Շենգավիթ բնակավայրի խեցեղենի որոշ զարդամոտիվների մասին
Կուր-արաքսյան խեցեղենը հարդարված է բավական հարուստ զարդամոտիվներով և ունի կատարման տարբեր եղանակներ:
Շենգավիթ բնակավայրից հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում զանազան զարդաբանությամբ:
Այս հուշարձանը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում՝ Հրազդան գետի ձախափնյա բարձրադիր բլրին:
Բնակավայրը ներկայացնում է ձվաձև մի հարթակ. մոտավորապես զբաղեցնում է 6-8 հեկտար տարածություն, գետի մակերևույթից մոտ 12մ բարձրության վրա: Այն Արարատյան դաշտի և Հայաստանի վաղբրոնզեդարյան հուշարձաններից առավել նշանավորն է:
Կուր-արաքսյան անվանումով հայտնի մշակույթի համակարգված ուսումնասիրման սկիզբ դրեց տվյալ հուշարձանի առաջին պեղող հնագետ՝ Եվ. Բայբուրդյանը 1936-1938թթ., անվանելով այն «Շենգավիթյան մշակույթ»(1), որն այսօր մասնագիտական գրականության մեջ ավելի տարածված է Կուր-արաքսյան անվանումով:
Հոդվածը նվիրված է այս հուշարձանից հայտնաբերված խեցեղեն անոթների որոշ զարդամոտիվներին(2): Այդ զարդամոտիվները բնորոշ և հատկանշական են գրեթե միայն Շենգավիթ բնակավայրին, որոնցից մենք առանձնացրել ենք հետևյալ զարդաձևերը.
«հասկազարդ»,
«եռանկյունազարդ»,
«կարպետազարդ»:
Տվյալ զարդաձևերը հանդես են գալիս եզրագոտիների տեսքով: Խեցեղենի վրա հանդիպող որոշ եզրագոտիների զարդաձևերը ստատիկ են` կրկնվող տարրերից բաղկացած, ինչպես նաև` և՛ կրկնվող, և՛ զանազան տարրերից կազմված դինամիկ ու ռիթմիկ հորինվածքով, շարժում ցույց տվող, դեպի աջ կամ ձախ զարգացող, այսինքն՝ մեկը մյուսից բխող: Անոթի իրանի վրա եզրագոտիներ սովորաբար չեն հանդիպում, բայց լինում են բացառություններ:
«Հասկազարդ» խմբին պատկանող եզրագոտիներում, նաև դրանցից դուրս, որպես առանձին զարդ պատկերված բուսական մոտիվները՝ «հասկ» և երբեմն «եղևնի» հիշեցնող, կուր-արաքսյան զարդամոտիվներում համեմատաբար մյուս զարդատիպերից քիչ են հանդիպում: Իսկ վերլուծական աղյուսակում (աղ. II), ներքոնշյալ մյուս զարդատիպերի համեմատ, քանակական առումով երկրորդն են:
Եզրագոտիներում ներառված ու կառուցվածքով «հասկ» և «եղևնի» նմանող զարդագոտիները տեղադրված են խեցեղեն անոթի վզի և ուսի հատվածներում(3)` բնության մեջ բնական ուղղահայաց դիրքին հակադիր` հորիզոնական դիրքով (աղ. I, նկ. 1,2,4,5): Նույն հարդարման մոտեցումը տեսնում ենք էնեոլիթյան մշակույթին պատկանող որոշ զարդապատկերներում(4), նաև Շենգավիթյան մշակույթին հաջորդող այլ մշակույթներում(5): «Հասկազարդ» եզրագոտիներին հատուկ է շարժում ցույց տալու միտումը` մեծ մասամբ դեպի ձախ, հազվադեպ դեպի աջ զարգացող: Եզակի օրինակներով նմանատիպ զարդագոտիներով խեցանոթներ հայտնի են նաև այլ հուշարձաններից` Կառնուտ, Շրեշ-բլուր, Մոխրաբլուր, և այլն: Այս «հասկատիպ» զարդագոտիները պատկերված են խիստ սխեմատիկ ոճավորմամբ` հասկին նմանվող կառուցվածքով (աղ. I, նկ. 3), հորիզոնական վիճակում, մեկ առանցքից բխող դեպի աջ և ձախ թեքված մասնիկներով: Նմանատիպ զարդագոտիները հանդես են գալիս մեծ մասամբ քրեղանների և կճուճների, համեմատաբար քիչ՝ թասերի վրա և եզակի օրինակներով՝ գավաթների ու կարասի վրա: Մեծ մասամբ կատարված են նուրբ-գծազարդ կատարման եղանակով:
«Եռանկյունազարդ»
Այս առանձնացրած խմբին է պատկանում եռանկյունաշար զարդագոտին: Հարկավոր է նշել, որ շենգավթյան խեցեղենի վրա (ուշ փուլին պատկանող) բավական շատ են եռանկյունաձև ներակոսագծերով պատված զարդագոտու առկայությունը, որը հանդես է գալիս շուրթի հատվածում (աղ. I, նկ. 6-9) և առաջ է գալիս միայն ուշ փուլում(6). ներկայացված են բացառությամբ թասերի և քրեղանների շուրթերին. ելնելով այս երևույթից՝ եռանկյունազարդ գոտիները հիշեցնում են ծղոտից պատրաստված կողովների շուրթի, եզրագոտու նույնանման հյուսվածքը, ինչը չի բացառվում, որ վաղ բրոնզում կիրառվել են նման գործվածքով կողովներ, և դրանց որոշ հյուսածո զարդեր անցել են խեցեղենին:
Զարդագոտիներում հաճախ հանդիպող եռանկյունին, որպես չար աչքից պահպանելու գործոն, առկա է նաև վաղբրոնզեդարյան զարդամոտիվներում, իսկ ազգագրական նյութերում բազմաթիվ են այն օրինակները, որտեղ եռանկյունին որպես չար աչքից պահպանելու հմայիլ է(7):
Համեմատական դնելով հոդվածում նշված մյուս զարդագոտիներին՝ եռանկյունազարդ գոտիները շատ ավելի տարածված են շենգավթյան խեցեղենի զարդերում, քան մյուս երկու զարդագոտիները (աղ. II):
«Կարպետազարդ»
Երկրաչափական զարդամոտիվների խումբն ամենից հաճախ է հանդիպում վաղբրոնզեդարյան խեցեղենին` պտտվելով անոթի պարանոցին կամ քիչ ներքև՝ ուսին: Որպես ֆրիզատիպ զարդագոտի շատ հաճախ նմանվում է հայկական կարպետների, ինչպես նաև գորգերի եզրագոտիներում առկա մոտիվներին(8): Հետաքրքիր է, որ Կուր-արաքսյան խեցեղենի եզրագոտիներում քիչ չեն այնպիսի մոտիվները, որոնք թե նույնատիպ իդենտիկ կառուցվածքով և թե համաչափությամբ կրկնում են գործվածքների զարդագոտիները: Համեմատելով կարպետագործ զարդամոտիվների հետ՝ տեսնում ենք նույն երկրաչափական զարդամոտիվների բաղկացած հորինվածքներ: Հոդվածում տեղ գտած հազվադեպ հանդիպող խեցեղենի զարդարված օրինակներում, ակնառու են «կարպետազարդ» մոտիվներ, որոնք որպես եզրագոտի են և՛ խեցեղենի վրա, և՛ գործվածքների մեջ (աղ. I, նկ. 10-14): Խեցանոթների որոշ զարդամոտիվներ կատարված են գծազարդ կատարման եղանակով` նմանվելով գործվածքի հյուսվածքին:
Գծազարդ եղանակով պատկերված եզրագոտու զարդամոտիվներով փորձել են նաև փոխանցել գործվածքի պատրաստման եղանակը: Խեցեղենի եզրագոտիները թեք գծածածկ նուրբ գծային կատարման եղանակով են, իրենց մեջ ունեն գործվածքի տեխնիկային նմանվող տարրեր՝ մանր շեղ գծիկներ, հիշեցնելով կարպետագործության մեջ հայտնի թեք օղաճիթ փաթաթովի գործվածքը(10):
Եզակի օրինակներով նմանատիպ զարդագոտիներով խեցանոթներ հայտնի են նաև այլ հուշարձաններից` Կառնուտից2 և Ապարանի բերդից(11):
Պետք է արձանագրել նաև, որ ի տարբերություն «հասկազարդ» և «եռանկյունազարդ» զարդագոտիների՝ «կարպետազարդ» մոտիվներով զարդագոտիները (աղ. I, նկ. 10-13), Կուր-արաքսում հազվադեպ են և հիմնականում հանդիպում ենք գավաթների և փոքր կճուճների վրա:
Եզրակացություն
Էրեբունիի պատմահնագիտական արգելոց-թանգարանում զետեղված Շենգավիթ հուշարձանի խեցեղեն նյութի ուսումնասիրության մեջ ներառվել է 1098 նմուշ, իսկ ՀՊԹ թանգարանի՝ ըստ հրատարակված «Шенгавит» կատալոգի գրքի՝ խեցեղեն նյութը կազմում է մոտ 900 նմուշ:
Վերլուծության արդյունքում ունեցանք հետևյալ պատկերը. վաղբրոնզեդարյան Շենգավթյան մշակույթի Շենգավիթ հուշարձանի ուշ փուլին բնորոշ խեցեղեն անոթների «հասկազարդ», «եռանկյունազարդ» և «կարպետազարդ» զարդագոտիները բնորոշ լինելով գրեթե միայն Շենգավիթ հուշարձանին, երբեմն եզակի օրինակներով հանդիպում ենք Կուր-արաքսյան այլ հուշարձաններում:
Տվյալ հոդվածի շրջանակներում զարդագոտիների համեմատական վերլուծության ուսումնասիրման արդյունքում ստացանք հետևյալ պատկերը` (աղ. II): Այս-տեղ «հասկազարդ» զարդագոտին պատկերվել է մեծ մասամբ քրեղանների, թասերի ու կճուճների, հազվադեպ գավաթների և կարասի վրա:
Հաջորդ «եռանկյունազարդ» գոտին այս խմբում կավանոթների` քրեղաններին և թասերին ամենից հաճախ հանդիպողն է և վերջին խումբը` «կարպետազարդ», հանդես է գալիս գավաթների ու փոքր կճուճների վրա հազվադեպ օրինակներով:
Աղյուսակը կազմված է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի (ԷՊԱԹ) և Шенгавит4 կատալոգում զետեղված Հայաստանի պատմության թանգարանի (ՀՊԹ), Շենգավիթ հուշարձանից հայտնաբերված նյութի հիման վրա:
Աղ. II
Աննա Ազիզյան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու
Օգտագործված գրականություն
1 Ազիզյան Ա., Համեմատական զուգահեռներ 19-20-րդ դարերի գորգային զարդամոտիվների և կուր-արաքսյան խեցեղենի զարդարման մոտիվներում, ՀՊԹ, Ե., 2016:
2 Դավթյան Ս., Հայկական կարպետ, Հ ՍՍՀ ԳԱ, Ե., 1975:
3 Իսրայելյան Ա., Հայկական հմայական պահպանակները, ՀՊԹ, Ե., 2012:
4 Խանզադյան Է., Գառնի IV, Հ ՍՍՀ ԳԱ, Ե., 1969:
5 Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, «Միտք», Ե., 1967:
6 Սարդարյան Ս., Հայաստանը քաղաքակրթության օրրան, Ե., 2004:
7 Badalyan R. Avetisyan P., Bronze and Early Iron Age Archaeological Sites in Armenia I, Mt. Aragats and its Surrounding Region, BAR International Series 1697, Oxford, 2007.
8 Байбуртян Е., Последовательность древнейших культур Армении на основании археологического материала, МИА, Ер., 2011.
9 Есаян С. А., Древняя культура племен северо-восточной Армении, Ер., 1976.
10.Шенгавит, каталог археологических материалов из коллекций Музея истории Армении, Ер., 2015.
Աղյուսակում տեղ գտած Շենգավիթ բնակատեղիից հայտնաբերված կավանոթների գծանկարները 1, 4 – 13 առաջին անգամ են հրատարակվում և գծանկարվել են հեղինակի կողմից:
Աղ. I
1,5, 9. ԷՊԱԹ №№ 1/584; 1/391; 1/441:
2.ԷՊԱԹ № 6/2,1:
3.լուսանկարը` հեղինակի
4.ԷՊԱԹ №1/303:
6.ԷՊԱԹ № 6/7,2:
7, 11. ԷՊԱԹ №№ 10/37,1; 4/292:
8.ԷՊԱԹ № 2/28:
10. ԷՊԱԹ №10/44:
12. ԷՊԱԹ №11/15:
13. ԷՊԱԹ №3/40:
14.Խուրջինի հատված, Շամշադին, Ս. Դավթյան, Հայկական կարպետ, աղ. LXXIX, նկ. 162:
- Байбуртян Е., Последовательность древнейших культур Армении на основании археологического материала, МИА, Ер., 2011, стр. 5, 7, 14:
- Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Էրեբունի պատմահնագիտական արգելոց – թանգարանի գլխավոր ֆոնդապահ Կ. Մարտիրոսյանին Շենգավիթ հուշարձանի խեցեղեն նյութերը ուսումնասիրելու ժամանակ ջերմ և բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելու համար:
- Шенгавит, каталог археологических материалов из коллекций Музея истории Армении, составители – Бадалян Р. С., Овсепян С. Г., Хачатрян Л. Е., Ереван, 2015, табл. 10-115, табл. 15-158, табл. 21-230; Սարդարյան Ս., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Եր., 1967, էջ 187:
- Սարդարյան Ս., նշված աշխ., աղ. XLI-4, 5, 8; նույնի՝ Հայաստանը քաղաքակրթության օրրան, Եր., 2004, էջ 155, աղ. XXXI, վերևի շարք:
- Խանզադյան Է., Գառնի IV, Եր., 1969, էջ 109, նկ. 91; Есаян С. А., Древняя культура племен северо-восточной Армении, Ер., 1976, стр. 102, табл. 83-5:
- 1 Шенгавит, стр. 227, табл. V.
- Իսրայելյան Ա., Հայկական հմայական պահպանակները, Եր., 2012, էջ 36, նկ. 116-119, 200, 270:
- Ազիզյան Ա., Համեմատական զուգահեռներ 19-20-րդ դարերի գորգային զարդամոտիվների
և վաղբրոնզեդարյան (Կուր-արաքսյան) խեցեղենի զարդարման մոտիվներում, Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները, Եր., 2016, էջ 20: - Դավթյան Ս., Հայկական կարպետ, Եր., 1975, էջ 45:
- Badalyan R. Avetisyan P., Bronze and Early Iron Age Archaeological Sites in Armenia I, Mt. Aragats
and its Surrounding Region, BAR International Series 1697, Oxford, 2007, Pl. IX 18. - Նույն տեղում, Pl. III 6.
- Шенгавит, стр. 245.