256.pdf:
  59. Արշարունի Ա., Լուսանկարիչ, արվեստագործ Անդրանիկ Քոչարյան, «Լրաբեր», թիվ 107, մարտի 26, Նյու-Յորք, 1949, էջ 1։
  60. Առաքելյան Գ․Հ,  նշվ. աշխ., էջ 254-255։ Տես՛ http://lraber.asj-oa.am/6113/4/251-256.pdf:
  61. Պարսամյան Ա., նշվ․աշխ, էջ 5։
  62.   Առաքելյան Գ․Հ,  նշվ. աշխ., էջ 252-253։ Տես՛ http://lraber.asj-oa.am/6113/4/251-256.pdf:
  63. * Բանաստեղծի հայտնի լուսանկարը տպագրվել է նաև որպես նամականիշ։
  64. Մառլեն Մարուա, Անդրանիկ քոչարի Հայաստանը, «Երեկոյան Երևան» թերթ, հուլիսի 12, Եր., 1988, էջ 29։
  65. Առաքելյան Գ․Հ, նշվ. աշխ., էջ 256։ Տես՛ http://lraber.asj-oa.am/6113/4/251-256.pdf: