Ազգագրական

Թանգարանի ազգագրական առարկաների հարուստ հավաքածուն ներկայացնում է երևանցիների կենցաղը, զբաղմունքները, արհեստները, հագուկապը, արդուզարդը և այլն: Հավաքածուի մեջ արժեքավոր տեղ ունեն գորգերը, կարպետները և կարպետահյուս այլ առարկաներ` խուրջիններ, աղի քսակներ, անկողնապարկեր և այլն: Դրանք վերաբերում են 17-20-րդ դարերին, որոնցից ամենահինը «Պարտիզագորգն» է` հյուսված 17-րդ դարի վերջին Վասպուրականում: Հավաքածուն ընդգրկում են ինչպես հայկական` Արցախի, Լոռի-Փամբակի, Սյունիքի, Արևմտյան Հայաստանի և այլն, այնպես էլ տարբեր օտարերկրյա` Պարսկաստանի, Միջին Ասիայի և այլ գորգագործական կենտրոններ:

Ըստ զարդանախշերի հավաքածուն պարունակում է Վիշապագորգ, Աստղ-հավք, Ջրաբերդ, Մեմլինգ, Պատկերագորգ և այլն: Բացի դասական ոճի գորգերից թանգարանում պահվում են հոբելյանական, ինչպես նաև խորհրդային քաղաքային գործիչների դիմապատկերային գորգեր: Հավաքածուն հարստացել է գորգանկարիչներ Մակար Մնացականյանի, Հակոբ Քեշիշյանի և այլոց էսքիզներով պատրաստված «Հայգորգ» արտադրական միավորման և տարբեր երկրներից ստացված նվիրատվություններով:

Տարազի հավաքածուն բազմաբնույթ և տարատեսակ է թե տարածքային, թե ժամանակային առումներով, այստեղ կան բուն Երևանին բնորոշ տարազաձևեր, որոնց մեջ առանձնանում է հարսանեկան հագուստն իր ամբողջ համալիրով: Բարձր Հայքի, Ալեքսանդրապոլի, Համշենի, Տրապիզոնի, Զանգեզուրի, Լոռու և այլ շրջանների տարազային համալիրները կամ դրանց առանձին տարրերը արտացոլում են Երևանի բնակչության խայտաբղետ պատկերը:

Մեծ խումբ են կազմում պարսկական հագուստի նմուշները, որոնք խոսում են Երևանի բնակչության բազմազգ լինելու մասին: Հավաքածուի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական հագուստը: Այն արժեքավոր է նաև նրանով, որ հետաքրքիր տեղեկատվություն է պարունակում նշանավոր երևանցիների` գիտնականների, ինժեներների, մշակույթի գործիչների ու տոհմիկ ընտանիքների ներկայացուցիչների մասին:

Այստեղ են պահվում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, դաշնակահարուհի Օլգա Վագենհեյմի, Հռիփսիմյան օրիորդաց գիմնազիայի ուսուցչուհի Կոռշունովայի և ուրիշների հագուստը: Իսկ Մելիք-Աղամալյանների մեծատուն տոհմին պատկանող ազնվատոհմիկ տղամարդու համազգեստը կարվել է Մելիք Սահակի պատվերով:

Նա այդ համազգեստով 1834թ. Թիֆլիսում ներկայացել է Նիկոլայ 1-ին ցարին: Այն փոխանցվել է սերնդեսերունդ` որպես ընտանեկան մասունք: Թանգարանին է հանձնել տոհմի վերջին ժառանգը` Սաշա Մելիք-Աղամալյանը:

Հավաքածուն հիմնականում համալրված է տոնական հագուստի նմուշներով, որոնք մեծ խնամքով պահվել են սնդուկներում, օգտագործվել դեպքից դեպք և հաճախ էլ փոխանցվել սերնդեսերունդ: Իսկ ամենօրյա հագուստը կրել են մինչև ոչ պիտանի դառնալը և այն չէր կարող հայտնվել թանգարանում:

Գործվածքի հավաքածուի մեջ պատմական մեծ արժեք ունի դրոշների խումբը. Այստեղ են գտնվում 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում 1827թ. Հոկտեմբերի 1-ին` Երևանի բերդի գրավման ժամանակ ավարառված պարսկական և անգլիական դրոշները: Յուրաքանչյուր համքարություն ուներ իր դրոշը, թանգարանում պահվում է մաշկակարների համքարության դրոշը և այլն:

Ազգագրական առարկաների հավաքածուի մեծ մասը կենցաղային օգտագործման պղնձե առարկաներն են` կատարված մեծ վարպետությամբ, փորագիր զարդանախշերով, կան նաև պարզ, անզարդ պղնձեղեն: Խմբի մեջ մեծաթիվ են նաև պարսկական պղնձագործության նրբանախշ նմուշները:

Կենցաղային օգտագործման խեցեղեն առարկաները պահպանել են ազգային ավանդական խեցեգործության տարրերը, դրանք կաթնամթերք, գինի, աղ և այլն պահելու ամաններ են. Հատկանշական են աղամանները, որոնք Անահիտ դիցուհու ծպտված պաշտամունքն են խորհրդանշում, դրանք արված են հղի կնոջ պատկերով` ի պատիվ պտղաբերության աստվածուհի Անահիտի:

Քաղաքային կենցաղը հնարավոր չէ պատկերացնել առանց կահույքի: Հավաքածուն իր մեջ ներառում է երևանցիների կողմից 19-20-րդ դարերում օգտագործված կահույքի նմուշներ, որոնք կարելի է դասավորել հետևյալ կերպ. Դրսից բերված եվրոպական կահույքի նմուշներ, հայ վարպետների ձեռքով պատրաստված կահկարասի, ուր եվրոպական ու հայկական ժողովրդական ոճերը միախառնված են (կահույքը իր ձևով եվրոպական է, իսկ զարդերով, հղկման տեխնիկայով` հայկական): Կահույքի այս տեսակը տիրապետող է դառնում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, քանի որ այն ոչնչով չէր զիջում եվրոպականին և լիովին բավարարում էր ունևոր խավի պահանջները: Դրանց մեջ առանձնանում են ընկուզենու և հաճարենու փայտից պատրաստված սպասքապահարանները, զգեստապահարանները, կոմոդները, գրասեղանները:

Հավաքածուի մեջ առանձնանում են նաև խորհրդային շրջանում մասսայական արտադրանքից բացի կատարված հատուկ պատվերները հայտնի գործիչների համար: Մասնավորապես թանգարանում է պահվում նշանավոր պետական գործիչ Աղասի Խանջյանի ննջարանի կահույքը` կատարված բարձր վարպետությամբ, դրվագազարդերով:

Հավաքածուի մեջ քիչ չեն նաև հայտնի մարդկանց հետ կապ ունեցող կամ նրանց պատկանած կահույքի նմուշները, այսպես, 1837 թ. գերմանական դաշնամուրով 1906 թվականին երևանյան հյուրախաղերի ժամանակ նվագել է Կոմիտասը, սպասքապահարանը 20-րդ դարի առաջին կեսին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում պատրաստել է վարպետ Հակոբ Գալֆայանը, 1948թ. հայրենադարձության ժամանակ այն տեղափոխվել է Երևան, թանգարանը ձեռք է բերել վարպետի զարմուհուց` Մարի Երկաթից (Միհրան Երկաթի քույրը):

Զենքեր խմբում պահվում են հիմնականում ռուս-պարսկական պատերազմի ժամանակ օգտագործված, Երևանի նշանավոր ընտանիքներին պատկանած զենքեր: Կան նաև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված զենքեր և զինամթերք: