Տիկնիկները 100 տարեկան են (տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երեւանի պատմության թանգարանում 200 տիկնիկ ներկայացվել էին ցուցադրության: Նրանց մեջ էր նաեւ հայտնի տիկնիկագործ Սոֆյա Ախշարումովայի կողմից պատրաստված 100-ամյա երեք տիկնիկները:

Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքերով անվանի տիկնիկագործներից բացի ցուցադրության էր ներկայացված նաեւ դպրոցահասակ երեխաների աշխատանքներ, ինչպես նաեւ պատմության թանգարանից հայկական տիկնիկների մինչեւ 50 տարվա նմուշներ:

Ցուցադրությունը բացվեց երկու փոքրիկների` Ինգայի եւ Ինեսայի տիկնիկային պարով: 9-ամյա Ինգան դեռեւս չէր կողմնորոշվել, թե որ տիկնիկն էր իրեն ամենից շատ դուր եկել, իսկ 7-ամյա Ինեսան մատնանշեց իրեն դուր եկած տիկնիկը, որը 100 տարեկան տիկնիկներից մեկն էր: Փոքրիկին դուր էր եկել հատկապես այդ տիկնիկը, քանի որ այն գեղեցիկ զգեստ էր հագել, ականջօղեր էր կրում ու նաեւ շրթներկով էր:

Երեխաներին շնորհավորելու էր եկել նաեւ նրանց սիրելի տիկնիկը` Գուֆֆին, որը երեխաների համար անցկացրեց հանելուկների մրցույթ, իսկ ճիշտ պատասխանողներին բաժանեց խաղալիքներ: Ցուցադրության մի անկյունում ցանկացողները փորձեցին սովորել հայկական Նուրի տիկնիկ պատրաստել:

Տիկնիկները երեխաներին կզվարճացնեն մինչեւ հունիսի 5-ը:

Ընթերցել արխիվային տարբերակը

a1plus.am