1940-1970-ական թթ. Երևանի հայրենադարձության ընթացքում հիմնադրված հայրենակցական նոր թաղերի ստեղծման ու տեղանվանաբանության պատմությունից

Հայաստանում հայրենակցական սկզբունքով առաջին բնակավայրերն ու թաղամասերը հիմնադրվել էին 1920-1930-ական թվականներին (1)։ Այդ գործընթացը շարունակվել է նաև հետպատերազմյան՝ 1946-1970-ական թթ.։ Հետազոտությունները բերում են այն համոզման, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում հայրենադարձության հետ կապված երևույթների միջև կային շատ ընդհանրություններ։

Սակայն հատկապես 1946-1948 թթ. մեծ հայրենադարձությանը բնորոշ էին նաև որոշակի ինքնատիպ գծեր։

Փորձենք անդրադառնալ այդ ներգաղթի առանձնահատկություններին և Խորհրդային Հայաստանում հայրենակցական միությունների ու ՀԽՍՀ իշխանությունների ջանքերով ծնված նոր տեղանվանաբանությանը՝ զուգահեռներ անցկացնելով նախորդ տասնամյակների համանման երևույթների հետ։

Անկասկած, նույնանման գործոնների թվում անհրաժեշտ է նախ հիշատակել խնդրի բարոյազգացական կողմը՝ հայրենիք վերադառնալու ձգտումը։

Ինչպես 1920-1930-ական թթ., այնպես էլ այժմ ներգաղթը տեղի է ունեցել համաշխար-հային պատերազմներից անմիջապես հետո։ Երկու դեպքում էլ՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված, Հայաստան տեղափոխվելու դրդապատճառների մեջ սոցիալ-տնտեսական գործոնը կարևոր դեր է խաղացել։

Գաղտնիք չէ, որ հայրենադարձների մեծ մասը նյութապես անապահով խավի ներկայացուցիչներ էին, տարբեր երկրներում ապրում էին գաղթակայաններում և զուրկ էին տարրական կենսապայմաններից։ Երկու ներգաղթերից հետո էլ հիմնադրվեցին հայրենակցական նոր ավաններ՝ արևմտահայ գավառների ու բնակավայրերի անուններով:

Տարբերությունների մեջ կարելի է մատնանշել հետևյալ հանգամանքը. Երկրորդ համաշխարհայինից հետո տունդարձի ուղին բռնած հայության մեծ մասը, ի տարբերություն 1920-1930-ականներին ներգաղթածների, այն համոզումն ուներ, որ ֆաշիստական Գերմանիային հաղթած ԽՍՀՄ-ը շուտով Թուրքիայից վերադարձնելու է հայկական հողերը, և իրենք հնարավորություն են ստանալու վերադառնալ Արևմտյան Հայաստանի այն նույն գավառներ, որտեղից ցեղասպանության օրերին ստիպված էին եղել արտագաղթել։

Խորհրդային պատմագրության մեջ ինչպես նախորդ, այնպես էլ 1946-1948 թթ. ներգաղթը անվանվել է հայրենադարձություն։ Այդ կապակցությամբ վիճելի է որոշ պատմաբանների այն տեսակետը, թե Հայաստան եկածները՝ որպես արևմտահայեր, չլինելով Խորհրդային Հայաստանի քաղաքացիներ, չեն կարող համարվել հայրենադարձներ, ուստիև՝ նրանց պետք է անվանել ներգաղթողներ(2): Անկասկած, Խորհրդային Հայաստանը Արևելյան Հայաստան էր, նրանց ծննդավայրը չէր, սակայն միանշանակ հայրենիք էր։ Հետևաբար սույն երևույթը, անտարակույս, հայրենադարձություն էր։

1946-1948 թթ. ընթացքում աշխարհի շուրջ 15 երկրներից Խորհրդային Հայաստան ներգաղթեց 90000-100000 մարդ (3): Թե΄ իր ծավալով, թվաքանակով և թե΄ կազմակերպվածությամբ այն ամենամեծ ներգաղթն էր, զանգվածային հայրենադարձությունը: Պատճառները բազմազան էին.

– Պատերազմի ավարտից հետ ստալինյան ղեկավարությունը փորձում էր տպավորություն ստեղծել, որ տարբեր աշխարհամասերից, այդ թվում՝ արևմուտքի երկրներից, բազմահազար մարդիկ ձգտում են տեղափոխվել ԽՍՀՄ տարածք։ Պաշտոնական հայտարարության մեջ նշված էր. «1945 թ. նոյեմբերի 21-ին Խորհրդային Միության կառավարությունը

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության միջնորդությամբ, որոշում էր կայացրել թույլատրել գաղթել ցանկացող հայության վերադարձը իրենց հայրենիք»(4):

– Երկրորդ աշխարհամարտից հետո պատերազմող մի շարք երկրներում առաջացած տնտեսական ճգնաժամը ծանր կացության մեջ էր դրել այնտեղ հաստատված հայերին։ Ամենուր գործազրկություն էր, ապրուստի ծանր պայմաններ, թշվառություն, առկա էր քաղաքական անհանդուրժողականություն և այլն:

– Պատերազմից հետո ԽՍՀՄ-ում կար աշխատուժի, մասնագետների կարիք։ Հայերի ներհոսքի միջոցով փորձ էր արվում լուծել աշխատուժի ու մասնագետների պակասը:

– Վատթարացել էին խորհրդաթուրքական հարաբերությունները. ԽՍՀՄ-ը Պոտսդամի կոնֆերանսում (1945 թ. հուլիսի 17 – օգոստոսի 2) հայկական հողերի վերադարձի պահանջ էր դրել: Խորհրդային ղեկավարությունն իր այդ քայլը բացատրում էր սփյուռքահայերի և Խորհրդային Հայաստանի շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի հավաստմամբ՝ Հայաստանն ի վիճակի էր ընդունել 350-400 հազար հայի։ «Մնացած 500-600000 հայերին ընդունելու համար,- ասում էր նա,- մենք հարց ենք դնում, որ Սովետական Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերը, միայն այդ պայմանով մենք կկարողանանք ընդունել բոլոր ցանկացող հայերին: Իսկ նրանց մերժելու ոչ մի բարոյական իրավունք չունենք»(5):

Սփյուռքահայ հասարակական կազմակերպությունները, ազգային կուսակցություններն արձագանքեցին այդ կոչին. շատերը հավատացին կորսված հայրենիքը վերադարձնելու ծրագրին, ոմանք էլ հասկացան խորհրդային երկրի քաղաքական նպատակները։ Սակայն փաստ է, որ զանգվածային հայրենադարձությունը տեղի ունեցավ:

1947 թ. ապրիլին Նյու Յորքում բացված Հայկական համաշխարհային կոնգրեսում ընդունվեց բանաձև՝ ՄԱԿ-ի օժանդակությամբ հայկական տարածքների վերադարձի միջոցով սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձությունը կյանքի կոչելու վերաբերյալ(6)։

1945 թ. դեկտեմբերի 8-ին ստեղծվում է ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե՝ ճանաչված կուսակցական, պետական, մշակութային գործիչների մասնակցությամբ:

Ստեղծվեց նաև Վերաբնակեցման վարչություն և կատարվեց վերջինիս ու Ներգաղթի կոմիտեի գործառույթների սահմանազատում: Ներգաղթի կոմիտեն պետք է կազմակերպեր արտասահմանում սփյուռքահայերի հայրենադարձությունը և նրանց ընդունումը ԽՍՀՄ տարածքում ստեղծված երեք կայաններում՝ Բաթում, Ջուլֆա, Բաքու, իսկ վերաբնակեցման վարչությունը՝ ներգաղթածների տեղաբաշխումը հանրապետությունում, նրանց բնակարանների ու աշխատանքային հարցերի կարգավորումը, նոր ավանների և բնակելի տների կառուցումը:

Հայկական գյուղատնտեսական բանկին առաջարկվել է հաստատել արտասահմանյան հայերի համար 3 ավանների տեխնիկական նախագծերի ֆինանսավորումը մինչև1946 թվականի օգոստոսի 20-ը(7):

Նախորդի համեմատությամբ այս անգամ, թերևս, ներգաղթն ավելի կազմակերպված էր ընթանում: Շոգենավերով և գնացքներով ժա-մանող հայրենադարձներին մեծ հանդիսավորությամբ՝ ծաղկեփնջերով ու երաժշտությամբ, դիմավորում էին պետական պաշտոնյաներ, մշակույթի գործիչներ, հայրենաբնակ հայերի հոծ զանգվածներ(8)։

1946 թ. հունիսի 23-ին Սիրիայից և Լիբանանից «Տրանսիլվանիա» ռումինական փոխադրանավով Բաթում է մեկնում 366 ընտանիք՝ ավելի քան 1800 մարդ, որոնց հիմնական մասը մասնագիտությամբ շինարարներ, արդյունաբերական ոլորտում աշխատողներ և արհեստավորներ էին: 1946 թ. ընթացքում «Տրանսիլվանիա», «Ռոսիա», «Պոբեդա», «Մոլոտով» շոգենավերով Հայաստան է ժամանում 8 քարավան։ Միայն հունիս-հոկտեմբերին հայրենադարձվածների թիվը 19253 մարդ էր(9):

Անդրադառնանք ներգաղթի ժամանակ հանդիպող դժվարություններին և խոչընդոտներին.

-Հետպատերազմյան ԽՍՀՄ-ը չուներ հնարավորություն պատշաճորեն ընդունելու և տեղավորելու մեծ թվով հայրենադարձների:

-Խոստացված բնակարանները հաճախ չէին տրամադրվում:

-Հաճախ անհասկանալի էր, թե կոնկրետ ով է հոգալու ներգաղթի հետ կապված ծախսերը:

-Ներգաղթողների մասը վաճառում էր իր ունեցվածքը, զրկվում իրենց ապրած երկրի քաղաքացիությունից և չէր կարողանում մեկնել Խորհրդային Հայաստան:

Ներգաղթը կատարվում էր հոծ խմբերով կամ անհատապես: 1946-1948 թթ. հիմնականում ներգաղթում էին մեծ խմբերով, իսկ 1960-1970-ական թթ՝ անհատական կարգով։ Սփյուռքահայ հայրենակցական միությունները Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչներից խնդրում-պահանջում էին, որ ներգաղթողների համար հատկացվեն առանձին տարածքներ՝ ավաններ, թաղեր, փողոցներ, դրանք անվանակոչվեն իրենց կամ ծնողների ծննդավայրերի անուններով։ Այդ կերպ հայրենադարձները կարող էին պահպանել իրենց պատմաազգագրական շրջանների ինքնատիպ նկարագիրը:

Քարավանների առաջին խմբերը տեղաբաշխվում էին սկզբում մայրաքաղաքի Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա, Նոր Սեբաստիա թաղամասերում, այսինքն՝ դեռևս 1925-1930-ական թթ. ստեղծված հայրենակցական թաղամասերում (10)։ Հետագայում նաև նոր թաղամասեր ստեղծելու ցանկություն եղավ։ Արևմտահայերը նախընտրում էին կառուցել անհատական բնակարաններ իրենց կամ ծնողների ծննդավայրերի անուններով կոչվող թաղամասերում։

Նախապես որոշված էր՝ գյուղաբնակներին բնակեցնել գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում, նկատի առնել այն բնակիլիմայական պայմանները, որտեղ նախկինում ապրել էին վերաբնակիչները։ Սակայն հաճախ այդ սկզբունքը տարբեր պատճառներով հնարավոր չէր լինում պահպանել: Զանազան շռայլ խոստումներ ստացած հայրենադարձները ստիպված էին լինում հաստատվել կոմունալ տարրական պայմաններից զուրկ բնակարաններում, անբարեկեցիկ գյուղերում ու ավաններում:

Ճանաչված բազմաթիվ հայ ճարտարապետներ կառավարության հատուկ հանձնարարությամբ ձեռնամուխ եղան հայրենադարձ հայերի համար կառուցվող ավանների նախագծմանը։ Այդ ծրագրի իրագործմանը մասնակից դարձան Գ. Մուշեղյանը, Ռ. Իսրայելյանը, Հր. Իսաբեկյանը, Հ. Բաբաջանյանը, Ռ. Գրիգորյանը և այլք: Ավանների կառուցմանը մասնակցում էին նաև սփյուռքահայ ճարտարապետներ (Ա. Թերզիբաշյան, Խ. Մելիք-Հակոբյան և ուրիշներ) (11):

1946-1949 թթ. զանգվածային հայրենադարձության ընթացքում կառուցվեցին ինչպես ավաններ, այնպես էլ թաղամասեր ու փողոցներ:

«Կիրզա» տափարակ բարձրավանդակի վրա 1947 թ. վեր խոյացավ Նոր Զեյթունը: Իր «Կիրզա» անունը բնակավայրը ստացել էր 1930-ական թթ. այստեղ բնակություն հաստատած ֆրանսահայ մահուդագործների շնորհիվ։ Նրանք հիմնել էին գործվածքի արհեստանոց և իրենց արտադրած գործվածքը «կիրզա» անվանել: 1946 թ. գարնանը Երևանից Սևան տանող ճանապարհից դեպի աջ՝ Քանաքեռի այգիների և քաղաքը շրջապատող անտառաշերտերի միջև ընկած մի ամայի ու ընդարձակ տարածության վրա, 1946 թ. կառուցվեցին 3 բնակելի տներ։ Հայրենադարձ Ավետիս Շավարշյանի վկայությամբ՝ ինքը 1947 թ. ապրիլի 6-ին, ցույց է տվել ավանի կառուց-ման վայրը: Սկզբում ներգաղթողներին տեղավորել են այստեղ եղած 14 բարաքներում: Զեյթունի ջուրը Կըրխբուլաղի (Քառասնաղբյուր), ըստ Շավարշյանի՝ «ակ ուներ և գիշեր-ցերեկ կցայտեր ավանի տարբեր մասերում» (12):

1947 թ. մայիսի 13-ին Զեյթունում բնակություն հաստատեցին առաջին 55 ընտանիքները։ Մայիսի 18-ին ընտրվում է ավանի լիազոր: Հետագայում՝ հունիս-օգոստոս ամիսներից, ժամանում են հայրենակիցներ Սիրիայից, Պարսկաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Սեպտեմբերի 8-ին բացվում է երկսեռ դպրոց՝ 5 դասարանով, 65 աշակերտներով: Արդեն դեկտեմբերի վերջին աշակերտության թիվը հասնում է 500-ի: Կրթական խնդիրը կարևորվում էր այն պատճառով, որ ներգաղթողների մեջ քիչ չէին կիսագրագետները, անգրագետներն ու հայերեն չիմացողները: Ստեղծվում է նաև գիշերօթիկ դպրոց: Դպրոցի տնօրենը Սիսակ Ղազարյանն էր։ Դասավանդում էին Սիմոն Կրկյաշարյանը (հետագայում հայտնի հունագետ, պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ), Մանչիկյանը, Մալայանը և ուրիշներ: Ուշագրավ է, որ իշխանությունները շատ կարճ ժամանակում դպրոցում հայրենադարձներին ընդգրկել էին նորաստեղծ պիոներական ջոկատների մեջ (13):

Առաջին գրադարանն ուներ ընդամենը 900 գիրք։ «Արագած» բամբակեղենի մանարան-արտելում աշխատանքի անցան 30 հայրենադարձներ (14)։

Մինչև 1948 թ. Զեյթուն ավանի կառուցման վրա ծախսվեց 5 մլն ռուբլի: Կառուցվեցին բնակելի նոր տներ, անցկացվեց էլեկտրական լուսավորություն, բարե-կարգվեցին փողոցները: 1949 թ. արդեն ավանում հաշվվում էր 1800 տուն, կար 2 դպրոցական շենք, ակումբ, բաղնիք, բուժարան, ռադիոբարձրախոսներ (15)։ Շուտով բացվեցին մշակույթի տուն, կարուձևի, տնարարական քոլեջ-խմբակներ, որոնցում ընդգրկված էին հատկապես երիտասարդ մայրերը:

Նոր Զեյթունը հետագայում նոր նախագծերի համաձայն՝ իր հերթին բաժանվեց Վերին և Ներքին Զեյթունների. «Նոր» բառը հանվեց թաղամասի ընդհանուր անվանումից: Ավանը պետք է տարածվեր Քանաքեռի ամբողջ բարձունքով և հասներ մինչև հին Նորք։ Հարավում այն պետք է ձգվեր մինչև Հաղթանակի զբոսայգի:

1960-ական թթ. այստեղ կառուցվում են վիրահատական գիտահետազոտական ինստիտուտի մասնաշենքները, մեծ թվով տուֆակերտ բազմաբնակարան շենքեր, կաթի, հացի գործարաններ, «Հաղթանակ» կինոթատրոնը, մանկապարտեզ, մշակույթի տուն և այլն (16): Նոր Զեյթունի առաջին բնակիչներից հայրենադարձ Հարություն Ազարյանը, հպարտանալով նոր թաղամասի դիրքով, սիրում էր կրկնել, որ միևնույն է, մյուս թաղամասերից «Նոր Զեյթունը նորից մի քանի հարյուր գլխով բարձր է» (17):

Նոր Զեյթունին կից թաղամասը տրամադրվեց կամարակցիներին, և այնտեղ կառուցվեց Նոր Կամարակ ավանը։ Սակայն թաղամասի անունը հետագայում չպահպանվեց։ Կամարակի անունով կոչվեց տեղի փողոցներից մեկը։
Զեյթունի և նրա շրջակա ավաններում կառուցվող տները, որպես կանոն, մի-ահարկ էին և ունեին այգի, բանջարանոց կամ ծաղկանոց: Կառուցված էին զուգահեռ, միաշար: Հետագայում 1960-1970-ական թթ. այդ ավանները մտցվեցին Կիրովյան շրջանի մեջ:

Առաջին աշխարհամարտի տարիներին Միջերկրականի հյուսիսարևելյան ափին ընկած Կիլիկիան հիմնովին դատարկվեց հայերից: Աշխարհասփյուռ եղած կիլիկիահայերի մեջ էին նաև մարաշցիները: Լատինական Ամերիկայի երեք քաղաքներում գործող «Մարաշ» հայրենակցական միության անդամները վճռեցին իրենց միության նպաստը բերել հայրենաշինությանը՝ Արևելյան Հայաստանում
վերականգնել Նոր Մարաշը (18):

Մարաշը (Գերմանիկ) հայկական Կիլիկիայի ամենահարուստ քաղաքներից էր՝ շրջապատված բերրի դաշտերով, բազմաթիվ գյուղերով և ավաններով, հիմնական բնակիչները արհեստավորներ էին: 1949 թ. Արգետինայի «Մարաշ» հայրենակցական միության որոշմամբ և սփյուռքում ու հայրենիքում բնակվող մարաշցիների խնդրանքով Երևանից ոչ հեռու, Նորքի գեղատեսիլ բարձունքում դրվեցին Նոր Մարաշի առաջին հիմնաքարերը: Օրերի հետ բարձրացավ ավանը, կանաչապատվեց, լցվեց նոր բնակիչներով: 250 հա վրա կառուցվեցին առանձնատներ, հետագայում՝ բարձրահարկեր։ Սկսեցին գործել մշակույթի պալատ, դպրոց, պոլիկլինիկա, խանութներ, կենցաղի տներ և այլն: 1969 թ. ավանում հաշվում էր 7000 բնակիչ, 2000 սովորողներ (19):

Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Եվդոկիա, Նոր Կեսարիա, Նոր Մարաշ թաղամասերին 1948 թ. ավելացավ ևս մեկը՝ Նոր Կիլիկիան։ Այն գտնվում էր «Հաղթանակ» կամրջից ոչ հեռու՝ բլրի վրա: Այստեղ կառուցվեցին 84 երկհարկանի շենքեր, որոնցից շատերը բաղկացած էին զույգ տներից՝ չորսական սենյակներով, խոհանոցով և այլ հարմարություններով։ Հետագայում 170 ընտանիքի համար կառուցվում է ևս 100 բնակարան (20):

Էջմիածնի ճանապարհից մինչև ջրանցք տարածվող խաղողի այգիների տարածքը վերակառուցվեց և հետագայում վերածվեց Նոր Կիլիկիայի հրապարակի, որի շուրջը կառուցվեցին շենքեր ու դպրոցներ: Այգու մի մասը՝ որպես տնամերձ տնտեսություն, նախատեսվեց 20 ընտանիքների համար: Այստեղ կառուցվեց նաև գարեջրի գործարան՝ հայրենադարձներին աշխատանքով ապահովելու համար:

Հայրենադարձների ընտանիքների անդամները պետությունից ստացած վարկերով իրենք էին կառուցում իրենց բնակարանները: Առաջին նոր կիլիկիա-ցի հայրենադարձը Տիրան Քեթերյանն էր՝ ներգաղթած Եգիպտոսից, մոր և եր-կու քույրերի հետ: Նոր Կիլիկիայի հիմնադր-ման նախաձեռնությունը պատկանում էր ամերիկահայ հայրենադարձ Արշակ Չագմագչյանին, որը գրամեքենաների մասնագետ էր: 1946 թ. Լոս Անջելեսից նա գնում է Նյու Յորք, ապա Սիրիա, հետագայում՝ քարավանների խմբի հետ ներգաղթում Երևան (21)։

1960-1970-ական թթ. Երևանի արվարձաններում կամ դրանց կից կառուցվում են ոչ միայն թաղամասեր, ավաններ, այլև փողոցներ: Սփյուռքահայերի և խորհրդային կառավարության համար այժմ գլխավոր խնդիր էր՝ շենացնել նոր բնակեցված ավանները, արտոնյալ պայմաններով տրված դրամական միջոցներով բնակարաններ տրամադրել հայրենադարձներին և սփյուռքից ներմուծել արտադրական ու բժշկական սարքավորումներ:

Քարոզչության նպատակով հայ մշակույթի գործիչներին, երգի ու պարի խմբերին խորհրդային իշխանությունները գործուղում էին արտասահմանյան երկր-ներ, հորդորում սփյուռքահայերին՝ բռնելու տունդարձի ուղին։
Ստալինյան բռնաճնշումների ավարտից հետո 1950-ական թթ. սկսվում է հայրենադարձության չորրորդ փուլը։

Այս անգամ ջանքեր են գործադրվում ավելի կազմակերպված ներգաղթ կազմակերպելու համար։ Ուշագրավ է, որ հայրենադարձների մեջ արդեն կային նաև նյութապես ապահովված մարդիկ։

Ընդառաջ գնալով սփյուռքահայերի, հատկապես հայրենակցական միությունների դիմում-խնդրանքներին՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը շարունակեց նոր թաղամասերի անվանակոչումները. այսպես՝ ՀՀ Գերա-գույն խորհրդի 1970 թ. սեպտեմբերի 10-ի հրամանագրով Թազագյուղը, որտեղ ապրում էին Սիրիայից, Իրանից, Հունաստանից և այլ երկրներից հայրենադարձ-ներ, անվանակոչվեց Այնթապ: Տեղի ունեցավ նաև պաշտոնական անվանակոչություն (22):

Նախատեսված էր կառուցել նաև Նոր Մնձուր ավանը, որը պետք է գտնվեր Երևանից 3 կմ արևմուտք, Դալմայի այգիներին կից։ Այդ նպատակի համար անգամ հանգանակություն կա-տարվեց, արվեցին չափագրումներ։ Սակայն ծրագիրը մնաց անկատար (23)։

Հայրենակցական միություններն առաջարկում էին հետևյալը.
1 Նոր Արաբկիր, Նոր Սեբաստիա ավաններում փողոցները կոչել՝ Սեբաստիա, Մալաթիա, Արաբկիր
2 Սովետաշենում ստեղծել Չնքուշի թաղամաս
3 Շահումյանի շրջանում Երզնկա և Կյուրին անուններով փողոցներ կոչել
4 Նոր Խարբերդում փողոցներին տալ Դատեմ, Մորենիկ, Վարդաթիլ պատմական Խարբերդ նահանգի գյուղերի անունները
5 Նոր Մալաթիայում ունենալ Տիգրանակերտ և Թոմարզա անուններով փողոցներ
6 Նոր Խարբերդի գրադարանն անվանել Թլկատինցու անունով
7 Փողոցներ անվանակոչել մուսալեռցիների և զեյթունցիների պատվին։

Անվիճելի է, որ հայրենադարձության ընթացքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ։ Հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցողների նկատմամբ ի սկզբանե հանդես բերվեց խտրական վերաբերմունք. ազգային կուսակցություններին, մասնավորապես դաշնակցության անդամներին ու նրանց համակիրներին արգելվեց հայրենադարձվել։ Ովքեր էլ ծպտյալ վիճակով ներգաղթեցին Հայաստան, ենթարկվեցին բռնությունների, աքսորվեցին Ալթայ ու Սիբիր։

Բազմահազար հայրենադարձներ, որոնց համայնավար քարոզիչները խորհրդային հասարակությունը ներկայացրել էին ամենավառ գույներով, հայրենադարձվելուց հետո չապահովվեցին պատշաճ պայմաններով։ Պատահական չէ, որ հետագա տասնամյակներին ընձեռված ամեն կարգի հնարավորություն օգտագործելով՝ շատերը կրկին բռնեցին վերադարձի, այն էլ՝ առավելապես Արևմուտքի երկրների ճանապարհը։

Սակայն ամբողջության մեջ հայրենադարձությունը Հայաստանի համար ունեցավ մեծ նշանակություն։ Նախ՝ Հայրենական մեծ պատերազմում ունեցած մարդկային ծանր կորուստներից հետո հայրենադարձության շնորհիվ որոշակիորեն բարելավվեց հանրապետության ժողովրդագրական իրավիճակը։ Հայրենադարձներն իրենց ծանրակշիռ ավանդն ունեցան երկրի սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման գործում։

Արևելյան Հայաստանի տեղանունների շարքում կտրուկ աճեց Արևմտյան Հայաստանն ու արևմտահայ իրականությունը հիշեցնող տեղանվանաբանությունը, որը դարձավ ինչպես քաղաքամայր Երևանի, այնպես էլ հայ հանրության կյանքի ու աշխարհընկալման անբաժան մասը։

Լուսինե Ամիրջանյան
Երևան քաղաքի պատմության թանգարանի
գիտական գծով փոխտնօրեն

«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու

* * *

  1. Մանրամասն տե՛ս Ամիրջանյան Լ., 1920-1930-ական թթ. հայրենադարձության շրջանում Երևանի նոր թաղերի ստեղծման պատմությունից, Երևան 3, գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2012, էջ 3-15։
  2. Տե՛ս Ստեփանյան Ա. , 20-րդ դարի հայրենադարձությունը հայոց ինքնության համակարգում, Երևան, 2010, էջ 12։
  3. Տե՛ս Հ. Մելիքսեթյան, Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը, Երևան, 1985, էջ 240։
  4. Սովետական Հայաստան, ամսագիր, 1946, թիվ 7, էջ 3, նույնը, թիվ 6, էջ 28։
  5. Տե՛ս Մելքոնյան Է., Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Երևան, 2005, էջ 361, Ֆիշենկճեան Անի, Սուրիոյ հայ համայնքի պատմութիւնը 1946-1970 թթ., Երևան, 2018, էջ 149։
  6. Տե՛ս Էջմիածին ամսագիր, 1947, մարտ-ապրիլ, էջ 1-7:
  7. Տե՛ս ՀՀ ԱԱ,ֆ.113, ց.19, գ.1834, թ.2:
  8. Տե՛ս Սովետական Հայաստան, 1947 թ. , թիվ 7, էջ 9։
  9. Տե՛ս նույն տեղում, 1946, թիվ 7, էջ 5-6։
  10. ՀՀ ԱԱ , ֆ178, ց.1,գ.617, թ.52:
  11. Տե՛ս Սովետական Հայաստան, 1949 թ., թիվ 1, էջ 41:
  12. Սովետական Հայաստան,1948 թ., թիվ 8, էջ 18։
  13. Տե՛ս Սովետական Հայաստան, 1948 թ., թիվ 8, էջ 19։
  14. Տե՛ս նույն տեղում:
  15. Տե՛ս Սովետական Հայաստան, 1949, թիվ 3, էջ 43։
  16. Տե՛ս ՀՀ ԱԱ, ֆ.113, ց.54, գ.90, թ.1:
  17. Տե՛ս Սովետական Հայաստան,1965 թ., թիվ 9, էջ 4-5։
  18. Տե՛ս Հայրենիքի ձայն,1969 թ., թիվ 43, էջ 3։
  19. Տե՛ս Սովետական Հայաստան,1965 թ., թիվ 2, էջ 24։
  20. Տե՛ս Սովետական Հայաստան,1948 թ., թիվ 8, էջ 21։
  21. Տե՛ս նույնը։
  22. Տե՛ս Հայրենիքի ձայն,1970 թ., թիվ 37, էջ 1-2։
  23. Տե՛ս ՀՀ ԱԱ, ֆ.178, ց.1,գ.559, թ.36-37: