Ցուցահանդես` նվիրված Անիի 1050-ամյակին

ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում Երևանի պատմության թանգարանի, Ազգային պատկերասրահի, Ազգային արխիվի և Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի համապատասխան նյութերով նոյեմբերի 29-ին Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց Անիի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ցուցահանդեսում, որը կգործի մինչև տարեվերջ, ներկայացված են արժեքավոր լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և գեղանկարներ:

Միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև հրվանդանի վրա /մոտ 150 հա/: Անիի մասին հայ պատմագրության մեջ գրավոր տեղեկություններ կան V դարից /Եղիշե, Ղ. Փարպեցի/: Պատմիչները հիշատակում են անառիկ ամրոց Անիի մասին, որը պատկանել է Շիրակ ու Արշարունիք գավառների տեր Կամսարականներին: Պահպանված կիկլոպյան ամրոցների ու բերդերի մնացորդները և մ.թ.ա. 8-7-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտը վկայում են, որ Անին բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հայ պատմիչները և ուսումնասիրողներն անդրադարձել են Անի անվան ծագմանը: Վարդան պատմիչը Անի անվան մեջ տեսնում էր «աշխատել, անել» բառը: Ղ. Ալիշանը Անի անունը կապում է Անահիտ աստվածուհու անվան հետ: Ն. Մառը հաբեթական ծագում է վերագրում Անի անվանը, կապելով an /աստված/ բառի հետ, կամ այն ցեղի անվան հետ, որոնք ապրում էին այդ բնակավայրում: Հ. Ժամկոչյանը Անի անունը կապում է Հայասայի Անիա թագավորի անվան հետ /Անի-Կամախ/ և այլն: Անի անունը կապվում է նաև Դարանաղյաց գավառի Անի ամրոցի անվան հետ: Այսպիսով Անի անունը վերաբերում է հնագույն ժամանակներին և կարելի է մտածել, որ այն կապ ունի միջագետքյան և փոքրասիական հնագույն Անու, Անունիտ /նաև Անահիտ/ աստվածների անունների հետ:

IX դարասկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունին Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները Անի ամրոցի հետ: Անիի բարձրացումը սերտորեն կապված էր Բագրատունյաց իշխանական տան հետ: 961թ. Աշոտ 3-րդը արքունիքը Կարսից տեղափոխում է Անի ու այն հռչակում հայոց մայրաքաղաք: Անին գտնվում էր Բագրատունյաց թագավորության գրեթե կենտրոնում և հարմար ճանապարհներով կապված էր ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան երկրների խոշոր քաղաքների հետ: Բագրատունիները միջոցներ չեն խնայում, որ նոր մայրաքաղաքը բարեկարգվի ու ամրացվի: Կառուցվում են պալատներ, եկեղեցիներ, հյուրանոցներ, իջևանատներ և այլն:

964 թ. ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում Աշոտ 3-րդը կառուցում է հզոր պարիսպ, որն իր անունով կոչվում է «Աշոտաշեն»: Քաղաքի շենացման, ընդարձակման, ազգաբնակչության աճի հետ կարիք է զգացվում նոր շինությունների ու պարիսպների կառուցման: Մ. Ուռհայեցու վկայությամբ՝ Աշոտի որդի Սմբատ 2-րդը 989 թ. հին պարիսպներից «մի նետընկեց հեռու» կառուցում է նոր պարիսպ: Անին ունեցել է նաև իր զինանշանը: Քաղաքի Գլխավոր դռան մոտ հայտնաբերվել է վազող առյուծի /հովազ/ ուռուցիկ քանդակ, խաչապսակ գնդակը բերանին: Բագրատունիները ոչ միայն ընդարձակում ու ամրացնում են Անին, այլև քաղաքի կենտրոնը կառուցապատում եկեղեցական ու աշխարհիկ շենքերով:

Անին բաղկացած էր երեք մասից` միջնաբերդ, բուն քաղաք, արվարձան: Միջնաբերդը և բուն քաղաքն ամրացված էին կրկնակի պարիսպներով, իսկ արվարձանը` ոչ: Բուն քաղաքը սկզբում տարածվել է Աշոտյան պարիսպների և միջնաբերդի միջև /հին քաղաք/, այնուհետև ընդարձակվել ու տարածվել է դեպի Սմբատյան պարիսպներ /նոր քաղաք/: Նոր քաղաքում են կառուցվել Մայր տաճարը կամ Կաթողիկեն, Գագկաշեն, Սբ. Գրիգոր և այլ եկեղեցիները:

Ծաղկուն շրջանում` Զաքարյանների ժամանակ, Անին ունեցել է 100 000 բնակիչ: Բնակչության աճի պատճառով օգտագործվել են Ծաղկոցաձորի, Ալաջաձորի, Գլիձորի և Ախուրյանի ձորի բնական քարայրները, որոնք հարմարեցվել են բնակության համար: Եղել են նաև երկհարկ ու եռահարկ քարայրներ:

Այրային Անին ուներ եկեղեցի ու տոհմական դամբարան /այս դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4-5 տարեկան աղջկա մումիայի վերածված մարմին/:

Անին հայտնի էր որպես արհեստի, առևտրի ու գրչության կենտրոն:

Գագիկ 1-ինի մահից հետո /990-1020/ Բագրատունյաց պետությունը թուլանում է: Բյուզանդամետ իշխանների հակահայկական գործունեության հետևանքով 1045 թ. Անին ու Բագրատունյաց թագավորությունն ընկան բյուզանդական լծի տակ: 1064 թ. սելջուկները մեծ զոհերի գնով գրավում են Անին: 1072 թ. սելջուկ զորավար Ալփ-Արսլանը Դվինի ամիրայից գնում է Անին և տալիս իր որդի Մանուչեին: Հիմք է դրվում Շադդադյանների իշխանությանը, որն ընդմիջումներով շարունակվում է մինչև 1199 թ.: Նույն թվականին հայ-վրացական միացյալ զորքը ազատագրում է Անին: Այն անցնում է Զաքարյաններին: Քաղաքում նորից աշխուժանում է կյանքը: Կառուցվում են նոր եկեղեցիներ, աշխարհիկ շենքեր, բերդապարիսպներ, կամուրջներ և այլն: Պատմիչներն այդ շրջանի Անին հիշատակում են «մեծ», «քաղաքամայր», «տիեզերական» և այլ անուններով:

Անին կառավարել է «երիցանին» /ավագանին/, որը գործում էր Զաքարյանների կողմից նշանակված կառավարչի` ամիրայի նախագահությամբ: Զաքարյանների ծաղկուն շրջանն ավարտվում է մոնղոլական արշավանքներով: 1236 թ. մոնղոլները պաշարում են Անին: Չնայած բնակիչների հերոսական դիմադրությանը /նաև կանայք/` քաղաքը գրավվում է: Մինչև XIV դարի կեսը Անին որպես քաղաք դեռ շարունակում էր իր գոյությունը: Սակայն մոնղոլների, այնուհետև քաղաքը գրաված թուրքական ցեղերի` անեցիների հանդեպ վարած քաղաքականության հետևանքով /ազգային, կրոնական ճնշումներ, ծանր հարկեր/, նաև 1319 թ. Անիում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, բնակիչները մեծ խմբերով լքում են Անին: XVI դարում Անին արդեն մի փոքր բնակավայր էր: 1878 թ. ավերակված Անին անցնում է Ռուսաստանին: 1920 թ. ռուս-թուրքական պայմանագրով Անին հանձնվում է Թուրքիային:

Անին բոլոր ժամանակներում պատմիչների, ուսումնասիրողների ու մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել: XIX դարավերջին` 1892 թ. Ն. Մառի գլխավորությամբ սկսվում են Անիի պեղումները, որոնք ընդհատումներով շարունակվում են մինչև 1917թ.: Պեղումներին մասնակցել են նաև Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ա. Քալանթարը, Ն. Ադոնցը, Ա. Վրույրը, Տարագրոսը և ուրշներ: Պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքների մեծ մասը կորել է Առաջին համաշխարհային պատերազմի ու հետագա քաղաքական դեպքերի հետևանքով:

Անիին նվիրված շատ ցուցահանդեսներ են կազմակերպվել: Ներկայացվող ցուցահանդեսը նվիրվում է Անին Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին: Ներկայացված է 110 ցուցանմուշ` փաստաթղթեր, լուսանկարներ, կտավներ, գրքեր, բացիկներ, քարտեզներ և այլն: