Հատուկ հավաքածու
Երևան քաղաքի պատմության թանգարանի Հատուկ ֆոնդում պահվում են թանկարժեք մետաղից՝ ոսկուց և արծաթից պատրաստված առարկաներ, որոնք կապ ունեն նշանավոր երևանցիների հետ:
Հավաքածուն ընդգրկում է սպասքի պարագաներ, գրպանի ժամացույցներ, գրասարքեր, նոթատետրեր և այլն:
Հիշատակության արժանի է Մելիք – Աղամալյաններին պատկանող ֆրանսիական ոսկյա ժամացույցը, որը 1834թ. Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինը նվիրել է Մելիք Սահակին՝ ռուս-պարսկական պատերազմում նրանց տոհմի կատարած ծառայությունների համար:
Արժեքավոր են նաև ընծայագրերով արծաթյա իրերը, որոնք պատմում են նրանց տերերի՝ ժամանակի երևելիների՝ Մելիք-Աղամալյանների, Երևանի քաղաքային դումայի անդամ Կոնստանտին Կամսարականի, Սիրանույշ Քոթանջյանի (Ե. Չարենցի բանաստեղծության հերոսուհի Կարինե Քոթանջյանի քույրը), Տիգրան Պետրոսյանի, Սերգո Համբարձումյանի և այլոց մասին:
Մեծ թիվ են կազմում 19-20-րդ դարերին թվագրվող զարդերը: Այստեղ կան հիմնականում հայկական (փոքր բացառությամբ՝ նաև հյուսիսկովկասյան և միջինասիական) զարդեր` գոտիներ, գոտու ճարմանդներ, ականջօղեր, կրծքազարդեր, վզնոցներ և այլն:
Լինելով տարազի համալիրի կարևոր բաղադրիչներից մեկը` ֆոնդում պահվող զարդերը բնորոշ են հետևյալ պատմաազգագրական մարզերին` Վասպուրականին, Բարձր Հայքին, Սևանի ավազանին, Սյունիքին, Արցախին, Նախիջևանին, Լոռուն, Շիրակին, Այրարատին, Ջավախքին: Քանի որ արծաթագործությունը քաղաքային արհեստ է, ըստ այդմ՝ զարդերը պատրաստվել են Վանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Ախալցխա-Ախալքալաքում, Շուշիում, Գորիսում և այլն: Հայ արծաթագործ վարպետները մասնակցում էին միջազգային ցուցահանդեսների: Թիֆլիսահայեր Գրիգորի Բելիբեկովը և Մկրտիչ Մելիքսեթբեկովը 1860-1870-ական թթ. մասնակցել են Մոսկվայի, Փարիզի, Սանկտ-Պետերբուրգի ցուցահանդեսներին և շահել մեդալներ: Նրանց պատրաստած գոտիները համալրում են թանգարանի հավաքածուն:
Զարդերը պատրաստված են տարբեր տեխնիկական եղանակներով` դրվագման, ձուլման, մանրարուք (ֆիլիգրան), ընդելուզման, հատիկազարդման, սևադի: Օգտագործվել են դարեր շարունակ գոյություն ունեցող, սերնդից սերունդ փոխանցվող զարդաձևեր: Կենաց ծառերը և հատկապես վարսանդապտղային խորհրդանիշերը մնում են որպես գոտիների լավագույն զարդեր:
Գոտին, իբրև մոգական շրջանակ, այն կրողին պահպանում էր «չարից»: Կարևոր էր զարդերի հմայական դերը: Կանայք կրելով օձակերպ մատանիներ, օձագլուխ ճարմանդով գոտիներ, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր` նպատակ են ունեցել զերծ մնալ չար ուժերի վնասաբեր ազդեցությունից:
Հատկանշական է, որ զարդերը մետաղից են, իսկ ժողովուրդը նրան վերագրում է երկնային ծագում: Մետաղյա զարդերի արձակած ձայնը նույնացվել է երկնքի ձայնի` ամպրոպի հետ, ապահովելով չարխափան զորություն: